«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում գինեգործությունը  մասնագիտություն է, որի մեջ միավորված են գիտությունըարտադրությունըմշակույթըստեղծականությունը։ Դա է պատճառը, որ այստեղ ուսուցումը չի կարող սահմանափակվել տեսական գիտելիքներ փոխանցելով և գործնական առաջադրանքներ կատարելով։ Այստեղ ի սկզբանե ձևավորվել է կրթական մի մոդել, որն ուսանողին տանում է իրական մասնագիտական միջավայր՝ ձևավորելով ոչ միայն գիտելիք, այլև փորձ։ Այդ մոդելը արտադրությամբ ուսուցման մոդելն է, որի կազմում «Գինեգործություն» մասնագիտությունը դասավանդվում է իրական արտադրական պայմաններում՝ ընկալվելով որպես ուսումնական միջավայր։ Սա Հայաստանում եզակի կրթական նախագիծ է, որի  առանցքային գաղափարն ուսանողին իրական մասնագիտական գործունեություն վստահելն է։ Վստահության սկզբունքը հետևյալն է․ գնահատվում են ուսանողների ուժեղ կողմերը, ապա զարգացնելով՝ ներգրավում համապատասխան աշխատանքներում՝ ձևավորելով պատասխանատու, սովորեցնող, նախաձեռնող ու վերահսկող անհատներ։

Գինեգործության դասավանդման հեղինակային մոդել․ ուսուցում արտադրական միջավայրում

Գինեգործությունը, լինելով ժամանակակից ու մշակութային մասնագիտություն, պահանջում է ոչ սովորական մոտեցում․ ուսուցում է, որը միաժամանակ գիտելիք, գործ, պրակտիկ փորձ, պատասխանատվության ձևավորման միջոց, ստեղծականություն և թիմային գիտակցություն է։ Չենք կարող սահմանափակվել տեսական ու գրքային նյութերով, երբ պահանջվում են ձեռքերի աշխատանք, հոտի ու համի հիշողություն, սխալվելու և այդ սխալից սովորելու համարձակություն։
Իրական կրթությունն սկսվում է այն պահին, երբ ուսանողը կանգնում է վազի կամ գինու առաջ՝ իր ընդունած յուրաքանչյուր որոշման համար լիարժեք պատասխանատու։ Այստեղ ուսանողը լիարժեք մտածող, պատասխանատու և ստեղծագործ մասնակից է։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջում իրականացվում է եզակի կրթական մոդել՝ «արտադրություն ուսումնական միջավայրում», որտեղ ուսանողները լիարժեք մասնակցում են գինու ստեղծման ամբողջ ընթացքին։ Դասավանդման մեթոդաբանությունը հիմնված է այն գաղափարի վրա, որ ուսանողը ոչ թե սովորում է գինեգործություն, այլ դառնում է գինեգործ՝ արտադրական փուլերի ընթացքում հաղթահարելով դժվարությունները, լուծելով չնախատեսված խնդիրները, կապ հաստատելով հումքի, տեխնոլոգիայի և արդյունքի միջև՝ գիտակցելով յուրաքանչյուր քայլի հետևանքը։ Ուսումնական գործընթացը միաժամանակ կառուցվում է մասնագիտական բաց միջավայրում, որտեղ ուսանողները շփվում և համագործակցում են փորձառու գինեգործների, տեխնոլոգների և ոլորտի մասնագետների հետ, մասնակցում հանդիպումների, համտեսների և քննարկումների։ Այս կապերը չեն սահմանափակվում մեկ դասընթացով կամ այցով․ դրանք շարունակական են և նպաստում են մասնագիտական մտածողության ձևավորմանը, փորձի փոխանցմանը և ապագա մասնագիտության ավելի գիտակցված ընտրությանը։

Ուսուցում իրական արտադրության ընթացքում։ Դասընթացների կազմակերպման մեթոդիկայի առանցքում իրական գինու արտադրությունն է՝ խաղողի մթերումից մինչև շշալցում և իրացում։ Ուսանողները պատասխանատվությամբ մասնակցում են բոլոր փուլերին՝ հումքի ընտրությանը, այգեկութին, մթերմանը, ճզմանը, խմորմանը, վերահսկմանը, տեխնոլոգիական որոշումների ընդունմանը, մամլման աշխատանքներին, կայունացմանը, ֆիլտրման աշխատանքներին, շշալցմանը, ներկայացմանը, վաճառքին։
Այսօրինակ գործունեությունը սովորական պրակտիկա չէ․դա պատասխանատվություն պահանջող շուրջտարյա արտադրություն է, որտեղ յուրաքնչյուր սխալ ու ճիշտ որոշում կամ ցանկացած ուշացում ունի իր հետևանքը։ Ուսանողներից յուրաքանչյուրը տեսնում է, որ իր ձեռքերում ձևավորվում է իրական արդյունք՝ իրական գինի։ Այդ պատասխանատվությունը ձևավորում է մասնագիտական հասուն մտածողություն, որտեղ կարևոր են ընթացքի ընկալումը, ժամանակի կառավարումը, թիմային համագործակցությունը։ Միայն արտադրական միջավայրում է ուսանողը գտնվում իրական մասնագիտական դերում՝ սովորելով կանխատեսել ռիսկերը, կողմնորոշվել, դրսևորվել։ Կրթական այս մոդելը թույլ է տալիս ուսումնական գործընթացը դարձնել տեսանելի ու շոշափելի, իրական արժեք ստեղծող գործունեություն։

Դասավանդողը ուղեկից/ընկեր է, ոչ թե միայն գիտելիք փոխանցող։ Դասավանդման մոտեցումներում չկա ճշմարտությունն իմացող մեկ անձ․ դասավանդողն աշխատում է որպես քննարկման մասնակից, ուղղորդող, փորձ փոխանցող, հետազոտություն կատարող, հաճախ նաև որպես սովորող։ Դասերը կառուցվում են երկխոսության, հարցերի, փորձարկումների, քննարկումների միջոցով։ Սխալվելն ընդունված գործընթաց է, քանի որ հենց սխալի միջոցով է ձևավորվում մասնագիտական տրամաբանական մտածողությունը։ Այսպիսի մոտեցման արդյունքում ուսանողը սովորում է չվախենալ հարց տալուց, չհամաձայնել ընդունված կարծիքներին, ձևակերպել սեփական հիմնավորումները։ Ուսումնական միջավայրը տարածք է, որտեղ գիտելիքը ձևավորվում է համատեղ աշխատանքի, դիտարկումների և փորձի միջոցով։ Այս կերպ ձևավորվում է ինքնուրույն մտածող և համգործակցող մասնագետ։

Կրեատիվություն. ստեղծականություն և միջառարկայական կապեր։ Ուսուցման այսպիսի մեթոդը  ենթադրում է ոչ միայն տեխնոլոգիայի կիրառում, այլ նաև մշակույթ, պատմություն, սոցիալական ծրագիր (գինու միջոցով մարդկանց իրար ու մեզ կապող երևույթ), մարքեթինգ, ոճ։ Ուսանողները ներգրավվում են հետազոտական աշխատանքներում, նոր նախագծերում ու ծրագրերում, աշխատում են պիտակների ստեղծման գաղափարների շուրջ, քննարկում են գինու ներկայացման ու իրացման հարցեր, ինչը նպաստում է համակողմանի զարգացած մասնագետ ձևավորվելուն․ այս ամենն արվում է Քոլեջի մյուս մասնագիտությունների հետ համագործակցելու արդյունքում։

Արդիականություն և հայկականություն։ Ուսուցումը համադրում է ժամանակակից մոտեցումներն ու հայկական ավանդական գինեգործական մեթոդները։ Ուսանողներն օգտագործում են ժամանակակից սարքավորումներ, կիրառում են նորագույն տեխնոլոգիաներ, միառաժամանակ ուսումնասիրում են հայկական տերուարի առանձնահատկությունները՝ համադրելով համաշխարհային փորձի հետ։ Այս ամենը ձեռք են բերում ճամփորդությամբ ուսուցման, հյուրընկալության շնորհիվ, ինչի արդյունքում ձևավորվում են ստեղծագործ ու ինքնուրույն ապագա մասնագետներ, ովքեր ապագայում չեն վախենա նորություն ստեղծելուց։

Այդ մոտեցման վառ օրինակ է «Գինու և խաղողի մշակույթը Հայաստանում» նախագիծը, որն իրականացվել է Հայաստանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ, ակադեմիկոսներ Սուրեն Հոբոսյանի և Բորիս Գասպարյանի հետ՝ նպատակ ունենալով ուսումնասիրել Հայաստանի պատմական այգիները։ Ծրագրի առաջին կանգառը Ուրարտական ժամանակաշրջանից պահպանված եզակի մշակութային միջավայր հանդիսացող Դալմայի խաղողի այգիններն էին։ Այգին, որի հիմնադրումը վերագրվում է Ռուսա II արքային, մոտ երկու հազար տարվա պատմություն ունի։ Հնագետ մասնագետների հետ այս փորձառությունը ոչ թե պատմություն լսել էր, այլ պատմության մեջ գտնվել։ Այցերի ընթացքում դպրոցի տնկարանի համար յուրաքանչյուր վազից, որպես մասունք, հավաքեցինք մեկ-երկու խաղողի կտրոն։

Այսպես են արդիականությունն ու հայկականությունը միաձուլվում։ Եթե կա գիտելիք, հարգանք և ստեղծագործ մոտեցում, ձևավորվում են ապագա մասնագետներ, ովքեր չեն վախենում նորություն ստեղծելուց՝ արմատները ճանաչելով։

Ճամփորդությունը որպես ուսուցման մոդել։ Գինեգործության ուսուցման մեջ ճամփորդությունները նպատակային կրթական պարտադիր բաղադրիչներ են, ուսուցման տրամաբանական շարունակություն՝ լրացնելով փորձն ու գիտելիքները։ Գինեգործական տարբեր միջավայրեր՝ այգիներգործարաններհին ու նոր մառաններ, այլ կրթական հաստատություններ, գինու պահեսներ, ճամփորդելիս ուսանողն զգում է այս մասնագիտություն անծայրածիրությունը։ Այդ ընթացքում դիտարկում է, համեմատում, հարցեր տալիս, վերլուծում՝ զարգացնելով մասնագիտական դատողությունն ու քննադատական մտածողությունը, կարճ՝ ձևավորվում է մրցունակ ապագա մասնագետ։ Կազմակերպվող բոլոր ճամփորդությունների հիմքում  փորձարարական ուսուցման սկզբունքն է, այսինքն՝ ուսանողը նախապես պատրաստվում է այցին, ուսումնասիրում է թեման, պատրաստում հարցեր, իսկ ճամփորդությունից հետո, ընդունված լուսաբանմանը զուգահեռ, կատարում վերլուծական աշխատանք, որոնք ներկայացվում են քննարկում-ամփոփումների ժամանակ։
Ճամփորդությամբ ուսուցումն իր մոդելով թույլ է տալիս համեմատել տարբեր մոտեցումները, տեսնել տարբեր լուծումներ նման խնդիրների համար, ժամանակի ընթացքում ձևավորել սեփական մասնագիտական կարծիք՝ ներկայանալով որպես փորձառուին հավասար մասնագետ, մտածելով, վերլուծելով մասնագետի աչքով։ Փորձառու գինեգործների հետ անմիջական շփումը նպաստում է մասնագիտության ընկալմանը և մասնագիտական համայնքի մեջ իր ապագա դիրքի մասին պատկերացումների զարգացմանը։

Ուսուցման այս մեթոդի կամ մոդելի ամենակարևոր արդյունքն այն է, որ ուսանողն ավարտելով ստանում է ոչ միայն գիտելիք, այլև ինքնավստահություն, պրակտիկ փորձ, պատասխանատվություն, ստեղծարարություն, թիմային մշակույթ, իր մասնագիտության նկատմամբ վստահ ու գիտակցված վերաբերմունք։ Նա վստահ է, որ կարող է ստեղծել գինի, ճիշտ գնահատել իր աշխատանքը, ներկայացնել ու իրացնել։

Որպես ամփոփում
Արտադրական ուսուցումը սովորական կրթական մոդել չէ, այն մասնագետ ձևավորող իրական և ամբողջական ճանապարհ է։ Այս մոդելի արդյունքը ստացած գիտելիքով ձևավորված մարդն է՝ իր մտածող, պատասխանատու, ինքնուրույն տեսակով։ Ավարտելով կրթությունը՝ ուսանողն ավարտում է մի ճանապարհ, որի ընթացքում սովորել է որոշումներ կայացնել, կրել դրանց հետևանքները, աշխատել թիմում, գնահատել իր աշխատանքը և հավատալ իր կարողություններին, որովհետև տեսել է, թե ինչպես է գաղափարը դառնում արդյունք․ իր ձեռքում խաղողը դարձել է գինի, սիրվել է, կարևորվել։

Արտադրական միջավայրում ուսուցումը հնարավորություն է տալիս կրթությունը դարձնել իրական և շոշափելի։ Ուսանողը դուրս է գալիս արդեն ձևավորված մասնագիտական մտածողությամբ՝ պատկերացնելով իր տեղը ոլորտում և իր ընտրած ճանապարհի ընթացքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով