Հեղինակ՝ Ռեյմոնդ Սմալլիան
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան
-Ի՞նչ կարծիքի ես մի անգամ էլ շախմատի ակումբ այցելելու մասին,-մի քանի օր անց հարցրեց Հոլմսը։
-Հաճույքով,-պատասխանեցի՝ ակնկալելով մի նոր արկած։
Երբ հասանք ակումբ, մեզ անծանոթ երկու պարոն շախմատ էին խաղում։
Դիրքը հետևյալն էր․

Սպիտակ զինվորը անզգուշորեն դրված էր g2 և h2 վանդակների սահմանին։ Պատրաստվում էի հարցնել, թե որ դաշտում պետք է լինի զինվորը, բայց Հոլմսը ձեռքի շարժումով կանխեց։ Հասկացա, որ ցանկանում է տրամաբանորեն ստանալ պատասխանը և դրանով զարմացնել խաղացողներին։ Այդ պատճառով էլ լռեցի՝ անհամբեր սպասելով նրա խոսքին։ Սակայն Հոլմսը ոչինչ չասաց և նույնիսկ անհուսորեն մի երկու անգամ գլուխը թափ տվեց։
Այդ պահին սպիտակներով խաղացողը ձեռքը դրեց խաղաքարին՝ պատրաստվելով քայլ անելու։
-Մեկ րոպե, խնդրեմ,-արագ ասաց Հոլմսը,- կարո՞ղ եք ասել՝ այս պարտիան նորմալ էր։
—Նորմալ պարտիա՞, — զարմացած հարցրեց սպիտակներով խաղացողը։ — Սըր, հատկապես ի՞նչը նկատի ունեք նորմալ պարտիա ասելով։
-Նկատի ունեմ, — պատասխանեց Հոլմսը,- ընդամենը պարտիա, որում անցողիկ զինվորը փոխակերպվում է միայն թագուհու։
-Իհարկե,-ասաց սպիտակներով խաղացող պարոնը,- այս պարտիան հենց այդպիսին է, որն անվանում եք նորմալ։ Դեռ ավելին՝ պարտիայում ընդհանրապես ոչ մի զինվոր չի փոխակերպվել ուրիշ խաղաքարի։
-Օ,՜ այդ դեպքում թույլ տվեք,- ասաց Հոլմսը և սպիտակ զինվորը դրեց ճիշտ տեղը։
-Շնորհակալ եմ,- պատասխանեց սպիտակներով խաղացող պարոնը՝ պատրաստվելով պարտիան ավարտելու, բայց, հանկարծ, զարմացած նայեց Հոլմսին։— Սըր, իսկ որտեղի՞ց գիտեք։ Որտեղի՞ց գիտեք, թե որ վանդակում է կանգնած այս զինվորը։
-Դուք սիրահոժար ասացիք ինձ,-ծիծաղեց Հոլմսը՝ ակնհայտորեն բավականություն ստանալով իր փոքրիկ մոլորեցումից։
—Ե՞ս եմ ասել,-ավելի շատ զարմացավ խաղացողը։
-Իհարկե,- պատասխանեց Հոլմսը։ Հասկանալի է, որ ոչ բացահայտ, այլ ծածուկ ձևով։ Ինձ ուղղակի չեք ասել, այլ՝ ակնարկով։
Նման դիտողությունը քիչ բան էր բացատրում խաղացողներին, և Հոլմսը շարունակեց իր խոսքը․
-Արագ հասկացա, որ միայն տրված դիրքով հնարավոր չէ որոշել, թե որտեղ պետք է կանգնած լիներ զինվորը, ինձ լրացուցիչ տեղեկություն էր անհրաժեշտ։ Առաջինը՝ չգիտեի, թե որ կողմից են խաղում սպիտակները, չնայած, իհարկե, կարող էի լրիվ ընդունելի ենթադրություն անել այս հարցում։ Երկրորդը՝ չգիտեի, թե ում քայլն է։ Երրորդը՝ չգիտեի, թե պարտիայի ընթացքում զինվորները թագուհուց բացի ուրիշ խաղաքարի փոխակերպվել են, թե ոչ։ Երբ տեսա, որ ձեզանից մեկը ձեռք տվեց սպիտակ խաղաքարի՝ պատրաստվելով այն տեղաշարժել, իհարկե, հասկացա, թե որ կողմում են խաղում սպիտակները, և ում քայլն է։ Ինչ վերաբերում զինվորը ուրիշ խաղաքարի փոխակերպվելուն, ինքներդ սիրալիր ասացիք այդ մասին։ Ո՞րն է հանելուկը։
-Բայց այդ ամենը ի՞նչ կապ ունի զինվորի դիրքի հետ,-հարցրեց սևերով խաղացող պարոնը։
-Գիտեք, դա շատ պարզ է։ Հետևյալ կերպ դատեցի։ Վերջին քայլն արել են սևերը։ Ի՞նչ քայլ են արել։ Ակնհայտ է, որ պետք է քայլ արած լինեն արքայով կամ ձիերից մեկով։ Ձիերից ոչ մեկը չէր կարող քայլ արած լինել, քանի որ այն կլքեր այնպիսի վանդակ, որտեղից շախ կհայտարարվեր սպիտակ արքային։ Հետևաբար, սևերը քայլել են արքայով։ Պարզ է, որ նա չէր կարող տեղափոխվել ոչ b3 և d3 վանդակներից, ոչ էլ d2 վանդակից, քանի որ այդ դեպքում կլիներ երևակայական շախ սպիտակ փղի կողմից։ Ուրեմն արքան քայլել է b2 վանդակից՝ խուսափելով սպիտակ նավակի շախից։ Սպիտակներն ինչպե՞ս են այդ շախը հայտարարել։ Սպիտակները չէին կարող արքան շարժել b4 վանդակից, քանի որ այդ դեպքում երևակայական շախ կլիներ զինվորի կողմից։ Եվ, իհարկե, արքան չէր կարող տեղափոխված լինել b3 վանդակից։ Կարո՞ղ էր նավակն ինքը տեղափոխվեր c5, d5 կամ e5 վանդակներից և շախ հայտարարեր։ Հաշվի առնելով երկրորդ նավակի դիրքը b6 վանդակում՝ այդպես կարող էր լինել, եթե միայն նավակը վերցներ սև խաղաքար և շախ հայտարարեր։ Իսկ ի՞նչ խաղաքար։ Ձի չէր կարող լինել, քանի որ սևերի երկու ձիերն էլ տախտակին են, և սև զինվորը չի փոխակերպվել ուրիշ խաղաքարի։ Փիղն էլ չեն վերցրել, քանի որ սպիտակ վանդակներով շարժվող սև փիղը c8 վանդակում է։ Զինվոր նույնպես չէր կարող վերցված լինել, քանի որ a5 վանդակի զինվորը այդ վանդակում է հայտնվել c7 վանդակից, կնշանակի, որ e7, f7, g7 և h7 վանդակների զինվորները չէին կարող հայտնվել b5 վանդակում։ Նաև վերցվածը չէր կարող նավակ լինել, քանի որ a8 վանդակի նավակը չէր կարող դուրս գալ, և վերցված է եղել կա՛մ a8 վանդակում, կա՛մ b8 վանդակում, քանի որ c8 վանդակի փիղը, ինպես նաև a7, b7 և d7 վանդակների զինվորները քայլ չեն արել։ Մնում է դիտարկել վերջին տարբերակը՝ թագուհին։ Սակայն այս դեպքն էլ հնարավոր չէ, քանի որ թագուհին շախ կհայտարարեր սպիտակ արքային և չէր կարող այնպիսի վանդակից գալ, որտեղից այդ շախը չէր լինի, նույնիսկ, եթե ենթադրենք, որ թագուհուն հարվածող նավակը այդ ընթացում տեղափոխվել է e5 վանդակից։
Այսպիսով, սպիտակների վերջին քայլը չէր կարող լինել նավակ b5 քայլը։ Հետևաբար սևերը իրենց վերջին քայլում b2 վանդակից c2 վանդակ անցնելիս վերցրել են սպիտակների խաղաքարը, որը նավակի համար շախ է բացել։ Վերցված խաղաքարը կարող էր լինել կա՛մ b4 վանդակի ձին կամ b3 վանդակից փիղը։ Առաջին հնարավորությունը բացառվում է, քանի որ խաղատախտակին երկու սպիտակ ձի կա, և անցողիկ զինվոր չի փոխակերպվել ուրիշ խաղաքարի։ Հետևաբար, սևերը արքայով b2 վանդակից անցել են c2 վանդակը՝ վերցնելով փիղը։ Այդ փղի սկզբնական վանդակը f1-ն է, կնշանակի g2 և h2 վանդակների սահմանին կանգնած զինվորը պետք է լինի h2 վանդակում, հակառակ դեպքում փիղը չէր կարող լքել իր սկզբնական վանդակը։ Պարոնա՛յք, այս ամենը ապացուցում է, որ զինվորը պետք է կանգնած լինի h2 վանդակում։
-Զարմանալի դատողություն է,- նկատեց խաղացողներից մեկը։
-Ասացիք, որ շատ հե՞շտ էր,-հարցրեց սևերով խաղացողը։
-Հնարավոր է, — չարաճճի ասաց Հոլմսը, կարծես ներողություն էր խնդրում,-պետք է ասեի․ «Բավականին հեշտ է»։
-Պարոնայք, իրականում,-մեկ րոպե հետո շարունակեց Հոլմսը, -այս դիրքը գրեթե նույնական էր մի դիրքի, որ առաջ հանդիպել էի։
Հարևան ազատ սեղանին նա խաղաքարերը դասավորեց այսպես․

-Պայմանները նույնն են, հիմա սպիտակների քայլն է, և այս պարտիայում անցողիկ զինվոր չի փոխակերպվել ուրիշ խաղաքարի։ Նախորդ դիրքից տարբերությունն այն է, որ հիմա զինվորը կանգնած է g2 վանդակում, բայց մեկ ուրիշ զինվոր, որ սկզբում կանգնած էր c6 վանդակում, հիմա դրված է c6 և d6 վանդակների սահմանին։ ?Դրանցից ո՞ր վանդակում պետք է զինվորը լինի։
-Իհարկե d6 վանդակում,- վայրկենապես պատասխանեց խաղացողներից մեկը։ Նրան Ֆեգյուսոն էին անվանում, և հետո իմացանք, որ լավ տրամաբան է։
-Ինչո՞ւ,- հարցրեց Հոլմսը։
-Որովհետև, -պատասխանեց Ֆերգյուսոնը,- եթե c6 վանդակում լիներ, կստեղծվեր նախորդ դեպքի նման անհնար իրավիճակ։
-Հիանալի է,- ասաց Հոլմսը,- բայց կցանկանայի մի քիչ ավելին լսել։ Կցանկանայի իմանալ, թե ինչպես է d6 վանդակում, ոչ թե c6 վանդակում, զինվորի դիրքը ազատում անհնար իրավիճակից։
— Կարծում եմ, — պատասխանեց Ֆերգյուսոնը,- Ձեր հարցը բավականին ճշգրիտ չէ, որպեսզի կարողանամ ճշգրիտ պատասխան տալ։
-Ճիշտ է, ճիշտ է,- ասաց Հոլմսը։— Թույլ տվեք այսպես ձևակերպեմ հարցը․ «Ո՞րն է եղել սպիտակների վերջին քայլը»։
-Սա ճշգրիտ հարց է,-ասաց Ֆերգյուսոնը։ Թույլ տվեք մի քիչ մտածել։ Այո, շատ հաճելի է։ Հետևյալն է տեղի ունեցել։ Նախորդ դեպքի նման փաստարկով, եթե սևերը արքայով c2 վանդակում խաղաքար են վերցրել, այդ խաղաքարը կարող էր միայն փիղ լինել։ Սակայն այդտեղ չէր կարող փիղ լինել e2 և g2 վանդակներում կանգնած զինվորների պատճառով։ Հետևաբար վերջին անգամ սևերը արքայով քայլել են b2 վանդակից c2 վանդակը, բայց սպիտակ խաղաքար չեն վերցրել։ Նշանակում է սպիտակների վերջին քայլը եղել է նավակով, որը շարժվելով հորիզոնականով b5 վանդակում խփել է սև խաղաքար։ Ի՞նչ խաղաքար։ Նախորդ դեպքի նույն փաստարկով այն չէր կարող լինել զինվոր, ձի, փիղ կամ նավակ։ Սակայն զինվորի d6, ոչ թե c6 վանդակում գտնվելը անհիմն է դարձնում փաստարկը, որ այդ խաղաքարը չէր կարող թագուհի լինել։ Դա կարող էր լինել, և, իհարկե, պետք է լիներ թագուհի, որը տեղափոխվելով c6 վանդակից շախ էր հայտարարել սպիտակ արքային։ Սակայն վերջինը հնարավոր էր միայն այն դեպքում, երբ հիմա b5 վանդակում կանգնած նավակը այն ժամանակ եղել է c5 վանդակում։ Հետևաբար, վերջին քայլով սպիտակները նավակով c5 վանդակից եկել են b5 վանդակը՝ վերցնելով սևերի թագուհուն։
-Հիանալի դատողություն է,- ասաց Հոլմսը։ — Հուսով եմ, պարոն Ֆերգյուսոն, հաճելի կլինի կրկին հանդիպել Ձեզ։
Հոլմսի հետ արդեն պատրաստվում էինք դուրս գալ ակումբից, երբ նա կանգ առավ շախմատի սեղաններից մեկի մոտ, որի վրա կար անավարտ պարտիա և ասաց․ «Օհո, սա կարող է հետաքրքիր լինել»։

-Պարոնայք,-կանչեց նա,- եթե մեկ րոպեով մոտենաք, կարող ենք մի հրաշալի պարտիա էլ վերլուծել։ Այստեղ նորից զինվորի անորոշ դիրք է, բայց հիմա ոչ թե հորիզոնականով, այլ ուղղաձիգով։
-Մտածում եմ՝ հնարավո՞ր է տրամաբանորեն պարզել, թե որ վանդակում է գտնվում զինվորը։ Կարծում եմ՝ լիովին կարելի է ընդունել, որ սպիտակները գտնվում են այնտեղ, որտեղ պետք է լինեին։
Պետք է խոստովանեմ, որ սկզբում խնդրի լուծումն ինձ անհույս թվաց։ Սակայն մենք չորսով ուշադիր ուսումնասիրեցինք իրավիճակը և աստիճանաբար գտանք հետևյալ լուծումը։
Թագուհու թևի սպիտակ փիղը և արքայական թևի սև փիղը խփվել են իրենց սկզբնական վանդակներում։ Կնշանակի b6 և c6 վանդակներում խփվել են արքայական թևի փիղը և սպիտակների ձին, ընդ որում փիղը խփվել է c6 վանդակում։ Թագուհու թևի փիղը և սևերի ձին խփվել են սպիտակ զինվորով g3 վանդակում և f ուղղաձիգի վանդակներից մեկում(f4 կամ f5), ընդ որում պարզ է, որ f ուղղաձիգում խփվել է փիղը։ Черный слон ферзевого фланга мог выйти только после сбивания на сб.Թագուհու թևի սև փիղը կարող էր դուրս գալ միայն c6 վանդակում խաղաքար վերցնելուց հետո։ Հետևաբար արքայական թևի սպիտակ փիղը ավելի շուտ է խփվել, քան թագուհու թևի սև փիղը։ Զինվորը, որ գտնվում է f ուղղաձիգում, դուրս է եկել e2 վանդակից․ այն ավելի շուտ է քայլ արել, քան խփվել է արքայական թևի փիղը։ Զինվորը չէր կարող խփել f3 վանդակում, քանի որ թագուհու թևի սև փիղը դեռ չէր կարող այդտեղ լինել։ Հետևաբար, զինվորը սկզբում e2 վանդակից տեղափոխվել է e4 վանդակը և հետո խփել է թագուհու թևի սև փղին f5 վանդակում;
Քայլերի հաջորդականությունը եղել է հետևյալը․ զինվորը e2 վանդակից գնացել է e4 վանդակը, հետո դուրս է եկել արքայական թևի սպիտակ փիղը և խփվել է c6 վանդակում, հետո դուրս է եկել թագուհու թևի սև փիղը և խփվել է f5 վանդակում։ Այսպիսով, սպիտակ զինվորը պետք է լինի f5 վանդակում։
