«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզում աշխատում եմ 2023-2024 ուստարվանից։
Կրթահամալիրում աշխատանքս սկսել եմ Մուտք կրթահամալիր մանկավարժական ճամբարով և դեպի Արատես եռօրյա ճամբարով։ Ամբողջ տարվա ընթացքում Գրետա Բակունցը եղել է իմ մենթորը, ով մեծ ներդրում ունի իմ՝ կրթահամալիրում հեշտ ինտեգրվելու գործում։
Ամեն երկուշաբթի ունեցել ենք մաթեմատիկների մասնախմբի սեմինարներ, որոնց ընթացքում քննարկել ենք ընթացիկ կազմակերպչական հարցեր, մաթեմատիկայի ամենամսյա ֆլեշմոբի խնդիրները։ Այս հանդիպումները մեծապես օգնել են իմ մասնագիտական աճին։
2023-2024 ուսումնական տարում դասավանդել եմ մաթեմատիկա 4․1 ու 4․3 դասարաններում և մաթեմատիկայի ընտրությամբ գործունեությամբ խմբում։ Իմ բլոգում ամեն դասարան ունի իր էջը, որտեղ օրվա դասն եմ տեղադրում․
4․1 դասարան
4․3 դասարան
Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ
Այս խմբում աշխատանքն յուրօրինակ ուղի էր ինձ համար։ Տարբեր խաղային, ստեղծագործական, համագործակցային նախագծեր ու չափումներ ենք իրականացրել։ Քանի որ մաթեմատիկայի ընտրությամբ խմբի աշխատանքը 2 օր էր՝ 2-ական դասաժամով, և ընդամենը 3 սովորող էին երկու օրն էլ գալիս, դասը բոլորի համար հետաքրքիր կազմակերպելու հարցում որոշակի դժվարություններ էին առաջանում։ Երբեմն անհատական առաջադրանքներ էի հանձնարարում ավելիին ձգտողներին, ընտրության հնարավորություն տալիս սովորողներին, որ ավելի հավեսով ու արդյունավետ սովորեն։ Ամենաշատ սիրվածներից է Սքրաչ ծրագրի ուսուցման նախագիծը։ Այստեղ գործում էր Սովորող-սովորեցնող նախագծը։ Սովորողներն իրար այնպիսի ոգևորությամբ էին սովորեցնում, որ խմբի մեծ մասը կարողացավ Սքրաչով որևէ խաղ ստեղծել։
Տարվա ընթացքում ունեցել եմ սկզբում՝ 4, հետո՝ 2 հեռավար ուսուցման սովորող, որոնց հետ բարեհաջող անցկացրել ենք առցանց դասերը։ Դասերը կազմակերպել ենք Microsoft teams ծրագրով։
Ամեն ամիս իրականացրել ենք հետաքրքիր ու բազմազան նախագծեր՝ համագործակցային, ճամփորդական, թարգմանչական, ստեղծագործական, խոհանոցային, նոր հարթակների մեդիա գործիքների յուրացման, ինչպես նաև ձեռքի աշխատանքի հետ կապված։ Դրանցից կառանձնացնեմ հետևյալները․
- Ճամփորդություն դեպի Էդիթ Պրինտ
- Սովորող-սովորեցնող․Learningapps.org հարթակում ուսումնական խաղերի ստեղծում
- Սովորող-սովորեցնող․Learningapps.org հարթակում ուսումնական խաղերի ստեղծում (հարավային դպրոցի սովորողների հետ)
- Մաթեմատիկական տեսադասերի փաթեթի ստեղծում
- Jigsawplanet.com հավելված: Փազլների ստեղծում. սովորող-սովորեցնող (ընտրությամբ մաթեմատիկայի խմբի հետ)
- Ճամփորդություն դեպի IQ Center
- «Ազգագրական փառատոն», «Արտադրությամբ ուսուցում»/ Հայկական զարդանախշերով գոտիներ, ճակտոցներ, 2.2 ջոկատի հետ
- Թարգմանչական նախագիծ. հայերեն-անգլերեն մաթեմատիկա
- «Ազգագրական փառատոն», «Արտադրությամբ ուսուցում»/ Հայկական զարդանախշերով գոտիներ, ճակտոցներ (4-րդ ջոկատի հետ)
- Լոգոների և QR կոդերի ստեղծում: Սովորող-սովորեցնող
Համագործակցային նախագծերի շնորհիվ ինքս սովորեցի կիրառել նոր մեդիագործիքներ, ինչը շատ օգնեց մասնագիտական աճիս։
Միջավայրի զարգացման նախագիծ։ Զգացի՝ կարիք կար դպրոցում ստեղծել ընթերցարան, աշխատասրահ, որտեղ ուսուցիչները, սովորողները կարող են իրենց ազատ ժամանակը անցկացնել՝ ընթերցել, աշխատել… Այս մասին ընկեր Գոհարի հետ զրուցեցի։ Հրաշալի գաղափար փոխանցեց, ու միասին իրականացրինք «Միջավայրի զարգացում» նախագիծը։ Միջավայրից օգտվող ամենաիրական շահառուները սովորողներն են. հաճախ անցնելիս կտեսնես, որ բազմել են փայտե բազմոցներին, կլանված թերթում են գրքերը, ընթերցում, նկարներով զմայլվում, իրար հետ քննարկում։ Չեն մոռանում իրենց հասած էջի տեղը, որ հաջորդ անգամ շարունակեն։ Հարմար է նաև ընդմիջման ժամերին ծննդյան ծես նշելու համար, ուսուցիչների համար ընթերցարան-աշխատարան է և լրացուցիչ կրթության միջավայրը։
Ձմեռային և ամառային ճամբարների ընթացքում ավելի շատ ստեղծագործական, ճամփորդական ու ձեռքի աշխատանքների հետ կապված նախագծերն ենք նախընտրել։ Կար ու ձևը, հելունագործությունը, կտորի վրա նկարչությունը ամենասիրվածներն էին։ Ի զարմանս ինձ՝ տղաները աղջիկներից ոչ պակաս հետքրքրությամբ էին մասնակցում։
Որպես մարդ՝ մանավանդ բազում ոլորտներում հետաքրքրություն ունեցող, ինձ համար հրաշալի հնարավորություններ է ընձեռում կրթահամալիրը։ Մասնագիտական աճի մեծ հնարավորություն, տարբեր խմբակներ դասավանդողների համար, ինքնարտահայտման ազատ մթնոլորտ։
«Հասկ» ազգային երգ ու պարի խմբում լիարժեք լիցքաթափվել եմ ամեն անգամ ու դրական էներգիայով վերադարձել աշխատանքի։ «Հասկ»֊ի հետ մի ամբողջ ճանապարհ եմ անցել մինչև «Հասկ»-ի անդրանիկ մենահամերգը («Հասկ»-ի յութուբյան ալիքը, Հասկի անդրանիկ համերգի տեսանյութերը):
Միացել եմ վերջերս բացված լողի խմբին, ինչի համար ևս ուրախ եմ և շնորհակալ։ Երգչախմբի փորձերի ու մաթեմատիկների մասնախմբի սեմինարների ժամային համընկնումը, ցավոք, թույլ չտվեց երգչախմբին հաճախել անցյալ տարի։ Այնուամենայնիվ, երաժշտական միջոցառումներին սիրով մասնակցել եմ։ Մասնավորապես, մասնակցել եմ ուսումնական պատարագին։ Այս տարի՝ 2024թ., Անի Նավասարդյանի շնորհիվ վերաբացվել է ուսուցչական երգչախումբը։ Երգչախմբի կազմում առաջին ելույթն ունեցանք սեպտեմբերի 25-ին։
Դասավանդման մեջ կիրառել եմ տարբեր մեթոդներ, որոնց ծանոթացել եմ հոդվածների, կոլեգաներիս դասերը լսելու, խորհուրդների միջոցով։ Շատ երեխաների հետ փորձել եմ անհատական մոտեցում ցուցաբերել՝ տեսնելով, որ հոգեբանական ոլորտում է խնդիրը։ Հիմնականում շեշտադրել եմ սիրով ու ըմբռնումով անկեղծ փոխհարաբերությունները՝ ազատ թողնելով երեխային, որ հասունանա, ինքնագիտակից ու պատասխանատու դառնա։ Խիստ եմ եղել նրանց հետ, ովքեր դրա կարիքն են ունեցել, և մայրաբար եմ եղել նրանց հետ, ովքեր քնքշանքի կարիք են ունեցել։ Դասարանի տրամադրությունից կախված՝ երբեմն փոխել եմ դասիս անելիքը։ Կիրառել եմ մանդալաների նկարչությունը անհատական ներդաշնակման մտադրությամբ՝ ինչպես իմ դասարաններում, այնպես էլ այլ դասարաններում փոխարինելիս։ Կարծում եմ՝ արժե ավելի լայնորեն կիրառել համաչափ գունավոր պատկերների նկարչությունը՝ ներքին խաղաղություն ու հանգստություն գտնելու համար։ Ցանկացած ինքնազարգացում կամ ուսուցման պրոցես ներքին խաղաղության մեջ միանշանակ ավելի արդյունավետ է լինում։ Ավելի մանրամասն՝ Մանդալան որպես թերապևտիկ միջոց։
Դասն անցկացնելիս ինձ համար մի խնդիր կա, որը միշտ չի, որ հաջողվում է լուծել ինձ բավարարող կերպով։ Դասարանում կարգապահությունն ապահովելու համար շատ ջանք եմ ներդնում։ Ավելի շատ, քան բուն նյութը սովորեցնելիս։ Ուզում եմ առանց ձայն բարձրացնելու, նկատողությունների, վախեցնելու ստացվի։ Ուզում եմ լրիվ գիտակից, ներքին կիրթ, հարգալից մթնոլորտում դաս վարել։ Բայց հանրային անկրթությունը, որը կարելի է տեսնել նաև մեծահասակների մեջ, որտեղից և նոր սերունդն է սովորում, ուղղակի թույլ չի տալիս հանգիստ մթնոլորտում դասն անցկացնել։ Ինչքան էլ ամեն երեխա յուրովի մի հետաքրքիր աշխարհ է, նրանց մեկտեղումը ներդաշնակության բերելը դժվար է։ Ապագայի դպրոցներում հավանաբար դասարանում երեխաների քանակը 10-12-ով պետք է սահմանափակվի, ինչպես նաև միգուցե որոշ երեխաների պետք է թույլ տրվի դասին չմասնակցել, եթե այդ օրը տրամադրված չեն մաթեմատիկայի, օրինակ։ Նրանց համար ազատ սրահ լինի, ուր կարող են զբաղվել այլ հետաքրքրող գործունեությամբ։ Հիմնականում դասի խաղաղ ընթացքին խանգարում են դասին մասնակցել չցանկացողները, ովքեր ակտիվություն են ցուցաբերում, վազվզում, զրուցում, խաղ խաղում։ Միգուցե ե՛ս եմ շատ մեծ կարգապահություն ու ներգրավվածություն պահանջում, կատարելության ձգտում․․․ Կոլեգաների հետ ևս շատ եմ զրուցել։ Ամեն դեպքում, դեռ այս հարցին վերջնական պատասխան չունեմ։
Ուզում եմ բարձրաձայնել ուսուցիչներիս, ինչպես նաև սովորողներին հուզող մի խնդրի մասին։ Ում հետ զրուցել եմ, այս խնդիրն ունի։ Կրթահամալիրին, որի միջոցով նաև սովորողներին ու ծնողական համայնքին, ուսուցչական համայնքը ահռելի մեծ ծառայություն է մատուցում՝ սկսած առավոտյան սովորողների անվտանգ գալուստը կազմակերպելուց մինչև դասապրոցես, ճամփորդություններից մինչև ընդմիջումներին հետևելը, նամակագրական կապ, հեռավար դաս, ճամբարներ, նախագծեր, ճանապարհում, մասնագիտական աճ, հատուկ կարիքով սովորողների հետ աշխատելու համար լրացուցիչ հմտությունների ձեռքբերում ու կիրառում և այլն։ Էս ամբողջը ուսուցիչը հաճախ անում է իր ոչ աշխատանքային ժամերին, իր ու իր ընտանիքի հաշվին, քնի հաշվին։ (Անհամապատասխան աշխատավարձի մասին կլռեմ. թերևս սա ավելի գլոբալ խնդիր է, ու կրթահամալիրն իր կարողացածն անում է)։ Ուսուցիչն ունի մի մեծ խնդիր։ Օրինակ, ունենալով դպրոցում մի քանի ազատ ժամ՝ իր աշխատանքը չի կարողանում դպրոցում անել, քանի որ ոչ մի ԼՈՒՌ, հարմարավետ անկյուն նա չունի։ Հեռավար դասը տանից եմ անում, օրինակ։ Հաջորդ օրվա դասերը, նախագծերը, ամեն ինչ կազմում եմ տանը։ Աղմուկի մեջ, անընդմեջ անցուդարձի ու ուշադրությունը անդադար շեղող միջավայրում կենտրոնանալ ու մտածել հնարավոր չէ։ Խոհանոցում, ճաշերի հոտերի ու ամանեղենի ձայների ներքո պստիկ աթոռների վրա կուչ եկած ու անցուդարձի աղմուկի մեջ, վստահ եմ, ոչ ոք չի նախընտրում աշխատել։ Այս բացը լրացնելուն էր թերևս ուղղված Արևմտյան դպրոցի ընթերցարանի ստեղծումը երկրորդ հարկում։ Սակայն միայն աթոռ ու սեղանի առկայությունը խնդիրը չի լուծել։ Լրացուցիչ պարապմունքներ ևս այդ պատճառով այս տարի չեմ անցկացնելու մաթեմատիկայից, քանի որ միջանցքներում անցկացրած անարդյունավետ ու աղմկոտ դասից և՛ աշակերտներս, և՛ ինքս շատ էինք հոգնում։
Դպրոցի համընդհանուր ակուստիկ մեծ խնդրի մասին բարձրաձայնել եմ։ Ռևերբերացիայի ժամանակը ամենուրեք ակնհայտորեն ավելին է, քան պետք է ուսումնական հաստատությունում։ Պարզ ասած՝ կա արձագանք, որը չպետք է լինի։ Նման միջավայրում ավելի հարմար է համերգ տալ, օրինակ, քան դասընթաց վարել։ Ասենք, պարասրահում այնպես է արձագանքում, որ մի ժամից գլուխդ զնգում է։ Կամ, ասենք, դասարաններ կան, որ դուռ չունեն, և, հետևաբար, ամբողջ դպրոցի աղմուկը խառնվում է դասապրոցեսին՝ ստեղծելով ֆոնային բարձր աղմուկ։ Աղմուկի մակարդակն անգամ դատարկ դասարանում, որում ինքս չափել եմ, ու դուք էլ կարող եք հենց հիմա չափել, բարձրաձայն խոսակցության ուժգնության է հավասարվում։ Միջին դպրոցի ընթերցարանում ևս լրիվ նույն վիճակն է։ Դեռ բացօթյա լողավազաններին հարակից դասարաններում դաս կազմակերպելու մասին չեմ ասում։ Հասկանում եմ, որ մեծ խնդիր է։ Բայց ցանկության դեպքում կարելի է փոքր ջանքերով բավարար արդյունք ստանալ։ Մշտական աղմուկը հոգնեցնում է և՛ ուսուցիչներին, և՛ սովորողներին, որոնք հընթացս դառնում են անընկալունակ, ցրված ու նյարդային։ Կան սովորողներ, որ ասում են՝ տանը կանեմ, էստեղ աղմուկ է։ Ու ես լիովին համակարծիք եմ լինում։ Խնդրում եմ այս թեմային լուրջ մոտենալ։ Ճարտարապետական ակուստիկայի մասնագետ հրավիրենք, օգտագործենք միջազգային փորձը, ինչպես նաև մեր տեղական անհաջող փորձերը (ԵՊՀ-ում, օրինակ, վերանորոգումից հետո, երբ սալիկապատվեցին հատակները, հարթ սվաղվեցին պատերը, անտանելի արձագանքն ու ֆոնային գվվոցը ուսումնական պրոցեսի վրա մեծապես ազդեցին)։ Խնդիրը բոլորինս է, ու պետք է լուծենք անպայման։ Բոլորս ենք ավելի գոհ լինելու մեր արդյունավետ աշխատանքից։ Ստեղծենք աշխատանքային լուռ սենյակներ մեծ սեղաններով ու հարմար աթոռներով, ինտերնետով ու հոսանքով, որտեղ սիրով բոլորս մեր հաջորդ օրվա գործերը կանենք, մեդիտացիա կանենք, մեր ներսը խաղաղությամբ կլցնենք ու ուրախ սրտով կշարունակենք դասավանդումը, իսկ հետո թեթև մտքերով կգնանք տուն։
Ի դեպ, ապագայի դպրոցում վստահաբար պետք է լինի մեդիտացիայի ժամ։ Միայն ինֆորմացիա տալը վաղուց ակտուալ չէ, գիտենք։ Ինտելեկտը զարգացնելը, սովորել սովորելն է ակտուալ։ Իսկ ապագային պետք են նաև հուզական ինտելեկտը, ներքին ներդաշնակությունը, ինքնախաղաղվելու պրակտիկաների իմացությունը։ Պետք կլինի ճիշտը ստից տարբերակելու ներքին գիտելիքը՝ ինտուիցիան զարգացնելը։
Ընդհանուր առմամբ, ուզում եմ նշել, որ սովորողների, ծնողների, ուսուցչական ու վարչական կազմի աշխատողների հետ աշխատանքը բավական ներդաշնակ է կազմակերպված, ինչի շնորհիվ նորեկին հատուկ սայթաքումները ոչ թե կոտրվելու առիթ են եղել, այլ դիտվել են շատ բնական ու մղել են ինքնակատարելագործման։ Առաջացող խնդիրներիս մասին հաճախ եմ կիսվել ծրագրի ղեկավար Գոհար Բալջյանի ու կոլեգաներիս հետ, ստացել նրանցից քաջալերանք ու ջերմություն։ Ինչն, իհարկե, անգնահատելի օգնություն է։
Կրթական համակարգի հետ կապված բազմաշերտ մտորումներ եմ ունենում։ Շչետինինի դպրոցի մոդելն է շատ գրավում։ Ապագայի շատ բանալիներ կան Վլադիմիր Մեգրեի «Անաստասիա» գրքերի շարքում։ Կարծում եմ՝ այս գրքերը, ինչքան էլ գեղարվեստական երանգով են տպագրված, այնուամենայնիվ, կարևորագույն գիտելիքի աղբյուր են և պետք է ամեն մեկիս սեղանի գրքերից լինեն, եթե իսկապես հետաքրքրված ենք մեր, մեր երկրի ապագայով։
Ինչևէ, կրթությունը տրանսֆորմացիայի մեծ ընթացքի մեջ է հիմա։ Այն ապագայի մարդուն դժվար թե բավարարի լիարժեքորեն, բայց վստահ եմ, որ Կրթահամալիրի կրթությունը մեծապես ջանում է ծառայել ապագայի մարդու կարիքները բավարարելուն՝ ավելի երջանիկ դարձնելով համայնքին, ընտանիքին, մարդուն։ Կրթահամալիրը սովորեցնում է սովորել։ Օգնում է ինքնաճանաչման, ինքնադրսևորման հարցում, ազատություն տալով՝ պատասխանատու դարձնում, իրենը չպարտադրելով՝ թույլ է տալիս ամեն մեկին մասնակցել սովորելու և սովորեցնելու գործին։
Շատ շնորհակալ եմ, որ ապագան կերտելուն եմ մասնակցում Բլեյան դպրոցի մեծ ընտանիքի կազմում։
Ամփոփելով ասելիքս՝ իհարկե շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ում հետ շփվում եմ աշխատանքի բերումով։ Ամեն մեկի հետ շփումը մի երանգ, գիտելիք ու փորձ է ավելացնում իմ կյանքին ու օգնում ինքնակատարելագործվելով իրականացնել նպատակներս՝ հանուն հայ ժողովրդի լուսավոր ապագայի։