Որպես ուսումնական հաստատություն՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հեղինակային է, որը  ստեղծել են կրթահամալիրի հիմնադիրները։ Այն ստեղծվել է հայաստանյան միջավայրում․․․Ըստ սեբաստացիական թվագրության՝ առաջին դպրոց-պարտեզի մոդելը կրթահամալիրում ստեղծվել է 1992թ․-ին Բ-4 թաղամասում, այժմ՝ Արևմտյան դպրոց-պարտեզում։ Հետո ստեղծվեցին կրթահամալիրի մյուս 3 դպրոց-պարտեզները։
Կրթահամալիրի չորս  դպրոց-պարտեզներն, իրենց միջավայրով, սանի, սովորողի, զարգացող մարդու կրթական գործունեություն ապահովողն են: Կրթությունը անհատական գործընթաց է, յուրաքանչյուրն ունի իր ընթացքը, իր ոճը:

Կրթահամալիր չորս դպրոց-պարտեզներն են․
Արևելյան դպրոց-պարտեզ
Արևմտյան դպրոց-պարտեզ
Հյուսիսիային դպրոց–պարտեզ
Հարավային դպրոց-պարտեզ

Կրթահամալիրի չորս դպրոց-պարտեզների անունները ցույց են տալիս, թե նրանցից յուրաքանչյուրը Մայր դպրոցից դեպի աշխարհի ո՛ր կողմն է ընկած։

Ինչո՞ւ դպրոց-պարեզ․․․
Դպրոց-պարտեզն ուսումնական հաստատության նոր տեսակ է, որի հեղինակը կրթահամալիրն է, որը աշխատող ծնողի, ընտանիքի  դպրոցն է․․․


Դպրոց-պարտեզի պայմաններն են
— շենքն ու բակ-պարտեզը
— գույքը
— ուսուցման ընտանեկան միջավայրը, երբ ներսն ու դուրսը «մեկ դարձան»՝ ստեղծելով պայմաններ, որոնք  համապատասխանում են 2-10 տարեկանների պահանջներին

Ֆիզիկական բաց միջավայրը

  • բաց կրթական համակարգի ստեղծման հեղինակային կրթական մոդելն է
  • ամենատարբեր պատերի քանդումն է՝ ներսում, դրսում
  • կրթական միջավայր-շենքի, բակի ազատագրումն է «ամենաանմեղ» պատնեշներից, ցանկապատերից, ճաղավանդակներից, ու ․․․․
  • ուղիների, արահետների, հայացքի ու լուծումների հեղնակային մոտեցումներն են, որոնք իրականացվում են փոքր քայլերով․․

Մեդիա բաց միջավայրը

  • ազատ խոսքը, միտքն է
  • դասավանդողների, սովորողների ուսումնական բլոգներն են
  • ամսագրերը, ռադիոները, TV-ներն են
  • բաց ու թափանցիկ ուսումնական մեդիամիջավայրն է, երբ ոչ մի էջ փակ չէ, էջը վճարում չի պահանջում, ինչքա՜ն ուզում ես, կարդա՜ ու կարդա՜…

Կրթահամալիրի  ստեղծած ֆիզիկական ու մեդիա բաց ուսումնական միջավայրներում փոքր, երբեմն չնկատվող մանկավարժական հնարքները իրենց ազդեցությունն են ունենում կրթության կազմակերպման ու գնահատման վրա, երբ  ուսուցումը պարտադրանքից դառնում է սովորողի նախագիծը,  պատասխանատվությունը,  հավեսը, իսկ արձանագրման ձևերը տարբեր են՝ ինչքան ազատ, այնքան՝ հետաքրքիր, կարևորը ստեղծական մոտեցումներն են, որոնք կարող են սովորողից սովորող փոխվել…

Դպրոց-պարտեզ հաստատության կառուցվածքը

  • 2-5 տարեկանների խնամքի խմբեր
  • 5 տարեկանների «Իմացումի հրճվանք» ծրագրի առաջին տարի
  • 1-3-րդ դասարաններ
  • 4-5-րդ դասարաններ
  • երկարացված օրվա ծրագիր
  • հեռավար ուսուցում

Մանկավարժական այս լուծումները կյանքից են գալիս, իսկ կրթությունը՝ ինքը՝ կյանքն է, որն անընդհատ է, չկա արձակուրդ, չկա ընդհատում, կան կրթության կազմակերպման հեղինակային ձևեր, երբ փոխվում  է վայրը, խումբը, միջավայրը, բայց կյանքով  ու կյանքի համար սովորելը դառնում է սովորույթ…

Ուսուցումը դպրոց-պարտեզում
Անզանգ դպրոց

Կրթամալիրի բոլոր դպրոցներն աշխատում են միասնական ժամատախտակով  ու ժամանակացույցով, իսկ որպես միասնական ժամ՝ կայքի ժամացույցն է գործում։ Ժամով աշխատանքը և՛ սովորողին, և՛ ծնողին, և՛ դասավանդողին ավելի կարգապահ է դարձնում, որն ազատ մարդու կարևոր ցուցանիշ է․․․

Ընդհանուր պարապմունքի ձևեր
Առավոտյան ընդհանուր պարապմունք։
Ուսումնական օրը կրթահամալիրում սկսվում է կրթական ծրագրի ուսումնական պլանով, ժամատախտակով որոշված առավոտյան ընդհանուր պարապմունքով։ Պարապմունքը դպրոց-պարտեզներում կազմակերպվում է մեկ կամ մի քանի խմբով, յուրաքանչյուրի համար որոշված սրահներում  կամ բացօթյա։ Պարապմունքին սովորողի, դասավանդողի նաև ծնողի  գործուն մասնակցությունն ուսումնական աշխատանք է: Ըստ օրվա ծրագրի՝ մասնակիցների մեջ կարող են ընդգրկվել նաև այլ մարդիկ: Սովորողները պարապմունքին մասնակցում են դասարանով իրենց համար որոշված տեղում։ Առավոտյան ընդհանուր պարապմունքի բովանդակությունը որոշվում է կրթահամալիրի օրացույցով։ 

Ուրբաթ-համերգ։ Ուրբաթ համերգը ընդհանուր պարապմունքի ձևերից մեկն է, որի օրն ու ժամն անփոփոխ են՝ յուրաքանչյուր ուրբաթ՝ 15։15, կրթահամալիրի Մայր դպրոց՝ Մարմարյա սրահ։ Ուրբաթ-համերգներն համակարգում է կրթահամալիրի «Ծեսերի» ուսումնական կենտրոնը,  կազմում է համերգների օրացույցը, ողջ ուստարվա համար  որոշում բոլոր ուրբաթ օրերի համերգների պատասխանատուներին։ Ուրբաթ-համերգները կարող են կազմակերպվել ինչպես որևէ հրավիրյալ մարդու, համույթի,  համերգի տեսքով, այնպես էլ կարող են որևէ դպրոցի համար երաժշտական ծրագրով ներկայանալու հնարավորություն դառնալ։ Ուրբաթ-համերգները մասնակցային են, դրանց հանդիսատես չի լինում, ծրագիրը կազմվում է այնպես, որ դրանց մասնակցեն բոլորը։ Ուրբաթ-համերգների բովանդակությունը որոշվում է կրթահամալիրի օրացույցով։ 

Ուսումնական ժամերգություն։  Ուսումնական ժամերգությունն ընդհանուր պարապմունքի ձևերից մեկն է, որն իրականացվում է յուրաքանչյուր ուրբաթ՝ 09։00-ին, Սբ․ Երրորդություն եկեղեցում հոգևոր երգերի ու շարականների ընթերցմամբ։ Սովորողները երաժշտության, մայրենիի, լեզվի, գրականության դասերին ծանոթանում են հոգևոր երգերին, ընթերցանության նյութերին, դրանք մեկնաբանում, հասկանում, սովորում երգել և ընթերցել, որպեսզի կարողանան ուսումնական ժամերգություններին հանդես գալ միասնական երգեցողությամբ կամ ընթերցանությամբ։ Ուսուցման կազմակերպման հեղինակային այս ձևը պատասխանն է պետական ծրագրի «Եկեղեցու պատմություն» դասընթացին։ Ուսումնական ժամերգությունն ամեն շաբաթ կրթահամալիրի դպրոցներից մեկն է համակարգում, մասնակցում են Բլեյան ցանցի բոլոր դպրոցներից խմբեր, հյուրեր, ծնողներ։ Ժամերգությունների մասնակցությունը կամավոր է, դրանց մասնակցում են սովորողների փոքր խմբեր, որոնց կազմը կարող է փոփոխվել։
Հայոց աշխարհում միշտ է եկեղեցին ուսումնական կենտրոն, դպրոց եղել։ Երաժշտության դասավանդող Հասմի Մաթևոսյանի հոդվածն է, առաջարկում ենք ծանոթնալ․

Սովորողի ընտրությամբ գործունեություն։ Հեղինակային կրթական ծրագրի մշակումների պսակը ուսումնական պլանն է, որն ամեն տարի փոփոխվում ու հաստատվում է կրթահամալիրի խորհրդի կողմից։ Ուսումնական պլանում ներառված են երեք բաղադրիչներ՝ ընդհանուր կրթություն, սովորողի ընտրությամբ գործունեություն, լրացուցիչ կրթություն (ի դեպ, այս կազմակերպումը նոր պետական չափորոշիչներում արդեն կա)։
Սովորողի ընտրությամբ գործունեությունը կրթահամալիրում սկսվում է առաջին դասարանից։ 1-3-րդ դասարաններում շաբաթական 2-ական ժամով սովորողը տրված ցանկից առանձանցնում է իր նախասիրությանը համապատասխան դասընթաց, որը կարող է փոխել ուսումնական երրորդ շրջանում՝ փետրվարից։ 4-րդ դասարանից սկսած ընտրությամբ գործունեության ցանկը խիստ ընդարձակ է դառնում, ավելանում են նաև ժամերը՝ շաբաթական 4 ժամ։ 

Ընտանեկան դպրոցներ
Երեխայի առաջին դպրոցը ընտանեկանն է, որտեղ գործում է ավագների ու կրտսերների ներդաշնակ համագործակցությունը։ Երեխայի կրթության գործում նախակրթարանն ու դպրոցը պիտի շարունակեն, լրացնեն ընտանեկան դպրոցներում սկսված աշխատանքը։ Հեղինակային կրթական ծրագիրն իր բոլոր դրսևորումներում կարևորում է ընտանեկան դպրոցները՝ հնարավորություն և միջավայր ստեղծելով դրանց զարգացման համար։ Ընտանեկան դպրոցների դրսևորման ձևերից են առարկայական ֆլեշմոբները, ընտանեկան նախագծերը, ընտանեկան տոների, ծեսերի, ճամփորդությունների լուսաբանումները, ընտանեկան թատրոնները, ռադիոթատրոնները, ինչպես նաև վարպետության դասերը։ 

Անհրաժեշտ է մեկնաբանել նշված ուղղություններից երկուսը՝ 

Ֆլեշմոբ—  Ֆլեշմոբը կրթահամալիրյան որևէ դասընթացի վերաբերյալ ընտանեկան ուսումնական աշխատանքի ձև է։ Սովորողներն ամսվա մեջ՝ ամրագրված օրվա ընթացքում, ստանում են որևէ առարկայից իրենց տարիքային խմբին համապատասխան ֆլեշմոբային առաջադրանքներ, դրանք ընտանիքի հետ կատարում են և առցանց հարցաթերթիկի միջոցով պատասխաններն ուղարկում։ Ֆլեշմոբն ունի ուսուցողական և ոչ թե ստուգողական նպատակ, և խնդիր է դրվում հետաքրքիր առաջադրանքների միջոցով ընտանիքի անդամներին ներգրավել ուսումնական աշխատանքի մեջ։ 

Վարպետության դաս  – Ուսումնական տարվա ընթացքում, ըստ կրթահամալիրի օրացույցի, դասավանդողի նախաձեռնությամբ հնարավոր է լինում ընտանեկան դպրոցը տեղափոխել դպրոցական միջավայր և տարբեր մասնագիտությունների ծնողներին, համապատասխան նախագծի շրջանակում, հրավիրել դպրոց։ Յուրաքանչյուր անգամ հրավերը վերաբերում է որևէ կոնկրետ ծնողի, ում հետ դասավանդողը քննարկում է այն դասընթացը, որը պատրաստվում է  վարել ծնողը, աջակցում նրան, որ դասընթացը դառնա մատչելի և հետաքրքիր իր դասարանի սովորողների համար։ 

Գնահատում։ Գնահատումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրթական պրոցեսի անօտարելի բաղկացուցիչն է: Այն միտված է սովորողների և դասավանդողների զարգացումը ապահովելուն, սովորելու ձգտումը խթանելուն, ուսումնական պլանները, դասընթացների ծրագրերը, ուսուցման կազմակերպումը բարելավելուն: Գնահատման հիմքում հանրակրթության պետական չափորոշչի, հեղինակային կրթական ծրագրի պահանջներն են: 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի երկրորդ ուսումնական շրջանում կատարվում է որակական գնահատում: 1-3-րդ դասարաններում գնահատումը կատարում է դասարանի ծրագրի ղեկավարը` դասվարը, 4-5-րդ դասարաններում՝ տվյալ դասընթացը դասավանդողը: 5-րդ դասարանի 3-րդ ուսումնական շրջանից գնահատումների համար կիրառվում են 10 միավորանոց և 2 միավորանոց (հանձնած-չհանձնած) համակարգեր։

Ընդունելությունմուտքի ճամբարներ, հայտագրումԿրթահամալիրի դպրոց-պարտեզներ ընդունվում է այն սովորողը, ում ծնողը (օրինական ներկայացուցիչը) ծանոթ է կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրին, ընդունում է ծրագիրը։ Սովորողի ընդունելությունը կրթահամալիր շուրջտարյա է: Կրթահամալիր ընդունվել ցանկացողը պետք է անցնի մուտքի ճամբար, որից հետո ծնողի կամ օրինական ներկայացուցչի հետ կնքվում է պայմանագիր, կատարվում է սովորողի էլեկտրոնային գրանցում։ 

Ուրախ օտար լեզուԿրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում երկու օտար լեզուների՝ ռուսերենի ու անգլերենի ամենօրյա ուսուցումը ներառված է «Իմացումի հրճվանք» ծրագրում։ Սա թիմային աշխատանք է․ մասնագետ-ուսուցիչը աշխատում է դասվարի հետ, միասին են մշակում բանավոր ուրախ օտար լեզվի ծրագիրը։ Ընտրված խաղերի, երգերի ուսուցումը դյուրացնում է լեզվի ուսուցումը։ Օտար լեզու դասավանդողը խաղ-իրականության մեջ խոսում է միայն օտար լեզվով, իսկ արդեն 4-5-րդ դասարանում էլեկտրոնային նամակագրությունն է դառնում օտար լեզվով․․․Օտար լեզուն մայրենին չէ, յուրացումն էլ անհատական է․․․ 

Ուսումնական բլոգներ (սովորողի, դասավանդողի)։ Պետական ծրագրի տետրերին այլընտրանք է բլոգային ուսուցումը։ Եթե տետրը կարող է տեսնել երկու-երեք մարդ, ապա ուսումնական բլոգները, ինչպես բաց դպրոցն ու միջավայրը, բաց են, և կարող են տեսնել բոլորը․․․ 1-2-րդ դասարաններում դասվարների անհատական բլոգներում բոլոր սովորողներն ունեն իրենց էջերը, իսկ 3-րդ դասարանից սկսած սովորողն իր էջը տեղափոխում է անհատական բլոգ ու վարում է իր ուսումնական բլոգը, որտեղ ինքն է հեղինակը, իր ոճն է, իր նախասիրություններն են։


Ընդհանուր ներառականությունը դպրոց-պարտեզում։ Կրթահամալիրի հեղինակային ծրագրում սովորում են և՛ հատուկ կարիքով սովորողներ, և՛ արտակարգ ունակությամբ սովորողներ, և՛ առանց վկայագրի, և՛ վկայագրով սովորողներ … Մի խոսքով՝ բոլորս ունենք կարիք ու հե՛նց դրանով էլ առանձնահատուկ ենք, բայց կարևորը ներառված ենք մեկ տարածքում, որի միջավայրն անընդհատ հարմարեցվում է ընդհանուր ներառականությանը։ Սա հեղինակային կրթական ծրագրի առավելությունն է։ Ներառական կրթությունը ենթադրում է ընտանիքի ներառում։ Եթե ընտանիքում դպրոցահասակ երեխաներից մեկը կարիքով է, մյուս երեխաների համար էլ ծնողը պետք է նույն ծրագիրն ընտրի։ Սա ներառական հեղինակային հանրակրթության ամենակարևոր մանկավարժական լուծումներից է, որը կհաստատեն այն 100-ից ավելի ընտանիքները, որոնք ընտրել են հեղինակայինը հե՛նց այս պայմանով․․․

Երաժշտությունը դպրոց-պարտեզում։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  երաժշտության ուսուցումը կազմակերպվում է խմբային երգեցողության, պարերգի, պարի, երաժշտության ունկնդրման, համերգների, դասարանական երգչախմբի, ծեսերի և տոների, ուսումնական ժամերգության մասնակցության ուսումնական մոդուլներով։ Հեղինակային կրթական ծրագրում բոլորն են երգում՝ և՛ սովորողը, և՛ դասավանդողը, և՛ ծնողը․․․
1-3-րդ դասարաններում երաժշտության պարապմունքը երաժշտության դասավանդողի աջակցությամբ վարում է դասվարը։ Դասվարը մասնակցում է երաժշտական սեմինարների, երգում է «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբում, վոկալ համույթում, որտեղից երաժշտական ճաշակը, երգացանկը, խմբավարի հմտությունները տեղափոխում է դասարան, ու դասարանը դառնում է երգչախումբ՝ իր դասվար-խմբավարով։
Հեղինակային հանրակրթական երաժշտության ծրագրերի փաթեթ 

Ուսումնական ճամփորդություններ։ Ուսումնական ճամփորդությունների կազմակերպումը շուրջտարյա է,որով լուծվում են ինքնակազմակերպման, ինքնուրույնության շատ-շատ խնդիրներ, որոնք դասարանային պայմաններում մի տեսակ արհեստական են։
1-3-րդ դասարաններում ճամփորդական նախագծերը ներառված են «Իմացումի հրճվանք» դասընթացի ծրագրում, իսկ 4-5-րդ դասարաններում՝ առարկայական դասընթացների ծրագրերում։
Ուսումնական ճամփորդության ուղղություններ
-քայլք, բարձունքների հաղթահարում
-քաղաքի թանգարանները, համերգային դահլիճները, թատրոնները՝ որպես հանրակրթության լաբորատորիաներ
-եռօրյա ճամբարներ, որոնք 3-րդ դասարանի ուսումնական պլանով են որոշված․ մեկ եռօրյան  ուսումնական պլանի պահանջ է
-գյուղական ճամբարներ
-Արատեսի դպրական կենտրոն
-Արտանիշի վրանային, լողափային ճամբար

Ուսումնական TV-ներ և ուսումնական ռադիոներ։ Դասարանական, անհատական   TVներն ու ռադիոները մեդիակրթությամբ հեղինակային մանկավարժություն իրականացնող ծրագրերի  կարևոր բաղադրիչներ են։ Դրանք սպասարկում են տարբեր դասընթացներ և լուծում են բազմապիսի խնդիրներ։ Դասարանական TV-ները և ռադիոները դասավանդողի, հնարավոր է նաև սովորողի, նախագծի հիման վրա են կազմակերպվում։  TV-ները և ռադիոները  շուրջտարյա նախագծեր են, որոնք ստեղծում են սովորողները՝ որոշակի պարբերականությամբ և մի որևէ թեմայի շուրջ։ Այս աշխատանքը բազմաշերտ է, անհատական, խմբային, դասարանական, դպրոցական․․․ 

Ուսումնական ճամբարներ։ Ուսումնական ճամբարները, ըստ կազմակերպման տեսակների, բաժանվում են մի քանի խմբերի՝

  1. ըստ ուսումնական պլանի՝  ուսումնական 2-րդ և 4-րդ շրջանների ձմեռային և ամառային ճամբարներ
  2. լրացուցիչ կրթության աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային ճամբարներ
  3. արտագնա, բազմօրյա արշավախմբային ճամբարներ

Ըստ ուսումնական պլանի՝  ուսումնական 2-րդ և 4-րդ շրջանների ձմեռային և ամառային ճամբարներ։ Ըստ ուսումնական պլանի՝ ուսումնական 2-րդ և 4-րդ շրջանների ձմեռային և ամառային ճամբարներին 1-12-րդ դասարանների բոլոր սովորողների մասնակցությունը պարտադիր է։ 2-րդ ուսումնական շրջանը կազմակերպվում է հունվար ամսին՝ ձմեռային ստուգատեսային ճամբարի միջոցով։ Այս ընթացքում դասավանդողները ներկայացնում են տարբեր նախագծեր, որոնք ընտրում են սովորողները, և ձևավորվում են ճամբարային ջոկատներ։ Ճամբարային ջոկատները տարատարիք են, և սովորողները  խմբավորվում են ըստ իրենց նախասիրությունների։ Ճամբարներն ամփոփվում են դասավանդողների հաշվետվություններով և սովորողների բլոգների ափոփումներով։ Ճամբարային ստուգատեսներին սովորողների մասնակցությունը պարտադիր է։
 4-րդ ուսումնական շրջանը կազմակերպվում է հունիսի առաջին երկու շաբաթների ընթացքում՝ լողափնյա ճամբարով։ Այս ընթացքում դասավանդողները ներկայացնում են տարբեր նախագծեր, որոնք ընտրում են սովորողները, և ձևավորվում են ճամբարային ջոկատներ։ Ճամբարային ջոկատները տարատարիք են, և սովորողները խմբավորվում են ըստ իրենց նախասիրությունների։ Ճամբարներն ամփոփվում են դասավանդողների հաշվետվություններով և սովորողների բլոգների ափոփումներով։ Ճամբարային նախագծերին մասնակցելը սովորողների համար պարտադիր է։

Լրացուցիչ կրթության աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային ճամբարներ։ Լրացուցիչ կրթության ճամբարները կազմակերպվում են դպրոցային արձակուրդի շրջանում, դրանց սովորողները մասնակցում են կամավոր՝ ծնողի հետ կնքած լրացուցիչ կրթության ճամբարի պայմանագրի առկայության դեպքում։ Ճամբարները կազմակերպվում եմ լիարժեք օրով՝ 9։00-17։00, դրանք տարատարիք են, ճամբարի աշխատակարգը որոշվում է ճամբարի պետի կազմած աշխատակարգով։

Արտագնա բազմօրյա արշավախմբային ճամբարներ։ Բազմօրյա ճամբարները կազմակերպվում են շուրջտարյա։ Ուսումնական պարապմունքի օրերին պարտադիր է, որ բազմօրյա ճամփորդությունները կազմակերպվեն շաբաթ և կիրակի, և առավելագույնը մեկ աշխատանքային օր օգտագործվի։ Արձակուրդի օրերին ճամբարը կարող է կազմակերպվել, դասավանդողի նախագծով սահմանված, ցանկացած հարմար երեք օրերին։ Ըստ ուսումնական պլանի՝ 3-րդ դասարանից սկսած բոլոր սովորողների համար պարտադիր է բազմօրյա արշավախմբային ճամփորդություններին առնվազն մեկ անգամ մասնակցելը։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով