«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական գործընթացի կարևոր բաղադրիչներից է փորձառական ուսուցումը, որն իրականացվում է բացօթյա, իրական միջավայրում։ Ճամփորդությունը մեր դպրոցում չի դիտվում որպես ընդմիջում դասերից, այլ որպես լիարժեք ուսումնական միջավայր, որտեղ սովորողը սովորում է դիտարկելով, հարցեր տալով, փորձելով, համագործակցելով և սեփական փորձի վրա հիմնվելով։
3-րդ դասարանի սովորողների համար տարվա ընթացքում կազմակերպված եռօրյա ուսումնական ճամփորդությունները՝ դեպի Արատես, Լոռի, Գյումրի, ինչպես նաև ամառային Արտանիշի վրանային ճամբար, դարձան ոչ միայն հիշարժան ուղևորություններ, այլև շարունակական կրթական գործընթաց, որի ընթացքում ձևավորվեցին ճանաչողական, սոցիալական, հուզական և ինքնուրույն գործելու կարևոր հմտություններ։
Արատես․ բնության մեջ սովորելու փորձ
Փետրվարի 7–10-ը Հարավային դպրոցի 3.2 և 3.3 դասարանների սովորողները մասնակցեցին եռօրյա ուսումնական ճամփորդության Արատեսի դպրական կենտրոնում։ Ճամփորդության ողջ ընթացքում կարևորված էր սովորողների համագործակցային գործունեությունը․ նրանք միասին կազմակերպում էին առօրյան, բաշխում պարտականությունները, օգնում միմյանց կենցաղային հարցերում, խաղերի և ուսումնառության ընթացքում։
Ճանապարհին՝ Արփա գետի հովտում կանգառը հնարավորություն տվեց դիտարկելու ձմեռային բնությունը, խոսելու գետի ձևավորման, հովտի կառուցվածքի մասին։ Արատեսում սովորողները մասնակցեցին ձնային խաղերի, իրականացրին Տեառնընդառաջի ծեսը, իսկ ռոբոտաշինության լաբորատորիայից վերցված քվեստային խաղերը խթանեցին տրամաբանական մտածողությունը և թիմային աշխատանքի կարողությունները։
Ճամփորդությունից հետո երեխաները իրենց տպավորությունները ձևակերպեցին բլոգային գրառումներով․ այդ աշխատանքներում արդեն նկատելի էր խոսքի կառուցվածքի հարստացում, դիտարկումների համեմատություն, սեփական փորձի վերլուծություն։ Սա սովորողների ուսումնական արդյունքներից մեկն էր, որը ցույց տվեց, որ փորձառությունը վերածվել է գիտակցված ուսումնառության։
Սովորողների պատումները՝
Արդեն երկրորդ ձմեռն է, որ վայելում եմ Արատեսի գեղեցիկ, ձյունաշատ բնությունը։ Փետրվարի յոթին ընկանք ճանապարհ։ Տեղանքին լավ ծանոթ ենք, այդ պատճառով ոչ մի դժվարություն չկա։ Երեք ժամ անց հասանք Արատես։ Երկու անակնկալ ունեինք՝ ընկեր Խաչիկն ու նոր ներքնակները։ Վայելք էր պառկել ու փափուկ քնել։ Այս անգամ Արատեսում իրականացրինք Տեառնընդառաջի ծեսն ու խաղացինք քվեստ։ Այս տարի ձյունը քիչ էր, բայց եղածով էլ լավ խաղացինք։ Երկու անգամ գնացինք փայտ հավաքելու։ Այնքան հավես էր։
Վաչե Ստեփանյան
Դասարանով գնացել էինք Արատես։ Առաջին օրը գնացինք, տեղավորվեցինք, ուսումնասիրեցինք միջավայրը։ Շատ ձյուն կար, հավեսով խաղացինք․․․ Տղաներով գնացինք փայտ հավաքելու, որպեսզի կրակ վառենք։ Խաղացինք քվեստ, երգեցինք, պարեցինք, կարդացինք, կերանք, խմեցինք․․․ Շատ արագ անցավ այդ երեք օրը։ Սպասում եմ նոր ճամփորդության։
Արեն Գալստյան
Լոռի․ համագործակցություն և սոցիալական փորձ
Լոռու մարզ կատարած հաջորդ եռօրյա ճամփորդությունն ուներ ոչ միայն ճանաչողական, այլև արտահայտված սոցիալական ուղղվածություն։ Սպիտակում իրականացված կանգառները, հատկապես Գարգառի միջնակարգ դպրոց այցը նպաստեցին տարբեր համայնքներում սովորող երեխաների միջև շփմանը։ Սովորողները համատեղ խաղերի, զրույցների միջոցով սովորեցին լսել, ընդունել և հարգել միմյանց։
Օրվա ընթացքում կազմակերպված խմբային խաղերն ու էստաֆետաները զարգացնում էին փոխօգնությունը, թիմային պատասխանատվությունը և ընդհանուր նպատակի շուրջ համախմբվելու կարողությունը։ Երեկոյան Պուշկինո գյուղում տեղավորվելը դարձավ ինքնուրույնության իրական փորձ․ երեխաները շարունակեցին խնամել իրենց տարածքը, պահպանել կարգուկանոն, կազմակերպել ազատ ժամանակը։
Երկրորդ օրը Ստեփանավանի Դենդրոպարկում իրականացված ուսումնառությունը հնարավորություն տվեց ճանաչել ծառատեսակներ, ուսումնասիրել անտառի կենսաբազմազանությունը և խոսել բնության պահպանման կարևորության մասին։ Երրորդ օրը Գարգառի բարձունքի հաղթահարումը դարձավ կամքի, ֆիզիկական տոկունության և թիմային աջակցության վառ օրինակ․ վերելքի ընթացքում սովորողները իրար քաջալերում էին, սպասում, օգնում, ինչը հստակ ցույց տվեց համագործակցության ձևավորված մակարդակը։
Գյումրի․ պատմամշակութային ճանաչում
Գյումրիի եռօրյա ուսումնական ճամփորդությունն ուղղված էր սովորողների հայրենագիտական և պատմամշակութային գիտելիքների խորացմանը։ Արուճի վանքի այցելությամբ սկսված ճանապարհը շարունակվեց Գյումրիի պատմական կենտրոնում շրջայցով, որտեղ սովորողներն ուսումնասիրում էին ճարտարապետական հուշարձանները, լսում պատմություններ քաղաքի անցյալի մասին և փորձում համեմատել տեսածը իրենց արդեն ունեցած գիտելիքների հետ։
Սև բերդ այցելությունը հնարավորություն տվեց պատկերացում կազմել քաղաքի պաշտպանական պատմության մասին, իսկ Մարմաշենի վանքի և Ախուրյան գետի հովտի տեսարանները սովորողների մեջ ձևավորեցին բնության և մշակութային ժառանգության հանդեպ հարգանք։ Այս ճամփորդությունից հետո դպրոցում սովորողները բանավոր պատմություններով, նկարագրություններով և քննարկումներով վերարտադրում էին իրենց տպավորությունները՝ ցույց տալով, որ սովորածը դարձել է իրենց սեփական փորձը։
Արտանիշ․ վրանային ճամբարը որպես ինքնուրույնության դպրոց
Օգոստոսի 21–23-ը կազմակերպված Արտանիշի վրանային ճամբարն ամփոփեց տարվա փորձառական ուսուցումը։ Այստեղ սովորողները գործնականում կիրառեցին իրենց ձեռք բերած հմտությունները՝ ինքնուրույնություն, կարգապահություն, համատեղ որոշումների կայացում։ Վրանների տեղադրումը, սննդի կազմակերպումը, տարածքի խնամքը իրականացվում էին համագործակցությամբ։
Լողը, ջրային խաղերը, բարձունքի հաղթահարումը, խարույկի շուրջ անցկացված երեկոները նպաստեցին ոչ միայն ֆիզիկական ակտիվությանը, այլև խմբային միասնականության ամրապնդմանը։ Ճամբարը սովորեցրեց պատասխանատվություն սեփական և ընկերոջ անվտանգության նկատմամբ, ինչպես նաև բնության հանդեպ հոգատար վերաբերմունք։
Տարվա ընթացքում կազմակերպված այս ճամփորդությունները ձևավորեցին ամբողջական ուսումնական գործընթաց, որի ընթացքում սովորողները զարգացրին սոցիալական-հուզական, ճանաչողական, ստեղծարար և ֆիզիկական հմտություններ։ Նրանք սովորեցին համագործակցել, արտահայտել սեփական միտքը, վերլուծել փորձը և պատասխանատվությամբ գործել տարբեր միջավայրերում։
Այս ճամփորդությունները դարձան ոչ միայն ուսումնական տարվա գունավոր էջերը, այլ այն միջավայրերը, որտեղ սովորողներն աճեցին՝ դառնալով ավելի ինքնավստահ, համարձակ, ընկերասեր և մտածող։
