21-րդ դարը նշանավորվում է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) և, մասնավորապես, արհեստական բանականության (ԱԲ) աննախադեպ զարգացմամբ, որը հիմնովին փոխում է աշխատաշուկան և տնտեսությունները: Այս պայմաններում ցանկացած պետության կրթական համակարգի առաջնային նպատակն է դառնում նոր սերնդին զինել այնպիսի գիտելիքներով, որոնք թույլ կտան ոչ միայն օգտվել տեխնոլոգիաներից, այլև դառնալ դրանց ստեղծողը։ Հայաստանի համար, որի ՏՏ ոլորտը տնտեսության շարժիչ ուժերից է, ԱԲ կրթության ապահովումը ռազմավարական նշանակություն ունի։ Այստեղից էլ բխում է «STEP.ai» (Գիտության և տեխնոլոգիայի կրթական ծրագիր. արհեստական բանականություն) նախաձեռնության կենսական կարևորությունը։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի համագործակցությունը ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հետ «STEP.ai» ծրագրի շրջանակներում մեկնարկել է դեռևս 2023 թվականին։ Այս փուլում՝ որպես փորձնական նախագիծ, ծրագրում ընդգրկվեցին կրթահամալիրի Հետազոտական վարժարանի 12-րդ դասարանի սովորողներն ու Քոլեջի 3-րդ ավարտական կուրսի թվով 18 ուսանողներ՝ «Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում», «Համակարգչային գեղարվեստական նախագծում» և «Շուկայաբանություն» մասնագիտություններից։ Անցած ճանապարհը և դասընթացների ամփոփումը ցույց տվեցին, որ չնայած ծրագրի բովանդակության բարձր որակին և ուսանողների ներգրավվածությանը՝ ժամանակային սահմանափակումները խոչընդոտում են եռամյա ամբողջական կուրսի լիարժեք յուրացմանը։ Ծրագրի երեք հիմնական փուլերին ամբողջությամբ տիրապետելու և մասնագիտական հմտությունները խորացնելու համար կարևորվեց ուսանողներին դասընթացում ընդգրկելն առաջին կուրսից։

  1. «Արհեստական բանականություն և Python»։ Python-ը ՏՏ աշխարհի ամենապահանջված լեզուներից մեկն է ԱԲ, մեքենայական ուսուցման և տվյալների գիտության ոլորտներում։
  2. «Մեքենայական ուսուցում»։ Հիմնական ծրագրավորումից դեպի Machine Learning-ի ալգորիթմների ուսումնասիրություն անցումը թույլ է տալիս ուսանողներին հասկանալ, թե ինչպես են տվյալները վերածվում կանխատեսումների և որոշումների։
  3. «Բնական լեզվի մշակում և ռոբոտաշինություն»։ Սա ծրագրի վերջնական փուլն է, որը միավորում է տեսական գիտելիքները կիրառական նախագծերի հետ՝ ներառելով մարդ-մեքենա հաղորդակցությունը (NLP) և ֆիզիկական ինժեներիան (ռոբոտաշինությունը)։

Այս փորձառությունը ճանապարհ հարթեց ծրագրի հետագա ճիշտ կազմակերպման համար։ Այսպիսով՝ մենք մեծացրինք ծրագրի ընդգրկումը։ 2025-2026 ուստարում սկսնակների խումբը ներառում է արդեն 30 ուսանող (17-ը՝ հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում, 6-ը՝ շուկայաբանություն, 7-ը՝ համակարգչային գեղարվեստական նախագծում), ինչպես նաև 2024-2025 ուստարվա 22 մասնակիցներից 14-ը (մոտ 64%) շարունակում է ուսումը 2025 թվականին՝ անցում կատարելով երկրորդ փուլին («Մեքենայական ուսուցում»)։ Ընդ որում՝ ուսանողների մասնակցությունն ըստ վերը նշված մասնագիտությունների բխում է հենց աշխատաշուկայի պահանջներից, որոնք էլ ապահովում է ծրագիրն իր 3 փուլերի ավարտին։

Այսպիսով՝ Քոլեջի մասնակցության վիճակագրությունը ըստ տարիների կարող ենք տեսնել ստորև․

ՈւստարիՀայտագրված
մասնակիցների
քանակը
Դասընթացը շարունակող
մասնակիցների քանակը
Դասընթացը շարունակող
մասնակիցների մասնաբաժինը նախորդ ուստարվա նկատմամբ (%)
Դասընթացը չշարունակելու պատճառները
2023-20241800 %Քոլեջում ուսումնառության ավարտ
2024-2025221464 %Կրթական ծրագրի հաջորդ փուլերի անհամապատասխանությունը մասնագիտությանը
2025-202630

Այս բարձր ցուցանիշը վկայում է դասընթացի գրավչության և մեր Քոլեջի աջակցող ուսուցման միջավայրի արդյունավետության մասին։ Տվյալները փաստում են, որ Քոլեջը հաջողությամբ կիրառում է հիբրիդային ուսուցման մոդելը՝ ապահովելով մասնակցության շարունակականությունը։ Հիբրիդային ուսուցման մեթոդաբանության մոդելը կարևոր է, քանի որ այն լուծում է ՏՏ և ԱԲ ոլորտում առկա երկու հիմնական մարտահրավերները՝ մասնագետների պակասը և տարածաշրջանային անհավասարությունը։

Դասավանդումն իրականացվում է ՀՎՀ-ի թվային Moodle հարթակում՝ մուլտիմեդիա բովանդակությամբ ինտերակտիվ տեսադասերով, որոնք նախագծված են համատեղելու՝

  • Առցանց ուսուցումը. ՀՎՀ-ի կողմից հրավիրված բարձրակարգ ԱԲ մասնագետի աջակցությունը, որը ապահովում է նյութի որակն ու արդիականությունը։
  • Մուլտիմեդիա բովանդակություն. ՀՎՀ-ն տրամադրում է նախապես մշակված ինտերակտիվ տեսադասեր, վիրտուալ լաբորատոր աշխատանքներ և գործնական առաջադրանքներ, որոնք ուսանողները կարող են ուսումնասիրել իրենց հարմար ժամանակացույցով (ասինքրոն ուսուցում)։
  • ԱԲ փորձագետի ուսուցում. ծրագրերը հեռավար վարում են ՀՎՀ-ի կողմից հաստատված արհեստական բանականության փորձագետ-դասախոսները։ Նրանք պատասխանատու են բարդ տեսական նյութի և նոր տեխնոլոգիաների ներկայացման համար։
  • Թվային գնահատում և մշտադիտարկում. ՀՎՀ-ի հարթակում են կատարվում թեստերը, ինտերակտիվ հարցաշարերը և միջանկյալ ամփոփումները։ Այս մեխանիզմը թույլ է տալիս ծրագրի ղեկավարներին մշտապես հետևել ուսանողների առաջընթացին՝ անկախ նրանց գտնվելու վայրից։
  • Առկա աջակցությունը. Քոլեջի դասավանդողի աջակցությունը, որը օգնում է տեղում՝ լուծելով կազմակերպչական կամ տեխնիկական հարցերը, կազմակերպելով առկա լրացուցիչ դասընթացները և ուղղորդելով ուսանողներին գործնական աշխատանքների ժամանակ։
  • Դասավանդողի աջակցությունը ֆիզիկական միջավայրում. Քոլեջի դասավանդողը (օրինակ՝ ինֆորմատիկայի կամ ՏՏ մասնագետը) գործում է որպես համակարգող։ Նա ներկա է լսարանում առցանց հանդիպումների ժամանակ, օգնում է ուսանողներին տեխնիկական և կազմակերպչական հարցերում, վերահսկում է լաբորատոր աշխատանքների կատարումը և նպաստում խմբային նախագծերի իրականացմանը։
  • Դասավանդողի լրացուցիչ ներգրավվածություն. դասավանդողը, բացի առցանց հանդիպումների կազմակերպումից, համակարգումից, մասնագետ-դասախոսին աջակցելուց և դասին ներկա գտնվելուց, ունենում է նաև առկա դասաժամեր, որոնք նվիրված են սովորած նյութի գործնական ամրապնդմանը, նոր գիտելիքների ձեռքբերմանը, ծրագրային կոդերի մշակմանը և նախագծային ուսուցմանը, որը կապում է տեսությունը իրական խնդիրների լուծման հետ։

ՀՎՀ-ի մասնագետը և կցված դասվանդողը միասին ապահովում են ուսումնական ծրագրի կազմակերպումը, անցկացումը և վերահսկողությունը, ինչը թույլ է տալիս օպերատիվ կերպով լուծել ծագած բոլոր խնդիրները։ Այս երկակի աջակցությունը երաշխավորում է, որ ուսանողները ստանում են թե՛ լավագույն մասնագետների գիտելիքները, թե՛ անհրաժեշտ անմիջական ուշադրությունը։ ՀՎՀ-ի հարթակում, ինչպես նաև Քոլեջում, ուսումնական գործընթացը կառուցված է նախագծային ուսուցման շուրջ, որը թույլ է տալիս գնահատել ուսանողների գիտելիքները գործնական մակարդակում։ Ինչպես ցույց է տվել մեր փորձը, դասընթացներն ավարտվել են միջանկյալ և ամփոփիչ փուլերով, որոնց ընթացքում ուսանողները ցուցադրել են ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև Python-ի կիրառմամբ իրենց ստեղծած նախագծային աշխատանքները։ Այս մոտեցումը համահունչ է ՏՏ ոլորտի լավագույն պրակտիկաներին և ապահովում է, որ ծրագրի շրջանավարտները դուրս գան քոլեջից ոչ միայն դիպլոմով, այլև գործնական հմտությունների պորտֆոլիոյով։ Քոլեջի փորձը հաստատում է, որ այս համակարգը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ուսուցանել բարդ թեմաներ, ինչպիսիք են Python ծրագրավորման հիմունքները և Արհեստական բանականության կիրառությունները։

Այսօր ԱԲ-ն այլևս միայն կոդավորում չէ, ինչպես կարող է լինել հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում մասնագիտության ուսանողի և ապագայում աշխատաշուկա դուրս եկող անհատի համար։ Շուկայաբանություն մասնագիտության ոլորտի ուսանողներն այս գիտելիքները կօգտագործեն տվյալների վերլուծության և պրոֆիլավորված գովազդի ավտոմատացման համար։ Համակարգչային գեղարվեստական նախագծում մասնագիտության ուսանողները կկարողանան կիրառել մեքենայական ուսուցում (ML)՝ օգտատերերի փորձը (UX) և ինտերֆեյսները (UI) բարելավելու համար։

Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) և մեր Քոլեջի միջև «STEP.ai» ծրագրի շրջանակներում ձևավորված համագործակցությունը դուրս է սովորական կրթական նախագծի սահմաններից՝ դառնալով ռազմավարական ներդրում Հայաստանի մարդկային կապիտալում։ Մեր հաստատությունը, որն արդեն իսկ 2023 թվականից իրականացրել է այս ծրագիրը՝ կուտակելով արժեքավոր փորձ և ցուցադրելով ծրագրի կայունությունը, կենտրոնական դիրք է զբաղեցնում մասնագիտական կրթության համակարգում։ «STEP.ai»-ի եռամյա համակարգված բովանդակությունը և ՀՎՀ-ի հիբրիդային ուսուցման մոդելը հնարավորություն են տալիս ուսանողներին ձեռք բերել ոչ միայն տեխնիկական, այլև կրիտիկական մտածողության հմտություններ։ Նրանք սովորում են վերլուծել տվյալներ, կիրառել ալգորիթմներ և լուծել բարդ խնդիրներ՝ անկախ իրենց մասնագիտական ուղղվածությունից (հաշվողական տեխնիկա, մարքեթինգ, վեբ դիզայն)։ 2025 թվականի սեպտեմբերի 4-ին «STEP.ai»-ի պաշտոնական երաշխավորումը, զուգորդված մեր քոլեջի արդեն իսկ կայացած գործնական փորձով, երաշխավորում է ծրագրի հաջող ապագան։ Մենք պետք է շարունակենք ամրապնդել կապերը ՀՎՀ-ի հետ՝ ապահովելով, որ մեր շրջանավարտները մնան մրցունակ և պատրաստ՝ դառնալու հայկական ՏՏ ոլորտի հաջորդ սերունդը։

«STEP.ai» ծրագրի հաջողությունը երաշխավորվում է ոչ միայն ՀՎՀ-ի կողմից տրամադրվող բովանդակությամբ, այլև Քոլեջի դասավանդողի և կցված մասնագետների կողմից իրականացվող մշտադիտարկմամբ և որակի վերահսկմամբ։ Այս առումով ծրագրի ամփոփման փուլերում՝ սկսած դեռևս 2023 թվականից, կենտրոնական դեր է ունեցել Տեխնիկական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի տնօրեն, պրն. Արթուր Արամայիսի Ավագյանը։ Նրա՝ որպես ամփոփիչ հանձնաժողովի անդամի ներգրավվածությունը ապահովել է ծրագրի բովանդակության համապատասխանության գնահատումը բարձրագույն կրթության չափանիշներին, մասնավորապես՝ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ոլորտի պահանջներին։ Որպես հիբրիդային ուսուցման ոլորտի մասնագետ՝ նրա մասնակցությունը հաստատել է «STEP.ai»-ի կիրառած հիբրիդային մոդելի (առցանց դասավանդող/առկա դասավանդող) ճիշտ կիրառումը և արդյունավետությունը։

Ծրագրի իրականացման ընթացքում համագործակցել և համագործակցում ենք ոլորտի տարբեր մասնագետների հետ, ինչպես օրինակ Արման Մանվելի Բաբայանը (Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի դասախոս ԵՊՀ-ում, տվյալագետ «Նոբել Սկրիպտս» ընկերությունում, նախկինում՝ հաշվապահ ԱԿԲԱ Բանկում), Անահիտ Արթուրի Պետրոսյանը (Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի դասախոս ԵՊՀ-ում, տվյալագետ «ԷՓԱՄ Սիսթեմզ» ՍՊԸ-ում, նախկինում՝ ֆինանսական վերլուծաբան «Քոգնայզ Էնջինիրինգ» ՍՊԸ-ում)։ Այս հանդիպումները չափազանց կարևոր են ուսանողների համար՝ ապագա կարիերայի տեսլականը ձևավորելու տեսանկյունից։

Ոլորտի անմիջական մասնագետների հետ հանդիպումները ծառայում են որպես կրիտիկական ուղղորդման և մոտիվացիայի աղբյուր՝ ցույց տալով ուսանողներին, թե ինչպես են իրենց սովորած տեսական գիտելիքները (Python, ԱԲ հիմունքներ, Մեքենայական ուսուցում, Ռոբոտաշինություն) կիրառվում իրական աշխարհում։ Այս մասնագետների փորձի փոխանցումը ոչ միայն ամրապնդում է ուսանողների գիտելիքները, այլև նրանց օգնում է կառուցել իրենց անհատական կարիերայի քարտեզը՝ հասկանալով ՏՏ ոլորտի բազմաբևեռ պահանջները։

Որպես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի դասավանդող և «STEP.ai» ծրագրի համակարգող-գործընկեր, իմ մասնակցությունը նախաձեռնությանը դարձավ ոչ միայն աշխատանքային պարտականություն, այլև մասնագիտական և մեթոդաբանական զարգացման հիմք։

Մասնագիտական գիտելիքի արդիականացում: ԱԲ-ի և Python-ի ինտեգրում. ծրագրի համակարգումը թույլ տվեց ինձ մանրամասնորեն տիրապետել ԱԲ-ի հիմունքներին և Python ծրագրավորմանը։ Սա ապահովեց իմ գիտելիքների արդիականացումը՝ համահունչ ՏՏ ոլորտի ամենաթարմ պահանջներին (Մեքենայական ուսուցում, Բնական լեզվի մշակում), ինչը անկյունաքարային է մասնագիտական կրթական հաստատության դասավանդողի համար։

Մեթոդաբանական հմտությունների զարգացում:

  • Հիբրիդային ուսուցման վարպետացում. սա ինձ տվեց եզակի հնարավորություն էլ ավելի զարգացնելու նորարարական մանկավարժական հմտություններ՝ ուսանողների ինքնակարգավորվող ուսուցման աջակցում, թվային հարթակների արդյունավետ կիրառում և բարդ նյութի գործնական կիրառման ուղղորդում։
  • Միջգիտակարգային կապերի հաստատում. ծրագրում տարբեր մասնագիտությունների ուսանողների ներգրավումը պահանջեց ինձանից հասկանալ, թե ինչպես է ԱԲ-ն կիրառվում ոչ ՏՏ ոլորտներում՝ դրանով իսկ ընդլայնելով իմ դասավանդման հորիզոնները, ինչն ինձ հնարավորություն տվեց ստացված գիտելիքներն ու փորձը ներդնել դասավանդման ընթացքում։

Նեթվորքինգի և փորձագիտական հնարավորություններ:

  • Ոլորտի առաջատարների հետ շփում. հանդիպումների կազմակերպումը և անմիջական շփումը ոլորտի բարձրակարգ մասնագետների հետ ինձ տվեցին հնարավորություն՝ լինելու ակադեմիական և աշխատաշուկայի միջև եղած քննարկումների մասը։ Այս շփումը ապահովում է, որ մեր Քոլեջում դասավանդվող նյութը մնա արդիական և ուղղակիորեն բխի ոլորտի և աշխատաշուկայի անմիջական պահանջներից։
  • Որակի վերահսկողություն. ծրագրի ամփոփիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելը (2023թ.-ից) բարձրացրեց իմ մասնագիտական հեղինակությունը և ինձ տվեց անմիջական դերակատարում՝ կրթական որակի գնահատման գործում։

Այսպիսով, «STEP.ai» ծրագիրը դարձավ իմ մասնագիտական առաջխաղացմանը նպաստող հարթակը, որը թույլ է տալիս ինձ ավելի արդյունավետ նախապատրաստել մեր ուսանողներին՝ ԱԲ-ի դարաշրջանում մրցունակ լինելու համար։ Քոլեջի համագործակցությունը հանդիսանում է ոչ միայն կրթական գործընթաց, այլև փորձագիտական վերահսկողությամբ ուղեկցվող նախաձեռնություն, որն ապահովում է ուսանողների գիտելիքների բարձր որակը։ «STEP.ai»-ի ներդրումը մեր կրթական համակարգում՝ ՀՎՀ-ի տեխնոլոգիական աջակցությամբ և ոլորտի առաջատարների (օրինակ՝ պրն. Ավագյանի) փորձագիտական վերահսկողությամբ, ոչ միայն բարձրացնում է մեր ուսանողների որակը, այլև զգալիորեն նպաստում է Հայաստանի տնտեսության թվային ապագային։

Որպես ամփոփում՝ կարող եք ծանոթանալ մեր շարունակական փուլի ուսանողների հետ՝ դիտելով առաջին փուլի ավարտի իրենց հարցազրույցը, նաև կարող եք ծանոթանալ իրենց աշխատանքներին և ամփոփիչ փուլի գնահատականներին․

Անուն ԱզգանունԹեմաԳնահատական
Մանե ԽաչատրյանՄարդկային ռեսուրսների վերաբերյալ տվյալների հավաքածու10
Երազիկ ՀովհաննիսյանԱնի ԲալայանԳովազդային ծախսերի վերաբերյալ տվյալների հավաքածու10, 10
Լուսինե ՀարությունյանԼիաննա ԽաչատրյանԱպահովագրական ծախսերի վերաբերյալ տվյալների հավաքածու9, 9
Արիս Ղուկասյան, Գոռ Թադևոսյան, Վազգեն ԳինոսյանՄեքենաների վառելիքի սպառման վերաբերյալ տվյալների հավաքածու10, 9, 10
Նարեկ Սահակյան, Նատալի ԿարապետյանԱպահովագրական ծախսերի վերաբերյալ տվյալների հավաքածու9, 9
Նվարդ ՂահրամանյանՍոնա ԱրզումանյանՇաքարախտ հիվանդության վերաբերյալ տվյալների հավաքածու10, 10
Ավետ Հարությունյան, Գարեգին ԳարեգինյանՁկնամթերքի շուկայի վերաբերյալ տվյալների հավաքածու10, 7
Արմեն Սարգսյան, Ալեքսանդր ՄարտիրոսյանՆիկոլայ ՄամունցՇաքարախտ հիվանդության վերաբերյալ տվյալների հավաքածու9, 9, 10
Օլգա Ալեքսանյան, Լուսինե ՊետրոսյանՄեքենաների վառելիքի սպառման վերաբերյալ տվյալների հավաքածու8, 8
Նելլի ՍտեփանյանՄիլենա ՄարգարյանԳովազդային ծախսերի վերաբերյալ տվյալների հավաքածու9, 7
Վիտորյա ՊողոսյանՎարկի մերժման կամ հաստատման վերաբերյալ տվյալների հավաքածու9

Ինչպես երևում է աղյուսակից՝ 2024-2025 ուստարվա արդյունքները բավականին բարձր էին․դասընթացին մասնակցող ուսանողների 80 %-ը ստացել է 9 և 10 գնահատական, ուսանողների մոտ 20 %-ը սացել է 7 և 8 գնահատական։

Իսկ վերջում՝ ուսանողների իրական կարծիքներն ու տպավորությունները դասընթացի մասին։


Դասընթացն ինձ հնարավորություն տվեց ավելի խորացնել իմ պատկերացումները ծրագրավորման մասին՝ սկսելով հիմունքներից մինչև տվյալների վերլուծություն։ Այս նախագիծն ինձ օգնել է գործնականում հասկանալու, թե ինչպես կարելի է տվյալները մաքրել, կազմակերպել, վերլուծել և ներկայացնել պատկերավոր ձևով։ Ինձ համար սա նաև ինքնուրույն աշխատելու, մտածելու և տեխնիկական հմտություններ զարգացնելու կարևոր փորձ էր։
Երազիկ Հովհաննիսյան

Դասընթացների ընթացքում, որտեղ մենք ունենում էին թե՛ օնլայն, թե՛ օֆլայն հանդիպումներ, անցանք Python-ի հիմնական կառուցվածքը, փոփոխականների և տվյալների տեսակների առանձնահատկությունները, ֆունկցիաների և օբյեկտի կողմնորոշված ծրագրավորման սկզբունքները, ինչպես նաև տեղեկացանք մի շարք օգտակար գրադարանների մասին, որոնք ծրագրավորողի գործիքը դարձնում են ավելի հզոր։ Ավելին՝ մենք միջին դպրոցում՝ 7-8-րդ դասարաններում, արդեն կսկսենք դասավանդել Python ծրագրավորման լեզուն, ինչին մեծապես նպաստեց այս դասընթացին մասնակցությունը։ Այն գիտելիքները, որ ես ստացել եմ դասընթացին մասնակցելով, հնարավորություն տվեցին ավելի խորը հասկանալու ու փոխանցելու գիտելիքները 7-8-րդ դասարանների սովորողներին։
Նարեկ Սահակյան

Այս դասընթացը կարևոր փուլ էր իմ մասնագիտական զարգացման մեջ․ այն օգնեց ոչ միայն հասկանալ ծրագրավորման տրամաբանությունը, այլ նաև սովորել, թե ինչպես կարելի է իրական տվյալների հետ աշխատել արդյունավետ և համակարգված՝ գործ ունենալով նաև մեքենայական ուսուցման հետ։ Տեսական գիտելիքները մշտապես ուղեկցվում էին գործնական առաջադրանքներով, որոնցով մենք ինքնուրույն ստեղծում էինք փոքր ծրագրեր, տվյալների վերլուծություններ և գծապատկերներ։ Ընդհանուր առմամբ, այս ծրագիրը ոչ միայն հարստացրեց իմ մասնագիտական գիտելիքները, այլ նաև ձևավորեց վստահություն՝ դրանք կիրառելու իրական նախագծերում։ Դա ինձ մոտիվացրեց՝ շարունակելու զարգանալ տեխնոլոգիական ուղղությամբ և նոր գաղափարներ իրականացնելու ծրագրավորման միջոցով։
Անի Բալայան

Աղբյուրներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով