Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մանկավարժության, ինչպես բժշկության բնագավառում կարգախոսը նույնն է՝ մի վնասիր: Սա վերաբերում է նաև ուսումնական նախագծերով ուսուցմանը։ Երբեմն արդյունք ստանալու նպատակով գնում ենք դյուրին ճանապարհով՝ պարտադրում ենք, որ սովորողը մասնակցի այս կամ այն նախագծին, գործունեությանը, ճամփորդությանը և այլն: Այս դեպքում աննկատ առաջացող հոգեբանական խութերն ու դրանց հետևանքները շատ ավելի ծանր են լինում, քան այդ պահին որպես արժեք ներկայացված արդյունքը՝ պատում, նկարաշար, ձայնանյութ, տեսանյութ: Եվ եթե մենք համբերատար և նրբանկատ չենք լինում և դանդաղ չենք անցնում այդ ճանապարհը, ինչ-որ պահից սկսած սովորողը փակվում է՝ դառնալով անհաղորդ ուսման, մեր առաջարկած ամենահետաքրքիր ուսումնական գործունեության նկատմամբ:
Պետք է հաշվի առնենք հետևյալ իրողությունը՝ ի տարբերություն կրտսեր դպրոցի սովորողի, որի համար ամենակարևորը ուսուցչի, ծնողի վերաբերմունքն է, Ավագ դպրոցի մեր սովորողը աշխատում է ոչ այնքան դասավանդողին և ծնողին (առհասարակ որևէ մեկին) դուր գալու կամ գնահատական ստանալու համար, այլ որովհետև ուզում է, իրեն հետաքրքիր է:
Ես չգիտեմ՝ լավ ուսուցիչ եմ, թե վատ: Միայն մի բան կարող եմ ասել՝ գրականություն սիրում եմ և փորձում եմ իմ այդ սերը փոխանցել սովորողներին: Երբեմն ստացվում է, երբեմն՝ ոչ: Երբ ստացվում է՝ ուրախանում եմ, չի ստացվում՝ չեմ տխրում, որովհետև այդ ընթացքում սովորողը հասցնում է հիմնավորել, մտածել, իրեն թույլ տալ չհավանել: Իսկ ո՞վ ասած՝ հիմնավորված չհավանելը պակաս կարևոր է, քան հիացական բառեր ասելը: Զգույշ, չափազանց զգույշ եմ վերաբերվում սովորող սովորողին: Երբեք և ոչ մի դեպքում առաջինը կարծիք, դիտարկում կամ վերաբերմունք չեմ հայտնում այս կամ այն գրողի կամ ստեղծագործության մասին, քանի դեռ չեմ զգացել, որ սովորողն արդեն հիմնավորված վերաբերմունք ունի:
Եվ կարևոր չէ` սովորողն ինչ է գրում և խոսում, կարևորը՝ ինչպես է գրում և խոսում: Ընդ որում, դա կարող է լինել և լավ կամ վատ պատում, վերլուծության և հետազոտական աշխատանքի հաջողված կամ անհաջող փորձ, որակյալ և անորակ թարգմանություն, ստացված կամ չստացված ձայնանյութ-տեսանյութ և այլն:
Ես եղել և մնում եմ այն կարծիքին, որ ձախողումները, չստացված աշխատանքը շատ ավելի կարևոր են սովորողի համար, քան հաջողվածն ու ստացվածը: Սովորողի ոչ այնքան հաջողված աշխատանքը լավ նյութ է՝ սխալը հասկանալու, տեսնել-լսելու և հետագայում դրանից խուսափելու համար:
Նյութերի ու ժանրերի բազմազանությունը, նախ և առաջ, հարկ է, որ երևա պատանեկան ամսագրերի էջերում: Եվ ընդհանրապես, լավ կլիներ, որ հենց պատանեկան ամսագրերը, վերածվելով ակումբային խմբագրությունների, դառնային հեղինակային մանկավարժության առաջմղիչ ուժն ու շարժիչը:
Իմ կարծիքով դա հնարավոր կարող է դառնալ, եթե՝
- Ավագ դպրոցում գնահատումը դառնա միասնական: Եվ սովորողը հասկանա, որ աշխատանքի այն ծավալը, որն արվում է դպրոցում` հանրակրթական այս կամ այն առակայի դասաժամերին` բավարար չէ, իրեն չի կարող կրեդիտներ, ասել է թե՝ բարձր միավորներ բերել: Կարծում եմ՝ սա սովորողին կմղի լրացուցիչ ջանքեր գործադրելու և անուղղակի կերպով նրան կստիպի ինքնակրթությամբ զբաղվել:
- Պատանեկան ամսագրերը, ընդհանրապես երկարաժամկետ նախագծերը, բերվեն դասացուցակ: Բայց այս դեպքում մենք պիտի հասկանանք, որ գործ ենք ունենալու տարբեր միջավայրերում տարբեր գործունեություններ իրականացնող տարբեր խմբերի հետ: Սա ուսուցչից հավելյալ հմտություններ է պահանջելու: Սկզբնական շրջանում կարելի է ուսուցչի օգնականի գործառույթը ակտիվացնել` մեկի, որ դասարանում կմնա և կիրականացնի այդ դասաժամի համար նախատեսված պարապմունքի ծավալը: Իսկ մյուս ուսուցիչը միևնույն ընթացքում դասարանից դուրս կզբաղվի երկարաժամկետ նախագծերում ընդգրկված սովորողների խմբերի հետ աշխատելով:
- Ուսուցչին հնարավորություն տրվի շփվելու ավելի մեծ թվով սովորողների հետ: Ավագ դպրոցում ուսուցչին ընտրելու սովորողի իրավունքը դրա հնարավորությունը այսօր չի տալիս: Ցավոք, վաղն էլ չի տալու: Լավ կլիներ, որ Ավագ դպրոցում ուսուցիչը նույն սովորողի հետ աշխատեր միայն մեկ տարի:
- Ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրվի, քննարկվի և մշակվի վերը թվարկածի՝ որպես համակարգային փոփոխությունների ներդրման մեխանիզմը, կազմակերպումը, աշխատանքային և գնահատման գործիքները, հարակից այլ խնդիրների ուղղված լուծման տարբերակները:
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան