Յուրաքանչյուր ամսվա (այդ թվում՝ և ամառային) վերջին չորեքշաբթի օրը կրթահամալիրում կազմակերպվում է բաց (կարող է մասնակցել ցանկացած մարդ) ֆլեշմոբ մաթեմատիկայից` տարբեր մարդիկ, տարբեր վայրերում միաժամանակ զբաղված են մաթեմատիկական նույն առաջադրանքը կատարելով: Առաջադրանքները չորս մակարդակի են՝ ըստ առաջադրված խնդիրների բարդության: Յուրաքանչյուր մակարդակում առաջարկվում է տասը խնդիր:
Այդ օրը (ամեն ամսվա վերջին չորեքշաբթին)՝ ժամը 19:00 առաջադրանքները հրապարակվում են կրթահամալիրի կայքում՝ mskh.am, մաթեմատիկայի ուսումնական կենտրոնի բլոգում` emath.mskh.am: Մասնակիցն ինքն է ընտրում առաջադրանքի տարբերակը: Մի մասնակիցը կարող է տարբեր մակարդակի առաջադրանքներ կատարել: Կրթահամալիրի դասվարների և մաթեմատիկա դասավանդողների համար ֆլեշմոբին մասնակցելը պարտադիր է: Մասնակիցները պատասխանները պետք է ուղարկեն նույն օրը, մինչև ժամը 24:00:
Առաջադրանքների համար խնդիրները ընտրում են.
- առաջին մակարդակի համար՝ կրթահամալիրի «Իմացումի հրճվանք» լաբորատորիան.
- երկրորդ մակարդակի համար՝ կրթահամալիրի դպրոցների 4-6-րդ դասարաններում մաթեմատիկա դասավանդողներից մեկը՝ ըստ համաձայնեցված ցուցակի.
- երրորդ մակարդակի համար՝ կրթահամալիրի դպրոցների 6-9-րդ դասարաններում մաթեմատիկա դասավանդողներից մեկը՝ ըստ համաձայնեցված ցուցակի.
- չորրորդ մակարդակի համար կրթահամալիրի դպրոցների 9-12-րդ դասարաններում մաթեմատիկա դասավանդողներից մեկը՝ ըստ համաձայնեցված ցուցակի:
Կազմված խնդիրներն ուղարկվում են էլեկտրոնային փոստի matem@mskh.am հասցեով՝ մինչև ընթացիկ ամսվա 15-ը: Մաթեմատիկայի ֆլեշմոբի կազմակերպիչ-պատասխանատուն մինչև ընթացիկ ամսվա 20-ը սպասում է գործընկերների արձագանքին, անհրաժեշտության դեպքում կազմակերպում է առանձին խնդիրների առցանց քննարկում: Արդեն ընտրված խնդիրները խմբագրում է հայերենի մասնագետի հետ և կազմում առաջադրանքների առցանց թերթիկները: Յուրաքանչյուր մակարդակի առաջադրանքի վերջում գրվում է խնդիրները կազմողի անունը, ինչպես նաև տեղ է հատկացվում առաջարկությունների և խնդիրներ առաջադրելու համար:
Ստացված պատասխանները գրանցում է ծրագիրը:
Առաջին և երկրորդ մակարդակի առաջադրանքների պատասխանները տրամադրվում են կրթահամալիրի դպրոց-պարտեզներում մաթեմատիկա դասավանդողներին: Առաջին և երկրորդ մակարդակների պատասխանների ստուգման պատասխանատուները դպրոց-պարտեզներում մաթեմատիկա դասավանդողներն են: Յուրաքանչյուրը իր դպրոցի-պարտեզի մինչև 3-րդ դասարանցիների աշխատանքները տալիս է ստուգելու դասվարին, իսկ ինքը ստուգում է 4-5-րդ դասարանցիների աշխատանքները: Ավելի բարձր դասարանցիներից այդ մակարդակներին մասնակցածների և ոչ կրթահամալիրից մասնակցածների աշխատանքներն ստուգում է ֆլեշմոբի կազմակերպիչ-պատասխանատուն: Երրորդ և չորրորդ մակարդակի աշխատանքները ստուգում է տվյալ մակարդակի խնդիրները կազմողը: Ստուգված պատասխաններն ուղարկում են ֆլեշմոբի կազմակերպիչ-պատասխանատուին: Նա, հավաստիանալով, որ ստուգված են բոլոր աշխատանքները, կրթահամալիրի յուրաքանչյուր դպրոցի տնօրենին ուղարկում է դպրոցի սովորողների արդյունքները: Ոչ կրթահամալիրից մասնակցած յուրաքանչյուր սովորող կցվում է մաթեմատիկա դասավանդողներից մեկին, ով այդ սովորողին ուղարկում է իր արդյունքը, խնդիրների պատասխանների հղումը. հետը էլեկտրոնային կապ է պահպանում՝ նրան խրախուսելով մասնակցելու հաջորդ ֆլեշմոբներին և այդ աշխատանքում ներգրավելու իր ծանոթներին:
Խնդիրների լուծումները քննարկվում են առցանց եղանակով: Կրտսեր դպրոցում մաթեմատիկա դասավանդողը այդ դպրոցի դասավարների հետ քննարկում է մինչև 3-րդ դասարանցիների տարիքային խմբին առաջադրված խնդիրները: Դասվարները խնդիրների լուծումները քննարկում են իրենց սովորողների հետ: Մաթեմատիկայի ուսուցիչը ֆլեշմոբից հետո, մեկ շաբաթվա ընթացքում, այդ տարիքային խմբին առաջադրված խնդիրները քննարկում է դասի ժամանակ:
Ֆլեշմոբից մեկ շաբաթ հետո կրթահամալիրի կայքում, դպրոցների ենթակայքերում, մաթեմատիկայի ուսումնական կենտրոնի բլոգում տեղադրվում են առաջադրված խնդիրների պատասխանները: Ֆլեշմոբից երկու շաբաթ հետո մաթեմատիկայի ուսումնական կենտրոնի բլոգում տեղադրվում են խնդիրների լուծումները:
Յուրաքանչյուր ֆլեշմոբից հետո կատարվում և հրապարակվում է արդյունքների վերլուծություն:
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան