Առավոտյան ընդհանուր պարապմունքով է սկսվում մեր օրը դպրոցում: Օրը միասին սկսելը` իրար բարևելը, միասին երգելը, կարևոր լուրեր փոխանակելը, ծննդյան շնորհավորանքները առավոտյան դրական լիցքեր ու տրամադրություն են ապահովում, որը կարևոր է թե´ սովորողների, թե´ դասավանդողների համար:
Դպրոցում սովորողների ընդունելությունը սկսվում է 8:45-ից: Մինչև բոլորը կհավաքվեն, հնչում է դասական երաժշտություն , որը ենթագիտակցորեն խաղաղեցնում ու դրական լիցքեր է հաղորդում բոլորին: Սա շարունակում, լրացնում է երաժշտության ունկնդրման ծրագիրը, նաև անուղղակի ազդում է է սովորողներին ուղեկցող ծնողների, հարազատների վրա`մղում դասական երաժշտություն լսելու, սովորելու, սիրելու և գնահատելու:
Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիրը Նոր դպրոցում ունի հետևյալ կառուցվածքը.
- Կրթահամալիրի հիմն
- Հոգևոր երգ
- Բոլորին վերաբերող նորություն, հայտարարություններ
- Ուսումնական օրացույցով որոշված ծիսական երգ-պար (2-3)
- Կայքի նյութերի դիտում
- Ծննդյան շնորհավորանք
- Կրթահամալիրի ուսումնական տոնացույցով որոշված օրերից բխող միասնական արտասանություն կամ անգիր
- Ուրախ մարմնամարզություն
- Օտար լեզվով կարաոկե
- Պար
Առավոտյան պարապմունքի ծրագիրը մշակելը և վարելը ուսումնական մեկշաբաթյա նախագիծ է, որում 3-6-րդ դասարանցի սովորողներն ընդգրկվում են խմբերով` դասվարի, կազմակերպչի կամ դասավանդողներից մեկի ղեկավարությամբ:
Ընդհանուր պարապմունքի կազմակերպման գործում ներգրավված են նաև 5-6-րդ դասարանցի մի խումբ տեխնիկական-սպասարկողներ: Նրանք նախապես ծանոթանում են օրվա ծրագրին, առավոտյան միացնում են համակարգիչը, ձայնարկիչը, պրոյեկտորը, նախապատրաստում օրվա բոլոր տեսանյութերը և ըստ ծրագրի ապահովում տեսանյութերի, կարաոկեների ցուցադրությունը:
Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիրը բխում է ուսումնական օրացույցից:
Դասարանում սովորած բանաստեղծությունը, երգն ու պարը կրկնելով, ամրապնդելով, ընկերոջը օգնելով, լսելով, ոգևորելով ու ոգևորվելով` սկսվող առավոտները անընդհատ հետաքրքիր և կենդանի դարձնելու համար զգուշությամբ են ընտրվում և´ երգացանկը, և´ բանաստեղծությունները, և´ պարերը:
Ծրագրի երգացանկը մեկ շաբաթվա համար` պայմանավորված կրթահամալիրի ուսումնական օրացույցով, կազմում է երաժշտության մասնագետը, ով կիրակի օրվա վերջում այն հրապարակում է կայքում։ Շաբաթվա ընթացքում միասնական արտասանվող բանաստեղծությունների ցանկն ավելացնում է դպրոցի ղեկավարը. ծանոթ լինելով բոլոր դասարաններում իրականանցվող ծրագրերին, նա առանձնանցում է ընդհանուր արտասանության համար հարմար բանաստեղծությունները` էլի նախ և առաջ նկատի ունենալով կրթահամալիրի ուսումնական օրացույցը: Այնուհետև պատասխանատու դասարանը, խումբը, ղեկավարի հետ աշխատելով, յուրաքանչյուր օրվա վերջում մանրամասնում է հաջորդ օրվա ծրագիրը:
Օրվա հայտարարությունները, նորությունները հիմնականում հրապարակում են ծրագրի ղեկավարը կամ դասավանդողներից մեկը, բացառությամբ այն շաբաթների, երբ պարապմունքները, ելնելով կրթահամալիրի ուսումնական օրացույցից, տևում են 30 րոպե: Այդ ժամանակ պարապմունքի այս մասն էլ են իրագործում սովորողները` առանձնացնելով օրվա կարևոր իրադարձությունները և ներկայացնելուվ համապատասխան տեսանյութեր: Օրվա հայտարարությունները նախապատրաստելու համար սովորողները տարբեր տեղեկատվական աղբյուրներից փորձում են հավաքել հետաքրքիր լուրեր` տվյալ օրվա, իրադարձությունների, հանրահայտ մարդկանց մասին, դպրոցում նախատեսված կարևոր աշխատանքներն են հրապարկում:
Երգ ու պար: Երգերի արագ ուսուցմանը նպաստում են կարաոկեները։ Մեկ երգի համար սովորողները ստեղծում են տարբեր կարաոկե-հոլովակներ, որոնցից ընդհանուր պարապմունքի ժամանակ ընտրվում են լավագույնները:
Դրանք սրահի էկրանից օգնում են 300 և ավելի սովորողներին միասին երգել: Այսպես երգի բառերը չիմացող ծնողն ու սովորողն էլ են ներգրավվում առավոտյան ընդհանուր պարապմունքի մեջ:
Հոլովակների հեղինակները սովորողներն են, ովքեր այդ աշխատանքն անում են տեխնոլոգիայի, մեդիատեխնոլոգիայի, երաժշտության և մայրենիի ուսումնական պարապմունքներին:
Պատասխանատուները երգացանկում ընդգրկված երգերի համար բեմադրություն են մշակում և բեմադրում` զուգակցելով խաղն ու պարը, ապա պարապմունքի ժամանակ սովորեցնում կրտսեր ընկերներին:
Կայքի նյութերի դիտում։ Ընդհանուր պարապմունքի ժամանակ կայքի ուսումնական նյութերի դիտումը սովորողների և դասավանդողների կատարած աշխատանքների գնահատման ևս մի տարբերակ է. պարապմունքի պատասխանատուներն առանձնանցնում են կայքում նախորդ օրը թողարկված լավագույն մեկ-երկու լավագույն նյութերը, որոնք ցուցադրելուց առաջ մի քանի խոսքով ներկայացնում են և պատճառաբանում իրենց ընտրությունը։ Եթե ընտրված են լինում կարճ տևողությամբ նյութեր, ապա դիտում ենք ամբողջությամբ, եթե նյութերի տևողությունը երկար է, դիտում ենք հատված, իսկ շարունակությունը սովորողները դիտում են դասասենյակներում: Ընտրված նյութերի վերնագրերը և հեղինակների անունները մեկ օր առաջ հրապարակվում են առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագրում:
Միասնական ընթերցանություն կամ անգիր
Պարապմունքի պատասխանատուները կրթահամալիրի ուսումնական օրացույցից բխող նախագծերից պարապմունքի ժամանակ նախատեսում են նաև միասնական ընթերցանությունը կամ անգիրը: Համագործակցելով 1-6-րդ դասարանցիների հետ` պատասխանատուներն առանձնանցնում են սովորողների կողմից թվայնացված ամենահարմար տեսանյութ-հուշաթերթիկները` ֆիլմերը, պրեզենտացիաները, որոնք օգնում են բանաստեղծությունները հասկանալուն և բերանացի իմանալուն:
Ուրախ մարմնամարզություն: Պատասխանատուները պատրաստվում են ուրախ մարմնամարզությանը. ընտրում մարմնամարզական վարժությունները, որոշում դրանց կատարման հաջորդականությունը (աչքերի վարժություններից սկսած մինչև ոտքերի վարժություններ` աչքեր, գլուխ, ուսեր, թևեր, ձեռքեր, դաստակներ, մատներ, դարձումներ, գոտկատեղ, ոտքեր, կքանիստ, թռիչքներ), ապա գտնում համապատասխան երաժշտություն, այն քննարկում երաժշտության մասնագետի հետ:
Սովորողներն ուշադիր ու պատասխանատվությամբ են կատարում մարմնամարզական վարժությունները, քանի որ գիտեն, որ իրենց շարժումները կրկնօրինակելու են բոլորը:
Ծննդյան շնորհավորանք: Առավոտյան պարապմունքի ամենաջերմ և սպասված հատվածը ծննդյան շնորհավորանքներն են։ Հոբելյարի ընկերները, ուսուցիչները կայքում նախապես թողարկում են շնորհավորանք (ֆիլմ, ֆոտոշարք, բացիկ), իսկ առավոտյան բոլորը դիտում են այն և նվիրում արդեն սպասված ծննդյան փուչիկը: Օրվա ընթացում կայքում թողարկված մեդիաշնորհավորանքին սովորողներն ավելացնում են նաև իրենց անհատական շնորհավորանքները:
Ընդհանուր պարապմունքը կրթական ծրագրի, դրա դասընթացների յուրացման միջոց է` ներառելով ընդհանուր կրթությանը, սովորողների արժեքային համակարգի զարգացմանն ուղղված բովանդակությունը, այստեղ դպրոցը` որպես մեծ հավաքանի, միասնաբար է հանդես գալիս, մեծերն ու փոքրերը, սովորողներն ու աշխատողները այդ միասնական աշխատանքում մտերմանում են, որի արդյունքում ստեղծվում է համերաշխ և առողջ միջավայր: