Հեղինակ՝ Ռեյմոնդ Սմալլիան
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան

— Հետաքրքիր է,-ասաց Հոլմսը մի քանի օր անց,- որ անցյալը իմանալու համար երբեմն պետք է սկզբում իմանալ ապագան։

— Օ՜,-ասացի ես, ձգտելով կռահել այս հանելուկային խոսքի իմաստը։-Կարո՞ղ եք ավելի կոնկրետ արտահայտվել։

-Իհարկե,-պատասխանեց նա,-իրականում ես նկատի ունեի շատ կոնկրետ դեպք։

 Այն վերջերս տեղի ունեցած երկու դեպքերի արդյունք է։ Դրանցից մեկը ոչ ճիշտ դրված զինվորի դեպքն էր, իսկ երկրորդն այն է, որ այսօր առավոտյան եղել եմ հետազոտական լաբորատորիայում։ Այնտեղ՝ ղեկավարի սենյակում, ուշադրությունս գրավեց գրություն՝ Անցյալն իմանալու համար սկզբում պետք է իմանալ ապագան։

Այս երկու դեպքերն ինձ հետևյալը հիշեցրին։ Մոտ յոթ ամիս առաջ ես հետազոտում էի մի շատ լուրջ դեպք  և գիտեի, որ լուծման բանալին գտնվում է լորդ Բաթերլեյի տան բազմաթիվ սենյակներից մեկում։ Մի երեկո ես տվեցի նրա կալվածքի դռան զանգը, բայց հիասթափությամբ պարզեցի, որ այնտեղ ինչ-որ երեկույթ էր։  Սակայն լորդ Բաթերլեյը, որ անձամբ հետաքրքրված էր այդ գործի լուծմամբ, շատ սիրալիր էր և մարդամոտ։  Նա ինձ ներկայացրեց որպես հյուր, իսկ հետո ոչ պաշտոնապես թույլատրեց իմ փնտրտուքը տան ցանկացած մասում, որտեղ որ ուզենամ։

-Դե ինչ, Վաթսոն, նայելով բազում դատարկ սենյակները՝ գտա այն, ինչ փնտրում էի։ Խնդիրը լուծված էր։ Այսինքն, լուծված էր այնքանով, որ մնում էր միայն ստանալ տեսուչ Լեյստրեյդի նամակը, որին սպասում էի։  Ինձ ոչինչ չէր մնում անելու, քան սպասել նամակին, քանի որ գործնականում վստահ էի, որ այն կհաստատի իմ գտածը։

Այդ երեկո հակված չէի շփումների և չէի պատրաստվում միանալ հյուրերին։ Ժամանակ սպանելու համար դանդաղ անցնում էի այդ հրաշալի տան մի քիչ լքված թևի սենյակներով։ Մի փոքրիկ սենյակի մեջտեղում, որը կարծես գրադարանային պարապմունքների սենյակ լիներ, սեղանին տեսա ըստ երևույթին չավարտված պարտիա։ Չհանգած երկու սիգարները վկայում էին, որ խաղացողները նոր են հեռացել։
Վաթսոն, ի զարմանս ինձ, զինվորներից մեկը կանգնած էր ոչ թե երկու վանդակերի սահմանին, այլ c4, c5, d4, d5 վանդակների անկյունում։ Դիրքն այսպիսին էր․

-«Այ, այ,այ,-ասացի ինքս ինձ։ — Որքան անհոգ են մարդիկ։»
Ամեն դեպքում որոշեցի տեսնել, թե կարելի է տրամաբանորեն պարզել զինվորի գտնվելու վանդակը և հետո մի քիչ զվարճանալ՝ նրանց ասելով ( եթե վերադառնան) , թե որտեղ պետք է զինվորը լինի։

Սակայն շուտով հասկացա, որ տրված իրավիճակում խնդիրն անլուծելի է։ Բավականին հիմնավորում ունեի (Ձեզ չհոգնեցնելու համար դրանք բաց կթողնեմ), որպեսզի հասկանայի, թե որ կողմից են խաղում սպիտակները, բայց չէի կարող ասել, թե որ դաշտում պետք է լիներ զինվորը՝ առանց իմանալու այդ պարտիայի ապագայի մասին։

Ես շվարել էի ավելի քան երբևէ, իսկ Հոլմսը շարունակեց․

.Նույն պահին թիկունքիս լսեցի քայլեր և ձայն․ «Իհարկե, սա վերին աստիճանի հաճելի տուն է, բայց եկեք պարտիան ավարտենք»։ Սենյակ մտան երկու հոգի, ինձ գլխով արեցին և ուղղվեցին դեպի շախմատի սեղանը։ Մոտս հաճելի հույս արթնացավ, որ կլուծեմ խնդիրը, երբ տեսա, որ միջանցքից ինձ էր մոտենում սպասավորը․ «Պարոն, ամենուր Ձեզ եմ փնտրում։ Այգում Ձեզ համար շտապ նամակ կա։»  Շտապ վազեցի այգի, որտեղ տղան ինձ հանձնեց Լեստրեյդի նամակը։ Հասկանալի է, որ այն հաստատում էր իմ գտածը, և ուղեղս լրիվ ազատ էր այդ գործից։   Շտապելու հարկ չկար, և կարող էի երեկոյի մնացած մասը նվիրել ինձ։
Վերադարձա սենյակ, որպեսզի պարզեմ դեռ չլուծված շախմատային խնդիրը։ Խորը հիասթափությամբ տեսա, որ նախկին պարտիան արդեն ավարտվել էր, և խաղացողները նոր պարտիայի առաջին քայլերն էին անում։ Բոլոր հետքերը ոչնչացված էին։ Գլխումս միտք ծագեց։ «Պարոնայք,-հարցրի ես,- բարի չէի՞ք լինի ասելու, թե նախկին պարտիան ով հաղթեց»։
«Ես հաղթեցի»,-պատասխանեց նրանցից մեկը։  Դա, Վաթսոն, լուծեց խնդիրը։ Խնդիրն իսկապես շատ հեշտ էր, և, կարծում եմ՝ Դուք մեծ բավականություն կստանաք փորձելով լուծել ինքնուրույն;

Որոշ ժամանակ ուսումնասիրեցի դիրքը, որ Հոլմսը վերականգնել էր ինձ համար, հետո ասացի․

-Հոլմս, կարծում եմ, որ Դուք կամ պատահաբար, կամ դիտավորյալ ինձանից թաքցրել եք տեղեկության կարևոր մասը։

— Հաստատապես այդպիսի բան չեմ արել, — վճռական առարկեց Հոլմսը։

-Թանկագին Հոլմս, -ասացի,- հասկանում եք, որ Դուք նույնիսկ չասացիք, թե ով է հաղթել՝ սպիտակնե՞րը, թե՞ սևերը։

-Իհարկե չասացի,-պատասխանեց նա։- Դա ոչ մի նշանակություն չունի։ Փաստորեն ես էլ չգիտեի, թե ով է հաղթել, դա ինձ պետք էլ չէր։ Կարող եմ ենթադրել, որ հաղթել են սպիտակները, քանի որ նրանց դիրքը ավելի հաղթող էր, բայց ինձ հետաքրքրում էր ոչ թե ով է հաղթել՝ սպիտակները կամ սևերը, այլ խաղացողներից ով էր հաղթել։

Մտածեցի նրա պատասխանի մասին, բայց չկարողացա հասկանալ, թե ինչ կապ ուներ խնդրի հետ, թե երկու մարդկանցից ով էր հաղթել պարտիան։

-Հոլմս, կարծում եմ՝ Ձեզանից հուշում պետք է խնդրեմ։ Ենթադրենք, որ ոչ թե ձեզ պատասխանողն էր Ձեզ պատասխանել, այլ մյուս խաղացողն էր ասել, որ ինքն էր հաղթել։ Այդ դեպքում նորի՞ց կգտնեիք լուծումը։

-Հասկանալի է՝ այո։

-Եվ լուծումը նո՞ւյնը կլիներ։

-Իհարկե, նույնը։

-Հոլմս,-ասացի մտահոգված,-կարծես ոչինչ չեմ հասկանում։

-Լավ,-ասաց Հոլմսը։-— Իրականում, կարծում եմ, որ սա այնպիսի խնդիր է, որը եթե ակնթարթորեն չես լուծում, ապա երբեք չես լուծի։ Ահա թե ինչն է ամբողջ հարցը, Վաթսոն։ Ես խնդրել էի ավելի տեղեկություն, քան պետք էր խնդիրը լուծելու համար։ Կարևորը ոչ թե այն էր, որ կողմն էր հաղթել, և ոչ էլ թե խաղացողներից ով էր հաղթել, այլ միայն, որ ինչ-որ մեկը հաղթել էր։ Ուրիշ խոսքերով, կարևոր էր, որ պարտիան պատով չէր ավարտվել։ Այսպիսով, Վաթսոն, եթե լիներ սպիտակների քայլը, չէին ունենա այնպիսի քայլ, որ խուսափեին պատից՝ անկախ հանելուկային զինվորի դիրքից։ Կնշանակի՝ քայլ պետք է անեին սևերը։ Ի՞նչ քայլ պետք է անեին։ Միակ հնարավորությունն այն է, որ ոչ ճիշտ դրված զինվորը լինի c4 վանդակում, և սև զինվորը նրան վերցնի հընթացս։ Հետևաբար սպիտակ զինվորը c4 վանդակում է։

-Այ, հիմա հասկացա,-ասացի ես, բայց իսկույն գլխումս միտք ծագեց։— Սակայն, Հոլմս, մի՞թե ձեր լուծման ճշմարտացիությունը չէր ենթադրում, որ սպիտակների վերջին քայլը զինվորը c2 վանդակից c4 վանդակ գնալը չէր։ Ի՞նչ հիմնավորումներ ունեիք այդպիսի ենթադրության համար։

-Դուք ճիշտ հակառակն եք ասում։ Իմ լուծումը չէր ենթադրում այդպիսի քայլ, այն ապացուցում էր, որ վերջին քայլը հենց դա պետք է լիներ։ Եթե այդպես չլիներ, դիրքը կավարտվեր պատով, բայց այդպես չպատահեց։ Անուղղակի ապացույցի պարզ դեպք։

Այսպիսով, Վաթսոն, հետաքրքիր է, որ երբեմն անցյալը իմանալու համար, պետք է սկզբում իմանալ ապագան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով