Կրթահամալիրում ճամփորդությունները  կրթական ծրագրի բաղկացուցիչ են։ Կրթահամալիրի  ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգի մասին փաստաթուղթը  ներառում է ուսումնական, հայրենագիտական, ճանաչողական  ճամփորդությունների բովանդակությունը (հասարակագիտական-քաղաքացիական,  ազգագրական-բանահավաքչական, աշխարհագիտական-բնագիտական, հայագիտական,  մշակութային աշխատանքներ), ճամփորդության պատասխանատուի կամ ղեկավարի  աշխատանքի բոլոր ուղղությունները, այդ թվում՝ ճամփորդությունից առաջ՝  նոր գործընկերներ կամ հին կապերի վերահաստատում,  պայմանավորվածություններ, իսկ ճամփորդությունից հետո՝ ճամփորդության ղեկավարի դիտարկումներ, հաշվետվություն, որոնք  ընդգրկում են ամփոփ տեղեկություններ ճամփորդության արդյունքների մասին։

Կարևորվում է նաև ճամփորդությունից առաջ և հետո սովորողների նախապատրաստական և ամփոփիչ լուսաբանումները թե՛ բլոգում, թե՛ կայքում, ինչպես նաև  սովորողների անվտանգության ապաահովումը, որի համար դարձյալ պատասխանատու է ճամփորդության ղեկավարը։ (Ավելի մանրամասն փաստաթուղթը՝  այստեղ

Որպես հեղինակային ծրագրեր իրականացնող կրթահամալիրի  հեղինակ ուսուցիչ՝  մայրենիի իմ ծրագրում ևս ճամփորդությունները կարևոր բաղադրիչ են։ Յուրաքանչյուր գրողի,  բանաստեղծի կամ նախագծի անդրադառնալիս Քոլեջի սովորողները մասնակիցն են դառնում ամենատարբեր ճամփորդությունների․ դրանք այցելություններ են այս կամ այն գրողի տուն-թանգարան կամ հայրենագիտական, ճանաչողական, մշակութային,  մեկօրյա,  բազմօրյա ճամփորդություններ։  Ասել է թե ճամփորդությունը դառնում է գիտելիքը յուրացնելու առավել սահուն միջոց, որը ոչ միայն ապահովում է սովորողի արժեքային համակարգի  խթանումն ու զարգացումը,  այլև նպաստում է, որ մեր հասարակության վաղվա քաղաքացին, ուսումնառության ընթացքում դժվարություններ հաղթահարելով, փորձառություն ձեռք բերի։

«Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում  Քոլեջում այս օրերին իրականացնել եմ  «Ճամփորդ սեբաստացի» նախագիծը, որի ընթացքում սովորողները ոչ միայն պատմում են ուսումնառության տարիներին իրականացրած իրենց բազմաթիվ ճամփորդությունների տպավորությունների մասին, այլև ներկայացնում են, թե ի՛նչ առանցքային դեր են  ունեցել դրանք, իրենց մարդկային որակների ձևավորման ու զարգացման, հոգևոր, հուզական աշխարհի ձևավորման վրա, թե ինչպե՛ս է հաճախ  ճամփորդությունը դառնում  նաև նոր մտահաղացումների, ստեղծագործական նոր գաղափարների անսպառ աղբյուր։

Սովորողների աշխատանքների հատիկ-հատիկ  ընթերցումներն ինձ հուշեցին ի մի բերել և ամփոփել նրանց մտորումներն ու պատումները, պատումներ, որոնք իրենց անկեղծությամբ հաճախ ավելին են,  քան պարզապես ինքնախոստովանությունները և, իհարկե, իբրև  ուսուցիչ՝ հրճվանքի ու հպարտության անկրկնելի պահեր ես ապրում  նախ՝ այդ ինքնախոստովանանքի մասնակիցը դառնալու ու սովորողի վստահությունը շահելու  համար, ապա նաև՝ նրանց  խելացի, բարի, հասուն  մտքերն ու եզրահանգումները կարդալով։  Նախագծի մասնակիցները Քոլեջի առաջին, երկրորդ, երրորդ կուրսերի մի մեծ խումբ սովորողներ են։ Աշխատանքներից առավել հաջողվածներն ու լավագույնները տեղ են գտել Քոլեջի «Արհեստագործ» ամսագրում։

Ի՞նչն են կարևորում ու առաջին հերթին արժևորում մեր սովորողներն իրենց ճամփորդություններում՝

  • հայրենաճանաչություն, հայրենագիտություն,
  • նոր վայրերի, մարդկանց և մշակույթների բացահայտում,
  • մարդու և բնության կապը,
  • ճամփորդությունը՝ որպես նոր մտահաղացումների ու ստեղծագործական գաղափարների աղբյուր,
  • փորձությունների, դժվարությունների հաղթահարում,
  • նոր ընկերների, ծանոթությունների, շփումների հաստատում,
  • փոխադարձ հոգատարության, ընկերոջը օգտակար լինելու պատրաստակամության դրսևորում,
  • խաղեր, զվարճանք adrenaline-ով,  հրճվանքի, ուրախության, երջանկության անվերջ ու անսպառ զգացում,
  • հոգևոր մշակույթի հետ սերտացում՝ ազգային պարեր, հոգևոր երգեր, աղոթք, ասմունք, ընթերցանություն,
  • հետաքրքրությունների բավարարում և երազանքների իրականացում,
  • ճամփորդությունը՝ որպես ուսումնական գործընթացի ամենահետաքրքիր բաղադրիչ,
  • ճամփորդ սեբաստացին՝ որպես իր նորանկախ հայրենիքի ապագայի քաղաքացի,
  • ճամփորդության նախապատրաստական փուլի կարևորություն՝  ո՞ւր գնալ, ի՞նչ ուսումնասիրել, ի՞նչ ուսումնական նպատակ առաջադրել և իրագործել, թիմային աշխատանք,
  • Ճամփորդությունը՝  որպես ինքնաճանաչման և ինքնաբացահայտման միջոց։

Վերը թվարկած  կետերը փաստում են, որ սովորողների տեսադաշտից ոչինչ չի անտեսվում․ բնության գրկում, ազատության, վստահության, ընկերական ջերմության ու համերաշխության  մթնոլորտում նրանք տեսնում ու կարևորում են այն ամենը, ինչին ակնդիր և ունկնդիր են «բաց աչքերով և բաց ականջներով»։   

Սովորողների աշխատանքներից առաջարկում եմ կարդալ մի փոքրիկ ծաղկաքաղ։

«Քոլեջում սովորելու իմ այս տարիներին ես շատ եմ ճամփորդել, բայց չգիտեմ որտեղից սկսեմ… Գնացել եմ Դիմաց և Մեծ Շարա՝ այնտեղ, որտեղ լեռները շնչում են լռությամբ, իսկ քամին կարծես հիշեցնում էր անցյալը։ Արագածի լճերի՝ Աստղկանի և Ռապիի մոտ կանգած՝ զգացել եմ կապը բնության հետ։ Արատեսում բնությունը կարծես խոսում է ՝ ծառերի շշուկով, գետի մեղմ հոսքով, իսկ Ուրցաձորում արևը դանդաղ իջնում էր սարերի հետևը՝ լուսավորելով ամեն ինչ իր վերջին շողերով»։ (Ռոզի Ղազարյան)

«Ամենից շատ սիրում եմ արշավները։ Երբ բարձրանում ես լեռ ու հաղթահարում հոգնածությունդ, հասկանում ես՝ որքան ուժ ունես։ Գագաթին կանգնած՝ նայում ես տեսարանին ու զգում, որ ամեն քայլն արժեր։ Այդ պահերին ես ինձ զգում եմ ազատ, ուժեղ և երջանիկ»։ (Լաուրա Ալեքսանյան)

«Շատ եմ սիրում նաև թանգարանային ճամփորդությունները։  Թանգարաններում ես տեսնում եմ պատմությունը՝ իրական, կենդանի ձևով։ Այնտեղ ամեն մի առարկա իր պատմությունն ունի, և ես փորձում եմ լսել այդ պատմությունները։ Իմ ուսումնառության այս երկու տարիների ընթացքում ես անգամ մի փոքրիկ նախագիծ եմ ստեղծել՝ մեր թանգարանային այցելությունների մասին, որովհետև ուզում եմ, որ այդ գիտելիքները պահպանվեն ու փոխանցվեն ուրիշներին էլ»։ (Նվարդ Ղահրամանյան)  

«Ես՝ որպես ապագա ճարտարապետ, լեռներով քայլելիս մի կարևոր բան եմ հասկացել․ երբ դուրս ես գալիս քաղաքից ու ուղղակի կանգնում ես լռության մեջ, ամեն ինչ հստակվում է։ Լեռներն ինձ սովորեցրել են մի պարզ խորհուրդ․ երբեմն պետք է հեռանալ աղմուկից, որ ինքդ քեզ լավ հասկանաս։ Այնտեղ, որտեղ քամին միայնակ թմբկահարում է դեմքդ, սկսում ես նկատել այն բաները, որոնք առօրյայում չի ստացվում տեսնել․ տաք ու սառը գույների տարբերությունը, քարերի ձևերը, լույսի հանգիստ շարժումը։ Բայց իրականում կարևորը դա չէ։ Կարևորն այն է, որ լեռը ստիպում է դանդաղել ու լսել ինքդ քեզ։ Եվ եթե անկեղծ, իմ ամենամեծ խորհուրդը հենց սա է՝ գնա այնտեղ, որտեղ կարող ես մի քիչ կանգ առնել։  Որովհետև շատ հարցերի պատասխաններ գալիս են ոչ միայն գիրք կարդալով կամ խորհելով, այլև պարզապես քայլելով, նայելով ու հանգիստ լինելով»։ (Արծրուն Ղարագյոզյան)

«Ճամփորդությունը մեր կրթության ամենահետաքրքիր բաղադրիչն է։ Ամեն անգամ, երբ ճանապարհ ենք ընկնում, մեզ սպասում են նոր բացահայտումներ։ Մենք տեսնում ենք հին վանքեր, քարանձավներ, բերդեր, ամրոցներ ու գյուղեր, այցելում ենք թանգարաններ ու պատմական այլ վայրեր։ Այդ ժամանակ մենք ավելի լավ ենք ճանաչում մեր հայրենիքը՝ նրա պատմությունը, մշակույթը և բնությունը։ Ճամփորդության ընթացքում ուսուցիչներն էլ մեզ օգնում են ամեն ինչ նկատել, ուսումնասիրել ու հասկանալ։ Ճամփորդ սեբաստացին միշտ ուրախ է, ակտիվ ու հետաքրքրասեր։ Նա իր հետ տանում է ոչ միայն ուսապարկն ու ճանապարհային իրերը, այլ նաև բարություն, ընկերասիրություն ու պատասխանատվություն։ Ճանապարհին մենք սովորում ենք աշխատել թիմով, օգնել միմյանց, միասին հաղթահարել դժվարությունները»։ (Աստղիկ Վարդանյան)

«Ճամփորդությունը ոչ միայն հանգստի, այլև ճանաչողության ձև է։ Այն մեզ օգնում է գնահատել մեր հայրենիքը, հասկանալ, թե որքան հարուստ և գեղեցիկ է աշխարհը, և ինչքան բան դեռ կարող ենք բացահայտել։ Ամփոփելով՝ կարելի է ասել, որ ճամփորդելը մեզ դարձնում է ավելի իմաստուն, բաց և երջանիկ։ Յուրաքանչյուր ճամփորդություն մի նոր դաս է կյանքի ճանապարհին»։ (Արիս Ղուկասյան)

«Արտանիշի ճամփորդությունը լի էր արկածներով։ Ճամփորդությունից ընդամենը մեկ օր առաջ ես կոտրեցի ձախ ձեռքս, բայց դա չխանգարեց ինձ՝ մասնակցելու ուղևորությանը։ Երբ լողում էի Սևանա լճում, ձեռքիս փայլաթիթեղ էի փաթաթել, որպեսզի ջուրը վնաս չտա…. Իմ բոլոր ճամփորդությունները ոչ միայն հաճելի հիշողություններ են թողել, այլև ինձ սովորեցրել են լինել համարձակ, ընկերասեր և ցանկացած իրավիճակում գտնել ուրախանալու առիթ, իմացա Սևանա լճի մի նոր և շատ հարմարավետ ափի մասին, անցա տարբեր փորձությունների միջով և ընկերներիս հետ խնդիրների լուծման փորձ ձեռք բերեցի»։ (Ավետ Հարությունյան)

«Ճամփորդությունները մեզ հիշեցնում են, որ ուսուցումը, գիտելիքի փոխանցումը չի սահմանափակվում քոլեջի պատերի մեջ։ Ամեն բլուր, քարանձավ, գետ կամ հին ավերակ կարող է դառնալ դասագիրք ու լսարան, եթե նայում ես բաց աչքերով և բաց ականջներով։ Այսպես են անցնում մեր ճամփորդությունները՝ լի նոր գիտելիքներով, տպավորություններով և հավես պահերով։ Դրանք մեզ օգնում են դառնալ ոչ միայն ավելի խելացի, այլև ավելի մարդկային»։ (Հրաչյա Աղեկյան)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով