«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում առավոտյան 09:00–09:15 ազգային պարերով սկսվող օրն այլևս սովորական ֆիզիկական ակտիվացում չէ․ այն վերածվել է ապրելակերպի, ինքնության վերապրումի և համայնքային էության մարմնավորման։ Երկու ամսվա հետևողական իրականացման արդյունքում առավոտյան պարապմունքները վերածվել են խորապես սպասված և ինքնաբերաբար ընդլայնվող մշակութային արարողության։ Սկզբնական փուլում պարերի շարքը ձևավորվեց հեշտ տեմպ ունեցող ազգային պարերից․ նախ՝ «Թամզարա», ապա՝ «Ապարանի գյովնդ»։ Յուրաքանչյուր առավոտ իրականացվում էր կարճ պարուսուցում՝ շարժման կառուցվածքի բացատրությամբ, ձեռքերի դիրքերի, շրջափակման տրամաբանության պարզեցմամբ, այնուհետև սկսվում էր ամբողջական պարը։
Առավոտյան պարապմունքները մեզ համար վերածվեցին յուրահատուկ հավաքական գործողության, որտեղ յուրաքանչյուր շարժում և ձայն դարձել է հաղորդակցության ձև։ Այդ ընդամենը 15 րոպեներն սկսեցին փոխակերպել ոչ միայն ուսանողների առավոտը, այլև ամբողջ կրթական միջավայրը, և 15 րոպեները դարձան 35-40։
Առաջին արդյունքները և ընթացքը
Առաջին երկու շաբաթները բավականին ինտենսիվ ճանաչողական շրջափուլ էին․ ուսանողները դեռևս փորձում էին յուրացնել քայլերը, զգալ ռիթմը, հասկանալ շարժման տրամաբանությունը։ Սակայն հենց երկրորդ շաբաթվա ավարտին նկատվեցին առաջին որակական փոփոխությունները։
1. Սովորողների ինքնաբերական մասնակցություն։ Առավոտյան պարապմունքների մեկնարկից առաջ՝ արդեն 08:40-ից, ուսանողներն սկսեցին ինքնուրույն, ակամայից հավաքվել և պարել՝ առանց դասավանդողի հրահանգի։ Ասել է թե՝ պարը դարձավ ներքին պահանջ, ոչ թե պարտադրանք։ Պարապմունքի միջին տևողությունը ինքնաբերաբար հասավ 35–40 րոպեի։
2. Պարի հանդեպ հետաքրքրության ընդլայնում։ Պարելու ցանկությունը ներգրավեց նույնիսկ այն ուսանոողներին, ովքեր սկզբում հետաքրքրված չէին պարով։ Նրանց հետաքրքրությունն աճեց դիտարկումից դեպի մասնակցություն․ սկսեցին կրկնել շարժումները, հարցեր տալ, առաջարկել նոր պարեր։
3. Ձայնային ներգրավվածություն («հեյ»-եր)։ Սկզբում ուսանողները կրկնում էին պարապմունքը վարողի «հեյ»-երը, սակայն ժամանակի ընթացքում այդ արձագանքները դարձան ինքնաբուխ։ «Հեյ»-ն սկսեց հնչել հենց ռիթմի ուժեղացման պահերին՝ որպես միաժամանակյա էներգիայի արտահայտություն՝ դառնալով ոչ միայն ձայնային ազդակ, այլև միասնականության զգացումի դրսևորում։
4. «Թամզարա»-յի ռիթմի ներքինացում։ «Թամզարա» պարի ընթացքում ուսանողներն սկսեցին համաժամանակյա ծափերով ընդգծել ռիթմը՝ ծափ-ծափ-դադար կառուցվածքով։ Ռիթմի այս միասնականությունը ստեղծեց համախմբվածություն, որտեղ բոլորը շարժվում էին նույն շնչով, նույն ռիթմով՝ ցույց տալով միասնական շարժումը՝ որպես որևէ գործում միասնական լինելու, համախմբվելու սկզբի լավագույն միջոց։
5. Երգի և պարի միասնություն։ Որոշ պարերի դեպքում, մասնավորապես՝ «Ապարանի գյովնդ» («Շուշվա կեղը» երգի ուղեկցությամբ) և «Մշո խըռ» (Գոհար Հովհաննիսյանի «Հանինա կատարմամբ»), ձայնային ուղեկցումը միտումնավոր իջեցնում էինք։ Արդյունքում ուսանողներն սկսեցին ինքնուրույն երգել և պարել միաժամանակ՝ վերածելով պարը կենդանի հավաքական արարողության՝ ծեսի։
Այս ընթացքում՝ մինչև պարապմունքին բոլորին ներգրավվելը և ուսանողների թվի ավելանալը, փորձեցինք սովորել «Յարխուշտա» պարը։ Քանի որ որոշ ուսանողներ ուշանում էին տրանսպորտի պատճառով, պարի ուսուցանումը տևեց մի քանի օր (ուսուցանումը լինում է նաև ամեն օր՝ անհատական ուսուցմամբ)։ Չպարող ուսանողները, տեսնելով պարող ընկերներին, ոգևորվում էին և ցանկանում մասնակից դառնալ, այսինքն՝ պարը միայն ուսուցման գործընթաց չէ․ այն լիարժեք ապրում է պահանջում՝ ուղիղ մասնակցությամբ և զգայական ներգրավվածությամբ։
Փաստացի առավոտյան ազգային պարապմունքները ոչ թե ֆիզիկական վարժություններ են, այլ հույզերի արտահայտման հավաքական ձև։ Ուսանողներն սկսում են իրենց ընկալել ոչ թե որպես առանձին անհատներ, այլ որպես ընդհանուր շարժման մասնակիցներ։ Այսպիսի գիտակցությունը ձևավորվում է ոչ թե խոսքի, այլ մարմնի, ձայնի և ռիթմի միջոցով։
Հոգեբանական և մշակութային մակարդակներ։ Ուսանողներն սկսում են արտահայտվել ոչ միայն շարժումով, այլև ձայնով՝ («հեյեր»), երգ, ծափ․ բացվում է վստահության հարթակ, որտեղ նրանք չեն վախենում երևալ իրենց իրական էներգիայով։ Պարը դառնում է ոչ թե կատարողական, այլ կենսական գործընթաց՝ ինքնարտահայտման, ազատության և փոխընկալման դաշտ։
Այստեղ կարելի է հիշել Կարլ Յունգի «կոլեկտիվ անգիտակցականի» գաղափարը։ Յունգը նշում էր, որ յուրաքանչյուր մշակույթի խորքում գործում են հավաքական հիշողություններ՝ արքետիպեր, որոնք մարդը կրում է ոչ գիտակցաբար։ Երբ մենք պարում ենք հայկական պարեր, այդ շարժումները վերակենդանացնում են ոչ միայն մեր անհատական հիշողությունը, այլև մեր նախնիների կուտակած փորձառությունը։ Յունգի տեսությամբ՝ հենց այդ ընդհանուր շարժումն է, որ մեզ կապում է միմյանց ու անցյալին։ Երբ բոլորը միաժամանակ գոռում են «հե՜յ», դա պարզապես ձայն չէ՝ դա հիշողության արթնացում է։ Այս երևույթը հատկապես արժեքավոր է 15–17 տարեկան ուսանողների համար։ Այդ տարիքային շրջանում ինքնության ձևավորումը հաճախ բախվում է ներքին անվստահությանը, ինքնարտահայտմանը, վախի կամ արտաքին ազդեցություններին։ Պարը ստեղծում է տարածք, որտեղ կարելի է ազատվել այդ սահմանափակումներից՝ առանց խոսքի, առանց քննադատության։ Խմբային շարժումը, համաժամանակյա ծափը կամ «հեյ»-ը վերածվում են համախմբման խորհրդանիշների։
Կրթական և սոցիալական նշանակություն
Պարապմունքը այլևս պարզապես ֆիզիկական դաստիարակության բաղադրիչ չէ․ այն դարձել է հոգեբանական և սոցիալական ինքնակարգավորման միջոց։ Ուսանողները սովորում են աշխատել խմբով, արձագանքել միմյանց շարժումներին, զգալ ընդհանուր ռիթմը, ինչի արդյունքում ձևավորում են ոչ միայն ֆիզիկական հմտություններ, այլև թիմային պատասխանատվություն, ինքնակազմակերպում և փոխադարձ հարգանք։
Այսպիսի առավոտներն ամենօրյա տոն են կրթահամալիրում։ Դրանք սովորողների, ուսանողների համար վերածվել են օրվա էներգետիկ մեկնարկի, որը ոչ միայն բարձրացնում է տրամադրությունը, այլև ձևավորում է հպարտության զգացում սեփական ինքնության, մշակույթի հանդեպ։ Երբ ուսանողը շարժվում է հայկական պարի ռիթմով, միաժամանակ սովորում է իր ինքնության լեզուն։
Այսպիսով՝ ազգային պարը կրթական միջավայրում պարզապես արվեստ չէ․ այն հաղորդակցության, ինքնաճանաչման և համայնքային ինքնության վերապրման ձև է։ Առավոտյան պարապմունքները վերածվել են կենդանի տարածքի, որտեղ ուսանողները սովորում են ապրել շարժման մեջ՝ իրենց արմատների, ընկերների ու մշակույթի հետ միատեղ։ Սակայն այս հոդվածում ուզում ենք ցույց տալ, թե ինչ աշխատանքների շնորհիվ ենք ստացել այսպիսի արդյունք։
Վերը նշված արդյունքը կախված չի եղել միայն առավոտյան պարապմունքները իրականացնելու ձևից և անձից․ այն ունի նաև իր չերևացող կողմերը՝
1․Առաջինն այս տարվա ընթացքում Քոլեջի կազմակերպած ընդունելության ձևն էր՝ աշխատարանային գործունեությամբ, որն ուսաանողներին ցույց տվեց, թե ինչպիսի անհատական և մարդկային որակներ պետք է դրսևորել ուսման ընթացքում, և ինչպիսի ներգրավվածություն պետք է ունենա ուսանողը։
2․ Քոլեջի ղեկավարի և դասավանդողների ներգրավվածությունը պարին․ ուսանողները տեսնում են դասավանդողների և Քոլեջի ղեկավարի անձնական օրինակները, ովքեր միանում են պարին և ներգրավում մյուսներին։
3․ Շատ կարևոր են ընկեր Լարետի (Լաերտ Գրիգորյանի) դասավանդման ժամերը, որոնց ընթացքում նա ամենայն մանրամասնությամբ, քայլ առ քայլ սովորեցնում է ուսանողներին ճիշտ պարել, իսկ առավոտյան պարապմունքները Քոլեջի սրահում դառնում են լոկ միջոց, որը միավորում է տարբեր մասնագիտությունների ուսանողներին պարի շուրջ՝ ստեղծելով համախմբվածություն, ընկերական ջերմ մթնոլորտ, ձևավորելով մշակութային ինքնագիտակցություն։
Հղումներ`
Քոլեջի ընդհանուր պարապմունքը Սբ. Երրորդություն եկեղեցու բակում:
Առավոտյան պարապմունք: Հյուր են եկել շրջանավարտները:
