19 տարեկան, 2 ամսական, 22 օրական
Ուրբաթ, 1 հունվարի, 1943 թ.
Մոռացել էի մի բան ասել։ Մայրս, բացելով սենյակիս դուռն ու ինձ անակնկալի բերելով հայելու առջև մերկ կանգնած, հարցրեց. «Էս ի՞նչ է պատահել։ Քո գեղեցկությամբ ես հիանո՞ւմ»։
19 տարեկան, 2 ամսական, 24 օրական
Կիրակի, 3 հունվարի, 1943 թ.
Տղամարդու սեռական օրգան` առնանդամ, անդամ, պոչ, ծիտիկ, պիպի և այլն, ամորձիներ` ձվեր, գեղձեր, լոլիկներ, խնձորներ, ընկույզներ և նման այլ անվանումներ։ Բառերի իսկական տեղատարափ այդ օրգանների սահմանման համար, որոնք անգամ ֆիզիոլոգներն են խորշում պատկերել։
19 տարեկան, 3 ամսական, 4 օրական
Հինգշաբթի, 14 հունվարի, 1943 թ.
Վիոլենի պատմության անսպասելի վերջաբանը․ ամեն ինչ սկսվեց փողոցում Էթիենի հետ վիճաբանությունից, ով «անբացատրելի» անվանեց իմ վերաբերմունքը իր ընկերոջ՝ Էրվեի քրոջ նկատմամբ։
— Աղջկան անկողին քաշ տալ ու նույնիսկ ձեռք չտա՞լ։ Հասկանո՞ւմ ես՝ դա ինչ աստիճանի ստորացուցիչ է։ Եվ հետո, ես ինչպե՞ս պիտի նայեմ Էրվեի աչքերին։ Չէ՞ որ հենց իմ խնդրանքով նա քեզ հրավիրեց։
Էթիենը կատաղած էր, ես էլ պատրաստ էի մի հարվածով ջարդել մռութը։ Բարեբախտաբար, նրա արտահայտություններից մեկն ինձ զսպեց։
— Իհարկե, նա՝ այդ աղջիկը, գեղեցկուհի չէ, բայց՝ առավել ևս։ Կարելի էր, չէ՞, շուտ մտածել, առաջին անգամը չէր որ տեսնում էիր նրան։ Ամիսներ շարունակ նա իր եղբոր հետ քո մասին էր խոսում։ Իսկ հիմա արդեն քանի օր է՝ լաց է լինում։
Էրվեն պատրաստ էր քեզ ուղղակի սպանել, ծերո՛ւկ, ես հազիվ հանդարտեցրի նրան։
Գեղեցկուհի չէ՞։ Վիոլե՞նը։ Դե հա, Վիոլենն իրեն տգեղ է համարում, նրան թվում է, թե իր դեմքը անհրապույր է ու չափազանց տափակ՝ ինչպես ծածանի մոտ (ինքն է այդպես ասում), իսկ դեմքը՝ չափազանց գունատ (դա էլ արդեն եղբայրն է ասում)։
— Դու էլ չե՞ս կարծում, որ նա մի քիչ տգեղ է։
Վիոլենը՝ տգե՞ղ։ Իհարկե ես այդպես չեմ կարծում։ Դե ո՛չ, ո՛չ։ Աստվա՛ծ իմ, և այդ գեղեցկուհին համոզված է, որ իրեն մերժել են տգեղության պատճառո՞վ։ Եվ ամեն ինչում մեղավորը ես եմ։ Նրան սարսափելի վիրավորեցի։ Վիոլենը միայնակտառապում է հայելու առջև։ Ճիշտ ինձ նման։ Նույն ամոթը, նույն սարսափը, նույն անգիտությունն ու մենությունը. ամեն ինչ՝ ինչպես ինձ մո՞տ։
19 տարեկան, 3 ամսական, 6 օրական
Շաբաթ, 16 հունվարի, 1943 թ.
Այս երեկո մեր միջև առաջացած սառույցը կոտրելու գովելի ցանկությամբ լցված՝ Էթիենն ընդգծեց իրավիճակի պարադոքսալ հումորային կողմը. մի եղբայր, որը կատաղած է այն բանից, որ իր քրոջը չեն պատվազրկել։ Շատ ժամանակակից է, սակայն։
Եվ այդտեղ ես ամեն ինչ նրան բացեիբաց պատմեցի։ Նա ինձ հասկացավ.
— Կուսությունիցդ չզրկվեցիրե՞իր։ Դե, արա ինչպես բոլորը՝ գնա հասարակաց տուն, դա հիանալի դպրոց է։
— Իսկ դու ինքդ գնացե՞լ ես։
— Ոչ։
— Իսկ Ռուա՞րը։
— Նույնպես ոչ։
— Իսկ Մալմե՞նը։
— Նա ասում է, որ չի ցանկացել, որովհետև մարմնավաճառը մարշալի կողմնակից է եղել։
Դրանով էլ սահմանափակվեցինք։
ՆՇՈՒՄ ԼԻԶՈՆԻ ՀԱՄԱՐ
Իմ թանկագին Լիզոն,
Այս անգամ՝ մի նշում համատեքստի վերաբերյալ։ «Այդ նույն ժամանակ», ինչպես ասվում էր քո մանկության կոմիքսներում, իսկ ավելի կոնկրետ՝ հունվարի 3-ին, Մարսելի Հին նավահանգստում տեղի էին ունենում հայտնի ահաբեկչությունները։ Մի ռումբ պայթեց գերմանացի զինվորների համար նախատեսված հասարակաց տանը, մյուսը՝ «Սպլենդիդ» հյուրանոցի ճաշասրահում։ Բազմաթիվ զոհեր եղան։ Դրան հաջորդեցին շրջայցերն ու ձերբակալությունները, որոնցից հետո անհետացավ ընկերս՝ Զաֆրանը, իսկ հետո գերմանացիները պայթեցրին Պանիե թաղամասը. կործանվեց մեկուկես հազար տուն, իսկ իմ ձախ ականջի թմբկաթաղանթը որոշ ժամանակով վնասվեց։ Հունվարի վերջին ստեղծվեց Ֆրանսիական միլիցիան, իսկ փետրվարից սկսեցին մարդկանց հարկադիր աշխատանքի քշել Գերմանիա։ Նրանց, ում այս վատթարացող հանգամանքները դեպրեսիայի մեջ էին գցում, Էթիենը բացատրում էր, որ ընդհակառակը՝ դրանում տեսնում է պատերազմի ընթացքի վճռորոշ շրջադարձի նշանը։ «Բոշերը» նյարդայնանում են, սա վերջի սկիզբն է։ Եվ նա իրավացի էր։
19 տարեկան, 6 ամսական, 9 օրական
Երկուշաբթի, 19 ապրիլի, 1943 թ.
Ճաշարանում համընդհանուր ծեծկռտուք է՝ Զաֆրանի անհետացման պատճառով։ Նրան պաշտպանող Մալմենը ծուղակն ընկավ։ Ստիպված էի լավ աշխատեցնել բռունցքներս, որպեսզի նրան ազատեմ։ Կարծում եմ՝ սեքսուալ նվաստացումը տասնապատկեց իմ էներգիան։ Պարոնա՛յք, վախեցեք թերարժեք կույսերից. նրանք պոտենցիալ մարդասպաններ են։ Դե, համենայն դեպս, այս գործում մարմինս կատարում է ուղեղիս ուղարկած բոլոր հրահանգները։ Բացի այդ, ինձ օգնեց էկորշեի մանրակրկիտ ուսումնասիրությունը, և ես կատաղի հաճույքով հարվածում էի հատկապես ցավոտ կետերին։ Օ՜, մարտի այս հարբեցումը, երբ քեզ անծանոթ է վախը։ Ռուարն իր ութսունութ կիլոգրամ մաքուր քաշով նույնպես վատ չդրսևորեց իրեն։ Հիմա մեզ կհեռացնե՞ն։ Հնարավոր է։ Քննությունս կհանձնեմ՝ որպես ազատ թեկնածու։ Եթե թույլ տան…
19 տարեկան, 6 ամսական, 13 օրական
Ուրբաթ, 23 ապրիլի, 1943 թ.
Տուն վերադառնալու ճանապարհին՝ գնացքում, հանդիպեցի Էտյենին՝ հեռացմանս հրամանը գրպանումս։ Էտյենը, ամենայն լրջությամբ, ասես հենց նոր էր այդ տեղեկությունը կարդացել ծնկներին բացված բժշկական ձեռնարկում, մեր կուպեի մյուս երեք ուղևորներին՝ երկու տղամարդու և մի կնոջ, հարցնում է՝ արդյո՞ք գիտեին, որ մեր սեռական համակարգի համար պատասխանատու նյարդերն ու զարկերակները կոչվում են ամոթույքային։
Մարդիկ գլուխները բարձրացնում են թերթերից, հայացքները կտրում պատուհանից երևացող տեսարաններից, հարցական նայում միմյանց և շփոթված ժպիտով խոստովանում են, որ, ոչ, այդ մասին չգիտեին։
Էտյենը, որի ձայնը դառնում է կտրուկ, պնդում է, որ ազգային հեղափոխության այս ժամանակներում դա պարզապես խայտառակություն է։ Նա նայում է ձեռնարկի շապիկին, բարձրաձայն կարդում հեղինակի անունը և հայտարարում, որ սեռական օրգանները, որպես ամոթի առարկա դիտարկելը, այն դեպքում, երբ Մարշալը ամեն կիրակի մեզ հորդորում է վերաբնակեցնել Ֆրանսիան, կանխամտածված հակահայրենասիրական կեցվածք է։
— Իսկ Դո՞ւք, պարո՛ն, այո՛, հե՛նց, Դուք, Ձեզ, կարծես, չի հետաքրքրում այս հարցը, — դիմում է նա ինձ՝ ասես մենք ծանոթ չենք, — ի՞նչ եք մտածում այս մասին։
Ես ձևացնում եմ, թե զարմացած եմ, ապա, հարցական հայացք նետելով մյուս երեք ուղևորներին՝ երկչոտ առաջարկում եմ, որ հիշյալ նյարդերն ու զարկերակները վերանվանվեն «Ազգային վերածննդի նյարդ» և «Բազմազավակ ընտանիքի զարկերակ»։ Ոչ ոք կատակը չի զգում. բոլորն ընդունում են մտահոգ դեմքի արտահայտություն և ամենայն լրջությամբ համաձայնում են։ Տիկինը նույնիսկ այլ առաջարկներ է անում։
Գարշելի ժամանակներ են։
19 տարեկան, 6 ամսական, 16 օրական
Զատկի երկուշաբթի, 26 ապրիլի, 1943 թ.
Ֆերմանտենը և երկու այլ տիպեր եկան մեր տուն՝ ինձ հավաքագրելու։ Ֆերմանտենը չգիտի վարժարանից հեռացվելուս մասին. կարծում է՝ արձակուրդում եմ։ Մայրս նրան ուրախությամբ ընդունեց և ուղարկեց իմ սենյակ։ Միլիցիայի համազգեստլվ ու բերետով կոմեդիա դել -արտեի կերպարի տեսք ուներ։ Միայն թե՝ ոչ ծիծաղելի։ Ես հենց այդ պահին պարապում էի՝ քննությանն էի պատրաստվում, և «կեցվածք ընդունելով» (ինչը սովորաբար ինձ զվարճացնում է ուրիշների մոտ), հին դպրոցական ընկերոջս հայտարարեցի, որ երբեք չեմ համալրի միլիցիայի շարքերը և հենց միայն այդ առաջարկը որպես վիրավորանք եմ ըմդունում։ Նա շրջվեց դեպի իր կամակատարները (նրանց չեմ ճանաչում, բայց մեկը նույնպես համազգեստով էր) ու ասաց.
-Վիրավորա՞նք։ Ամենևի՛ն։ Իսկ ահա սա՛ իսկական վիրավորանք է:
Ու թքեց դեմքիս։
Ֆերմանտենը միշտ թքում է՝ դա նրա մոտ մանկուց է։ Ես այն քչերից եմ, ում վրա նա դեռ ոչ մի անգամ չէր թքել, այնպես որ, եթե նրա թուքն ինձ անակնկալի բերեց, ապա գոնե չզարմացրեց։ Այդ պատճառով ինձ հաջողվեց պահպանել հանգստություն։ Նույնիսկ հոնքս չշարժեցի, չփորձեցի անգամ խուսափել։ Ես միայն լսեցի «թու»-ն, տեսա, թե ինչպես է թռչում թուքը, զգացի, թե ինչպես այն շրփաց ճակատիս ու սկսեց սահել ցած՝ քթիս ու այտոսկրիս արանքով. ազնվությամբ, կարծես գոլ ջուր ցանեին դեմքիս։Չսրբվեցի՝ կենտրոնանալով բուն զգացողության վրա (որը բավականին սովորական էր) և ուշադրություն չդարձնելով կատարվածի խայտառակ իմաստին։ Եթե շարժվեի, նրանք ինձ կծեծեին։ Թուքը մաշկի վրայով այնքան արագ չի սահում, որքան ջուրը։ Այն փրփրոտ է և առաջ է շարժվում ոչ թե սահուն, այլ ընդհատումներով։ Ու չորանում է առանց գոլորշիանալու։Կամակատարներից մեկը՝ նա, ով նույնպես համազգեստով էր (նրանք Ֆերմանտենի հետ զինված էին), ասաց, որ ամեն դեպքում իրենք միայն տղամարդկանց են ընդունում։ Ես ոչինչ չպատասխանեցի։ Զգում էի, թե ինչպես է բերանիս ձախ անկյունում դողդողում թքի մնացորդը։ Մի պահ մտածեցի, որ կարող էի լեզվիս ծայրով հավաքել այն ու հետ ուղարկել ուղարկողին , բայց չարեցի. իմ պահվածքը առանց այդ էլ ինձ վրա թանկ էր նստել։
— Մենք դեռ կհանդիպենք,— ասաց Ֆերմանտենը՝ աչքերը չկտրելով ինձնից։
Եվ դեպի դուռը հետ-հետ գնալով՝ թատերականորեն մատը պարզեց իմ ուղղությամբ ու կրկնեց.
— Մենք դեռ կհանդիպենք, պեդի՛կ։
Այս տողերը գրում եմ նախքան նորից գրքերիս առջև նստելը։ Վաղը մեկնում եմ Մերակ։
4.
21–36 ՏԱՐԵԿԱՆ (1945–1960)
Մոնայի սիրային կետադրությունը.
Ինձ վստահեք այդ ստորակետը, և ես այն կվերածեմ բացականչական նշանի։
ՆՇՈՒՄ ԼԻԶՈՆԻ ՀԱՄԱՐ
…
Իմ թանկագին Լիզոն,
Այս հարձակումից հետո դու կնկատես ,որ գրեթե երկու տարի բաց է թողնված:Բանն այն է, որ Ֆերմանտենն ու իր խմբակիցները, պատկերացնում ես, եկել էին Մերակ՝ ինձ փնտրելու, որպեսզի հաշվեհարդար տեսնեին հետս։
Բարեբախտաբար, Տիժոն (նա այն ժամանակ ինը տարեկան էր, բայց արդեն օժտված էր քեզ քաջ հայտնի մտքի այդ կայտառությամբ) նկատեց նրանց և ժամանակին ինձ զգուշացրեց, այնպես որ ես հասցրեցի ճողոպրել: Դրանից հետո ինձ, բնականաբար, ուրիշ ոչինչ չէր մնում, քան անցնել ընդհատակ:
Ինձ այնտեղ ներքաշեց Մանեսը։ Ես նույնիսկ չգիտեի, որ նա և Ռոբերը Դիմադրության շարժման մասնակիցնդր էին։Մանեսը, ձևացնելով, նրա հասցեին շատ վատ բաներ էր ասում, իսկ նա այն մարդկանցից էր, որոնց սովորաբար հավատում են առանց կասկածելու։ Եվ քանի որ նրանից նաև օկուպանտների մասին ոչ մի լավ խոսք չէին լսել, նրան համարում էին մի տեսակ մարդատյաց, որի հետ ավելի լավ է գործ չունենալ։ Մանեսի՝ կուսակցությանն անդամակցելը հետագայում ինձ համար դարձավ ամենամեծ անակնկալներից մեկը։ Սակայն նա մինչև վերջ մնաց կոմունիստ՝ չնայած Բեռլինյան պատին, Հունգարիային, Գուլագին, ապաստալինացմանը. չնայած ամեն ինչին։ Մանեսը շատ չէր խորհում։
Եթե ես ձեզ երբեք չեմ պատմել իմ երիտասարդության այդ շրջանի մասին, պատճառն այն է, որ, ի վերջո, ես ընդամենը հանգամանքների բերումով դարձա դիմադրության շարժման մացնակից։Առանց Ֆերմանտենի այդ փոքրիկ խմբի, ես հավանաբար կշարունակեի հարվածել իմ ավազե պարկին ու քրքրել գրքերս մինչև ռազմական գործողությունների ավարտը։ Փայլել ուսման մեջ, ստանալ դիպլոմներ, նվաճել բարձր դիրք. սա էր այն տուրքը, որ պետք է մատուցեի հորս հիշատակին։ Բայց հաստատ ոչ պատերազմի մեջ մտնելը։ Նա կանիծեր ինձ։
«Այն, ինչ ինձ ամենից շատ է վշտացնում մարդկանց մեջ,— ասում էր նա,— այն չէ, որ մարդիկ անդադար սպանում են միմյանց, այլ այն, որ դրանից հետո նրանք շարունակում են ապրել»։
Մի թքի հարվածը բավական էր, որպեսզի ես նետվեի այդ հորձանուտի մեջ։ Իմ ներգրավվածությունը պայմանավորված է բալիստիկայի օրենքներով, և ոչ ավելին։Կարճ ասած՝ 1943 թվականի գարնանից մինչև 1945 թվականի գարունը (երբ ես միացա Դե Լատրի բանակին) ստիպված եղա դադարեցնել ուսումս և որոշ ժամանակով թողնել այս օրագիրը։ Մեր գրությունները երկար հետք են թողնում մեր հետևից, ինչը լավ չի համատեղվում ընդհատակյա գործունեության հետ։ Ինչքան՜ ընկերներ զոհվեցին զանազան գրառումների պատճառով։ Ոչ մի օրագիր, ոչ մի նամակ, ոչ մի նշում, ոչ մի նոթատետր՝ ոչ մի հետք։ Հատկապես երբ քեզ վստահված է կապավորի առաքելությունը, որը ես կատարել եմ վերջին տաս ամիսների ընթացքում։
Այդ շրջանում ես կորցրեցի ամեն տեսակ հետաքրքրություն իմ մարմնի նկատմամբ: Նկատի ունեմ՝ որպես դիտարկման օբյեկտի: Նրան փոխարինելու եկան այլ, ավելի կարևոր բաներ: Օրինակ՝ ողջ մնալը, առաջադրանքները և ինձ վրա դրված առաքելությունը հստակ կատարելը, անգործության երկար շաբաթների ընթացքում, չնայած ամեն ինչին, ծայրահեղ զգոնությունը պահպանելը:
Ընդհատակայինի կյանքը կոկորդիլոսի կյանք է: Մինչև պատեհ պահը անշարժ նստում ես որջումդ, հետո դուրս ես թռչում, հարվածում, արագ հետ սուզվում ու նորից սպասում: Հարվածների արանքում չթուլանալ,, նյարդերը լարված պահել, մարզվել, լինել միշտ զգոն: Արտաքին վտանգներն օգնում են սանձել մարմինն իր փոքրիկ անակնկալներով։
Չգիտեմ՝ արդյոք որևէ մեկը հատուկ զբաղվել է պարտիզանական պատերազմների ժամանակ առողջության հարցերով, բայց ակնհայտ է, որ այս թեման խոր ուսումնասիրության կարիք ունի։ Իմ զինակիցների շրջանում գրեթե հիվանդներ չկային։
Ինչեր ասես, որ չհանդուրժեցին մեր մարմինները՝ սով, ծարավ, զրկանքներ, անքնություն, մինչև ուժասպառություն հասնող հոգնածություն, վախ, մենություն, բանտախցեր, թախիծ, վերքեր… և ոչինչ, նրանք անտրտունջ տանում էին այդ ամենը։ Մենք չէինք հիվանդանում։ Դե, գուցե պատահական դիզենտերիա կամ մրսածություն, որոնց հարցերը արագ լուծում էինք. ծառայողական անհրաժեշտությունից դրդված.. լուրջ ոչինչ։ Մենք քնում էինք դատարկ ստամոքսով,, քայլում էինք արնահոսող ոտքերով, մեզ վրա նայելը սարսափելի էր, բայց մենք չէինք հիվանդանում։ Չգիտեմ՝ իմ դիտարկումը վերաբերո՞ւմ է բոլոր պարտիզանական ջոկատներին ,բայց իմ խմբում հաստատ այդպես էր։
Նույնը չէիր ասի այն տղաների մասին, ում բռնի տարել էին Գերմանիա աշխատելու:Նրանք կոտորվում էին ճանճերի պես։ Դժբախտ պատահարներ աշխատանքի վայրում, դեպրեսիա, համաճարակներ, վարակիչ հիվանդություններ, ինքնավնասումներ ,որոնց դիմում էին նրանք,ովքեր ուզում էին խուսափել աշխատանքից. այս ամենը պարզապես հնձում էր մարդկանց։ Անվճար աշխատուժը իր առողջությամբ էր վճարում մի աշխատանքի համար, որին պետք էր միայն իրենց մարմինը։ Իսկ մեզ մոտ իշխում էր ոգին։ Կապ չունի, թե ինչպես այն կանվանեինք՝ դիմադրության ոգի, հայրենասիրություն, ատելություն թշնամու հանդեպ, վրեժի ծարավ, քաղաքական իդեալներ, եղբայրություն, ազատագրական պայքար… ինչ էլ որ լիներ, դրա շնորհիվ մենք առողջ էինք մնում։ Մեր ոգին մեր մարմինը հանձնում էր մեծ մարտական մարմնի լիակատար տնօրինմանը։
Իհարկե, դա չէր բացառում մրցակցությունը. ամեն քաղաքական ուղղություն յուրովի էր պատրաստվում խաղաղ կյանքին, ուներ իր պատկերացումը, թե ինչպիսին կլինի ազատագրված Ֆրանսիան։ Եվ այնուամենայնիվ, զավթիչների դեմ պայքարում Դիմադրությունը, չնայած իր բազմազանությանը, ինձ միշտ ներկայացել է որպես միասնական օրգանիզմ՝ մի մեծ ընդհանուր մարմին։ Երբ խաղաղությունը հաստատվեց, այդ մեծ մարմինը տրոհվեց, և մեզնից յուրաքանչյուրը նորից դարձավ բջիջների մի առանձին կույտ՝ իր սեփական հակասություններով։
Պատերազմի վերջին շաբաթներին ես ծանոթացա Ֆանշի հետ, որին դու այդքան սիրեցիր։ Չլինելով բժիշկ՝ նա բնատուր վիրաբույժ էր և իր տաղանդը կիրառում էր մի լքված աղյուսի գործարանում, ուր մենք բերում էինք մեր վիրավորներին։ Ինչպես գիտես, հենց նրա շնորհիվ ես պահպանեցի ձեռքս։ Բայց կա մի բան,որ դու չգիտես. ես նրան սովորեցրել էի Վիոլետի «լսողական անզգայացման» մեթոդը, որը նա հետագայում հաջողությամբ կիրառում էր։ Նա այնպիսի վայրի ձայնով էր գոռում մեզ վիրակապելիս, որ ցավը նահանջում էր դեպի ուղեղի ամենախորքերը։
Եվս մի բան, որ դու չգիտես․ չնայած իր քառակուսի գլխին, շեղ աչքերին, բրետոնական առոգանությանը և մարտական բնավորությանը՝ Ֆանշը քեզնից կամ ինձնից ավելի բրետոնացի չէր։ Իրականում նրա անունը Կոնչիտա էր․ նրա ծնողները՝ Բրետանիայում հաստատված իսպանացի փախստականներ էին ,ովքեր նրան վերանվանել էին Ֆրանսուազ՝ մեր երկրի հանդեպ երախտագիտությունից ելնելով։ Իսկ Ֆանշը արական կրճատված անուն է, որը նրան տվել էին նրա բրետոնացի ընկերները՝ ի նշան նրա զուտ տղայական խիզախությունների։
21 տարեկան, 9 ամսական, 4 օրական
Շաբաթ, 14 հուլիսի, 1945 թ.
…
Ֆրանսիայի Հանրապետության ժամանակավոր կառավարության անունից, ինձ վերապահված լիազորություններով…
Ինչու՞ էի լաց լինում արարողության ժամանակ։ Ես չէի լացել Վիոլետի մահվանից ի վեր։ Միայն ցավից՝ վերջին շրջանում, ջախջախված արմունկիս պատճառով։ Կարճ ասած՝ ես լաց էի լինում առանց թաքնվելու ողջ արարողության ընթացքում. լաց էի լինում երկար, առանց հեկեկոցների, կարծես ազատվում էի արցունքներից և նույնիսկ չէի էլ փորձում սրբել դրանք։ Ես դեռ դատարկվում էի, երբ նա պարգևատրեց մեզ՝ ինձ և Ֆանշին։ Նա բնավ չնեղվեց դրանից և ինձ ասաց որ հիմա իսկական տղամարդ եմ ․ «Դուք լիակատար իրավունքով կարող եք այդպես կոչվել»։
Թեև ես կպչուն էի՝ ինչպես կպչուն թուղթը, նա ինձ ջերմորեն գրկեց։ Եվ, ինչպես ես, դրանից հետո չսրբվեց։Ահա թե ինչ է հերոսությունը, ի վերջո։
Երկու տարվա ընդմիջումից հետո ես ուզում եմ ամենից առաջ հենց այս արցունքների մասին գրել այստեղ։ Ամենից ճիշտ կլիներ ասել, որ մարմինս իր միջից դուրս թափեց բոլոր այն արցունքները, որոնք հոգիս կուտակել էր այս աներևակայելի սպանդի տարիներին։ Մեր անհատականությունից որքա՜ն բան է դուրս հոսում արցունքների հետ։ Լաց լինելով՝ մենք դատարկվում ենք շատ ավելի մեծ չափով, քան միզելիս. լվացվում ենք շատ ավելի լավ, քան ամենամաքուր լճում լողալիս. հոգուց հանում ենք բեռը՝ այն նետելով ժամանման կառամատույցին։ Հենց որ հոգին անցնում է հեղուկ վիճակի, կարելի է տոնել մարմնի հետ հանդիպումը։ Իմ մարմինն այս գիշեր, անկասկած, կքնի։
Կարծում եմ՝ ես լաց եղա թեթևացումից։ Ամեն ինչ ավարտվեց։ Ճիշտն ասած՝ այն ավարտվել էր դեռ մի քանի ամիս առաջ, բայց կյանքի այս շրջանը վերջնականապես փակելու համար ինձ պետք էր այս արարողությունը։ Վերջ։ Դրա համա՛ր Նա ինձ պարգևատրեց՝ իմ դիմադրության ավարտի համար։ Կեցցե՜ն արցունքները։
21 տարեկան, 11 ամսական, 7 օր
Երկուշաբթի, 17 սեպտեմբերի, 1945 թ.
Վերսկսեցի նախապատրաստվել մրցույթին։ Մտավոր աշխատանքի հետ կապված բոլոր ֆիզիկական զգացողություններն անմիջապես ետ վերադարձան ։Գրքերի հնչուն լռությունը, էջերի փափուկ մակերեսը՝ մատների բարձիկների տակ , փետրե գրչի ճռճռոցը թղթի մանրաթելերի վրա, սոսնձի սուր հոտը, թանաքի փայլը, անշարժ մարմնի ծանրությունը, ոտքերի ծայրերին առաջացած թմրածությունը՝ չափազանց երկար ոտքերը խաչած մնալուց, որն ինձ հանկարծ ստիպում է վեր թռչել ու հարվածել բռնցքամարտ պարկին՝ ցատկոտելով ու պարելով. ուղիղ հարված աջով, ուղիղ ձախով, կրոս,ապերկոտ,կարճ ուղիղ հարվածների շարք (իհարկե, ձախ ձեռքս մինչև վերջ չի բացվում, բայց կեռիկներն ու ապերկոտները մոտս վատ չեն ստացվում): Գլխումս բզզում են բռնցքամարտի ռիթմով արտասանվող բանաստեղծությունները, պտտվում են դարավոր վաղեմության նախադասությունները, իսկ ոտքերս դեռ պարում են, բռունցքներս հարվածում են պարկին, քրտինքը հոսում է վրայովս…լվացքի տաշտից վերցրած պաղ ջուր ՝ ցողվի՛ր, չորացի՛ր, հագի՛ր շապիկդ, գործի՛ անցիր, ի գործ. դարձյալ անշարժություն, տողերի վրայով սավառնելու այս զգացողությունը։Ես նման եմ բազեի, որն նշանառության տակ է առնում տպագիր էջի հսկա դաշտը. թաքնվե՛ք, սիրելի գաղափարներ, դուք իմ որսն ու կերակուրն եք, ես ձեզ ոչ միայն ուտելու եմ, այլև մարսելու եմ՝ դարձնելով իմ ուղեղի մի մասնիկը։Գրողը տանի, ո՞ւր եմ հասել… Այսօրվա համար հերիք է, կոպերս ծանրացել են, կարծես ավազով լցված լինեն, գրիչս չի ենթարկվում: Քնենք: Պառկենք հենց գետնին ու քնենք:
21 տարեկան, 11 ամսական, 10 օրական
Հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 1945 թ.
Դադար վերցրի և վերընթերցեցի այս օրագրի մեծ մասը։ (Տետրերն օրերս ինձ վերադարձրեց Տիժոն։ Դրանք պահված էին նրա մոտ, բայց նա «ոչինչ չի կարդացել, ազնիվ խոսք»։) Զարմանքով ու հուզմունքով գտա Դոդոյի մասին գրառումները։ Դոդոյին, որին ես հորինել էի, երբ ապրում էի մորս հետ, որպեսզի ընկեր ունենայի։Դոդոն իմ հորինված փոքր եղբայրն է, որին ես սովորեցնում էի միզել և ուտել այն, ինչ նա չէր սիրում։ Դոդոն, որին ես տոկունություն էի սովորեցնում, որին դասավանդում էի սեքսի հիմունքները՝ «ձեռնաշարժությամբ զբաղվիր , փոքրի՛կ Դոդո, մեջս հեղուկը եռում է»։ Դոդոն, որին ես կամաց-կամաց տրամադրում էի մայրական գոռոզ, ստահոդ, պոռոտախոս հիմարության դեմ։Չեմ կարող ասել, թե Դոդոն ես էի, ո՛չ, բայց նա մարմնավորման համոզիչ վարժություն էր։
Ես ինձ այնքան անկենդան էի զգում՝ այնքան «չապրող»՝ մահացող հորս կողքին, այդ ամբողջ ստի մեջ, որը մայրս «կյանք» էր անվանում. կյանքը սա չէ, կյանքը նա չէ…
Որքան էլ որ նա երևակայական էր, Դոդոյի փխրուն փոքրիկ մարմինը (ես լսում էի նրա շնչառությունը քնի մեջ իմ կողքին, երբ վախը նրան ստիպում էր իր մահճակալից իմը տեղափոխվել) անհամեմատ ավելի իրական էր ու շոշափելի, քան «կյանքը»՝ ըստ սուրբ Մայրիկի։Հիմա, երբ գրում եմ այս տողերը, ինձ թվում է, որ վերջին բոլոր տարիներին, լսելով մարշալ Պետենի ձայնը, ես լսում էի մորս։ Այն ամենը, ինչ նա ասում էր ռադիոյով կյանքի ու Հայրենիքի մասին, նույնքան քարացած, դարավոր, վախկոտ, կեղծավոր ու ծիծաղելի սուտ էր։ Իմ միջի Դոդոն էր, որ անդամագրվեց Դիմադրության շարքերին։ Դոդոն էր, որ արժանացավ պարգևի։ Եվ առնվազն կարող եմ վստահ լինել, որ նա դրանով չի հպարտանա։
22 տարեկան, 3 ամսական, 1 օրական
Ուրբաթ, 11 հունվարի, 1946 թ.
Որքա՜ն հաճելի է նորից զգալ սուրճի համը՝ տարիներ շարունակ միայն եղերդակ խմելուց հետո: Սև սուրճ՝ թունդ ու դառը: Համային զգացողությունների այս հարվածը, որին հաջորդում է գոհունակ ճպոցը: Այս այրոցը կրծոսկրի հետևում, որը թարմացնում ու խթանում է, արագացնում սրտի զարկերն ու աշխուժացնում նյարդային բջիջները: Թեև, եթե անկեղծ լինենք, այն հաճախ տհաճ համ ունի: Պատերազմից առաջ այն ավելի համեղ էր: Բայց ինչո՞ւ այսօրվա սուրճն այնքան լավը չէ: Գուցե դա կարո՞տն է անցյալի հանդեպ:
22 տարեկան, 5 ամսական, 17 օրական
Չորեքշաբթի, 27 մարտի, 1946 թ.
Մղձավանջների մասին: Վերջին երկու տարիներին դրանք ինձ գրեթե չէին այցելում: Բայց խաղաղ կյանքին վերադառնալուն պես դրանք նորից անցան հարձակման: Ես դրանք չեմ համարում իմ գիտակցության ծնունդ. դրանք ընդամենը ուղեղային թափոններ են: Որոշեցի ընտելացնել դրանք գրառումների միջոցով: Մահճակալիս կողքին բլոկնոտ եմ դնում և հենց արթնանում եմ, գրի եմ առնում հերթական մղձավանջը:
Այս սովորությունը երկակի իմաստ ունի. նախ՝ այն թույլ է տալիս մղձավանջները ձևակերպել որպես պատմվածքներ, և երկրորդ՝ այդպես դրանք զրկվում են ինձ վախեցնելու կարողությունից։: Վախի առարկայից դրանք վերածվում են հետաքրքրության առարկայի. կարծես գիտեն, որ ես սպասում եմ իրենց թղթին հանձնելու համար և , ա՛յ քեզ հիմարներ , դա պատիվ են համարում: Հենց այս գիշեր, ամենասարսափելի մղձավանջներից մեկի ժամանակ, ես հստակ մտածեցի. «չմոռանալ սա գրի առնել, արթնանալիս»: Տվյալ դեպքում «սա»-ն Ռոզանի ժանդարմի պոկված բազուկն էր, որը ինչ-որ բան էր գրում երկնքի վրա:
22 տարեկան, 6 ամսական, 28 օրական
Չորեքշաբթի, 8 մայիսի, 1946 թ.
Հաղթանակի առաջին տարեդարձը։ Կարելի է կարծել, թե ի պատիվ տոնի՝ բոլոր այն հիվանդությունները, որոնք ինձ չէին դիպչել պայքարի այս ամիսների ընթացքում, միանգամից հարձակվեցին վրաս. հարբուխ, որովայնի ցավեր, անքնություն, մղձավանջներ, տագնապներ, տենդի նոպաներ, հիշողության խանգարումներ (կորցրել եմ ժամացույցս ու դրամապանակս, կորցրել եմ Ֆանշի հասցեն, Սվետոնիոսի վերաբերյալ դասախոսություններս, բոլոր գործնական աշխատանքներս և այլն)։Կարճ ասած՝ մարմինս սանձարձակ է դարձել։ Այն կարծես որոշել է վերադառնալ ելման կետին՝ այն վտիտ երեխային, որը ես էի ժամանակին։ («Ոչինչ չկա,- ասում էր Վիոլետը,- պարզապես նյարդերդ են»)։Փաստն այն է, որ այս առավոտ արթնանալիս նյարդերս լարված էին, քիթս՝ փակ, փորս՝ թուլացած, կոկորդս՝ սեղմված, իսկ ջերմությունս՝ 38,2 աստիճան։ Մրսել երեք տակ վերմակի տակ և լուծ ընկնել հիանալի մսով և բանջարեղենով ապուրից հետո… մի՞թե մարմինս ընդվզում է վերագտնված հարմարավետության դեմ։ Ինչ վերաբերում է տագնապին, երկու ժամվա աշխատանքը բավական եղավ, որպեսզի կոկորդս սեղմող գունդը հալվի. հին ու բարի Պլինիոսի թարգմանությունն ինձ հանդարտեցրեց։ Փոխարենը՝ փորլուծությունն ինձ ուժասպառ է արել, և ես հազիվ եմ կարողանում ուժ հավաքել։
Կեցցե՜ պատերազմը՝ որպես առողջության գրավական։ Ամեն դեպքում, այն երկու տարիների ընթացքում, երբ ես պտտվում էի մահվան պարի մեջ, աշխարհն էր նյարդայնանում իմ փոխարեն։
23 տարեկան
Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 1946 թ.
Հասնելով Փարիզ՝ մտա Ֆանշի մոտ։ Վաղը նախարարությունում հարցազրույց ունեմ։ Ֆանշը հարցրեց, թե որտեղ եմ պատրաստվում գիշերել։
-Հյուրանոցում՝ տասնչորսերորդ թաղամասում։
-Քանի դեռ ես ողջ եմ, փոքրիկս, ոչ մի հյուրանոց, այն էլ քո ծննդյան օրո՞վ։ (Տե՛ս հա,, հիշում է)։
Նա ինձ տանում է Ռոշեշուար բուլվար՝ մի բռնագրավված բնակարան, որտեղ բնակվում են մի կես տասնյակ երաժիշտներ։ Գինի՝ ինչքան ուզես, ուտելիք՝ չկա, անվերջանալի զվարճանք և ոչ մի ողջախոհություն։
-Դե ինչ գնացինք։
Ինչ-որ պահի նրանք ողջ խմբով տեղից պոկվում են ու ուղևորվում պանդոկ։ Ֆանշը մոտակայքում՝ Օբերկամպֆ փողոցում, մի ռմբապաստարան գիտի, որը վերջերս վերածվել է հիանալի մառանի։
-Դե, գնա՛նք։ Ես տատանվում եմ։ Հոգնած եմ։ Մարմինս ցավում է գնացքից հետո։ Վաղվա հարցազրույցը վտանգելու մասին խոսք լինել չի կարող։ Եթե ձախողեմ, ինձ մնում է միայն վերադառնալ իմ հետնախորշը։
-Ոչ, շնորհակալություն, ես քնում եմ։
Ֆանշն ինձ ցույց է տալիս սենյակը, մահճակալը՝ այստեղ է։
-Լոգանք ուզո՞ւմ ես ընդունել։
-Լոգա՞նք։ Իսկական լոգարանո՞ւմ։ Միթե հնարավոր է։ Այնտեղ ես վերստին հավաքում եմ տասնյոթժամյա երկաթուղային ճանապարհից փոշիացած մարմինս։ Լոգանքից հետո անմիջապես քնում եմ՝ մերկ ու տաք։
Արթնանում եմ կեսգիշերին։ Ինչ-որ մեկը սողոսկում է վերմակիս տակ։ Մի մարմին՝ նույնքան մերկ ու տաք, որքան իմը, թմբլիկ, ակնհայտորեն կանացի։ Երեք բառ. «շշշ, մի շարժվիր, ես ինքս», և հետո նա հարձակվեց վրաս։ Արդեն զգում էի, թե ինչպես իմ մարմինը արձագանքում էր նրան, իսկ ձեռքերն այդ ընթացքում շոյում են որովայնս, բարձրանում վեր՝ դեպի կուրծքս, գծագրում ուսերիս ուրվագիծը, իջնում բազուկներով, ազդրերով, շոյում են ինձ՝ ճիշտ բրուտի ձեռքերի պես, բռնում են հետույքս, որը վստահորեն տեղավորվում է նրանց մեջ, իսկ հաստ փափուկ շուրթերն ու նուրբ լեզուն անդադար աշխատում են ու շարունակում իրենց գործը։օ՛հ, շարունակիր, խնդրում եմ, շարունակիր, բայց ես զգում եմ, թե ինչպես է ալիքը բարձրանում, իհարկե, և որովայնս ներս է քաշվում. զսպի՛ր քեզ, տղա՛, զսպի՛ր քեզ, մի՛ սպանիր այս հավերժությունը, բայց ինչպե՞ս պահել ժայթքող հրաբուխը, որտեղի՞ց այն բռնել. ինչքան ուզում ես սեղմիր բռունցքներդ ու փակիր կոպերդ, կծիր շուրթերդ, ցցվիր հեծյալի տակ, որին բնավ չես ուզում վայր գցել, անօգուտ է, ալիքը մեծանում է, դու ինչ-որ բան ես թոթովում՝ «սպասի՛ր, կամաց, մի քիչ էլ, կաց, պետք չէ», դու հրում ես նրա ուսերը, բայց դրանք այնքան փարթամ են, այնքան ախորժելի, որ մատներդ դավաճանաբար հապաղում են դրանց վրա և սկսում տրորել կատվային շարժումներով, ու ես գիտեմ, որ այլևս չեմ դիմանա, գիտեմ ու, որպես դաստիարակված պատանի, հանկարծ մտածում եմ՝ «միայն թե ոչ բերանի մեջ, այդպես չի կարելի, համոզված եմ՝ բերանի մեջ չի կարելի», բայց նա հետ է մղում ձեռքերս ու պահում ինձ, մինչ ես վերջացնում եմ էությանս ամենախորքերից, պահում է և դանդաղ, համբերատար, վճռականորեն խմում իմ վերջապես կորսված կուսությունը։
Իսկ հետո նա սողում է ավելի մոտ՝ հենց ականջիս մոտ, ու ես լսում եմ նրա շշուկը. «Ֆանշն ասաց, որ այսօր քո ծննդյան օրն է, ես էլ մտածեցի, որ ինձնից վատ նվեր չի ստացվի»։
23 տարեկան և 3 օրական
Կիրակի, 13 հոկտեմբերի, 1946 թ.
Իմ նվերի անունը Սյուզան է. նա ժամանել է Քվեբեկից։ Նա պայթուցիկ նյութերի մասնագետ է, այսինքն՝ ականազերծող, և այդ աշխատանքը նույնպես համբերություն ու ճշգրտություն է պահանջում։ Նրա շնորհիվ հարցազրույցս հիանալի անցավ։ Ես լի էի կենսական էներգիայով։ Անքուն գիշերներն էլ տարբեր են լինում։ Քանի որ, ինչպես հանգիստ բացատրեց Սյուզանը նախաճաշի ընդհանուր սեղանի շուրջ, մենք ողջ գիշերն անցկացրել ենք «սիրո մեջ»,
և ամեն ինչ լոկ օրալ սեքսով չսահմանափակվեց. ոչ, երբ ես ավարտեցի, նրա վայելքի հերթն էր, հետո՝ նորից իմը, հետո՝ մերը՝ այս անգամ մենք «պայթեցինք» միաժամանակ, հետո էլ ևս մի քանի «շրջապտույտ», որովհետև «այս տղայի մեջ այնքան չծախսված սեր կա՝ պարզապես անհավատալի է»։ Այս քվեբեկյան արտահայտությունները ես դնում եմ չակերտների մեջ, իսկ ինքս մտածում եմ այն շեշտադրումների մասին, որոնց վրա ոչ դարերն են իշխանություն ունենում, ոչ էլ օվկիանոսները։ Մինչ սեղանի շուրջ հավաքվածները ծիծաղում էին, ինձ հանկարծ մի կասկած պատեց, որ գուցե Լուիզ Լաբեն բանաստեղծություններ էր գրում նույնպիսի շեշտով, ինչպիսին Սյուզանինն է, կամ Կոռնեյը, ում Ֆանշը միշտ այնքան տեղին է մեջբերում․ «Սկզբում մենք ի զորու ենք դիմադրել կրքին, քանի դեռ նա իր իշխանությունը ցույց չի տվել»։
23 տարեկան, 4 օրական
Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 1946 թ.
Ախ, որքան եմ սիրում մարմնավորված շեշտադրումները։
23 տարեկան, 5 օրական
Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 1946 թ.
Ինչ-որ ֆիզիկական, գրեթե կենդանական, ամեն դեպքում՝ պրիմիտիվ-սեռական բան կա տարեց պետի և երիտասարդ մասնագետի առճակատման մեջ։ Համենայն դեպս, նման զգացողություն մնաց ինձ մոտ հենց նոր անցած հարցազրույցից հետո։ Երկու արուներ դիտում են միմյանց։ Ծեր առաջնորդը և վեր բարձրացող երիտասարդը Իրար հոտոտում են առանց բարյացակամության նշույլի՝ պարզելով միմյանց տեղեկացվածության աստիճանն ու մտադրությունները։ «Ինչքա՞ն գիտես, մինչև ո՞ւր ես պատրաստվում գնալ»,- գրված է ավագի դեմքին։ «Ի՞նչ թակարդ ես ինձ համար պատրաստել»,- հարցնում է թեկնածուի կերպարանքը։Սա երկու սերունդների բախում է՝ մեռնող և նրան փոխարինելու եկող։ Եվ այստեղ ոչ մի հաճելի բան չկա ու չի կարող լինել։ Ինչպես էլ դա արտաքուստ երևա, մշակույթն ու դիպլոմներն այստեղ քիչ նշանակություն ունեն։ Սա «ամորձիների մենամարտ» է։ «Արժանի՞ ես արդյոք շարունակելու կաստան»․ ահա թե ինչն է հետաքրքրում պետին։ «Արժանի՞ ես արդյոք դեռ ապրելու»․ ահա թե ինչ է հարցնում թեկնածուն։ Մռնչյուններ, մռնչյուններ՝ հնացած սերմնահեղուկի և թարմ սերմի բույրի մեջ։
23 տարեկան, 16 օրական
Շաբաթ, 26 հոկտեմբերի, 1946թ.
Քիչ առաջ, սիրով զբաղվելուց հետո, փորի վրա պառկած, քրտնած, դատարկված, հանդարտված ու արդեն նիրհած՝ զգացի մեջքիս, ազդրերիս, պարանոցիս ու ուսերիս թափվող թարմ կաթիլներ՝ անկանոն ընդմիջումներով։ Մի դանդաղ ու հիասքանչ կաթոց, որն այնքանով էր էլ ավելի անուշ, որ չգիտեի, թե որտեղ կամ երբ կընկնի հաջորդը, և որոնցից յուրաքանչյուրն ինձ ստիպում էր բացահայտել մարմնիս մի կոնկրետ կետ, որը մինչ այդ, թվում էր, անձեռնմխելի էր մնացել։ Ի վերջո շրջվեցի. ծնկած, ձեռքին մի բաժակ ջուր՝ Սյուզանը մատների ծայրով ջուր էր ցողում վրաս՝ կենտրոնացած, կարծես ականի վրա աշխատելիս լիներ։ Նրա մաշկը, ծածկված պեպեններով ու խալերով, մի աստղազարդ երկինք է։ Գնդիկավոր գրիչով ես այնտեղ վերակազմեցի ամսվա երկնային քարտեզը՝ Մեծ Արջ, Փոքր Արջ և այլն։ «Հիմա քո հերթն է,- ասաց Սյուզանը,- տեսնենք քո երկինքն ինչպիսին է»։ Բայց մաշկիս վրա ոչինչ չկար՝ ո՛չ առջևից, ո՛չ թիկունքից, ոչ մի խալ, ոչինչ մի բիծ։Դատարկ էջ։ Ինչն ինձ տխրեցնում է, իսկ նա մեկնաբանում է ի ձևով. «Դու միանգամայն նոր ես»։
23 տարեկան, 3 ամսական
Երեքշաբթի, 21 հոգնվարի,1947թ.
Սյուզանը վերադարձավ իր Քվեբեկը։ Պատերազմները բոլորի համար էլ ավարտվում են։ Մենք արժանապատվորեն նշեցինք բաժանումը.
Ճանկռվածք աջ այտին։
Կծածի հետք ձախ ականջի բլթակին։
Կապտուկ) պարանոցի աջ կողմում՝ այնտեղ, որտեղ զարկերակն է բաբախում։
Մեկ այլ կապտուկ ձախից՝ կզակի տակ։
Կծածի հետք վերին շրթունքին՝ ուռած, կապտավուն։
Չորս զուգահեռ ճանկռվածքներ՝ միմյանցից մոտ մեկ սանտիմետր հեռավորությամբ, որոնք ձգվում են կրծոսկրից մինչև ձախ կուրծքը։
Նմանատիպ հետքեր մեջքի վերին հատվածում։
Կապտուկ աջ կրծքի վրա։
Բավականին խորը կծած բութ մատի մսոտ մասում։
Եվ, որպես վերջնական ստորագրություն, շրթներկի հետքը ձախ աճուկիս փոսիկում. «Երբ շրթներկն անհետանա, պետք է նորից սկսել ապրել»։
Ֆանշը հերթական անգամ խնամում է վերքերս։ Ինձ հայտնելով, օրինակ, որ Սյուզանը մահճակալս չէր մտել սոսկ ծննդյանս տոնի առթիվ։ «Իսկապե՞ս»։ «Այո՛, սիրելիս, նրան հրամայված էր գալ ու պայթեցնել կուսությունդ»։ «Առանց կատակի՞»։ «Առանց կատակի։ Մենք բոլորս անհանգստանում էինք քեզ համար։ Կույս կապավորը չափազանց հազվադեպ երևույթ է։ Այդքան վտանգ, այդքան լարվածություն… ձեզնից շատերը առաջադրանքից հետո միանգամից անկողին էին թռնում։ Կատաղի կերպով սիրով զբաղվելով՝ կապավորները կարծես կախարդում էին վտանգը։ Տղաներ, աղջիկներ՝ բոլորին պետք են կենսական ուժեր, բոլորն ուզում են իրենց ապահով զգալ օտար գրկում։ Իսկ դու՝ ոչ։ Եվ բոլորը դա գիտեին։ Այստեղից էլ՝ զանազան կասկածներ։ Քահանա՞ է, կույս՞ է, անկարո՞ղ, թե՞ սիրուց մերժված ։ Ինչեր ասես, որ չէին մտածում քո մասին։ Ահա Սյուզանն էլ որոշեց հետախուզություն անել մարտի դաշտում։ Դիմադրության վերջին սխրանքը, իմ պայթուցիկ։
ՆՇՈՒՄ ԼԻԶՈՆԻ ՀԱՄԱՐ
Ֆանշն ինձ «իմ պայթուցիկ» էր անվանում 45-ի մարտի այն օրվանից, երբ Կոլմարի մոտ տեղի ունեցած մարտից հետո էլզասյան ճանապարհին պայթուցիկի բեկորը քիչ էր մնում պոկեր թևիս կեսը։ Ես բեռնատար էի վարում՝ անփույթ արմունկս հանած պատուհանից, ասես այլևս ոչ մի պատերազմ չկար։ Ֆանշն իր բոլոր վիրավորներին նման մականուններ էր տալիս՝ ըստ իրենց հարվածած զենքի տեսակի։ Ես՝ «պայթուցիկ» էի հենց այդ արկի պատճառով, Ռոլանը՝ «գնդացրիկ» (նա մի անգամ ընկել էր դարանակալման մեջ ու հազիվ փրկվել՝ փորոտիքը ձեռքերում պահած), Էդմոնը, որ հրաշքով ողջ էր մնացել դաժան հարցաքննությունից հետո՝ «տաշտակ»։ «Իմ պայթուցիկ»՝ նա ինձ այլևս երբեք ուրիշ կերպ չանվանեց։
23 տարեկան, 3 ամսական, 28 օրական
Ուրբաթ, 7 փետրվարի, 1947 թ.
Ամեն մրսածությունից հետո գիշերները արթնանում եմ փակ քթով։ Չոր է, բայց փակ։ Հատկապես ձախ քթանցքս, որը խցանված է լորձաթաղանթի մի ելուստով. այն նույնիսկ կարող եմ շոշափել մատովս, եթե բավականաչափ խորը մտցնեմ։ Քնում եմ բերանս բաց և արթնանում եմ չորացած կոկորդով։ Միգուցե ես ալերգիկ եմ Փարիզի օդի՞ նկատմամբ։
23 տարեկան, 4 ամսական, 9 օրական
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 1947 թ.
Չգիտեմ՝ ինչն է պատճառը. Արդյո՞ք Սյուզանի մեկնումն է, թե՞ այն պատնեշը, որ Շապլենը դնում է իմ բոլոր առաջարկների դիմաց, թե՞ այդ ապուշ Պարմանտիեն է, որն ինձ հունից հանում է քվոտաների իր սևեռուն մտքով… ինչևէ, ստամոքսիս այրոցն ինձ հանգիստ չի տալիս։ Դեռ մանկուց ես տառապում էի «ծերունական» հիվանդություններով։ Այնպիսի ցավերով, որոնք ուղեկցում են քեզ ողջ կյանքում և ի վերջո դառնում բնավորության գծեր։Հիմա էլ ներսից եմ թթվում, իսկ մի քանի տարի անց միանգամայն դառնացած ու թթված մա՞րդ կդառնամ։
23 տարեկան, 5 ամսական, 21 օրական
Երկուշաբթի, 31 մարտի, 1947 թ.
Հազիվհազ կերա։ Վատ եմ քնել։ Ոչինչ ներս չի գնում և ոչինչ դուրս չի գալիս։ Գրեթե մշտական ցավեր կերակրափողի շրջանում։ Ես ձգձգեցի այս գործը և հիմա նյարդայնանում եմ։ Էտիենն ասում է, որ պետք է հետազոտվել։ Նա ասում է, որ դա հատկապես օգտակար է նյարդերի համար։ Այն գաստրոէնտերոլոգը, որին նա խորհուրդ է տալիս դիմել, կարող է ինձ ընդունել Կոշեն հիվանդանոցում երկու շաբաթից։ Մի փոքր օգնում են Ռենի հաբերը։ Սյուզանից ոչ մի լուր չկա։
23 տարեկան, 5 ամսական, 30 օրական
Չորեքշաբթի, 9 ապրիլի, 1947 թ.
Մնաց ընդամենը հինգ օր։ Տեր Աստված, որքա՜ն ժամանակ է կորսված։ Սյուզանից դեռևս ոչ մի լուր։
-Ի՞նչ ես սպասում այդ աղջկանից,— հարցնում է Ֆանշը,— նա քո առջև բացեց կյանքի դռները, փոքրի՛կս, քեզ մնում է միայն ներս մտնել։
Ես սպասում եմ, որ ախորժակս վերադառնա։ Ի թիվս այլոց՝ նաև սեռական ախորժակս։ Եվ ապրելու ախորժակս։ Սակայն վերադառնում են մանկությանս սարսափները։ Իպոխոնդրիայի տեսքով։ Որովհետև այն, ինչ զգում եմ (անօգուտ է դա այլևս թաքցնել), քաղցկեղի հանդեպ ունեցած անբացատրելի վախն է։
Հիպոքոնդրիա գիտակցության խանգարում, որը հանգեցնում է մարմնական դրսևորումների հիպերտրոֆիկ ընկալման։ Հետապնդման մոլուցքի մի ձև, որտեղ մենք միաժամանակ և՛ հետապնդողն ենք, և՛ հետապնդվողը։ Միտքս ու մարմինս խաղեր են տալիս ինձ հետ։ Ի դեպ, նոր զգացողություն է, հետևաբար՝ հետաքրքիր։ Արդյո՞ք ես ի ծնե իպոխոնդրիկ եմ, թե՞ սա լոկ անցողիկ տագնապ է։ Ստամոքսի քաղցկեղ. ներսից հոշոտվա՛ծ լինել հենց մարսողական օրգանի կողմից։ Առասպելական սարսափ։
23 տարեկան, 6 ամսական, 2 օրական
Շաբաթ, 12 ապրիլի, 1947 թ.
Ես ոչինչ չեմ մարսում։
23 տարեկան, 6 ամսական, 4օրական
Երկուշաբթի , 14 ապրիլի, 1947 թ.
Բժշկի մոտ խորհրդատվությունը տևեց յոթ րոպե։ Այնտեղից դուրս եկա սարսափահար։ Այդ գաստրոէնտերոլոգի ասածների նույնիսկ քառորդ մասը չեմ հիշում։ Մտքի տարօրինակ թմրություն։ «Բախտներդ բերել է, մի հիվանդ հրաժարվել է, կարող եմ ձեզ ընդունել երեք օրից»։ Արդյո՞ք դա ճշմարտություն է, թե՞ նա ինձ այդ սուտը մատուցեց, որպեսզի չասի, թե վիճակս հրատապ է։
Ես նրան չէի լսում, միայն սևեռուն նայում էի նրա դեմքին։ Չոր, հստակ նա ինձ բացատրում էր, որ երեք օրից փորիս մեջ խողովակ է մտցնելու՝ տեսնելու համար, թե այնտեղ ինչ է կատարվում։ Այդ մասնագետի դեմքին բացարձակապես ոչինչ չկար կարդալու, բացի այդ տեղեկությունից, բայց իմ հիպոքոնդրիան նրա ամեն մի գծին վերագրում էր չարտասանված հետին մտքեր։ «Դու շուտով բոլորովին կցնորվես, սիրելիս, դու քեզ այնպես ես պահում, ասես այս բժիշկը ՍՍ-ի գաղտնի գործակալ լինի»։
23 տարեկան, 6 ամսական, 6 օրական
Չորեքշաբթի, 16 ապրիլի, 1947թ.
Անկարող եմ կարդալ։ Անկարող եմ կենտրոնանալ որևէ բանի վրա։ Միայն աշխատանքն է, որ դեռ կարողանում է մի փոքր շեղել ինձ։ Թեև այս առավոտ Ժոզետն ու Մարիոնը նկատեցին՝ մեկը՝ բացակա լինելս, մյուսը՝ մտահոգվածությունս։ Ռենիի հաբերն այլևս ամենևին չեն օգնում։ Նյարդերիս ընդհանուր քայքայում։ Ոչ մի կասկած չկա. խաղադրույքներն արված են, ես վերջին անգամ որպես ոչ հիվանդ խմում եմ այս գինին, ուտում այս ձիթապտուղները, այս պյուրեն (որոնք, ի դեպ, չեն մարսվում), և ես երբեք այլևս չեմ տեսնի Լյուքսեմբուրգյան այգու շագանակենիների ծաղկելը։
«Իսկ ե՞րբվանից ես սկսել հետաքրքրվել շագանակենիներով,հիմարի մեկը ։ Դրանք քեզ միշտ չափազանց սովորական են թվացել»։ Ճիշտ է, բայց մոտալուտ մահվան ստույգ զգացումը ստիպում է անգամ խավարասերին սիրահարվել։ Հիվանդության վախն ավելի սարսափելի է, քան հենց հիվանդությունը։ Դրե՛ք ախտորոշումս հնարավորինս շուտ, որպեսզի ուշքի գամ։ Անխուսափելի քաղցկեղի առաջ ես կկարողանամ ինձ արժանապատիվ պահել։ Նույնիսկ պատկերացնում եմ մի քանի հերոսական կեցվածքներ։ Մինչ այդ՝ քրտնած ափեր, մատների ծայրերի թեթև դող, խուճապի նոպաներ, որոնք փորկապությունս լուծի են վերածում, ինչպես տասներկու տարեկանում։ Այլևս չեմ վախենա, այլևս չեմ վախենա, այլևս երբեք չեմ վախենա… Ի՜նչ ես ասում։ Մի՞թե ոչինչ չեմ սովորել։ Մի՞թե այս օրագիրը, որը սկսել էի հենց նման խուճապներից ձերբազատվելու համար, ոչ մի բանի չծառայեց։ Մի՞թե ստիպված եմ լինելու մինչև վերջ համակերպվել այս անողնաշար լացկանի հետ, ով ամեն փոքր վախից տակն էր անում։ Վե՛րջ տուր քնքշանքներին, վերջ տուր, լսո՞ւմ ես։ Նայիր քեզ կողքից, ապո՛ւշ, դու ողջ ես դուրս եկել համաշխարհային սպանդից, և մի հրաշք կին վերջապես քո առջև բացել է սիրո ուղին։
23 տարեկան, 6 ամսական, 7 օրական
Հինգշաբթի, 17 ապրիլի, 1947 թվական
Գաստրոսկոպիան անցա լիակատար անտարբերության վիճակում։ Հանձնվեցի գիտության ողորմածությանը։ Կույր հավատ և ոչ մի պատրանք։ Խաղաղ ֆատալիզմ։ Այն ամբողջ ընթացքում, քանի դեռ գաստրոէնտերոլոգն իր օգնականի հետ կոկորդս էր խոթում խողովակը, իսկ հետո հրում այն կերակրափողովս՝ ի վերջո ստամոքսս մինչև հատակ հետազոտելու համար, ես վախենում էի, որ կփսխեմ։ Այդ վախը հաղթահարելու համար մտածում էի թրեր կուլ տվողի մասին, որին տեսել էի ժամանակին մանկությանս տարիներին, երբ հայրս ինձ կրկես էր տարել։
Բժիշկները դատարկաբանում էին ինձ հետազոտելիս։ Նրանք ստուգում էին ինձ՝ խոսելով իրենց գալիք արձակուրդի մասին։Դե ինչ, լավ է։ Թող այդպես լինի։ Մի կյանքն ավարտվում է, մյուսները՝ շարունակվում։ Լավ նորություն. հետազոտությունը ցույց տվեց կերակրափողի լորձաթաղանթի սովորական գրգռվածություն։ Վատ նորություն. ստիպված կլինեմ նորից գալ արյան անալիզի պատասխաններով։ Բուժումը՝ պատող միջոցներ և դիետա։ Ոչ մի կծու սոուսով միս (ըստ ամենայնի, այս բժիշկը տեղյակ չէ, որ մեզ մոտ կան պատերազմական քարտային սահմանափակումներ)։
23 տարեկան, 6 ամսական, 18 օրական
Երկուշաբթի, 28 ապրիլի, 1947 թվական
Հետազոտությունները ցույց տվեցին, որ ամեն ինչ կարգին է։ Ես ոչինչ չունեմ։ Սա ինձ մոտ առաջացնում է հրճվանքի խառը զգացում, որը ստվերված է սեփական վախկոտությանս համար զգացած ամոթով։ Բայց կարևորը թեթևությունն է, ինչի պատճառով էլ Էստելայի հետ ռեստորան գնացի։ Պատվիրեցի երշիկ, տապակած կարտոֆիլ և մի շիշ «Բրույի»։ Մինչև այսօր ինձ ոչ մի թթու բան չէր կարելի։ Հետո՝ հրաշալի զբոսանք Էստելայի հետ Բուսաբանական այգում։ Մարմինս նորից ինձ հետ է։ Այո՛, հենց ըստ Մոնտենի՝ առողջության հրաշալի լույսը։
23 տարեկան, 6 ամսական, 28 օրական
Հինգշաբթի, 8 մայիսի, 1947 թվական
Մի անցորդ հարցնում է Տրոկադերո տանող ճանապարհը։ Բայց փոխանակ ցույց տալու, ես հանկարծ՝ ինքս ինձ համար անսպասելի, Սյուզաննայի առոգանությամբ ասում եմ նրան. « էստեղացի չեմ, Քվեբեկից եմ ու ոչ մի Տրոկադերո չգիտեմ»։ Երբ Սյուզաննան նմանակում էր ֆրանսիական արտասանությունը՝ իմ արտասանությունը, նա ինձ ցույց էր տալիս մեր լեզվի ֆիզիոլոգիական կողմը։ Դեմքը երկարում էր, հոնքերը թռչում էին վերև, նա հետ էր գցում գլուխը, կիսախուփ անում կոպերը, շուրթերն առաջ էր պարզում քմահաճ ու մեծամիտ արտահայտությամբ.
-Դուք՝ ֆրանսիացիներդ, գրողը ձեզ տանի, խոսում եք ձեր հավի հետույքի պես կծկված շուրթերով այնպիսի տեսքով, ասես հենց հիմա մեր խեղճ գլխին ոսկե ձու եք ածելու։
23 տարեկան, 6 ամսական, 29 օրական
Ուրբաթ, 9 մայիսի, 1947 թվական
Արտասանությունը, ասում էր Սյուզաննան, նման է նրան, ասես մենք ուտում ենք մեր լեզուն։ Դու՝ ֆրանսիացիդ, այն ծամծմում ես, իսկ ես՝ խժռում եմ։
Նում ԼԻԶՈՆԻ համար
…
Հիպոքոնդրիայի հետ կապված պատմությունից հետո՝ մի քանի ամսվա դադար։։ Կյանքի վերագտնված բերկրանքը, կարիերայի սկիզբն ու դրանով պայմանավորված հուզմունքը, ինչպես նաև քաղաքական մարտերը ավելի կարևոր գտնվեցին, քան այս օրագիրը։ Ինձ հետ հերթական կատակը խաղալուց հետո մարմինս մղվեց հետին պլան։ Այնուամենայնիվ, հետպատերազմյան կյանքը եռում էր։
24 տարեկան, 5 ամսական, 19 օրական
Երկուշաբթի, 29 մարտի, 1948թ.
Սիրային խաղից հետո Բրիժիտը հարցնում է՝ արդյո՞ք օրագիր եմ պահում։ Ասում եմ՝ ոչ։ Իսկ ինքը պահում է։ Հարցնում եմ՝ կգրի՞ արդյոք մեր գիշերվա մասին։
—Հնարավոր է,— ասում է նա այն կեղծ ամոթխածությամբ, որը բնորոշ է այն աղջիկներին, ովքեր, խոստովանելով ամենագլխավորը, կարծում են, թե մանրուքների շուրջ համառելով կպահպանեն իրենց գաղտնիքը։
-Իհարկե կգրես,— մտածեցի ես, և հենց դրա համար էլ ես անձնական օրագիր չունեմ։ Այս գիշերվանից ինձ մոտ կմնա, նախևառաջ, թլիպի սանձիկի ցավոտ լարվածության տևական զգացողությունը, որը քիչ էր մնում պատռվեր։ Սա այն ամենն է, ինչի մասին պետք է գրեմ այստեղ։ Մնացածը՝ ավելի հաճելին, ոչ մի օրագրի չի վերաբերում։
24 տարեկան, 5 ամսական, 22 օրական
Հինգշաբթի, 1-ը ապրիլի, 1948թ.
Այնուամենայնիվ, «գուլպան հագցնելը» շատ ավելի սիրուն է հնչում, քան «անդամի գլխիկը բացելը»։ Թեև ֆիզիոլոգիայում չարժե վստահել հույզերին։ Բացի այդ, «բացել» բառն ինձ մոտ միանգամայն հաճելի զուգորդում է առաջացնում բացովի տանիքով մեքենաների հետ։Էլ չեմ ասում կրոնավորների գլխարկի մասին։ Ես բացում եմ և հո՛պ՝ մի կրոնավոր պակասեց։
24 տարեկան, 6 ամսական, 6 օրական
Ուրբաթ, 16 ապրիլի, 1948թ.
Այցելեցի ոմն դոկտոր Բեկի, ում խորհուրդ էր տվել հորեղբայր Ժորժը. խորհրդակցում էի այն «փուչիկների» շուրջ, որոնք ամեն հարբուխից հետո շաբաթներով փակում են քթանցքներս (հատկապես ձախը)։ Պոլիպներ են, ոչինչ չես անի։ Միթե՞ ամբողջ կյանքում կտառապեմ այդ հիվանդությունից ։
-Բժշկության ներկա վիճակում՝ անկասկած, երիտասա՛րդ։
-Իսկապե՞ս ոչ մի բան հնարավոր չէ ձեռնարկել։
-Փորձեք չհիվանդանալ աշնանը և գարնանը։
— Իսկ ինչպե՞ս։
-Խուսափեք մարդաշատ վայրերից՝ մետրո, կինոթատրոններ, թատրոններ, եկեղեցիներ, թանգարաններ, կայարաններ, վերելակներ…։
Նա կարդում է այս ցուցակը, կարծես դեղատոմս թելադրելիս լինի, և ի հավելումն խորհուրդ է տալիս. «Բացի այդ, խուսափեք բերանային շփումներից»։ (Կարճ ասած՝ խուսափեք մարդկային ցեղից, ընդամենը)։
-Իսկ վիրահատությո՞ւնը։
-Չեմ նախաձեռնի. պոլիպները նշիկներ չեն, դրանք նորից են աճում։
Եվ այնուամենայնիվ, բարի դոկտոր Բեկն ինձ բաց է թողնում լավ լուրով. քթի պոլիպները հազվադեպ են լինում չարորակ՝ ի տարբերություն նրանց, որոնք, հնարավոր է, մի օր հայտնաբերվեն ձեր միզապարկում կամ աղիներում։
24 տարեկան, 6 ամսական, 14 օրական
Շաբաթ, 24 ապրիլի, 1948թ.
Իմ մեքենան կորցրեց իր բացովի տանիքը. թլիպի սանձիկն ի վերջո չդիմացավ, և իմ պատռված օրգանը արյան մեջ կորցրեց ինձ ու Բրիժիտին։ Իրեն զննելուց հետո Բրիժիտը հայտարարեց, թե «աշխարհը շուռ է եկել»։
24 տարեկան, 6 ամսական, 21 օրական
Շաբաթ, 1-ը մայիսի, 1948թ.
Ուրեմն՝ ժուժկալություն։ Դե, ամեն դեպքում, Բրիժիտի մաշկը մի քիչ անհարթ է, հատիկավոր։ Չեմ կարծում, թե կկարողանայի բոլոր գիշերներս անցկացնել այդպիսի հետույքի կողքին։ Կյանքս նրա հետ՝ գուցե, բայց գիշերներս նրա հետույքին սեղմված՝ ոչ։
25 տարեկան
Կիրակի, 10 հոկտեմբերի, 1948թ.
Մարմնի ամենախորքից եկող օրգազմներ։ Հիմա Բրիժիտի հետ պատահում է, որ հաճույք եմ ստանում միայն այն պատճառով, որ այդպես է պետք։ Քաղաքավարի օրգազմ՝ համեստ հաճույք, որը սահմանափակվում է միայն այն գոտով, որն այն առաջացնում է. հրամանին հնազանդ հետևելը՝ պետք է սեքսով զբաղվել՝ կզբաղվենք, ժամանակն է վերջացնելու՝ կվերջացնենք։ Մտքի թելադրանքի օրգազմ, որին մարմինը մասնակցում է միայն մասնակիորեն։ «Այդպես էլ քեզ պետք է»,— հնչում է իմ մեջ խրատական մի շշուկ,— «Դատարկվելու համար նախ պետք է լցվել։ Սիրի՛ր, համակվիր սիրով, սիրի՛ր ամբողջ սրտով, և այդժամ կվայելես լիուլի»։ Դեռ երեկ այս պնդումը հերքվեց վճարովի ծառայություններ առաջարկող մի օրիորդի կողմից, որին ես կպցրեցի Մոգադոր փողոցում՝ որպես նվեր սեփական ծննդյանս օրվա առթիվ։ Նա այնքան առատաձեռն գտնվեց իր ժամանակի հարցում, այնքան հմուտ ու այնքան զիջող իր գործում, որ մարմինս բառացիորեն պայթեց՝ ամբողջությամբ, ներառյալ գլուխս, ինչպես Սյուզանի ժամանակներում։
25 տարեկան, 2 օրական
Երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 1948 թ.
Ծննդյան օրերին միշտ հիշում եմ կյանքիս առաջին տարիները, երբ մայրս հարցնում էր, թե ըստ իս՝ ինչ նվեր եմ «վաստակել»։ Այդպես էլ լսում եմ նրա ձայնը. «Դե, քո կարծիքով, ի՞նչ ես վաստակել ծննդյանդ տոնի համար»։ Նա դա ասում էր դաստիարակչական նպատակով՝ շեշտելով ամեն վանկը և այն մեծ աչքերով, որոնք դուրս էին պրծնում ակնակապիճներից՝ հասկացնելու համար, որ ոչինչ իր աչքից չի վրիպում։ Եվ սա այն դեպքում, երբ նա այդքան անուշադիր էր շրջապատի հանդեպ։ Ես միտումնավոր հազում էի մոմերը փչելիս, ինչպես հայրս։ Այն, ինչ ինձ իսկապես հաճույք կպատճառեր ծննդյանս օրը, «մի լավ» տուբերկուլյոզ էր։
25 տարեկան, 3 ամսական, 6 օրական
Կիրակի, 16 հունվարի, 1949 թ.
Բավականին երկար (համենայն դեպս ինձ այդպես թվաց) փորձում էի դուրս հանել պրասի թելիկը, որը խցկվել էր վերին աջ կտրիչիս և կողքի ժանիքի արանքում` նախ՝ եղունգով, հետո՝ այցետոմսի անկյունով և վերջապես՝ սրած լուցկու հատիկով։ Բայց այնտեղ ոչ մի թելիկ էլ չկար։ Դա պարզապես սխալ հաղորդագրություն էր, որն ինձ «ուղարկում էր լինդս»՝ ինքն էլ մոլորված լինելով նախկին տհաճ զգացողության հիշողությունից։ Սա առաջին անգամը չէ, որ նա նման հնարք է բանեցնում գլխիս։
Տես դու հա՜, լինդս պատրանքների զոհ է դարձել։
25 տարեկան, 3 ամսական, 12 օրական
Շաբաթ, 22 հունվարի, 1949 թ.
Այլևս անօգուտ է դա թաքցնել ինքս ինձնից՝ ես չեմ ցանկանում Սիմոնային։ Եվ դա փոխադարձ է։ Մեր մարմինները չեն համապատասխանում միմյանց։ Վաղ թե ուշ այս անհամատեղելիությունը կդառնա մեր բաժանման պատճառը։ Մենք արդեն իսկ փոխհատուցման փուլում ենք։ Այն կատարյալ համերաշխությունը, որը մենք ցուցադրում ենք, և որը մեզ դարձնում է այդքան «օրինակելի հանրային» զույգ, իրականում քողարկում է մեր սեքսուալ ֆիասկոն։ Չի՛ կարելի թույլ տալ, որ այս թյուրիմացության պատճառով մի օր երեխա տուժի։
