Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 2014 թվականի հրապարակման` դեռահաս է համարվում 10–19 տարեկան անձը։ Այս տարիքային շրջանն առանձնանում է ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական փոփոխություններով։ Տարիքային այս շրջափուլը համընկնում է նաև մասնագիտական ընտրության հետ, ուստի մեր աշխատանքային հիմնական օբյեկտը դեռահասն է՝ իր մասնագիտական կողմնորոշմամբ, դժվարություններով, առանձնահատկություններով, բազում գույներով, բողոքով և այլ․․․
Հոգեբանի գործառույթը մասնագիտական կրթական հաստատություններում անհրաժեշտություն է։ Սեբաստացի քոլեջի կրթական միջավայրում տարիներ շարունակ հոգեբաններ աշխատել են, իսկ վերջին երեք-չորս տարում հստակեցվել, կարևորվել և կիրառության մեջ է դրվել հոգեբան-քոուչի գործունեությունը՝ որպես աջակցություն ուսանողներին և ճանապարհ դեպի որակով կրթություն։ Հոգեբանի հիմնական առաքելությունը ոչ միայն ուսանողների հոգեբանական աջակցության ապահովումն է, այլև ամբողջ կրթական գործընթացի արդյունավետության բարձրացումը, դրդապատճառային ոլորտի վրա աշխատանքը։ Քոլեջի հոգեբանի հիմնական գործառույթներից է նաև ԿԱՊԿՈւ ուսանողների աջակցությունը։ Եթե մանրամասն ներկայացնենք հոգեբանի հիմնական աշխատանքային գորառույթները, ապա առաջին տեղում մասնագետի դիտարկումներն են, որոնք իրականացնում ենք դասաժամերին։ Քոլեջում մի սիրուն մշակույթ է ձևավորվել վերջին տարիներին. ուսանողները հաշտ են այն մտքին, որ դասաժամը վարող դասավանդողից զատ լսարանում պարբերաբար ներկա է նաև հոգեբան։
Կրթահամալիրի Քոլեջում տարիներ շարունակ նախագծային սկզբունքով գործարկվում է հոգեբանի ծառայությունը, և եթե համակարգենք նրա գործառույթներն ըստ մեր սահմանման, ապա կառանձնացնենք․
- Դիտարկում և հետազոտություն-դասաժամերի ընթացքում ուսանողների վարքի, ակտիվության և միջանձնային հարաբերությունների ուսումնասիրություն,
- Խնդիրների վերհանում, քննարկում — իրադարձությունների, դիտարկումների արդյունքների համադրում, ամփոփում,
- Վերլուծություն և խորհրդատվություն-հայտնաբերված խնդիրների հիման վրա համապատասխան աջակցություն և ուղղորդում,
- Աջակցություն ուսանողներին-անհատական կամ խմբային ձևաչափով,
- Համագործակցություն և զարգացում-դասավանդողների, ծնողների և վարչական անձնակազմի հետ միասին՝ ուսանողների առաջընթացի ապահովման նպատակով,
- Կարիքների մասին հարցումներ, վերլուծություն-ուսանողների, դասավանդողների, ծնողների և վարչական անձնակազմի համար նախատեսված հարցումների միջոցով կարիքների վերհանում։
Հոգեբանի (քոուչի) աշխատանքում, կախված թե ինչ ոլորտի հետ գործ ունի, առանձնացնում ենք կարևոր սկզբունքներ, կետեր, որոնց փորձում ենք հավատարիմ մնալ։ Այդ մասին կխոսենք հոդվածի երկրորդ մասում։ Իսկ ո՞վ է քոուչը, ում մասին մենք խոսում ենք հոգեբանի աշխատանքին զուգահեռ։ Քոուչը մասնագետ է, որը նպաստում է անհատի անձնական և մասնագիտական աճին, օգնում է ձևակերպել նպատակներ, բացահայտել ներքին ռեսուրսները, զարգացնել մոտիվացիան, ինքնավստահությունը և պատասխանատվությունը։ Քոուչը չի զբաղվում հոգեբանական խնդիրների լուծմամբ կամ թերապիայով, այլ կենտրոնանում է ներկայի և ապագայի վրա՝ ուսանողին օգնելով կայացնել որոշումներ, կառուցել գործողությունների պլան և հասնել իր նպատակներին։ Մեր կողմից կիրառվում է քոուչինգի հիմնական մոդելը ՝ նպատակ- իրականացում- ընտրանք-գործողություն հերթականությամբ։ Շատ ուսանողներ այս մոդելով առաջին իսկ հանդիպմանը գտնում են իրենց հարցերին լուծումները, և ճանապարհը հստակեցվում է։
Դեռահասների հետ մեր աշխատանքում կարևորում ենք հոգեբանի պարբերաբար ներկայությունը դասաժամերին, որի նպատակը ուսանողներին դիտարկելն է։ Այդ դիտարկումներն օգնում են բացահայտել ուսանողների ուսումնական վարքն ու դժվարությունները, ակտիվությունը, կրթական առաջընթացը, դրդապատճառները, հետաքրքրվածությունը մասնագիտությամբ և իմացական գործընթացների զարգացումը, ինչպես նաև միջանձնային փոխհարաբերությունները։ Դիտարկումներ անելը միայն հոգեբանի նախաձեռնությունը չէ․ այն իրականացվում է նաև դասավանդողների, կազմակերպչի, Քոլեջի տնօրենի նախաձեռնությամբ՝ ուսանողների այս կամ այն որակների դիտարկման, հարաբերությունների բացահայտման, կարգավորման նպատակով, քանի որ մեր առջև դրված հիմնական խնդիրը անհատական դիտարկումներն ու աջակցությունը չեն, այլ նաև խմբային մթնոլորտը, հարաբերությունները։ Այս փուլում շեշտը դրվում է նաև ուսանողների ռեսուրսների բացահայտմանն ուղղված դիտարկումների վրա, որոնք զգուշորեն շտկվում, ուղղորդվում են միջնորդավորված՝ որևէ դասավանդողի միջոցով։ Ի տարբերություն հոգեբանի, որը հաճախ աշխատում է անցյալի և հուզական խնդիրների հետ, քոուչը հիմնականում աջակցում է ուսանողին ինքնազարգացման և նպատակասլաց գործունեության ճանապարհին։ Ուսանողների հետ աշխատանքում այս մոտեցումը դրսևորվում է հատկապես այն դեպքերում, երբ ուսանողն ունի ուսումնական կամ մասնագիտական կողմնորոշման դժվարություններ, մոտիվացիայի բացակայություն կամ ինքնուրույնության պակաս։ Այս իրավիճակներում քոուչի գործառույթը դառնում է ուսանողի զարգացման ուղեկիցը՝ խթանելով նախաձեռնողականությունը, ընտրության պատասխանատվությունը և կայուն անձնային աճը։ Համաշխարհային կրթական փորձը, հատկապես մասնագիտական և տեխնիկական քոլեջներում, և քոուչի ներգրավումը գնալով ավելի տարածված և պահանջված երևույթներ են։ Սա վերաբերում է թե՛ զարգացած երկրներին (օրինակ՝ Նիդերլանդներ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա), թե՛ զարգացող երկրներին, որոնք ձգտում են բարելավել ուսանողների կրթական փորձը և մասնագիտական կողմնորոշումը։ Քոլեջում կարևորվում ենք նաև յուրաքանչյուր ուսանողի անհատական զարգացման դինամիկան։ Գնահատում ենք ուսանողի ներկա վիճակը, աջակցում ենք հուզական կայունության, ինքնագնահատականի բարձրացման և պատասխանատվության ձևավորման գործում։ Կարևորում ենք նաև ուսանողի ինքնուրույնությունը, երբ ուսանողն ինքն զգում է, որ այս կամ այն հարցում ինքն իրեն չի հասկանում՝ ունի ադապտիվ վարքի դժվարություն, ապրումներ, որոնց հետ չի հասկանում ինչպես վարվել․ նմանօրինակ դեպքերում ուսանողը ստանում է անհատական խորհրդատվություն։ Անհատական խորհրդատվություն ստանում են նաև ուսանողների ծնողները։ Այս հարցին մենք առավել քան լուրջ և պատասխանատու վերաբերմունք ունենք։ 2024-2025 ուսումնական տարում անհատական խորհրդատվություն, պարբերական հանդիպումներ, ուղղորդող խորհրդատվական հանդիպում, միջնորդավորված շտկողական աշխատանք և հոգեբանական ծառայություն ստացել է շուրջ 40 ուսանող։ Դիտարկվել են բոլոր առաջին կուրսի ուսանողները։ Այս աշխատանքների մասին որևէ բաց փաստաթուղթ չկա, քանի որ հոգեբանի աշխատանքի կարևոր էթիկական նորմն է գաղտնիությունը, որը յուրաքանչյուր մասնագետի կարևոր պարտավորությունն է։ Ըստ մեր ունեցած դիտարկումների և գրանցած տվյալների՝ 2023-2024 ուսումնական տարում հոգեբանի հետ անհատական հանդիպման դեպքերն առավել քիչ են։ 2024-2025 ուսումնական տարում ծառայությունից օգտվողների քանակն աճեց 30 %-ով, մեր աշխատանքում մեծացավ համագործակցությունը հոգեբան-դասավանդող-կազմակերպիչ-տնօրեն-ուսանող-ծնող ձևաչափով, քանի որ մասնագետի աշխատանքը ներառում է սերտ համագործակցություն ուսուցիչների, ծնողների և ղեկավարության հետ։ Նպատակն էր ստեղծել համախմբված կրթական միջավայր, որտեղ ուսանողը կզգա իրեն անվտանգ, գնահատված և մոտիվացված։ 2025-2026 ուսումնական տարում աշխատանքն առավել սահուն է, քանզի հոգեբանի աշխատանքային գործունեության շրջանակը հստակեցված և փորձով հաստատված է։ Ստացված արդյունքները գաղտնիության սկզբունքով ամփոփվում և քննարկվում են որոշակի պարբերականությամբ։ Կան անհատական դեպքեր, որոնք չեն քննարկվում նույնիսկ ծնողի հետ։ Սա հնարավորություն է տալիս ուսանողի մոտ ձևավորել վստահություն միջավայրի նկատմամբ, ինչպես նաև ապահովում է դասավանդողների և վարչական անձնակազմին ճիշտ կողմնորոշում ուսանողների կրթական ու վարքային առանձնահատկությունների մեջ և առավել արդյունավետ մեթոդների ընտրություն։ Մեր հաղթահարած խնդիրները բազմազան են՝
- ուսանող, ում ընտանեկան կարգավիճակը կրթվելու հետ անհամատեղելի է,
- ինքնորոշման, սեփական անձի ճանաչման դժվարությունով ուսանող, ով արդեն լուծել է իր խնդիրը,
- ուսանող, ով մոտիվացված չէր դասի գալու առաջին կուրսի առաջին ամիսներին, իսկ այժմ սովորում է մասնագիտական բարձր կուրսում և ունի մեծ հաջողություններ,
- անինքնավստահություն, ինքնամփոփություն դրսևորող ուսանող։
Մեր բոլորի ջանքերն անհաջողության են մատնվում միայն այն դեպքում, երբ ուսանողն ինքը չի օգնում մեզ իր խնդրի կարգավորման հարցում, իսկ մնացյալ բոլոր դեպքերում միասին հաղթահարում ենք առաջացած մանր ու մեծ խնդիրները․ սա ևս մեր հաղթանակած թիմային աշխատանքի արդյունքն է։
Այսպիսով՝ դեռահասների շրջանում ամենահաճախ հանդիպող դժվարությունները գլոբալ առումով կապված են հուզական դրդապատճառների անկայունության, ինքնագնահատականի նվազման, նպատակների անորոշության, հաղորդակցման դժվարությունների և անինքնավստահության հետ։ Հոգեբանի ներկայությունը կրթական միջավայրում թույլ է տալիս ժամանակին նկատել, մեղմել, կանխել այդ երևույթները՝ ապահովելով ուսանողների ներդաշնակ զարգացումը։ Սեբաստացի Քոլեջում հոգեբանի և քոուչի ներդրումը ոչ միայն արձագանքում է ուսանողների անհատական և կրթական կարիքներին, այլև հանդիսանում է կրթական մշակույթի նոր մակարդակի ձևավորման կարևոր հիմք։ Հոգեբանական ծառայությունը պարբերաբար վերաիմաստավորվում և հարմարեցվում է ժամանակի և ուսանողների կարիքների պահանջներին՝ ապահովելով ներդաշնակ, անվտանգ և առաջընթացին միտված կրթական միջավայր։
