«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող 2-4 տարեկանների խմբերն առանձնանում են յուրահատուկ  մոտեցմամբ՝ տարատարիք խմբերի ձևավորմամբ, ինչը նպաստում է ընտանեկան և ազատ  ստեղծագործական միջավայրի  ստեղծմանը։ 2–4 տարեկանների խմբասենյակները երեխայի բնական զարգացման, ազատ խաղի և պատասխանատու վերաբերմունքի դաստիարակման իրական միջավայր են։ Այստեղ ամեն ինչ մտածված է այնպես, որ սանը զգա իրեն ապահով, սիրելի և ինքնուրույն։ Խմբասենյակները լուսավոր և ընդարձակ են, իսկ դրանց շարունակությունը՝ բակ-պարտեզը, տարվա բոլոր եղանակներին դառնում է սաների ակտիվ գործունեության վայր։ Ամռանը և աշնանը երեխաները վայելում են բացօթյա լողավազանները, ջրային խաղերն ու լողը։ Գարնանը և ձմռանը բակը վերածվում է խաղային և աշխատանքային այգու, որտեղ սաները խնամում են բույսերը, հավաքում տերևները, մասնակցում միջավայրի մաքրմանը։ Այսպես ամեն օր ձևավորվում է պատասխանատվություն մաքուր և խնամված միջավայրի նկատմամբ։ Խմբասենյակի ներսը նույնպես 2-4 տարեկաների տարիքին համապատասխան է։ Մի կողմում գտնվում է փոքրիկ խոհանոցային անկյունը՝ անհրաժեշտ կահույքով, նստարաններով և սեղաններով, որտեղ երեխաները կարողանում են մասնակցել սննդի պատրաստման, կազմակերպման ողջ գործընթացներին։ Մյուս կողմում տեղադրված է մահճակալի բարձրությամբ հարթակ, որը ծառայում է տարբեր նպատակների։ Նշեցի մահճակալի բարձրությամբ, շատերդ կզարմանաք, բայց ասեմ, որ հարթակը 20 սանի անկողինների տարածքն է։ Կարիք չկա այլ պարտեզների նման 3 հարկանի մահճակալներ օգտագործել: Երբեմն էլ դաստիարակը անհանգստանա,որ սանը հանկարծ գլուխը կխփի անկողինների որևէ հատվածի։ Առավոտյան այն վերածվում է մարզական տարածքի, որտեղ անցկացվում են շարժողական խաղեր և մարմնամարզական վարժություններ, քնի ժամին այն մաքրվում է և դառնում հանգստի անկյուն․ սաները իրենց քնապարկերով քնում են հարթակի վրա՝ օրորոցային երաժշտության ներքո։ Սանհանգույցներն ու լվացարանները նախագծված են հատուկ փոքրիկների հասակի և կարիքների համար՝ ապահովելով հարմարավետություն, նաև խթանում են ինքնուրույնությունը։ Կրթահամալիրում միջավայրը սանի զարգացման գլխավոր գործոնն է։ Մինչև չորս տարեկան յուրաքանչյուր սան սովորում է ոչ թե պարապմունքներով, այլ հենց իր շրջապատի միջոցով՝ շփվելով, խաղալով, ուսումնասիրելով և ստեղծագործելով։ Այս ամենը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2–4 տարեկանների խումբը դարձնում է ոչ միայն մանկապարտեզ, այլ կենսական և բաց կրթական միջավայր, որտեղ ամեն օր «ծնվում է» հետաքրքրասիրություն, ուրախություն և ճանաչելու ցանկություն։ Արդյունքում այսպիսի  մոդելը, որը ձևավորվում է ծնող-դաստիարակ համագործակցության արդյունքում, արդեն իրեն արդարացրել է՝ դառնալով  կրթահամալիրի հաջողված այլընտրանքներից մեկը։ 

«Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի 2-4 տարեկանների խնամքի և զարգացման գործառույթները և առանձնահատկությունները

Տարատարիքի խմբերի կազմակերպում

Տարատարիք խմբերում ընտանեկան  միջավայր է, որտեղ ծնողն է ընտրում  դպրոց-պարտեզը։ 

Ծնողական արձագանք՝

Հեռվից եմ գալիս, բայց դա կապ չունի․ ուզում եմ, որ իմ երեխաները մեծանան դաստիարակված, ինքնուրույն, ազատ միջավայրում, առանց վախերի։ Կցանկանայի, որ Հայաստանի ամբողջ տարածքում բացվեն Բլեյանի դպրոց-պարտեզների մասնաճյուղեր։

Շատ ուրախ եմ, որ այստեղ սաները տարատարիք են․ այդպես մեկը մյուսի նկատմամբ ավելի հոգատար է դառնում։ Բոլորն իրենց «մեծ» են զգում և ավելի շուտ են ձեռք բերում ինքնուրույնություն։

Լավ է, որ քույրն ու եղբայրը կարող են լինել նույն խմբում․ հակառակ դեպքում ես անգամ չէի կարողանա աշխատանքի գնալ։ Ես միշտ ուզել եմ, որ իմ երեխաները մինչև դպրոց գնալը միասին մնան, միասին խաղան։ Տարատարիք խմբերն ինձ ոգևորում են․ ինչպես տանն են խաղում տարբեր տարիքի երեխաները, նույնպես էլ՝ պարտեզում։

Իմ փոքրիկը 2 տարեկան է, բայց պարտեզ հաճախելու շնորհիվ ավելի շուտ սկսեց խոսել։ Պատկերացնո՞ւմ եք՝ եթե նա գնար մի ուրիշ պարտեզ՝ 2 տարեկանների խումբ, որտեղ գրեթե ոչ ոք չի խոսում… Այստեղ նա, մեծերի հետ շփվելով, արագ զարգանում է։

Սա է կրթահամալիրի այլընտրանքը։ Ի վերջո, բոլորիս ընտանիքի անդամները  տարատարիք են , ոչ մեկը մյուսին չի խանգարում, հակառակը՝ օգնում է: Վերապատրաստվող դաստիարակները  միշտ բարձրաձայնում են, որ իրենք  աշխատում եմ միևնույն  տարիքի սաների հետ, ծրագրով խմբերը  բաժանված են ըստ  տարիքների: Շատ լավ, յուրաքանչյուր խմբում նույն  տարիքի հասակակիցներ են…Շրջելով այլ պարտեզներում` նկատում եմ, որ ի տարբերություն ավանդական  պարտեզների, որտեղ երեխաները բաժանվում են ըստ տարիքի և հիմնականում ժամանակն անցկացնում են  սեղանների շուրջ նստած՝ տաղավարներում կամ խմբասենյակներում, կրթահամալիրում  նախընտրում են կենդանի, ակտիվ, շարժուն միջավայր։ Այստեղ հավատացած եմ, որ 2, 3, 4, 5 տարեկան երեխաներին դժվար է երկար ժամանակ նստեցնել։ Նրանց բնական վիճակը  շարժումն է, բացօթյա խաղը, աղմուկը, ստեղծագործական անկանոնությունը, որն իրականում մանկան բնական զարգացումն է։ Դիտելով, թե ինչպես է երեխան  խաղում բակում՝ ծնողները նկատում են, որ յուրաքանչյուր փոքրիկ ընտրում է իր  սիրելի գործունեությունը. մեկը խաղում է հողի հետ, մյուսը գնդակով է զբաղված, մեկն էլ ինքնագլոր է վարում։  Սա է ազատ մանկության իրական դրսևորումը, որտեղ ոչ ոք հարկադրաբար  չի նստում նստարանին կամ  տաղավարում, այլ ապրում է լիարժեք մանկություն։ Այս փորձը ցույց է տալիս, որ տարատարիք խմբերը ոչ միայն  հնարավոր, այլև արդյունավետ են։  Դաստիարակներն ու ծնողները տեսնում են, թե ինչպես է երեխայի խոսքը, ուշադրությունը, հիշողությունն ու տրամաբանությունը զարգանում բնական փոխշփման և հոգատարության  միջոցով։ Միասին մեծանալով՝ երեխաները դառնում են ոչ միայն խաղընկերներ, այլ նաև սովորեցնողներ և սովորողներ՝ կյանքի ամենակարևոր դասերը յուրացնելով միմյանցից:

Ծնողը ցանկանում է, որ իր երկու երեխաները լինեն նույն խմբում: 2 տարեկան Գոռը մեր շատ սիրելի 5 տարեկան Մարիայի եղբայրն է։  Գոռը պարտեզի միջավայրին  շատ արագ հարմարվեց: Խելացի Գոռն իր քույրիկի ետևից միշտ ման է գալիս։ Հոգատար Մարիան ուշադիր է։ Գոռը համարձակ է, զսպված և  կազմակերպված։ Տարատարիք խմբում  Գոռն իրեն  վստահ ու ապահով է զգում, իսկ Մարիան իր դերում՝ որպես ավագ և օգնող, սկսում է դրսևորել առաջնորդության հմտություններ։ 
Հիմա շատ ծնողներ կանհանգստանան և  կասեն, եթե մեր երեխան քույրիկ կամ եղբայր չունի, դժվարությամբ է հարմարվելու պարտեզի  միջավայրին:  Իհարկե ոչ, սաները սիրում են կրկնoրինակել, փոքրերի նկատմամբ հոգատար վերաբերմունք են ցուցաբերում: Տարատարիք խմբում տարիքային տարբերությունը դառնում է փոխաջակցության, հոգատարության և զարգացման հիմք։ 2-4 տարեկանների խմբերում երեխաների հաղորդակցությունը դառնում է առավել հարուստ ու դինամիկ։ Ավագները ոչ միայն օգնում են փոքրերին՝ կերակրում, քնեցնում կամ պարզապես խաղով սատարում, այլև սովորեցնում՝ դառնալով նրանց ընկերը ։ Փոքրերն էլ, իրենց հերթին, սովորում են փորձով՝ ընդօրինակելով, կրկնելով, կրկնօրինակելով մեծերին։  Սա «սովորող-սովորեցնող» մոդելի ամենակենդանի, ամենակենսունակ դրսևորումն է։ 
Շրխկան համույթ
Սեբաստացի ընտանիք
Սեբաստացի Սամվելը
Սեբաստացի Գրիգորյանները

Տարատարիք համագործակցություն

Տարատարիք սանի, սովորողի համագործակցությունն իրականացրել ենք «Սովորող- սովորեցնող» նախագծի շրջանակում: Սեբաստացիական կրթական համայնքի կարևորագույն սկզբունքներից է  տարատարիք սովորողների ու սաների համագործակցությունը։ Այս համագործակցությունը ոչ  միայն խթանում է հաղորդակցությունը, պատասխանատվությունն ու նախաձեռնողականությունը, այլև ջերմ և ստեղծագործ մթնոլորտ է ստեղծում թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար։

Ձմռան մի օր սովորողներն եկան 2-4 տարեկանների խումբ և սկսեցին հոլ պտտեցնել։ Սաներն ուրախացած, զարմացած աչիկներով հիացած նայում էին, թե հոլն ինչպես էին պտտում։ Հետո սովորողները սիրով, հոգատարությամբ փորձում էին սաներին սովորեցնել, թե ինչպես հոլի վրա թելը հավաքել, ինչպես պահել ձեռքում հոլը և գցել, որ պտտվի։ Գրեթե 20 րոպե սովորողները խմբում էին, բայց որևէ ուսուցիչ խումբ դեռ չէր եկել։ Անհանգստացած հարցրի.
-Ձեր ուսուցչուհին գիտի՞, որ դուք այստեղ եք։
Միաժամանակ պատասխանեցին.
-Այո՛, մենք նախապես քննարկել ենք մեր նախագծերը:
Այդ պահին ինքս էլ հիացա. սովորողները ոչ միայն հստակ գիտեին իրենց գործողությունների  նպատակն ու արժեքը, այլև խորը գիտակցում էին  իրենց աշխատանքի  պատասխանատվությունը։ Նրանք հոգատարությամբ և սիրով էին կիսվում իրենց գիտելիքներով՝ միաժամանակ ուրախ ժամանակ անցկացնելով։ Սեբաստացիական կրթական միջավայրում երեխաները միայն չեն սովորում, նրանք ստեղծում են, համագործակցում, մեծանում՝ կիսելով սեր, բարություն և հոգատարություն։ Տարատարիք սաների ու սովորողների համատեղ խաղը  վերածվում է ուսուցման, շփման և սրտաբաց հարաբերությունների հրաշալի նախագծի:

Հոլ խաղը խաղալուց հետո սաները տուն էին գնացել և ծնողներից հոլ էին ուզել։ Հայրիկները ոգևորված սկսել էին խաղալ իրենց երեխաների հետ։ Հաջորդ օրը ծնողների արձագանքները մեկը մեկից ոգևորիչ էին․ «Գնացի մանկություն», «Ի՜նչ լավ է, որ մեր ազգային բակային խաղերն եք սերմանում ու տարածում», «Վա՜յ, ես արդեն մոռացել էի հոլի մասին։ Եթե տղաս չհուշեր… Շատ ապրեք։ Սրա համար եմ սիրում կրթահամալիրը․ միշտ պահպանում է մեր մշակույթը՝ խաղերը, երգերը, և յուրաքանչյուր գործունեություն վերածում է խաղ-ծեսի, որի արդյունքում սաները մեծանում են ազատ, ինքնուրույն և դաստիարակված»։

Վերջում էլ` երգ ու պար։

Տարատարիք խմբերի և սովորողների համգործակցությունը ողջ տարի է: Երաժշտության ուսուցիչ Տաթև Մանվելյանի 2-րդ դասարանի երաժշտության ընտրության սովորողներն իրենց «երաժշտական ճամպրուկը» բացեցին 2-4 տարեկաների խմբում։ Հենց ճամպրուկը բացեցին, երաժշտական գործիքները ճամպրուկից դուրս թռան, և սկսվեց իրական համերգը: Իսկական կախարդանք տեղի ունեցավ։ Փոքրիկներն ունկնդրեցին կրթահամալիրի գործիքային համույթի կատարումները։ 3 տարեկան Սոսեն միացավ սովորողներին և սկսեց նվագել: Համերգ, ուրախություն, մանկություն…

Մշակութային նախագծեր

Հիմա էլ ուզում եմ գրել տարատարիք «Նռանե» պարի խմբի մասին։ Տարատարիք «Նռանե» պարի խումբն ազգային մշակույթի կրողն ու տարծողն է: Պարուսույց Լաերտ Գրիգորյանի կազմակերպած սեմինար- պարապմունքներին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դաստիարակները, Քոլեջի Նախադպրոցական բաժնի ուսանողները ծանոթանում են պարերին և քննարկում են, թե ինչ մեթոդով յուրաքանչյուր դաստիարակ այն կներկայացնի, կխաղա ու կպարի տարատարիք խմբում։ Դե՛ ինչ, հաջորդ պարապմունքն արդեն պարուսույցի գլխավորությամբ անցկացնում ենք խմբասենյակում։ Պարում են 2-5 տարեկանները, դաստիարակները, ծնողական համայնքը` բեմադրելով «Կռնկավեր» պարը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը միշտ էլ առանձնացել է իր մշակութային մոտեցմամբ՝ սերնդեսերունդ փոխանցելով հայկական ծիսական երգերն ու պարերը, խաղերը ու ավանդույթները։ Այստեղ երեխաները սկսում են ազգային մշակույթին ծանոթանալ դեռ 2 տարեկանից՝ զարմանալի արագությամբ զարգացնելով իրենց երաժշտական, գեղարվեստական ճաշակը, շարժողական կարողություններն ու երևակայությունը։ Պարային գործունեության միջոցով երեխան սովորում է ոչ միայն տեղաշարժվել և լսել երաժշտություն, այլև լինել բարի, համերաշխ ու նախաձեռնող՝ իմանալով իր տեղն ու դերը կյանքում։

Ծնողական համայնք

Տարատարիք խմբում ձևավորված կապերն ու ընկերությունները չեն խզվում:Պարտեզում ձևավորված սերտ ու ջերմ հարաբերությունները մնում են ամուր, իսկ ավագ սաները շարունակում են այցելել իրենց նախկին խումբ՝ օգնելու, խաղալու և աջակցելու կրտսերներին։ Վերջերս անցկացրած «Քնի ծեսը» հենց այդ ջերմ հարաբերությունների վառ արտահայտությունն էր։ Ծեսը կազմակերպվել էր հինգ տարեկան երեխաների մասնակցությամբ, և հենց նրանք էին օգնում փոքրիկներին անկողինները պատրաստելու, կարգավորվելու և քնելու գործում։ Սաները բացում էին անկողիններն ու ուրախ ասում.

– Սա Արմենի անկողինն է:

– Սա էլ Դավիթինը:

Սովորողները ոչ միայն հիշում էին իրենց ընկերներին, այլև հստակ զգում էին նրանց ներկայությունը, կարոտը ու կապվածությունը։ Ավագ սաներն իրենց նախաձեռնությամբ փորձում էին քնեցնել փոքրերին։ Ոմանք պատմում էին հեքիաթներ, մյուսները շոյում էին կամ ուղղակի նստում էին կողքին։ Սերն ու ուշադրությունը ոչ ոքի պարտադրված չէր։ Արդյունքը հիանալի էր. երեխաները շատ ավելի հանգիստ ու արագ քնեցին՝ սիրով ու վստահությամբ։ Այսպիսի նախագծերը հստակ ցույց են տալիս, թե որքան կարևոր է միջավայրը երեխայի զարգացման գործում։ Երբ երեխան իրեն սիրված է զգում, երբ կողքին ունի օգնող և օրինակ հանդիսացող ընկերներ, նրա մեջ սերմանվում են ոչ միայն վարքային հմտություններ, այլ՝ մարդկային արժեքներ՝ սեր, բարություն, ընկերասիրություն և պատասխանատվություն։ Մենք հպարտ ենք, որ մեր պարտեզում մեծանում են ոչ միայն խելացի, այլև հոգով մեծ ու նրբազգաց երեխաներ։ Այսօր նրանք օգնում են միմյանց քնել, վաղը՝ միմյանց հասկանալ, իսկ ապագայում՝ աշխարհը մի փոքր ավելի բարի դարձնել։

Թումանյանական օրերին Մարինե Մարտիրոսյանի 2-րդ դասարանի սովորողներն ու 2-4 տարեկանները բեմադրեցին Հ.Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը։ Որպես մանկական ներկայացում՝ Հ.Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի բեմադրությունը շատ հետաքրքիր էր, քանի որ այն հնարավորություն է տալիս երեխաներին ցույց տալու, թե ինչպես են իրենք ընկալում և փոխանցում կատակերգական իրավիճակները։ Մարինե Մարտիրոսյանի ղեկավարած երեխաների բեմադրությունը միաժամանակ նաև սոցիալական շփման շատ կարևոր պահեր է ներառում։ Հեքիաթի մեջ տրված բացատրությունները, կերպարների արարքներն ու երևույթները երեխաներին հնարավորություն են տալիս քննարկել տարբեր սոցիալական արժեքներ՝ պատասխանատվություն, համերաշխություն, սեր և այլ գաղափարներ։ Հեքիաթի բեմադրումը կարող է նաև լինել հիանալի միջոց երեխաների համար ընդհանուր լեզու գտնելու, ստեղծագործական համագործակցություն զարգացնելու, իսկ բոլոր այն երեխաներին, որոնք խաղում են բեմում, դա կարող է շատ հուզիչ ու խրախուսող փորձ լինել։

Ծնողական ներգրավվածություն

Տարատարիք սաների և ծնողական համայնքի ուսումնական ճամփորդությունները միշտ հետաքրքիր են անցնում:
– Ոչ մի տեղ այսպիսի պարտեզ չկա,- հաճախ են ասում ծնողները։

Այլևս չենք գնա կենդանաբանական այգի: Կգանք ագարակ, այստեղ և՛ երխայի, և՛ մեծերի համար լավ պայմաներ են:

Անցած տարի երեխաս վախենում էր, չէր նստում ձիու վրա, բայց այս տարի արդեն մենակ է նստում:

Կրթական միջավայր, որտեղ միշտ պահպանվում է ազգային մշակույթը

Երգելով և ուրախ տրամադրությամբ
ճանապարհվեցինք դեպի Ագարակ։ Թոնրի կրակը հեռվից մեզ հիշեցրեց, որ պետք է շտապ խմորը գնդել և լավաշ, լոշիկ թխել։ Սաները նախապես իրենց հետ բերել էին գրտնակները։ Արագ կապեցին գոգնոցները և Հ. Թումանյանի «Ծիտը» հեքիաթը պատմելով` խմորը բացեցին, որ
թոնրում թխեն իրենց լոշիկները։
Այնուհետև գնացինք կենդանիներին կերակրելու։ Սաները և ծնողները տանից կենդանիներին կերակրելու համար սնունդ էին բերել Ագարակ։

Ճամփորդության վերջում նաև ձի քշեցինք և ուրախ-ուրախ վերադարձանք։

Կերկրում ենք կենդանիներին

Ձիավարություն

2-4 տարեկանների ծրագրում ձևավորվող սիրո, համբերատարության և հանդուրժողականության «արվեստը» դառնում է տարատարիք խմբերի բնական ու հզոր շղթա․ այն շարունակվում է ոչ միայն մանկավարժական միջավայրում, այլ նաև տարածվում է ծնողական համայնքում՝ ձևավորելով համագործակցության, փոխօգնության և համերաշխության կայուն մշակույթ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով