Թիրախ 12․ Քաղաքային կանաչ և կապույտ տարածքների զարգացում
Զգալիորեն ավելացնել քաղաքների ու խիտ բնակեցված տարածքների կանաչ և կապույտ տարածքների մակերեսը, որակը, կապակցվածությունը և հասանելիությունը՝ նպաստելով տեղական կենսաբազմազանությանը, մարդու առողջությանը և բնության հետ կապին։

2026 թվականի հոկտեմբերի 19–30-ը Երևանը հյուրընկալում է Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս իրադարձությունը լավ առիթ է վերանայելու, թե կենսաբազմազանության պահպանությունն ինչպես է արտահայտվում մեր բնակավայրերի, դպրոցների և մանկապարտեզների առօրյայի ամենօրյա կազմակերպման մեջ։
Կենսաբազմազանության մասին խոսակցությունը միայն բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառների կամ հեռավոր լանդշաֆտների մասին չէ։ Երեխայի բնապահպանական աշխարհայացքը ձևավորվում է առաջին հերթին այն բակում՝ տան կամ կրթական հաստատության, որտեղ նա ամեն օր քայլում, խաղում, դիտարկում, սովորում, փորձարկում և աշխատում է։ Եթե այդ տարածքը կազմված է հիմնականում ասֆալտից, բետոնից ու երկաթից, բնությունը մնում է դասագրքային թեմա։ Իսկ եթե այն կենդանի, փոփոխվող և անընդհատ, ամենօրյա խնամք պահանջող միջավայր է, բնությունը դառնում է փորձառություն և պատասխանատվություն։

Սեբաստացիական պետական հեղինակային մանկավարժությունը գնացել, գնում է այս ճանապարհով․ ճամփորդություններով ուսուցում, «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» մեծ նախագծերով, ջերմոց-լաբորատորիաներով, ագարակով, որտեղ սեփական փորձի հիման վրա կազմակերպվում է ուսումնառությունը։ Դպրոցի բակը չի դիտարկում որպես շենքին կից ազատ տարածք, որը պետք է պարզապես ցանկապատել և բարեկարգել։ Կրթահամալիրի տարածքը դառնում է ուսումնական միջավայր՝ համայնքային պուրակ՝ բարեկարգված լանջերի, մարզական ու մշակութային հարթակների շարունակական զարգացման միջոցով։ Կրթական պարտեզի  գաղափարը առանձին հաստատությունների բակերը մեկուսացնելը չէ, այլ դրանց միջև անցումներ, կանաչ կապեր և համատեղ օգտագործվող բաց տարածքներ ստեղծելն է։ Բնակելի արվարձանում կողք կողքի գործում են ՀՀ պետական հանրակրթության ծրագրով որոշված և պետական, հեղինակային ծրագրերով աշխատող հաստատություններ, որոնք ծնողներին կրթական ծրագիր ընտրելու հնարավորություն են տալիս։ Սեբաստացիական մանկավարժության մեջ միջավայրը կրթության չեզոք, օտարված ֆոն չէ։ Այն ուսումնական ծրագրի կարևոր ու կենսական բաղադրիչ է։ Սովորողը մասնակցում է ծառատունկին, հողի մշակմանը, տարածքի մաքրմանն ու խնամքին, սերմահավաքին, ցանքին, քարտեզագրմանը, լուսաբանմանը և նախագծային առաջարկների մշակմանը։ Այդ աշխատանքը միավորում է բնագիտությունը, տեխնոլոգիան, արվեստը, հայրենագիտությունը, քաղաքացիական կրթությունը և ֆիզիկական գործունեությունը։ Սովորողը պատրաստի տարածքի սպառող չէ։ Նա միջավայրի համահեղինակ է, որն ունի մանկավարժական նշանակություն. երկարաժամկետ միջավայրի  խնամքը սովորեցնում է նկատել փոփոխությունը, հասկանալ  կապերը և պատասխանատու լինել իր միջավայրի համար։

COP17-ին «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագիծը ներկայացվում է որպես հայաստանյան  փորձ, որը կենսաբազմազանության համաշխարհային նպատակները վերածում է ամենօրյա մանկավարժական, ուսումնական գործունեության։ Դպրոցի, մանկապարտեզի, համայնքի բակը դառնում է փոքր, բայց չափելի տարածք, որտեղ համաշխարհային կենսաբազմազանության նպատակները կարող են վերածվել գործողության։ Կրթական պարտեզը ներկայացնում ենք ոչ միայն որպես կանաչապատված տարածք, այլ որպես քաղաքային կենսաբազմազանության կրթական կենդանի լաբորատորիա։ Այն միավորում է տարածքի վերականգնումը, գիտելիքի ստեղծումը, քաղաքացու մասնակցությունն ու ամենօրյա խնամքը։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իր գործունեության ողջ ընթացքում, շուրջ 40 տարի կրթական գործի անօտարելի բաղադրիչ է դարձրել  «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագիծը՝ որպես ուսուցման և համայնքային համակեցության միասնական մոդել։ Մոդելը այլընտրանքն է հայաստանյան դպրոցների և մանկապարտեզների բակերում երբեմն գերակշռող կոշտ բարեկարգման լուծումների՝ երկաթե ճաղավանդակների, բետոնե հենապատերի,  սալաքարերի (բորդյուրների) և համատարած ասֆալտապատումների։ Կրթական տարածքի բարելավումը պետք է չափվի ոչ միայն շինարարական աշխատանքների ծավալով, այլև պահպանված կամ վերականգնված կենդանի հողով,  ներառական շարժման միջավայրով և, կարևորը, սովորողի, բնակչի մասնակցությամբ։ Հայաստանի կրթական հաստատությունների շինարարության և վերակառուցման մեծ ծրագրերը  հնարավորություն են ստեղծում երեխաների համար ապահով ու որակյալ պայմաններ ապահովելու։ Սակայն շինարարությունը դեռ չի նշանակում նորարարություն, նոր հայացք, էկոլոգիական կամ բնապահպանական որակ, խնամք, որոնք այնքա՜ն կարևոր են կրթական միջավայրին։ Երբ նորոգման նախագծի հաջողությունը նույնացվում է նոր ցանկապատի, հենապատի և ասֆալտած մակերեսի հետ, հնարավոր է ստանալ մաքուր ու կարգավորված, բայց կենսաբանորեն աղքատ և կրթական առումով պասիվ միջավայր։

Փորձենք այս շինարարական նյութերին նայենք մանկավարժորեն, կենսաբազմազանության հայացքով, հատկապես այն տարածքներում, բնակելի արվարձաններում,  որտեղ անվտանգությունն ապահովված չէ։
Ճաղավանդակը անվտանգության ամենատեսանելի լուծումներից է, սակայն շարունակական երկաթե սահմանը դպրոցը, մանկապարտեզը հոգեբանորեն և տարածականորեն առանձնացնում է համայնքից։ Այն կարող է խզել հետիոտնային կապերը, փոքր կենդանիների տեղաշարժը և հարակից կանաչ տարածքների շարունակականությունը։
Վտանգավոր հենապատերը շատ են Հարավարևմտյան զանգվածում, որոնք 40 տարի և ավել գոյություն ունեն, չեն նորոգվել, որոնք իրենց գոյությամբ վերացնում է հողային և բուսական միջավայրը, խնամք չեն պահանջում, ավելին՝ նվազեցնում են անձրևաջրերի ներծծումը և ուժեղացնում մակերևույթի տաքացումը։ Այլընտրանքը տեղանքի ո բուսածածկի վերականգնումն է, տեղական ծառերի ու թփերի տնկումը, ջրի հոսքով մեղմող աստիճանաձև կասկադային կանաչ լուծումները, որոնց մոդելները այս տարիներին ստեղծվել են սեբաստացի համայնքի ուժերով կրթական պարտեզում․ հե՛նց հենապատը դարձել է կանաչ լանջ, որով բարձրանում, խաղում-գլորվում են դպրոցների, համայնքի երեխաները։

Բարձր ու շարունակական, համայնքում անընդհատ «նորացվող» սալաքարերը (բորդյուրները) տարածքը բաժանում են փոքր, փակ հատվածների, խոչընդոտում են սայլակ օգտագործող երեխաների ու մեծահասակների տեղաշարժին և, հաճախ անձրևաջուրը հեռացնում են կանաչ գոտուց։
Ասֆալտը աշխատում է ավտոճանապարհների համար, սակայն համատարած ասֆալտապատումը փակում, թաղում է հողը, արագացնում անձրևաջրի արտահոսքը և ամռանը ստեղծում ջերմային տարածքներ․․․
Այս բոլորին այլընտրանք է առաջարկել, առաջարկում բլեյան դպրոցը, որտեղ կրթական պարտեզում սահմանները  նշված են փայտով լուծումներով, կանաչ բույսերով կամ հարթ եզրերով՝ պահպանելով և՛ հասկանալի կառուցվածքը, և՛ անարգել շարժումը։ Սեբաստացիական դպրոցների բակերում ոչ մի սանտիմետր ասֆալտ չկա․ դրանք հեռացվել են ու ազատագրել հողն ու բուսական աշխարհը։ Կրթական պարտեզի բացությունը չի նույնացվում անպաշտպանության հետ։ Անվտանգությունը  ստեղծվել է երթևեկության սահմանափակմամբ, կանաչ, պաշտպանական գոտիներով, համայնքային կանաչ անցումներով, ջրաթափանց սալիկներով, խճածածկ արահետներով, խոտածածկի, ավազի, փայտի և բնական խաղային հարթակներով։ Այսպես միջավայրը պահպանում է օգտագործելիությունը՝ չկորցնելով կենդանի բնույթը․ մինչև ուշ երեկո բնակիչներն օգտվում են այս բաց, ներառական միջավայրից, ազատ անցուդարձ են անում կենդանասերներն իրենց կենդանիներով․․․
Ճաղավանդակված, փակ տարածքները չեն կարող անվտանգ լինել։ Անընդհատ շարժում ունեցող միջավայրն է անվտանգը, քանի որ անընդհատ հայացքներ են, որոնք աննկատ, բայց «հսկիչներ» են․․․
Կրթհամալիրի Արևելյան դպրոց-պարտեզի հարևանությամբ է գործում քաղաքային 95 մանկապարտեզը, որն արդեն երեք ամիս է բակային նորոգման գործընթացում է։ Մտահոգիչ է, որ 310 սան շենքից դուրս չեն գալիս ողջ օրը․ երեխայի իրավունք, առողջություն․․․ այս ամենին էլ ավելանում են բակի ասֆալտը, անհասկանալի բորդյուրները, հենապատը, համայնքային անցուղիների փակումը և այլն․․․Խնդիրներ, որոնք իր հետ բերեց այս «նորոգումը», իսկ խնդիրները, հաստատ, ունեն լուծումներ, երբ մանկավարժական հայացքն անսահման է, չկա «իմ» ու «քո» , «մեր» ու «ձեր», այլ՝ մեծ ՄԵՆՔ․․․
Արդեն երկու ամիս է 95 համայնքային մանկապարտեզի, կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզի, Քոլեջի միասնական Մանկական այգում աշխատում է COP 17-ին ընդառաջ բաց հարթակը։ Շաբաթվա բոլոր օրերին այգում բացօթյա ուսումնական պարապմունքներ են, իսկ յուրաքանչյուր ուրբաթ՝ 13։00, համայնքային բաց հավաքներ են, որին մասնակցում են սովորողներ, ծնողներ, բնակիչներ։ COP 17-ի հարթակից նամակով, ստորագրահավաքով դիմել ենք Երևանի քաղաքապետին, վարչական շրջանի ղեկավարին, առաջարկել գալ, տեղում նայել սեբաստացիական առաջարկի ներառական միջավայրի նախագիծը․․․

Ինչո՞ւ են կրթական հաստատության բակի նախագծի մրցույթի, փորձաքննության և ընդունման գործընթացում բացակայում էկոլոգիական ու մանկավարժական չափանիշները, օրինակ․
-պահպանված կամ վերականգնված կենդանի հողի բաժինը և անջրանցիկ մակերեսների նվազումը,
-տեղական ծառերի, թփերի ու խոտաբույսերի տեսակային բազմազանությունը,
 -կանաչ տարածքների շարունակականությունն ու կապը հարակից պուրակների և բակերի հետ,
-անձրևաջրի տեղում ներծծման, հավաքման կամ կրկնակի օգտագործման հնարավորությունը
-ստվերի, ամառային ջերմային հարմարավետության և փոշու նվազեցման ցուցանիշները,  որոնք տաղավարները չեն, հաստատ․․․
-երեխաների, այդ թվում՝ տարբեր կարողություններով սովորողների ազատ և անվտանգ շարժումը,
-բակի օգտագործումը՝ որպես բացօթյա դասարան, հետազոտության և ստեղծագործ աշխատանքի վայր, լողափ և այլն,
-սովորողների, աշխատողների, ծնողների և բնակիչների մասնակցությունը նախագծմանն ու խնամքին։

Եթե բարեկարգված բակը սովորողին, բնակչին տրվում է որպես ավարտված արտադրանք, նա կարող է օգտվել դրանից, բայց ձեռք չի բերում դրա ստեղծման, խնամելու, դիտարկելու հմտությունը։ Մասնակցային նախագծման դեպքում սովորողները չափագրում են տարածքը, ուսումնասիրում արևի ու ստվերի շարժը, գրանցում բույսերի և կենդանիների տեսակները, հարցումներ անցկացնում բնակիչների շրջանում, առաջարկում անցումներ ու տնկման գոտիներ, հետևում կատարված փոփոխությունների ազդեցությանը։
Այս աշխատանքը կենսաբազմազանությունը դարձնում է ոչ թե մեկ առարկայի թեմա, այլ միջառարկայական կրթական խնդիր։ Այն զարգացնում է հետազոտական կարողություններ, համագործակցություն, տարածական մտածողություն, հոգատար վերաբերմունք։ Միաժամանակ սովորողը տեսնում է, որ իր ուսումնասիրությունը կարող է փոխել իրական միջավայրը։
Սա չէ՞ այսօրվա ՀՀ պետական չափորոշչի պահանջ-վերջնարդյունքը․․․ Բության բազմազանությունը չի կարող ունենալ կրթության միօրինակություն․․․ Թե՞ գրում ենք մի բան, անում՝ այլ․․․

Սեբաստացիական  փորձը, բնակելի արվարձանի մոդելը դպրոցներով, մանկապարտեզներով, բնակիչներով շարունակական պարտեզի ստեղծումն է և միջավայրի խնամքի ընդգրկումը ամենօրյա ուսումնական աշխատանքի մեջ։ Այս մոդելի տարածումը չի նշանակում ամենուր կրկնել նույն հատակագիծը։ Յուրաքանչյուր համայնք պետք է արձագանքի իր բնակավայրի կլիմային, ռելիեֆին, ջրային պայմաններին և համայնքի կարիքներին։ Կարող են կրկնվել հեղինակային սկզբունքները, որոնք նշվեցին այս հոդվածում, հղումներում․․․

Առաջարկ

Դպրոցաշինության և կենսաբազմազանության քաղաքականությունների միավորում։
Նոր կամ վերակառուցվող յուրաքանչյուր կրթական հաստատության կառուցումը սկսել բակից՝ կենսաբազմազանության պահպանմամբ․ ճանաչել կենդանի միջավայրը, երեխայի ու համայնքի կարիքները, ապա ընտրել նվազագույն անհրաժեշտ շինարարական միջամտությունը։
Հայաստանը կարող է կրթական հաստատությունների շինբարելավումը դիտարկել որպես կենսաբազմազանության վերականգնման և բնապահպանական կրթության ազգային հնարավորություն։ Այդ մոտեցման չափանիշը կլինի ոչ միայն այն, թե ինչ է կառուցվել, այլև այն, թե ինչ կենսաբանական կյանքեր են պահպանվել ու շարունակելու են զարգանալ այդ տարածքում որպես խնամքի գոտիներ։
Կրթահամալիրի առաջարկը՝ կրթական պարտեզ բնակելի արվարձանում

Կրթական պարտեզ բնակելի արվարձանում․ ցուցադրություն-ցուցահանդես COP 17 կանաչ գոտում․․․

Հոդվածը գրել եմ ԱԲ-ի օգնությամբ․ ի դեպ, «նոր գործընկերը» շատ լավ է ճանաչում հեղինակային կրթական պարտեզ բնակել արվարձանում սեբաստացիական նախագիծը․․․
Վերջում խնդրեցի, որ ԱԲ-ն հոդվածը համատասխանեցնի COP 17-ի 23 թիրախներին․ հոդվածը համապատասխանում է 23-ից՝ 10-ին․․․