Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը․․․

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ստեղծվել է 1989թ.՝ որպես կառուցվածքային միավորների, այդ թվում՝ նաև ուսումնական հաստատությունների միավորում։
1989թ․ 14․07 Հայկական ՍՍՀ ժողովրդական կրթության կոլեգիայի որոշումը, Դրույթ ՀԽՍՀ ժողկրթության մինիստրության հանրակրթական փորձառական գիտաարտադրական համալիրի աշխատանքի կազմակերպման մասին փաստաթղթի համալիրի կառուցվածքում այսօրվա Արևելյան դպրոց-պարտեզը (Բ-1 թաղամաս) նշված է Երևանի նախակրթարան (1-4-րդ դասարաններ), որը նախկին լքված 11 մանկապարտեզի շենքն է եղել․․․
1991թ․ օգոստոսի 26, հ․ 77 որոշում․ Հայաստանի Հանրապետության Բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի կոլեգիայի նիստի որոշմամբ․
ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի  հանրակրթական փորձառական գիտաարտադրական «Մխիթար Սեբաստացի» համալիրը վերանվանել Հայաստանի Հանրապետության «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։ Համալիրի կարճ անվանումն է «Մխիթար Սեբաստացի» կրթօջախ։
«Մխիթար Սեբաստացի» կրթօջախի կանոնադրությամ մեջ, կառուցվածքում պահպանվել է Երևանի նախակրթարան անվանումը։
1994թ․ 19․09․համար 161, Կոլեգիայի որոշմամբ․ ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության նախարարության «Մխիթար Սեբաստացի» կրթական համալիրի կանոնադրության հաստատում։
Այս կանոնադրության մեջ կառացուվածքում այսօրվա Արևելյան դպրոց-պարտեզը՝ Երևանի Բ-1 թաղի նախակրթարան (որպես տարրական հանրակրթության դպրոց), անվանման փոփոխություն, գործունեությունը նույնն է․․․
2003թ.27.02. ՀՀ կառավարության թիվ 361-Ն որոշմամբ․ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ձեռնարկությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության:
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրություն, որտեղ Արևելյան դպրոց-պարտեզի անվանում եղել է Բ-1 թաղի հիմնական դպրոց-մանկապարտեզ, բայց կրթական գործունեությունը չի փոխվել;

2017թ․ 15․05․ ՀՀ ԿԳՆ 533-Ն հրաման, փոփոխություններ կանոնադրությունում՝
Արևելյան դպրոց-պարտեզ (նախկինում՝ Բ-1 թաղամասի հիմնական դպրոց-մանկապարտեզ)
Դպրոցի անվան փոփոխություն էլ շատ բնական է առաջացել, 2017թ․ կանոնադրության փոփոխության մեջ Բ-1 թաղի հիմնական դպրոց պարտեզը՝ Արևելյան-դպրոց-պարտեզ, որն ունի իր ուսումնական պատմությունը․․․
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 7 ուսումնական հաստատությունները Երևանի Հարավարևմտյան զանգվածում են: Բաբաջանյան 25 հասցեում կրթահամալիրի Մայր դպրոցն է, որտեղ գործում են կրթահամալիրի Միջին և Ավագ դպրոցները, մարզադպրոցը, երաժշտության և պարի դպրոցը, ծեսերի լաբորատորիան, հանրահայտ Մարմարյա սրահը՝ որպես բաց, կրթական հրապարակ։ Կրթահամալիրի չորս դպրոց-պարտեզների անունները ցույց են տալիս, թե նրանցից յուրաքանչյուրը Մայր դպրոցից դեպի աշխարհի ո՛ր կողմն է ընկած. Մայր դպրոցից արևելք են Արևելյան դպրոց-պարտեզը, Քոլեջը, հյուսիս`Հյուսիսային դպրոց-պարտեզը, քանդակի դպրոցը, մեդիակենտրոնը, արևմուտք՝ Արևմտյան դպրոց-պարտեզը, ծածկած լողավազանը, ուսումնական ագարակը, հարավ`Հարավային դպրոց-պարտեզը։ Աշխարհագրական խաղ է, որով սովորողները սովորում են աշխարհի չորս կողմերը։ Կրթահամալիրի հիմնն էլ, խոսք՝ Դ. Վարուժանի («Անդաստանը»), երաժշտություն՝ Մ. Խորենացու, օրհնություն է առ արևելյան, արևմտյան, հյուսիսային, հարավային կողմերն աշխարհի: 

Այսպիսի թվագրությամբ, անվան փոփոխություններով, որոնք գրանցված են 1989, 2003, 2017 կանոնադրություններում․․․
Արևելյան դպրոց-պարտեզի տնօրեններն ըստ տարիների՝
Անդրանիկ Քեհեյան (1989-1995)
Աիդա Պետրոսյան (1995-2000)
Հրանուշ Սահրադյան (2000-2004)
Սուսան Մարկոսյան (2004-2008)
Մարետ Սիմոնայն (2008-2009)
Նառա Նիկողոսյան (2009-2012)
Լուսինե Փաշայան (2012-20013)
Կարինե Պետրոսյան (2013-2015)
Նառա Նիկողոսյան (2015-ից)

Իմ մանկավարժական գոծունեությունը սկսվել է 1989թ․ին հետաքրքիր, երիտասարդ, նորարար մարդկանց միջավայրում, որտեղ ապրել եմ (այո՛, երբ աշխատանքն ապրելակերպ է) ու ոգևորվել յուրաքանչյուր մանկավարժական հնարքով ու անսպասելիությամբ․․․
1989-2026թ․ կրթահամալիրում զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ կրթահամալիրի բոլոր դպրոցներում (բացի Հարավային դպրոցից), ղեկավարել եմ ուսումնական հաստատությունները, ընդհատումներով՝ կրթահամալիրի փոխտնօրեն, մանկավարժության կենտրոնի ղեկավար․․․
Իմ թվագրությունը՝ տարիներով ու պաշտոններով
1989-1994՝ տնօրենի օգնական, դասավանդող
1995-1996՝ կրթահամալիրի լրագրողի դպրոցի տնօրեն, «Էհե՜յ» մանկական լրատվական կենտրոնի ղեկավար
2001-2023՝ կրթահամալիրի փոխտնօրեն
2003-2006՝ կրթահամալիրի մոդել «Նոր դպրոցի» ղեկավար
2011-2013՝ կրթահամալիրի Արհեստագործական դպրոցի, Քոլեջի ղեկավար
2015-ից՝ Արևելյան դպրոց-պարտեզի ղեկավար
2003թ․ կրթահամալիրում ստեղծվեց «Նոր դպրոց»-ի մոդել, որտեղ մշակվել են ուսումնառության պայմանագրեր, լրացուցիչ կրթության կազմակերպման մոդելը։ Մոդել դպրոցի դասարանները ստեղծվեցին Մայր դպրոցում (այսօրվա Վարժարանի 2-րդ հարկում), հետո տեղափոխվեց, միացավ Բ-1 թաղի նախակրթարանին, կոչվեց «Նոր դպրոց»։
2015-ից ղեկավարել եմ կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզը։
2021թ 17.08.ՀՀ ԿԳՄՍ նախարարի . N 65-Ն հրամանով ստեղծվել է ԿՏԱԿ համակարգ, կրթահամալիրի դպրոցները առաձին-առանձին գրանցված են համակարգում։
Կրթական հարթակը լրացվում է Արևելյան դպրոց-պարտեզի ղեկավարի, գրասենյակի ղեկավարի կողմից։ Արևելյան դպրոց-պարտեզի աշխատակազմը, հաստիքացուցակը, դասաբաշխումը, տնօրենի տվյալները, ուսումնական պլանը և այլ անհրաժեշտ տեղեկությունները դպրոցի մասին։
2020թ․-ից սովորողների շարունակական աճ է գրանցվել կրթահամալիրի բոլոր ուուսումնական հաստատություններում։ Քանի որ հեղինակային կրթական ծրագիրը ծնողը, սովորողն ու ընտանիքն է ընտրում․ ընդունելության ցուցանիշները թվերով․․․
2020-2021՝ 18 դասարան, 486 սովորող,
5 տարեկանների մեկ խումբ՝ 25 սան
2-4 տարեկաններ 2 խումբ՝ 50 սան
2021-2022՝ 18 դասարան, 495 սովորող
5 տարեկանների մեկ խումբ՝ 25 սան
2-4 տարեկաններ 2 խումբ՝ 50 սան
2023-2024՝ 21 դասարան, 515 սովորող
5 տարեկանների մեկ խումբ՝ 25 սան
2-4 տարեկաններ 2 խումբ՝ 50 սան
2024-2025՝ 21 դասարան, 525 սովորող
5 տարեկանների մեկ խումբ՝ 25 սան
2-4 տարեկաններ 2 խումբ՝ 50 սան
2025-2026՝ 22 դասարան, 542 սովորող
5 տարեկանների մեկ խումբ՝ 25 սան
2-4 տարեկաններ 2 խումբ՝ 50 սան
Ի դեպ, սա էլ է ցուցանիշ, 2020 թվականից դադարեցվեցին ընդունելության հայտագրերի տպագրությունն ու բաժանումը։ Առաջին դասարանցիների ընդունելությունն ամեն ուսումնական տարի ավարտվել է մինչև պետական էլեկտրոնային հայտագրումը։
Արևելյան դպրոց-պարտեզը՝ որպես կրթահամալիրի մասնաճյուղ, ունի իր կանոնադրությունը, որը սահմանված կարգով, հաստատված է կրթահամալիրի խորհրդի կողմից։ Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար խորհրդի հաստատմանն է ներկայացվում Արևելյան դպրոց-պարտեզի կառուցվածքը՝
2-4 տարեկանների զարգացման խումբ
5 տարեկանների մեկամյա ծրագիր
1-3-րդ դասարանների «Իմացումի հրճվանք» ծրագիր
4-6-րդ դասարաններ
Երկարացված օրվա ծրագիր
Հեռավար ուսուցում
Բոլոր սովորողները սահմանված կարգով գրացված են ԿՏԱԿ-ի միասնական ռեգիստրում, ինչպես Հայաստանի Հանրապետության շուրջ 1400 ուսումնական հաստատությունները։  ԿՏԱԿ համակարգում ներկայացված են Արևելյան դպրոց-պարտեզի աշխատակազմը, հաստիքացուցակը, տնօրենի տվյալները, ուսումնական պլանը, դասաբաշխումը․․․
Սահմանված կարգով, սովորողի դպրոցից դպրոց տեղափոխումը կատարվում է ԿՏԱԿ համակարգով, որն իրականացվում է Արևելյան դպրոց-պարտեզի գրասենյակի ղեկավարը, տնօրենը։ ԿՏԱԿ համակարգում հե՛նց այսպես էլ գրանցված է՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր ՊՈԱԿ-ի Արևելյան-դպրոց պարտեզ, որն իրականացնում է բազային կրթություն իր միջավայրով։
Դպրոց-պարտեզը հայաստանյան ուսումնական հաստատության նոր տեսակ է, որի հեղինակը կրթահամալիրն է: Դպրոց-պարտեզի պայմանները՝ շենքն ու բակ-պարտեզը, գույքը, ուսուցման ընտանեկան միջավայրը, համապատասխանում են 2-11 տարեկանների պահանջներին: Իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի սաներն ու սովորողները՝ 2-5 տարեկանների խնամքի և զարգացման, 5 տարեկանների ուսուցման խմբերը, «Իմացումի հրճվանք» ծրագրի 1-3-րդ դասարանները, ավագ 4-6-րդ դասարանները, իրար հետ ապրում և գործում են որպես ավագների ու կրտսերների սովորող-սովորեցնող համայնք… Ծնողին էլ հարմար է այս մոդելը՝ դպրոց-պարտեզ, որտեղ իր դպրոցական երեխան կարողանում է կրտսեր քրոջ կամ եղբոր նկատմամբ ուշադրություն դրսևորել, միասին հաճախում, միասին վերադառնում են։
Երկարացված օրվա ծրագիրը  լրացուցիչ կրթություն է։ Պետական ծրագրի երկարօրյայի այլընտրանքն է իր կազմակերպմամբ ու բովանդակությամբ։ Բազային կրթության դպրոց-պարտեզում երկարացված օր ընտրում են որպես լրացուցիչ կրթություն, կնքում լրացուցիչ պայմանագիր։ Հանրակրթական պարապմունքներից հետո՝ 13։30-ից սկսվում է և 17։00 ավարտվում է երկարացված օրվա ծրագիրը, որը ղեկավարում է երկարացված օրվա կազմակերպիչը, նա ունի բլոգ և հրապարակում է շաբաթվա նախագծերը։ Երկարացված օրվա ծառայության ընթացքում սովորողն օգտվում է կրթահամալիրում գործող ամենատարբեր լրացուցիչ կրթության պարապմունքներից։ Այսպիսի կազմակերպումը հեշտացնում է ընտանիքի, ծնողի գործը․ սովորողին ծնողը մի տեղից կամ մեկ ուսումնական հաստատությունից չի տեղափոխում այլ հաստատություն։ Սովորողը երկարացված օրվա ընթացքում օգտվում է իր նախասիրած լրացուցիչ կրթությունից՝ առանց ծնողի ֆիզիկական մասնակցության։ Կազմակերպիչն իր բլոգում ունի սովորողի երկարացված օրվա անհատական պլանը՝ գիտի՝ որ ժամին է գնում, որ ժամին վերադառնում։ Սովորողի անհատական աշխատակարգում ինքնակրթության աշխատանքի համար նախատեսվում է մինչև 45 րոպե աշխատանք, որ ինքնուրույն կարող է շարունակել կիսատ թողած աշխատանքը։ Ծառայությունը ներառում է նաև որակյալ և մատչելի սնունդ, որի կազմակերպումը նույնպես հեղինակային է՝ ուսումնական։
Կազմակերպման մեջ սովորողների ընդգրկվածությունը լուծում է նաև անձի ձևավորման համար ոչ պակաս կարևորություն ունեցող խնդիրներ: Սովորողների մեծ խմբի ոչ միայն ուսումնական, այլև սոցիալական շփումը (միասին հանգստանալ, ճաշել, ֆիլմ դիտել, հասարակական նախագծեր անել և այլն) զարգացնում է համագործակցելու և ապրումակցելու կարևոր հատկանիշներ, միասին ապրելու և միասնական գործ անելու հնարավորություն է ընձեռում: 
Հեռավար ուսուցման կազմակերպման հեղինակային ծրագիրը աջակցություն է այն ընտանիքներին, որոնք տարբեր պատճառներով, ինչ-որ ժամանակահատված հանրապետությունում չեն, բայց սովորողները առանց ուսումնառությունից կտրվելու անցնում են առցանց ուսուցման՝ օգտագործելով մեդիագործիքները։ Արևելյան դպրոցում 1-6-րդ դասարաններում 2025-2026 ուսումնական տարում սովորել է 19 սովորող, որոնք ունեն տարբեր աշխարհագրություն։
Ընդհանուր ներառականությունը հեղինակային ծրագրի կազմակերպում է։ Արևելյան դպրոց-պարտեզում սովորում են և՛ հատուկ կարիքով սովորողներ, և՛ արտակարգ ունակությամբ սովորողներ, և՛ առանց վկայագրի, և՛ վկայագրով … Մի խոսքով՝ բոլորս ունենք կարիք ու հենց դրանով էլ առանձնահատուկ ենք, բայց կարևորը ներառված ենք մեկ տարածքում, որի միջավայրը անընդհատ հարմարեցվում է ընդհանուր ներառականությանը, որտեղ կդժվարանաս ջոկել-տարբերակել: Սա համարում եմ հեղինակային կրթական ծրագրի առավելությունը, եթե սովորողն ընդգծված կարիք չունի՝ չենք էլ կարող առանձանցնել, և լավ է, որ ոչ մի տեղ չենք առանձանացնում։ Արևելյան դպրոց-պարտեզում վկայագրված 35 սովորող կա։ Կրթական ներառականությունը ընտանեկան դպրոցին էլ ցույց տվեց, որ ընտանիքում էլ պիտի պահել այդ ներառականությունը․ եթե ընտանիքում դպրոցահասակ երեխաներից մեկ կարիքով է՝ պետք է ընտրել նույն կրթական ծրագիրը, նույն դպրոցը․․․Սա ներառական հեղինակային հանրակրթության ամենակարևոր մանկավարժական լուծումներից է, որը կհաստատեն այն ընտանիքները, որոնք ընտրեցին հեղինակայինը հենց այս պայմանով ․․․
Ընդունելություն․ Արևելյան դպրոց-պարտեզում գործում է ընդունելության կարգ, որը մշակված է որպես հեղինակային կրթական ծրագրի կարևոր բաղադրիչ։ Կարգի համաձայն՝ սովորողը, ծնողը անցնում են մուտքի եռօրյա ճամբար, որը սահմանված կարգով առաջին դասարան ընդունվողների համար իրականացվում է երեք անգամ՝ մարտին, հունիսին, օգոստոսին, իսկ 2-6-րդ դասարանցիների համար՝ ընդունելությունը շուրջտարյա է, դասարաններում տեղերի առկայության դեպքում։ Սովորողների, ծնողների համար լավ հնարավորություն է ճամբարային գործունեությամբ մոտիկից ծանոթանալու կրթական միջավայրին, ծրագրի կազմակերպման պայմաններին, գործիքներին, ընտրությունը հաստատելու, ներառվելու համար, որի արդյունքներով  սովորողի հետ կնքվում է ուսումնառության պայմանագիր։

Շենք, միջավայր
Շենքը տիպային մանկապարտեզի շենք է եղել, որը անճանաչելիորեն փոխվել է. միայն հենապատերն են պահպանվել նույն տեղում, փոխվել են պատուհանները, դուրս են եկել անթափանց դռները, միջնապատերը, բացվել են սրահներ,  որոնք անհրաժեշտության դեպքում բաժանվում  են վիտրաժներով, նորոգվել են բոլոր սանհանգույցները, բացվել են նոր սանհանգույցներ, այդ թվում՝ խմբասենյակներում, 1-3-րդ դասարաններում։ Խոհանոցը նորացվել է տեղով, գույքով, մոտեցումներով, կազմակերպմամբ, ստեղծվել են խոհանոցներ խմբասենյակներում։ Նկուղներն ու տանիքները ազատվել են անօգտագործելի իրերից, դարձել են ուսումնական Վերնատուն, մարզասրահ, ուսումնական լաբորատորիաներ։
Եթե փորձեք մտնել հարևանությամբ 95 մանկապարտեզը, որը նոր է հիմանորոգվել, պահպանվել է ամեն ինչ՝ մութ միջանցքներ, անվերջանալի պատեր, դռներ․․․
Այս տիպային շենքերը 20-րդ դարի վերջին են կառուցվել, ցավոք, 21-րդ դարի սկզբին հայացք չի փոխվել, չնայած երեխաները փոխվել են․․․Ցավալի է, որ հայաստանյան հողի վրա ստեղծված պետական հեղինակային մոդելներից չի օգտվում պետական ծրագիրը․․․
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը պետական ուսումնական հաստատությունների՝ դպրոց-պարտեզների, միջին, ավագ դպրոցների, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող քոլեջի, լրացուցիչ կրթություն իրականացնող ուսումնական կենտրոնների միավորում է՝ պետական հետազոտական-փորձարարական  կազմակերպություն։ Կրթահամալիրի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է: Կրթահամալիրն իրականացնում է ՀՀ հանրակրթությամբ սահմանված պետական այլընտրանքային՝ հեղինակային կրթական ծրագրեր։  
Իրականացվող հեղինակային կրթական ծրագրով որոշված են կրթական ծառայություններ, որոնք պետական հատկացումների մեջ նախատեսված չեն։ Դրանք ձևավորում են անհատի (ընտանիքի) կրթական պատվերը, ներառվում են դպրոցի և սովորողի, նրա օրինական ներկայացուցչի միջև կնքվող ուսումնառության պայմանագրում, և ծնողը վճարում է այդ լրացուցիչ կրթական ծառայությունների համար։ Վճարումները սահմանված կարգով փոխանցվում են կրթահամալիրի հաշվեհամարին:


Հեղինակայինը դպրոց-պարտեզում հոդվածը իր ենթահոդվածներով տե՛ս ԴՊԻՐ-ում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով