Անգլերեն սովորեցնող պետական դասագրքերում քիչ է Հայաստանի և հայկական մշակույթի մասին տեղեկատվությունը։ Եթե հաշվի առնենք այն փաստը, որ վերջին տարիներին հայ սովորողները նախապատվությունը տալիս են Օքսֆորդի, Քեմբրիջի համալսարանների, ինչպես նաև «Մակմիլան» հրատարակչության հրատարակած դասագրքերին, որտեղ ընդհանրապես բացակայում է այդ տեղեկատվությունը, պարզ է դառնում մեզ հուզող խնդրի արդիականությունը և կարևորությունը։ Հայկական հանրակրթական դպրոցի սովորողն օբյեկտիվ պատճառներով չի կարողանում պատշաճ կերպով ներկայացնել հայկական մշակույթը անգլերեն՝ մի կարողություն, որն իրավամբ ներառված է օտար լեզու բնագավառի կրթական չափորոշիչներում: Նշված խնդրի լուծմանն էր նպատակաուղղված 11-րդ դասարանցիների իմ խմբի այս ուսումնական նախագիծը: Խնդրի լուծման առաջին քայլը եղավ այն, որ նոյեմբերի 21-ին Հետազոտական վարժարանի ընթերցասրահում նախագծի ամփոփմանը ներկա էր մոտ 60-70 սովորող։

Առաջինը խոսեց Իրինա Գրիգորյանը: Նրա թեման հայկական ճարտարապետությունն էր: Նա ներկայացրեց և՛ պատմական հուշարձանների՝ եկեղեցաշինության ճարտարապետական առանձնահատկությունները, և՛ ժամանակակից քաղաքաշինական ճարտարապետությունը: Հայկական ճարտարապետությունը արտացոլում է հայ ժողովրդի ոգին և պատմությունը։ Ձևավորված Հայկական լեռնաշխարհի լեռներով և հովիտներով՝ այն չի սահմանափակվում մեկ վայրով կամ ժամանակով։ Յուրաքանչյուր կառույց պատմում է հայ ժողովրդի հավատքի, ստեղծագործականության և տոկունության մասին։

Խոսելով ժամանակակից ճարտարապետության մասին՝ Իրինան նշեց Ալեքսանդր Թամանյանի մեծ ներդրման մասին:

Հայկական գորգագործության մասին փոքրիկ հետազոտական աշխատանք էր կատարել Աննա Եղոյանը: Նա ներկայացրեց տեղեկատվություն ամենահին հայկական գորգերի մասին, համեմատեց հայկական գորգերը և պարսկական գորգերը՝ ցույց տալով դրանց առանձնահատկությունները, խոսեց այն մասին, թե ինչպես դրանք տարբերել:

Հայկական գորգի հիմնական զարդանախշը խաչն է, իսկ պարսկականի մեջ խաչ չկա:

Իր ներկայացման ընթացքում Աննան խոսեց Մեգերյան ձեռագործ գորգերի, Թուֆենկյան գորգերի, ինչպես նաև՝ Վասլիյան հնաոճ գորգերի սրահի մասին:

Հայկական կերպարվեստի մասին խոսեց Սարգիս Սարգսյանը:

Ընթերցասրահում հավաքված սովորողների, դասավանդողների համար անսպասելի մեծ հետաքրքրություն առաջացրեցին երկու մեծ նկարիչներ Մարտիրոս Սարյանի և Հակոբ Հակոբյանի կտավների համեմատող մեկնաբանությունները:

Եթե Սարյան, ապա դաշտային ծաղիկների վառ գույներով և արևահամ մրգերով լի նատյուրմորտ, իսկ եթե Հակոբյան, ապա խոհանոցի մի անկյունի աթոռին անփութորեն գցված սխտորի կապոց ու մի քանի սոխ… Եթե Սարյան, ապա օգոստոսյան խաղողի վազն իր արևավառ ու քաղցրահամ ողկույզով, իսկ եթե Հակոբյան, ապա այգեթաղ արված խաղողի այգի դեկտեմբերին…Եթե Սարյան, ապա «Սպարտակ», «Գայանե» բալետների հեղինակ Արամ Խաչատուրյանի հպարտ դիմանկարը, իսկ եթե Հակոբյան, ապա աշխարհի բեռն ուսերին դրած, վշտից և անուսությունից կռացած տղամարդու մի նիհարավուն մարմին՝ նստեցրած անթիկնակ մի աթոռի վրա:

Հիանալի էր Գուրգեն Աբրահամյանի ներկայացումը հայկական դասական երաժշտության մասին:

Նրա ներկայացումն ամբողջությամբ ուղեկցվում էր ֆոնային երաժշտությամբ: Լսվում էր «Կռունկը», երբ Գուրգենը խոսում էր Կոմիտասի մասին: Արամ Խաչատուրյանի սուսերով պարի ոգևորող երաժշտությունը ուղեկցեց Գուրգենի խոսքին, երբ նա հակիրճ ձևով ներկայացնում էր տեղեկատվություն հայ մեծ կոմպոզիտորի կյանքի և գործունեության մասին: Ֆոնային երաժշտության բարձրաճաշակ ընտրություն էր կատարել Գուրգենը: Օրինակ, երբ նրա ներկայացման մեջ բացվեց Առնո Բաբաջանյանին նվիրված էջը, լսվեց նոկտյուրնը դաշնամուրային կատարմամբ, իսկ հաջորդ էջը Տիգրան Մանսուրյանինն էր՝ «Կտոր մը երկինք» ֆիլմի համար գրված ականջ ու հոգի շոյող երաժշտությամբ:

Նախագծի ամփոփման եզրափակիչ ներկայացումը Դավիթ Մալխասյանինն էր: Այն նվիրված էր Եղիշե Չարենցին: Դավիթն իր ներկայացման համար մնացած 5 րոպեների ընթացքում չէր կարող ամբողջությամբ ներկայացնել այն, ինչը նախատեսել էր: Այդ պատճառով էլ նա կենտրոնացավ ոչ թե Չարենց բանաստեղծի հանճարեղ ստեղծագործությունների վրա, այլ Չարենց անձնավորության վրա, ով անհաշտ էր, շուտ բռնկվող, աղմկոտ, իրեն մերժած 17-ամյա աղջկա վրա կրակող, թմրանյութ օգտագործող: Հասկանալի է Դավիթի ընտրությունը: Դավիթն իր կրթության շարունակությունը տեսնում է պատմագիտության մեջ, իսկ պատմաբանները միշտ էլ ձգտում են բացահայտել մեր պատմության մութ էջերը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով