Հոդվածում ներկայացնում եմ Ավագ դպրոցի ընդունելության շրջանակում իրականացվող «Մուտք» ճամբարի աշխատարանային կազմակերպման փորձը։ Վերլուծում եմ ձևաչափի հնարավորությունները, ինչպես նաև դրա իրականացման ընթացքում ի հայտ եկած կազմակերպական և մեթոդական խնդիրները՝ ժամանակի սղությունը, սովորողների մասնագիտական կողմնորոշման անկայունությունը, աշխատարանների կառուցվածքային բարդությունը և սովորողների հետ արդյունավետ աշխատանքի սահմանափակ հնարավորությունները։

Ավագ դպրոցի ընդունելության ժամանակ կարևոր խնդիր է ոչ միայն սովորողի գրանցումը, այլև նրա ինտեգրումը ուսումնական միջավայրին և մասնագիտական կողմնորոշման աջակցությունը։ Այդ նպատակով կրթահամալիրում ընդունելությունը կազմակերպվում է «Մուտք» ճամբարի միջոցով, որը նախատեսված է սովորողներին ներգրավելու իրական ուսումնական գործունեության մեջ։

2025-26 ուսումնական տարվա մեկնարկից առաջ մշակվեց վարժարանի ընդունելության կարգը։ Բավականին բարդ ու բազմաշերտ քննարկումների արդյունքում այն հաստատվեց, ինչը կարևոր ձեռքբերում եմ համարում։  

Եվս մեկ կարևոր քայլ էր նաև ընդունելության ձևաչափի փոփոխությունը՝ ճամբարն աշխատարաններով։

Հնգօրյա աշխատարանները սովորողների համար իրական փորձառություն են, որի շնորհիվ նրանք ծանոթանում են կրթահամալիրին և ապրում կրթահամալիրի միջավայում։

Հետազոտական վարժարանի ուսումնական պլանը մշակված է ազատ, գիտակից, կրթությունը կարևորող սովորողների համար, ու սա խտրություն չէ։ Վարժարանում սովորելն այդքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է։ Կրթահամալիրում իրականացվում է հեղինակային կրթական ծրագիր, բլոգային ուսուցում, հետազոտական աշխատանքն անհատական պլանի բաղադրիչ է։

Ճամբարի կազմակերպման կառուցվածքը

2025–2026 ուսումնական տարում ճամբարը իրականացվեց աշխատարանային ձևաչափով՝ բնագավառների բաժանմամբ և գործնական աշխատանքի շեշտադրմամբ՝ հարակից բաժիններով․

  • Օտար լեզուների (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, թուրքերեն, պարսկերեն, վրացերեն), հարակից՝ հայոց լեզու 
  • Բնագիտություն (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ծրագրավորում, ռոբոտաշինություն, սարքաշինություն, անօդաչու սարքեր), հարակից՝ մաթեմատիկա 
  • Հասարակագիտական-հայրենագիտական (պատմություն, աշխարհագրություն, իրավագիտություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն), հարակից՝ օտար լեզու 
  • Գեղարվեստ (գունանկար, գծանկար, քանդակ, դիզայն, ոսկերչություն, նախագծում), հարակից՝ համակարգչային գրաֆիկա 
  • Երաժշտություն (գործիքային, վոկալ-գործիքային, էլեկտրոնային երաժշություն, պար), հարակից՝ սոլֆեջիո, երաժշտական գրականություն 
  • Մարզական (մարմնամարզություն, վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ, ձեռքի գնդակ, սուսերամարտ, թենիս, հրաձգություն, նետաձգություն), հարակից՝ հեծանվավարություն, ձիասպորտ

Սովորողները նախապես լրացնում էին հայտը՝ ընտրելով իրենց հետաքրքրող աշխատարանները։ Ճամբարի ընթացքում կազմակերպվել են  ճանաչողական շրջայցեր կրթահամալիրում, մեդիագործունեություն, ստեղծագործական աշխատանքներ, օտար լեզվով հաղորդակցում, մարզական պարապմունքներ, ազգային երգ ու պարի պարապմունքներ։

Աշխատարանային ձևաչափի հնարավորությունները

Աշխատարանային մոտեցումը ստեղծում է ակտիվ ուսուցման միջավայր, որտեղ սովորողը ներգրավվում է անմիջական գործունեության մեջ և հնարավորություն ստանում փորձարկել իրեն տարբեր ոլորտներում։

Այս ձևաչափը նպաստում է՝

  • կրթահամալիրի միջավայրում արագ ներառմանը,
  • սովորողի ակտիվ մասնակցությանը,
  • համագործակցային աշխատանքի ձևավորմանը,
  • նախնական մասնագիտական կողմնորոշմանն ու նախասիրությունների բացահայտմանը։

Դրական կարող եմ գնահատել նաև հարակից դասընթացների և ենթաաշխատարանների ներառումը, որոնք նպատակ ունեին ապահովելու միջոլորտային կապերը և ծրագրի ամբողջականությունը։

Բացահայտված խնդիրներ և մեթոդական սահմանափակումներ

Ճամբարի ընթացքում ի հայտ եկան մի շարք խնդիրներ, որոնք ունեն համակարգային բնույթ։

Աշխատարանի տևողությունը

Աշխատարանի տևողությունը համեմատաբար կարճ է, ինչի պատճառով ղեկավարները չեն հասցնում լիարժեք ճանաչել սովորողներին։ Կարճաժամկետ շփումը չի ապահովում սովորողի հետաքրքրությունների, ուսումնական վարքագծի և իրական մոտիվացիայի բավարար բացահայտում։

Արդյունքում աշխատարանը  չի կարողանում կատարել իր հիմնական՝ կողմնորոշիչ գործառույթը։

Ընտրության ոչ կայունություն

Նկատվում է, որ շատ սովորողներ ճամբարի ընթացքում ընտրում են որոշակի աշխատարան, սակայն հետագայում ուսումնական պլան կազմելիս ընտրում են բոլորովին այլ առարկաներ։ Այս անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել մի քանի բանով՝

  • ընտրության նկատմամբ ոչ բավարար պատասխանատվությամբ,
  • մասնագիտական կողմնորոշման բացակայությամբ,
  • սոցիալական ազդեցություններով։

Այս երևույթը ցույց է տալիս, որ աշխատարանային ընտրությունը միշտ չէ, որ արտացոլում է սովորողի իրական կրթական նպատակները։

Կառուցվածքային բարդություն նորեկների համար

Աշխատարանների ներսում ենթաաշխատարանների և հարակից դասընթացների առկայությունը, թեև հիմնավորված է, սակայն նորեկ սովորողների համար հաճախ ստեղծում է կողմնորոշման դժվարություն։

Բազմաբաղադրիչ կառուցվածքը հանգեցնում է նրան, որ

  • սովորողները դժվարանում են հասկանալ հիմնական ուղղությունը,
  • աշխատարանի ղեկավարները չեն կարողանում կառուցել շարունակական անհատական աշխատանք,
  • սահմանափակվում է սովորողի հետ երկարատև մասնագիտական շփումը և արդյունքում ուսումնական պլանը լրիվ այլ առարկաներից է կազմվում։

Տարբեր փորձառություն ունեցող սովորողների համատեղ մասնակցություն

Այս ուսումնական տարում ճամբարին մասնակցեցին ինչպես կրթահամալիրի այնպես էլ հանրապետության մյուս դպրոցների 9-րդ դասարաններն ավարտած սովորողները։ Հենց առաջին խնդիրը սկսվեց այստեղից։ Կրթահամալիրի սովորողները միջավայրին ծանոթ են, վստահ են, որ շարունակելու են ուսումը Ավագ դպրոցում, և այդ վերաբերմունքը պրոյեկտվում է այլ հաստատությունների սովորողների վրա, որը բերում է անհավասարության, և գնահատականներ տալն արդեն դառնում էր ոչ հավաստի։ Փորձը ցույց տվեց, որ այդպես արդյունավետ չէ։

Առաջարկություններ ուղղված 2026-27 ուսումնական տարվա կազմակերպմանը

  1. աշխատարանային փուլի տևողությունը դարձնել 5 օր, և մինչև աշխատարանների մեկնարկը դիմորդմերի համար կազմակերպել խորհրդատվական հանդիպումներ,
  2. պարզեցնել աշխատարանների կառուցվածքը,
  3. «Մուտք»  ճամբարին կրթահամալիրի և այլ հաստատություններից դիմած սովորողների խմբերն առանձնացնել
  4. երևանյան ու արտագնա փուլը համակարգեն նույն մարդիկ, ամբողջական նկարագիր ունենալու նպատակով։

Աշխատարանային ձևաչափով «Մուտք» ճամբարը արդյունավետ գործիք, որը նպաստում է մասնագիտական կողմնորոշման և միջավայրի ճանաչման գործընթացին։ Այս ձևաչափով նաև կազմակերպել ենք հունվարյան ճամբարը, որին կանդրադառնամ մեկ այլ հոդվածով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով