Ժամանակակից մասնագիտական կրթության մեջ կարուձևի ուսուցումը պահանջում է նորարարական մոտեցումներ, որոնք կզարգացնեն ուսանողների ստեղծագործական մտածողությունը, տեխնիկական հմտությունը և ինքնուրույն աշխատելու կարողությունը: Այդ իսկ պատճառով ավելի արդյունավետ են նախագծային, համագործակցային և մոդուլային ուսուցման մեթոդները, ինչպես նաև մասնագիտական ճամփորդությունները, որոնք ուսումնական գործընթացը կապում են մասնագիտական միջավայրին:

Նախագծային ուսուցուման մեթոդը դասավանդման ընթացքում հնարավորություն է տալիս ուսանողներին անցնելու հագուստի ստեղծման ամբողջական ճանապարհը՝ գաղափարից մինչև պատրաստի արտադրանք: Ուսումնական պարապմունքները կառուցվում են կոնկրետ նախագծերի շուրջ, որոնց ընթացքում ուսանողներն ընտրում են մոդելներ, կատարում չափագրումներ, կառուցում ձևանմուշներ, ընտրում նյութեր և իրականացնում կարի տեխնոլոգիական գործընթաց: Այս մեթոդով աշխատանքը նպաստում է տեսական գիտելիքների գործնական կիրառմանը և մասնագիտական մտածողության ձևավորմանը: Նախագծերն ունենում են տարբեր թեմատիկ ուղղվածություններ՝ ազգային, էկոլոգիական նյութերի կիրառություն և այլն:

Նախագծային մեթոդի իրականացման ընթացքում կարևոր տեղ են զբաղեցնում կրթահամալիրի օրացույցով նախատեսված նախագծերը՝ «Հանրակրթական ազգագրություն» փառատոն, «Ցտեսություն-ցնծություն», «Ձոն» տեխնոլոգիական ստուգատես, Աշնանային բաց հավաք և այլն:

Մեր դասերի ուսուցման հետաքրքիր և արդյունավետ ուղղություններից է համագործակցությունը 5 տարեկանների և կրստեր դասարանների սովորողների հետ:

Համագործակցային ուսուցումն ապահովում է թիմային աշխատանք: Ուսանողներն աշխատում են խմբերով՝ բաժանում են դերերը, համագործակցում և առաջադրանքների իրականացման համար  համատեղ լուծումներ գտնում :

Իրականացնում ենք տարբեր համատեղ նախագծեր՝ կտորներից կոլաժների, պարզ աքսեսուարների պատրաստում, հագուստների կամ պայուսակների ձևավորում, գրչատուփերի կարում, ձևավորում և այլն: Համագործակցային նախագծերը նպաստում են երկկողմանի զարգացմանը. զարգանում են փոքրերի մանր մոտորիկան, երևակայությունը և գեղագիտական ճաշակը, իսկ ուսանողները ձեռք են բերում մանկավարժական փորձ, պատասխանատվություն և հաղորդակցման հմտություններ:

Համագործակցային աշխատանքների արդյունքները՝

Սեբաստացի քոլեջում կարուձևի ուսուցումը կառուցված է մոդուլային սկզբունքով։ Այն հնարավորություն է տալիս համակարգված կերպով ձևավորել ինչպես տեսական գիտելիքներ, այնպես էլ գործնական հմտություններ։ Յուրաքանչյուր մոդուլ ունի հստակ նպատակներ, ուսումնական արդյունքներ, գործնական առաջադրանքներ և գնահատման չափանիշներ, ինչը ուսուցումը դարձնում է թափանցիկ և չափելի։ Կարուձևի ուսուցման մոդուլներն ընդգրկում են չափագիտություն, նյութագիտություն, ձևանմուշների կառուցում, կարի տեխնոլոգիաներ և հարդարման եղանակներ: Մոդուլային ուսուցման նպատակն է ձևավորել ստեղծագործ մտածողությամբ դիզայներ, ով կարող է գաղափարից անցնել պատրաստի արտադրանքին՝ պահպանելով որակ, ճաշակ և մասնագիտական պատասխանատվություն։ Դասավանդողը գիտելիք փոխանցող է, մասնագիտական միջավայր ձևավորող և ուղղորդող մասնագետ։ Նա պլանավորում է մոդուլների կառուցվածքը, սահմանում ուսումնական նպատակներն ու ակնկալվող արդյունքները, մշակում առաջադրանքներ և գնահատման չափանիշներ՝ ապահովելով ուսուցման փուլային և համակարգված զարգացումը։ Ուսանողները ուսումնական գործընթացի ակտիվ մասնակիցներն են, ովքեր տեսական գիտելիքներն անմիջապես կիրառում են գործնական աշխատանքներում։ Նրանք կատարում են չափումներ, կառուցում ձևանմուշներ, մշակում մոդելներ, ընտրում նյութեր և իրականացնում կարի տեխնոլոգիական գործունեություն։ Այս ընթացքում ձևավորվում են ոչ միայն տեխնիկական հմտություններ, այլև գեղագիտական ճաշակ, ստեղծագործական մոտեցում և մասնագիտական ինքնուրույնություն։ Ուսանողները սովորում են վերլուծել սեփական աշխատանքը, համադրել տեսական գիտելիքը գործնական փորձի հետ՝ կարևորելով աշխատանքի որակը։

Մասնագիտական ուսուցման մեջ կարևոր բաղադրիչ են մասնագիտական ճամփորդությունները։ Այցերը կարի արտադրամասեր, թանգարաններ և մշակութային կենտրոններ ուսանողներին հնարավորություն են տալիս ծանոթանալու մասնագիտական միջավայրին, արտադրական գործընթացներին և ազգային ու ժամանակակից հագուստի ձևավորման օրինակներին: Կարի արտադրամասերում ուսանողները տեսնում են հագուստի ստեղծման իրական փուլերը, ծանոթանում սարքավորումներին, աշխատանքի կազմակերպմանը և որակի վերահսկման գործընթացներին: Թանգարաններում և մշակույթի կենտրոններում նրանք ուսումնասիրում են ազգային հագուստի, գործվածքի և զարդանախշի պատմական զարգացումը: Ճամփորդությունները հաճախ դառնում են նախագծերի գաղափարական հիմք՝ ոգեշնչելով ուսանողներին կիրառել տեսածը իրենց աշխատանքներում: Յուրաքանչյուր մասնագիտական ճամփորդություն ուսանողների համար դարձել է նոր բացահայտում, գիտելիքի հարստացում և ոգեշնչման աղբյուր:

Դրանցից են՝

Ամփոփելով՝ կարուձևի ուսուցումը մոդուլային, նախագծային, համագործակցային մեթոդների, ինչպես նաև մասնագիտական ճամփորդությունների միջոցով նպաստում է ուսանողի մասնագիտական, ստեղծագործական, ինչու չէ նաև սոցիալան կարողությունների զարգացմանը: Նման ուսուցումն ուսանողին հանարավորություն է տալիս տեսական գիտելիքները վերածելու գործնական հմտությունների: Կարուձևի ուսուցման բազմակողմանի կազմակերպումն ապահովում է  մասնագիտական կարողությունների զարգացումը, ինչպես նաև ձևավորում է ստեղծագործ, պատասխանատու մասնագետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով