Ժամանակակից կրթությունը սովորողի համար սահմանում է բարձր նշաձողեր, որի արդյունքում էլ կարևորվում է ոչ միայն գիտելիքների յուրացումը, այլև այդ գիտելիքների ստեղծագործական կիրառությունը։ Դա նշանակում է, որ դասավանդելիս ուսուցիչը աստիճանական կարգով պետք է ձգտի սովորողի մտածողությունը բարձրացնել հիշելու, հասկանալու, կիրառելու, վերլուծելու, գնահատելու մակարդակից դեպի նոր բան ստեղծելու մակարդակը։ Ըստ ամերիկացի մանկավարժ, հոգեբան Բենջամին Բլումի՝ ստեղծագործական հմտությունները ոչ միայն ուսուցման արդյունք են, այլև դրա բարձրագույն դրսևորումը, հետևապես ամենավաղ տարիքից պետք է մեծ ուշադրություն դարձնել ստեղծագործական մտքի և հմտությունների ձևավորմանը և խթանմանը։
Որպես տարրական դպրոցի դասավանդող՝ բազմիցս համոզվել եմ , որ ստեղծագործական հմտությունների դերը դպրոցում ունի հիմնարար նշանակություն, քանի որ այդ տարիքային փուլում ձևավորվում են սովորողի մտածողության, հետաքրքրությունների և ինքնարտահայտման հիմնական կառույցները։ Տարրական դպրոցը մարդու կյանքի ամենագեղեցիկ և միևնույն ժամանակ ամենանուրբ շրջանն է։ Փոքրիկ հետազոտողի համար այս շրջանում ամեն ինչ նոր է, վառ ու ցանկալի, նրա միտքը բաց է, սիրտը՝ համարձակ, կամքը՝ անկոտրում։ Եթե դպրոցը կարողանա ստեղծագործական ջերմ միջավայր ստեղծել այդ փոքրիկ մարդկանց համար , ապա նրանց մեջ բոցավառվող արարման ցանկությունը երբեք չի մարի։
Ամեն անգամ նոր նախագծեր ձևակերպելիս նպատակադրվում եմ գիտելիքից բացի զարգացնել նաև սովորողների ստեղծագործական , ՏՏ, համատեղ աշխատելու հմտությունները։ Այս հոդվածում ուզում եմ պատմել « Արհեստական բանականություն + Անգլերեն» նախագծի մասին, որը սկսել եմ իրականացնել Արևմտյան դպրոցի հինգերորդ դասարանցիների հետ 2024-2025 ուսումնական տարվանից։
Նախագծի հիմքում անգլերեի դասավանդումն է՝ արհեստական բանականության գործիքերի կիրառության միջոցով։ Սովորողները տրված հուշող բառերով ստեղծում են գրաֆիկական պատկերներ/ Leonardo.ai/, վիդեո նյութեր/ D-id / և երգեր /Suno.ai/։ Ուսուցման ոչ ավանդական այս ձևը սովորաբար մեծ ոգևորություն է առաջացնում սովորողների շրջանում և բարձրացնում է սովորողների սովորելու մոտիվացիան: Նրանք հնարավորություն են ունենում սովորել ստեղծելու միջոցով։ Ստեղծագործելու ընթացքում ինքնաանդրադարձ են կատարում, առերեսվում են մնացորդային գիտելիքի հետ, վերանայում են իրենց ուսումնառությունը և գտնում դրա հետ կապված իրենց ուժեղ և թույլ կողմերը։ Առավելագույն արդյունք ցուցաբերելու նպատակով սովորողները սովորաբար արագ լրացնում են բացթողումները և ձեռք են բերում նոր գիտելիքներ։
Արևմտյան դպրոցի հինգերորդ դասարանի սովորողները 2025-2026 ուսումնական տարվա սկզբից «Արհեստական բանականություն + Անգլերեն » նախագծով Suno.ai գործիքի միջոցով ստեղծել են անգլերեն թեմատիկ երգեր ՝ «Իմացումի հրճվանք Անգլերեն» նախագծի թեմաների շրջանակում։ Այսպիսով՝ նրանք իրենց կրտսեր ընկերներին առաջարկել են անգլերեն սովորել հենց մանուկների կողմից ստեղծված հեղինակային երգերի միջոցով։
Ստեղծագործական ողջ ընթացքն իրականացվել է մտքերի, ջանքերի և հմտությունների համադրմամբ։ Արևմտյան դպրոցի հինգերորդ դասարանի սովորողների հետ ուսումնասիրել ենք Suno.ai ծրագրի հնարավորությունները, ապա կատարել ենք չարաճճի փորձարկումներ։ Հետզհետե բարելավելով ձեռք բերված հմտությունների մակարդակը՝ միասին աշխատել ենք երգերի տեքստերի վրա։ Երգերի տեքստերը ստեղծվել են «Մտագրոհի» ձևաչափով, և յուրաքանչյուր սովորող հնարավորություն է ունեցել արտահայտել իր միտքը և նախագծում ունենալ կարևոր մասնակցություն։
Այս հիանալի համաստեղծության գործընթացը երկուստեք ջերմացրել է դասավանդող — սովորող կապը, սովորողներին ոգեշնչել է իմանալ , ճանաչել և ձեռք բերել նոր գիտելիքներ ու հմտություններ։ Այսպիսով ՝ մեր դպրոցի փոքրիկները անգլերենի այբուբենը կսովորեն հատուկ իրենց համար գրված «ABC song» երգով, մայրիկներին կգովերգեն «I love you Mummy» երգով, Նոր տարին կշնորհավորեն իրենց «Happy New Year» հեղինակային երգերով։
Արևմտյան դպրոց-պարտեզի հինգերորդ դասարանցիների և իմ համաստեղծության արդյունքը ներկայացնում ենք ստորև։
- Hello song
- Numbers
- Rainbow song
- Fruit’s song
- Vegetable’s song
- Farm’s song
- Zoo song
- Happy New Year
- Body parts
- Emotions
- I can
- Family song
- My friend
- My house
- My school
- Antonyms
- It is snowing
- Seasons
Այս փոքրիկ տեսանյութում սովորողները պատմում են երգերի ստեղծման ընթացքի մասին ։
Այս երգերից յուրաքանչյուրը նոտայագրված է մանուկների սրտխփոցներով։ Վստահեցնում եմ ՝ այս երգերը ստեղծելիս նրանք ապրել են շատ հետաքրքիր և ինքնատիպ զգացողություններ՝ ոգևորություն և խանդավառություն , հիասթափություն և ձախողման վտանգ։ Կարծում եմ ՝ այս ստեղծագործ նախագծի ընթացքում նրանք հարստացրել են իրենց փորձը, սովորել են համատեղ աշխատել և իրենց ստեղծածը ծառայեցնել կրտսեր ընկերների կրթական նպատակներին։
