Առավոտյան ընդհանուր պարապմունքը՝ կրթական միջավայրի կազմակերպման, մշակութային փոխանցման և հաղորդակցական հարթակ
Ուսումնական օրվա կազմակերպման մեկնարկը միայն կարգապահական կամ վարչական խնդիր չի լուծում․ այն կարող է դառնալ կրթական մշակույթի ձևավորման, արժեքների փոխանցման և համայնքային հաղորդակցության կարևոր գործիք։ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առավոտյան ընդհանուր պարապմունքներն առանձնանում են կրթական գործընթացի կայացած բանաձևով՝ լրացուցիչ կրթության, մշակութային միջավայրի ձևավորման և իրականացմամբ։ Աշխարհի տարբեր երկրներում՝ Հնդկաստան, Մեծ Բրիտանիա, Կանադա և ԱՄՆ, գործում են կրթական հաստատություններ, որտեղ առկա են նմանատիպ տարրեր՝ առավոտյան հավաքներ, ստեղծագործական ուսուցում և բեմական գործունեություն։ Դրանցից են օրինակ՝ Rishi Valley School Հնդկաստանում, Swaffield Primary School և Tockington Manor School Մեծ Բրիտանիայում, Cardinal Carter Academy for the Arts Կանադայում, ինչպես նաև School for Creative and Performing Arts և Brooklyn High School of the Arts ԱՄՆ-ում։ Այդուհանդերձ, նրանց փորձերը հիմնականում ունեն առանձին բաղադրիչներ և չեն ձևավորում այն ամբողջական կրթական շղթան, որը բնորոշ է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին։ Վերջինիս դեպքում առավոտյան ընդհանուր պարապմունքը դառնում է շաբաթվա ստեղծագործական գործընթացի սկիզբ, որի շարունակությունը զարգանում է և իր ամփոփումը գտնում ուրբաթ համերգում՝ որպես միասնական և շարունակական կրթական միջավայր։
Ամեն օր կազմակերպվող 15 րոպեանոց ընդհանուր պարապմունքը շաբաթական կտրվածքով կազմում է 75 րոպե, և այս ժամանակը կրթահամալիրում ընկալվում է որպես լրացուցիչ կրթության ինքնուրույն ծրագրային հատված։ Այն դասի հիբրիդային մոդել է, կառուցվում է կրթական օրացույցի տրամաբանությամբ, շաբաթվա թեմատիկ ուղղություններով, հիշարժան օրերով, ընթացիկ կրթական ծրագրերով և համայնքային կյանքի կարևոր իրադարձություններով։ Մասնակցում են ավելի քան չորս հազար սովորողներ։ Առավոտյան ընդհանուր պարապմունքը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ձևավորված փորձի ներկայացում է՝ հեղինակային մանկավարժության մայիսյան ամենամյա 21-րդ ստեղծագործական հավաքին։ Այն բացահայտում է, թե ինչպես են առավոտյան ընդհանուր պարապմունքները դպրոցներում դառնում զարգացող կրթական միջավայր և հիմք՝ շաբաթվա ստեղծագործական ընթացքի համար։ Շաբաթվա պատասխանատու դասավանդողները նախապես մշակում են պարապմունքի բովանդակությունը՝ այն կապելով կրթական օրացույցի տվյալ շրջանի հետ։ Այս աշխատանքը ներառում է թեմայի ընտրություն, նյութերի հավաքագրում, ներկայացման ձևերի մշակում, ինչպես նաև տարբեր մասնագիտական խմբերի հետ համագործակցություն։ Յուրաքանչյուր շաբաթ դառնում է նոր մեթոդական փորձ՝ պահանջելով կազմակերպչական ճկունություն, բովանդակային ճշգրտություն և լսարանի առանձնահատկությունների հաշվառում, դիտարկում։ Առավոտյան ընդհանուր պարապմունքների կազմակերպման կարևոր առանձնահատկություններից մեկը կրթահամալիրի տարբեր մասնախմբերի համագործակցային աշխատանքն է։ Երաժիշտների, հասարակագետների, բանասերների և այլ մասնագետների մասնակցությամբ ընտրված նյութը ստանում է բազմաշերտ կառուցվածք։ Ներկայացվող բովանդակությունն անցնում է մի քանի փուլով՝ նախնական ընտրությունից մինչև քննարկում, մաքրում, խմբագրում, ճշգրտում և վերջնական ներկայացում։ Այս ընթացքն ապահովում է ոչ միայն տեղեկատվական հստակություն, այլև բարձր ճաշակային մակարդակ։ Երաժշտական բաղադրիչն առավոտյան պարապմունքի կառուցվածքում ունի սկզբունքային նշանակություն։ Ամեն առավոտ հնչող երաժշտությունը ընտրվում է գիտակցված՝ հաշվի առնելով թեման, տրամադրությունը, տարիքային միջավայրը և մշակութային արժեքը։ Երաժշտությունն այստեղ գործում է որպես ներքին կարգավորման, ուշադրության կենտրոնացման և գեղագիտական ընկալման զարգացման միջոց։ Առանձնահատուկ դեր ունի ազգային մշակույթի ներկայությունը։ Հայկական ժողովրդական և հեղինակային երաժշտությունը, ազգային ծեսերին ու հիշարժան օրերին վերաբերող նյութերը, գրական խոսքը, պատմամշակութային անդրադարձները նպաստում են, որ սովորողները ազգային մշակութային ժառանգությանը հաղորդակից լինեն ամենօրյա կրթական միջավայրում։ Այս ձևաչափը ազգային մշակույթը ներկայացնում է ոչ թե ձևականորեն, այլ բնական ներգրավմամբ՝ որպես առօրյա կրթական կյանքի բաղադրիչ։
Առավոտյան ընդհանուր պարապմունքի կազմակերպման օրինակներ՝ կրթահամալիրի դպրոցներում․
- Առավոտյան ընդհանուր պարապմունքը կրթահամալիրի Արևելյան դպրոցում
- Առավոտյան ընդհանուր պարապմունքը կրթահամալիրի Հյուսիսային դպրոցում1
- Առավոտյան ընդհանուր պարապմունքը կրթահամալիրի Հարավային դպրոցում
- Առավոտյան ընդհանուր պարապմունքը կրթահամալիրի Արևմտյան դպրոցում
- Առավոտյան ընդհանուր պարապմունքը կրթահամալիրի Միջին և Ավագ դպրոցներում
- Առավոտյան ընդհանուր պարապմունքը կրթահամալիրի Քոլեջում
Առավոտյան ընդհանուր պարապմունքը կրթահամալիրի կրտսեր դպրոցներում
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցներում առավոտյան ընդհանուր պարապմունքը կազմակերպվում է հետևողական, մտածված հստակ կառուցվածքով, բովանդակությամբ, իրականացմամբ և զարգացմամբ։ Առավոտյան ընդհանուր պարապմունքն ունի նաև իր հստակ տևողությունը՝ 15ր․ և բովանդակային կառուցվածքը։ Այն կազմակերպվում է սահմանված ժամանակահատվածում այնպես, որ լինի և՛ արդյունավետ, և՛ սովորողների համար մատչելի ու չծանրաբեռնող։
Բովանդակությունը նախապես մտածված և պլանավորված է․ այն ներառում է ուսպլանով որոշված երգեր, պարերգեր, պարեր, ընթերցանություն, ռիթմիկա և այլն, որոնք միասին դառնում են ամբողջական ուսումնական գործընթաց։
Կարևոր է նաև այն, որ այս մոտեցումը միասնական է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր դպրոցների՝ Արևելյան , Արևմտյան , Հյուսիսային , Հարավային , Միջին , Ավագ և Քոլեջի համար։ Առավոտյան ընդհանուր պարապմունքը, իր հիմնական սկզբունքներով, կառուցվածքով և նպատակներով, ընդհանուր մշակույթ է ամբողջ կրթահամալիրում՝ անկախ տարիքային խմբից կամ դպրոցից։
Միջին, Ավագ դպրոցներում, Քոլեջում, սակայն, այն տարբեր կերպ է դրսևորվում՝ համապատասխանեցված սովորողների տարիքային առանձնահատկություններին։ Չնայած այդ տարբերություններին՝ ընդհանուր գաղափարը նույնն է՝ միասնական մեկնարկ, ստեղծագործական ներգրավվածություն և կրթական բովանդակությամբ լի գործընթաց։
Այս միասնական մոտեցումը հնարավորություն է տալիս, որ ամբողջ կրթահամալիրում ձևավորվի մեկ ընդհանուր կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր առավոտ դառնում է ուսուցման, համագործակցության և ստեղծագործության սկիզբ։
Այն առաջին հերթին դիտարկվում է որպես դաս՝ իր կրթական նպատակներով և արդյունքներով։ Այսինքն՝ դա պարզապես օրվա սկիզբ չէ, այլ ուսումնական գործընթացի կենդանի ձև, որտեղ սովորողները սովորում են, զարգանում և ներգրավվում են տարբեր գործունեությունների մեջ՝ երգ, շարժում, ընթերցանություն, համագործակցություն։
Շաբաթվա ծրագիրը նախապես պլանավորվում և հրապարակվում է։ Այն ներառում է առավոտյան ընդհանուր պարապմունքների բովանդակությունը, ուղղությունները և այն ստեղծագործական աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն շաբաթվա ընթացքում։
Այս նախապես հրապարակված ծրագիրը օգնում է, որ թե՛ սովորողները, թե՛ ուսուցիչները ունենան հստակ պատկերացում՝ ինչ ուղղությամբ է ընթանալու աշխատանքը, և ինչ նպատակ է հետապնդում յուրաքանչյուր օրվա պարապմունք։ Այդպիսով ապահովվում է համակարգվածություն, շարունակականություն և համատեղ ստեղծագործական գործընթաց։
Շաբաթվա ծրագիրը նաև կապում է առավոտյան պարապմունքները և ուրբաթ համերգը մեկ ընդհանուր տրամաբանության մեջ՝ դարձնելով ամբողջ շաբաթը մեկ միասնական կրթական ճանապարհ։
Պարապմունքը սկսվում է կազմակերպված մեկնարկով․ սովորողները հավաքվում են իրենց հարթակներում՝ բացօթյա էստրադաներում կամ սրահներում՝ կախված պայմաններից։ Այս փուլը ձևավորում է դասի ընդհանուր միջավայրը և կենտրոնացումը։
Հաջորդը բովանդակության փուլն է, որը ունի դասի տրամաբանություն․ այն նախապես պլանավորված է և կապված է կրթական օրացույցի հետ։ Ընտրվում են ծիսական երգեր, պարերգեր, պարեր, ընթերցանություն, անհատական կատարումներ, կարևոր հայտարարություններ, որոնք ծառայում են ուսուցման նպատակին։
Իրականացման փուլում սկսվում է կենդանի ուսումնական աշխատանքը․ սովորողները ակտիվ մասնակցում են, փորձում են, կրկնում են, համագործակցում են և աստիճանաբար մտնում ընդհանուր գործընթացի մեջ։ Այստեղ դասը ստանում է գործնական, փորձառական բնույթ։
Դրան հաջորդում է զարգացման փուլը, որտեղ արդեն տեսանելի է ուսումնական առաջընթացը․ նյութը հղկվում է, կատարումը դառնում է ավելի վստահ, համադրված և գիտակցված։ Այս փուլում առավոտյան պարապմունքը արդեն լիարժեք դասի արդյունք է ցույց տալիս՝ ոչ թե միայն կատարողական, այլ նաև ուսուցողական տեսանկյունից։
Այս ամբողջ գործընթացում կազմակերպումը պահպանում է դասի կառուցվածքը՝ ապահովելով մասնակցություն, ներգրավվածություն և շարունակական զարգացում։ Ուսուցիչը ներկայանում է որպես ուղղորդող, ով պահում է դասի տրամաբանությունը, բայց միաժամանակ ստեղծում է ազատ և ստեղծագործ միջավայր։
Այսպես, առավոտյան ընդհանուր պարապմունքը կրտսեր դպրոցներում միաժամանակ և՛ դաս է, և՛ ստեղծագործական գործընթաց, որը զարգանում է ամեն օր և աստիճանաբար վերածվում է ուրբաթ համերգի հիմքի։
Ավագ, Միջին դպրոցներ, Քոլեջ
Ավագ, Միջին դպրոցներում, Քոլեջում առավոտյան ընդհանուր պարապմունքների արդյունավետության մեջ կարևոր տեղ ունի նաև մեծ էկրանի և տեխնիկական միջոցների կիրառումը։ Տեսողական նյութերի, լուսանկարների, տեսաշարերի, տեքստային ուղեկցումների, երաժշտական ֆայլերի ցուցադրումը մեծ էկրանի միջոցով բարձրացնում է ընկալման որակը, ապահովում ուշադրության կենտրոնացում և նպաստում բովանդակության ամբողջական ներկայացմանը։ Տեխնիկական միջոցները հնարավորություն են տալիս միաժամանակ միավորել մեծ լսարան, պահպանել ներկայացման կազմակերպվածությունը և հաղորդակցությունը դարձնել առավել հասանելի։ Միաժամանակ կրթահամալիրում կարևոր է տեխնիկական միջոցների խելամիտ և նպատակային օգտագործումը։ Դրանք չեն դառնում ինքնանպատակ կամ ցուցադրական միջոց, այլ ենթարկվում են կրթական բովանդակությանը։ Տեխնիկան կիրառվում է այնտեղ, որտեղ այն ուժեղացնում է խոսքը, երաժշտությունը, գաղափարի ընկալումը կամ նյութի ներկայացումը։
Կազմակերպիչ խմբի աշխատանքը, սակայն, միշտ չէ, որ ընթանում է առանց դժվարությունների։ Սովորող-ուսուցիչ համատեղ աշխատանքի ընթացքում անհրաժեշտ է ապահովել դերերի հստակ բաշխում, պատասխանատվության հավասարակշռում և ժամանակային ճշգրտություն։ Սովորողները երբեմն ունենում են հրապարակային խոսքի լարվածություն, տեխնիկական միջոցների օգտագործման անփորձություն կամ մեծ լսարանի առջև կենտրոնանալու դժվարություն, իսկ դասավանդողներից պահանջվում է միաժամանակ և՛ աջակցել, և՛ պահպանել պարապմունքի ընդհանուր ռիթմը։
Դժվարություններից մեկը նաև բազմատարիք լսարանի հետ աշխատելն է։ Միևնույն պարապմունքը պետք է հասանելի և հետաքրքիր լինի տարբեր տարիքային խմբերի համար, ինչը պահանջում է բովանդակության լեզվական, թեմատիկ և ներկայացման ձևերի զգույշ ընտրություն։ Լսարանի ուշադրության պահպանումը ևս մշտական խնդիր է, քանի որ առավոտյան ժամին մեծ թվով սովորողների կենտրոնացումը պահանջում է հստակ կառուցվածք, տեմպի պահպանում և բովանդակային դինամիկա։
Տեխնիկական դաշտում ևս կարող են առաջանալ կազմակերպչական խնդիրներ՝ ձայնային համակարգի, ցուցադրման, ժամանակային համաժամացման կամ նախապես պատրաստված նյութերի կիրառման ընթացքում։ Այդ պատճառով յուրաքանչյուր պարապմունք պահանջում է նախնական փորձարկում և կազմակերպված տեխնիկական աջակցություն։
Պարապմունքի վարումը սովորողների կողմից ստեղծում է լրացուցիչ կրթական աշխատանք։ Հանրային խոսքը, ընթերցումը, հաղորդումը, ներկայացումը կամ տեխնիկական գործընթացների մասնակցային կառավարումը սովորողների համար դառնում են պատասխանատվության, ինքնավստահության և առաջնորդության զարգացման միջավայր։ Հոգեբանական տեսանկյունից առավոտյան ընդհանուր պարապմունքը ծառայում է որպես օրվա սահուն մեկնարկի մեխանիզմ։ Այն ապահովում է ընդհանուր ռիթմ, մեղմ անցում տնային միջավայրից դեպի կրթական գործունեություն, նվազեցնում է առավոտյան լարվածությունը և ձևավորում համայնքային միասնականության զգացում։Վարչական առումով ևս այս ձևաչափը լուծում է կարևոր խնդիրներ․ նույն հարթակում ներկայացվում են օրվա հայտարարությունները, ընթացիկ ծրագրերը, առաջիկա նախաձեռնությունները և կազմակերպչական շեշտադրումները՝ առանց հիմնական ուսումնական ժամանակը ծանրաբեռնելու։
Նախապատրաստական փուլ
Շաբաթվա սկզբին պարապմունքի ծրագրի բովանդակությունը՝ թեման, ելույթների հաջորդականությունը, երաժշտական և տեխնիկական նյութերը, հավաքվում է սովորողների և պատասխանատու ուսուցիչների համագործակցությամբ։
Սովորողներն ստանում են մանրամասն ուղեցույց՝ իրենց կետերը, ելույթների ժամանակը և տեխնիկական աջակցության պահանջները։
Նախօրոք հրապարակվում ,է և սովորողների խումբն ապահովում է ծրագրի ուղարկումը բոլոր դասավանդողներին և լսարանին նախապես՝ էլեկտրոնային փոստով և կրթական օրացույցում։
Այս գործընթացը ստեղծում է թափանցիկություն, թույլ է տալիս լսարանին նախօրոք ծանոթանալ նյութին, պատրաստվել։
Սովորողների գործառույթներ և պատասխանատվություն՝
Այսպես սովորողները տիրապետում են ոչ միայն հրապարակային ելույթների և տեխնիկայի կառավարմանը, այլև կազմակերպչական հմտությունների, հաղորդակցության ձևավորմանը։
Նախօրոք ծրագրի հրապարակումը խթանում է ինքնավարությունը, քանի որ պատասխանատու խմբի անդամները կառավարում են ոչ միայն իրենց ելույթը, այլև ամբողջ պարապմունքի հոսքը։
Արդյունքում՝
Նախօրոք հրապարակումը նվազեցնում է անորոշությունը, բարձրացնում կազմակերպչական ու հաղորդակցական հմտությունների արդյունավետությունը, ապահովում պարապմունքի հստակ և վստահ անցկացման հիմքը։ Սովորողները և ուսուցիչները տեսնում են իրենց պատրաստվածությունը և կարողանում արձանագրել զարգացումը՝ յուրաքանչյուր պարապմունքի և շաբաթվա ընթացքում։
Սովորողների մասնակցության և զարգացման չափորոշիչները՝ վարող զույգերի փոփոխմամբ
Յուրաքանչյուր ուսումնական շրջանում, որը տևում է 4 ամիս (16 շաբաթ), 64 պարապմունք, մոտ 32 սովորող զույգերով, իսկ յուրաքանչյուր շաբաթ՝ 4 պարապմունք, յուրաքանչյուր չորեքշաբթի ֆլեշմոբ, զույգերը փոխվում են, ինչը ապահովում է հետևյալ առավելությունները.
Մասնակցության քանակ և բազմազանություն՝
Եթե շաբաթը 4 օր է, և զույգերը փոխվում են ամեն շաբաթ, ապա յուրաքանչյուր սովորող հնարավորություն ունի փորձառություն ձեռք բերել տարբեր գործընկերների հետ, տարբեր թեմաներով և ելույթի ձևաչափերով։ Առավոտյան ընդհանուր պարապմունքները կազմակերպվում են շաբաթվա առաջին չորս օրերին, քանի որ ուրբաթ օրը կրթահամալիրում ունի իր առանձնահատուկ ձևաչափը՝ այն նվիրված է պարուսուցմանը և պարատանը։
Զարգացում՝
- յուրաքանչյուր ելույթից հետո ուսուցիչները արձանագրում են սովորողների մասնակցության որակը՝ խոսքի հստակություն, ժամանակի կառավարում, նյութի ներկայացման ձև և լսարանի ներգրավվածություն։
- փոխվող զույգերը հարմարվում են գործընկերների մոտեցումներին, զարգանում է համագործակցային հմտություններ, լսելու և հստակ արտահայտվելու կարողություն։
- սովորողն ինքն է գրանցում իր առաջընթացը տարբեր համատեղությունների համատեքստում՝ շաբաթվա սկզբից մինչև ավարտ։
- սովորողները տեսնում են, թե ինչպես են իրենց հմտությունները տարբեր իրավիճակներում վերարտադրվում։
Ուսուցիչների մշտադիտարկում՝ հստակ ցուցանիշներով․
- խոսքի հստակություն
- տեխնիկական և ստեղծագործական հմտություններ
- լսարանի ներգրավվածություն
Սովորողների ինքնադիտարկում՝ հստակ ցուցանիշներով․
- հեռախոսից, պլանշետից կարդալիս՝ կարճ, պարզ տեքստային ելույթ
- պարզագիր (շպարգալկա)՝ հիմնական կետերով
- ազատ բանավոր խոսք՝ կարճ և վստահ
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի առավոտյան ընդհանուր պարապմունքը յուրաքանչյուրիս ոգևորության, ստեղծականության և ինքնաճանաչման հարթակ է՝ ուր սովորողն ու ուսուցիչը դառնում են համայնքի ակտիվ ստեղծագործական մաս։
Առավոտյան ընդհանուր պարապմունքից դեպի ուրբաթ-համերգ
Կրթահամալիրում ուրբաթ համերգը ձևավորվում է ոչ թե մեկ օրվա ընթացքում, այլ ամբողջ շաբաթվա, ամսվա մտածված և հաջորդական աշխատանքի արդյունքում։ Ուրբաթ համերգն ունի իր տարվա օրացույցը։ Այն պատահական կազմակերպվող միջոցառում չէ, այլ նախապես պլանավորված գործընթաց, որը կապված է բացառապես կրթական օրացույցին։ Այսպես, առավոտյան պարապմունքները և ուրբաթ համերգները դառնում են մեկ ամբողջական օրացույցային համակարգ, որտեղ ամեն ինչ իր տեղն ունի՝ սկսած նյութի ընտրությունից մինչև ներկայացում։
Վերջերս հենց այս ձևով էլ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջը ներկայացավ ուրբաթ համերգին․ ամբողջ ծրագիրը ձևավորվել էր առավոտյան պարապմունքների ընթացքում, և հանրային ներկայացման ժամանակ արդեն երևում էր այդ ընթացքի ամբողջական ու կենդանի արդյունքը։ ։ Այսինքն՝ այն առանձին չի ստեղծվում, այլ ձևավորվում է հենց այն ամենից, ինչ ամեն օր արվում է առավոտյան։ Երբ առավոտյան պարապմունքը կազմակերպվում է ոչ թե պարզապես «օրն սկսելու» համար, այլ որպես միասնական ստեղծագործական հարթակ, արդեն հենց այնտեղ սկսում է ձևավորվել համերգը։ Միասին երգելը, պարելը, կարդալը կամ նյութի շուրջ խոսելը դառնում են ոչ թե առանձին գործողություններ, այլ ապագա ներկայացման մասեր։ Օր օրի այդ նույն գործողությունները կրկնվելով՝ հղկվում են, լրացվում, իրար հետ կապվում։ Առավոտյան մի պարզ երգը կարող է վերածվել համերգային համարի, մի փոքր շարժում՝ պարի, մեկի ասած խոսքը՝ ոգևորության ։ Այսինքն՝ առավոտյան պարապմունքը դառնում է հարթակ, որտեղից «ծնվում» են ուրբաթ-համերգի բոլոր բաղադրիչները։ Շատ կարևոր է, որ այս գործընթացը բնական է․ ոչ մի բան առանձին չի «ավելացվում» վերջին պահին։ Այն, ինչ արվում է առավոտյան, հենց նույնն էլ հանրայնացվում է՝ արդեն ավելի ամբողջական, ավելի մշակված տեսքով։
Կազմակերպիչ ուսուցչի դերը այստեղ որոշիչ է․ նա տեսնում է, թե առավոտյան պարապմունքի ընթացքում ինչ կարող է դառնալ համերգային նյութ, ընտրում է, ձևավորում և ուղղորդում, որ այդ փոքր դրվագները միավորվեն մեկ ամբողջական ներկայացման մեջ։ Նրա շնորհիվ առավոտյան ազատ ու բնական ընթացքը ստանում է ձև և ուղղություն։
Առաջարկում եմ կարդալ Տիգրան Զոհրաբյանի հոդվածը։
Այսպես, առավոտյան ընդհանուր պարապմունքը դադարում է լինել պարզապես օրվա սկիզբ և դառնում է ստեղծագործական աղբյուր, որտեղից քայլ առ քայլ ծնվում է ուրբաթ-համերգը։ Սա ոչ միայն ներկայացում է, այլ նաև կրթական արդյունք՝ համագործակցության, ինքնարտահայտման և ստեղծագործական աշխատանքի։ Այսպես, քայլ առ քայլ, առավոտյան պարապմունքները վերածվում են ուրբաթ համերգի՝ միավորելով բոլորին մեկ գաղափարի շուրջ և դարձնելով գործընթացը հետաքրքիր, բնական ու արդյունավետ։
