Ամեն տարվա հունվարը կրթահամալիրում նշանավորվում է ճամբարային տարատեսակ գործունեությամբ: Սահմանված կարգով այդ ամիսը ստուգատեսային է՝ իր ազգագրական, բնագիտատեխնիկական, թվային-տեխնոլոգիական, մարզական բաղադրիչներով: Կրթահամալիրում սկսվում է ուսումնական երկրորդ շրջանը, մի ժամանակահատված, որը սովորական ընթացքից տարբերվում է իր ներքին իրարանցմամբ, եռուզեռով, շարժով, ստեղծագործ աշխուժությամբ։ Ազգագրության փառատոնը ստեղծում է կրթական միջավայր, որով սեբաստացի դասավանդողները, սովորողներն ու ուսանողները մտնում են կենդանի մշակույթի տարածք։ Այդ օրերին կրթահամալիրը դառնում է ժողովրդական արժեքների, սովորույթների, լեզվի, ավանդույթների կենդանի պահպանման և տարածման մեծ օջախ։
Սեբաստացիական կրթական մտածողության հիմքում միշտ եղել է իրական կյանքի, ավանդույթների, ազգագրության ու բանահյուսության հետ կապը։ Ազգագրության փառատոնի շրջանակում իրականացվող աշխատանքները հենց այդ սկզբունքի կենդանի արտահայտությունն են։ Այսպես՝ ուսանողների հետ «շրջելով» տնետուն, իրենց ընտանիքներով, գյուղերով, բնակավայրերով, զրուցեցինք, հարցուփորձ արեցինք, խոսեցրինք, (թաքուն կամ ոչ այդքան) ձայնագրեցինք ասացողներին, գրառեցինք բանահյուսական պատառիկներ…. Լսեցինք տատիկների պատմությունները, պապիկների ավանդական խոսքը, զանազան ավանդապատումներ, գործածած բառերը, արտահայտությունները, ասույթներն ու հանելուկները, աղոթքները, գրառեցինք այնպես, ինչպես դրանք հնչել են շատ ժամանակներ առաջ, ինչպես են հնչում հիմա, արձանագրեցինք՝ ինչն է փոփոխվել, ինչպես են առաջացել նոր տարբերակներ: Դաշտային այսպիսի աշխատանքը նպաստեց բոլորիս լսելու, հարցնելու, համեմատելու, լեզվական փոփոխությունը գրանցելու հմտությունների ընդլայնմանը։
Մեր այսօրվա լեզվում՝ մասնավորապես ժողովրդական-խոսակցականում, լայն կիրառություն ունեն անեծքները, օրհնանքները, երդումները, սնահավաատական զրույցները, որոնց հիմքում ընկած է մի բան անելու կամ լինելու ցանկությունը՝ լավ կամ վատ իմաստային երանգներով: Ունենալով ընդհանուր հատկանիշներ՝ նրանք տարբերվում են․ ունեն պատկերավոր բանաձևային բնույթ և դարեդար սերնդեսերունդ փոխանցվել են իբրև կենդանի խոսք: Այս տարվա փառատոնի ընթացքում ուսանողների ուսումնասիրությունները մի մասով ուղղված էին անեծքի, օրհնանքի ձևավորման պատմության, նպատակի և իմաստի բացահայտմանը։ Հետազոտելով ժողովրդական բանավոր խոսքը՝ հավաքագրեցինք անեծքներ ու օրհնանքներ, խոսքային ձևակերպումներ, բարբառային բառեր, արտահայտություններ, որոնք ներկայացնում են ոչ միայն լեզվական նյութը, այլև հանդիսանում են հայ ժողովրդի բանավոր ավանդության անփոխարինելի արժեքներ։ Ուսանողների գրառած բազմաթիվ անեծքներից օրինակներ՝
Հաց չուտես, երեխա չբերես:
Դագաղդ սպիտակի:
Անգլուխ կյանք ունենաս:
Սատանի ու դևի փայ դառնաս:
Ողն ու կողդ խառնես իրար:
Տուն չգնաս, եթիմ մնաս:
Կյանքն ու սովդ, մահդ՝ կողդ:
Չզգաս հովը, դնեն հողը:
Սիրտդ հողես, կյանքդ թողես:
Ջուրը խմես, կեսից խեղդվես:
Լափդ հուպ տաս, լեզուդ կուլ տաս:
Աշկս նի կյա քեզ, քյուլվիս տու։
Բանասաց ծանոթ-բարեկամներից հավաքած անեծքներին զուգահեռ գրառած օրհնանքներից օրինակներ՝
Աստված քեզնը հետ։
Կանաչ ճնապար։
Աստված, Քրիստոս։
Փուշ բռնես, վարդ տառնա։
Չոլը գնաս, կնաչի:
Աստված պահի տանդ սյունը, լես ծաղկես մեջը նստես։
Հետազոտության ընթացքում միասին խմբավորեցինք դրանք, գտանք լեզվական առանձնահատկությունները, բառերի իմաստները․ վերլուծական հետաքրքիր աշխատանք ստացվեց։ Նյութի համատեղ խմբավորման, լեզվական առանձնահատկությունների վերլուծության արդյունքում ստացված հետաքրքիր հետազոտական աշխատանքը վեր հանեց անեծքների ու օրհնանքների՝ լեզվի միջոցով պահպանված մշակութային հիշողության կարևոր շերտերը, որոնք արտահայտում են հայ ժողովրդի աշխարհընկալումը։ Այդ ըմբռնումը հիմք դարձավ փառատոնի շրջանակում մյուս թեմատիկ ուղղություններով աշխատանքի շարունակման համար։ Հաջորդ ուսումնասիրությունը վերաբերում էր բարբառագիտական աշխատանքին։ Յուրաքանչյուրս նախ փորձեց հիշել իր լսած, իմացած բարբառային բառերն ու արտահայտությունները, ապա գրառել օրինակներ բանասաց ծանոթ-բարեկամներից, դուրս բերել հայ ժողովրդական հեքիաթներից, ըստ տարածաշրջանների, բարբառային ճյուղերի խմբավորել, գտնել գրական հայերեն համարժեքները։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ բարբառը լեզվի հնացած ձև չէ, այլ ժամանակի մեջ պահպանված հիշողություն։ Բարբառային բառերի մեջ կենդանի են կենցաղը, բնության հետ հարաբերությունը, վարքուբարքը, նիստուկացը, տոներն ու ծեսերը, ժողովրդական բառուբանը, աշխատանքի մշակույթը, մարդկային հարաբերությունները և այլն։ Շատ դեպքերում հենց նման աշխատանքների ընթացքում են բացահայտվում մոռացված բառեր, արտահայտություններ, պատմություններ։ Երբ ուսանողը փորձում է գտնել այդ բառի գրական համարժեքը, նա ոչ միայն լեզվական աշխատանք է կատարում, այլ նաև մտածում է՝ ժամանակի ընթացքում ինչ է փոխվել, ինչ ճանապարհ է անցել հայոց լեզուն, և ինչն է պահպանվել, ինչը՝ ոչ։ Ազգագրական-բանահյուսական նյութով աշխատանքը կարևոր դեր ունի նաև ինքնության ձևավորման գործընթացում։ Երբ ուսանողը լսում է իր ընտանիքի, համայնքի, տարածաշրջանի խոսքը, նա սկսում է ճանաչել իրեն ոչ միայն որպես անհատ, այլ որպես մշակութային շարունակության մասնակից։
2026 թվականի Ազգագրության փառատոնի կարևոր ուղղություններից մեկը մեզ համար դարձավ հայ ժողովրդական հեքիաթներիուսումնասիրությունը։ Ուսանողներն ընտրեցին հեքիաթներ, որոնք լսել էին մանկուց՝ բարբառային կամ ժողովրդախոսակցական ձևով, փոխադրեցին գրական հայերենով՝ բացելով բարբառային նրբիմաստային տարբեր շերտեր, փորձելով պահպանել ժողովրդական շունչը, կերպարների խոսքի բնականությունը, կոլորիտը:
Հայ ժողովրդական հեքիաթը կրթական միջավայրում ապրեց նոր կյանք՝ դառնալով ուսումնառության նյութ, հետազոտական աղբյուր և կենդանի պատմություն։
Փառատոնի շրջանակում ըստ «Հայ ժողովրդական բանահյուսություն և ծիսական գործունեություն» մոդուլի բովանդակության՝ Սեբաստացի քոլեջի «Նախադպրոցական կրթություն» բաժնի ուսանողների հետ ուսումնասիրեցինք հայ ավանդապատումները, սնահավատական զրույցները, առասպելներն ու վիպերգերը։ Ուսանողները կազմեցին նախագծեր՝ նպատակ ունենալով երկնային մարմինների, բույսերի ու կենդանիների մասին ավանդապատումները խաղուսուցմամբ իրականացնել տարատարիք խմբերում՝ ներառելով տարատեսակ գործունեության ձևեր՝ տեխնոլոգիական-թատերական, երաժշտական-ծիսական, ընթերցում և այլն՝ սաներին ծանոթացնելով հայ ժողովրդի բանավոր ավանդությանը։ Նախագծային աշխատանքների արդյունքները ցույց տվեցին, որ հայ ժողովրդական բանահյուսությունը կարող է արդյունավետ կերպով ներգրավվել նախադպրոցական կրթական միջավայրում՝ որպես խաղի, ստեղծագործության և ճանաչողական գործունեության կարևոր բաղադրիչ։ Ուսանողները ոչ միայն ուսումնասիրեցին բանավոր ավանդության նյութը, այլև ձեռք բերեցին այն տարիքային առանձնահատկություններին համապատասխան փոխանցելու, կենդանացնելու և կրթական գործընթացի մեջ ներառելու գործնական կարողություններ։
Ազգագրության փառատոնի շրջանակում իրականացրած բազմաշերտ աշխատանքը ուսանողներին տվեց ոչ միայն գիտելիք, այլև ձևավորեց մի ամբողջական հմտությունների և կարողությունների համակարգ։ Նախ՝ ուսանողները սովորեցին դաշտային աշխատանք կատարել՝ հարցազրույց վարել, լսել, գրանցել, ձայնագրել, համադրել տարբեր աղբյուրներ, ինչպես նաև զգալ գրական և ժողովրդական խոսքի տարբերությունները տարբեր համատեքստերում։ Աշխատանքը նպաստեց նաև վերլուծական և համեմատական մտածողության, ստեղծագործական կարողության զարգացմանը։
Ազգագրության փառատոնը հաստատում է, որ կրթությունը նաև կրթամշակութային գործունեություն է, մշակութային հիշողության պահպանման, ինքնության ձևավորման, սերունդների միջև կենդանի կապի պահպանման շարունակական գործընթաց։
