Արվեստն անմահ է: Գրական մնայուն արժեք երկերն ապրում են՝ չվախենալով ժամանակից, գլոբալիզացիայից, քաղաքական և նույնիսկ սոցիալական իրավիճակից, մեդիայից, նորաձևությունից: Ապրում են ու կապրեն այնքան, որքան կապրի մարդը՝ մտածող ու կենդանի մարդը: Կապրեն անկախ ընթեցողի քաղաքական կողմնորոշումից, տարիքային, սեռական բարդույթից ու ազգությունից: Կապրեն անկախ մեթոդից ու քննադատությունից, գրականագիտությունից ու տեսությունից: Բայց կապրեն ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկը կամ մարդկանց մի խումբ ուզում է, որ դրանք ապրեն կամ փորձում արհեստականորեն ապրեցնել, այլ, որովհետև ունեն ասելիք, միտք, ոգի, հզոր էներգետիկ դաշտ ու սերունդների մեջ ու միջոցով իրենք իրենց ապրեցնելու հզոր տեխնիկա:
Բայց մենք վախենում ենք… Չգիտես ինչու` շատ ենք վախենում, որ նոր սերունդը կմերժի, չի ընդունի ու իրենից կօտարի գրական ինչ-ինչ գործեր` ստեղծագործություններ, որոնք վաղուց օտարվել են նախորդ սերունդներից ու իրավունք ունեն ապրելու իբրև գրականության պատմության մաս միայն: Վախենում ենք ու արհեստականորեն սերնդին «գրականություն» պարտադրում: Պարտադրում ենք ու չենք կարողանում պարտադրել: Չենք կարողանում, որովհետև կա´մ չեն կարդում, կա´մ չեն ընդունում, կա´մ արհամարհում են: Ոչ թե մերժում են, այլ արհամարհում. երբ մերժում ես, հնարավոր է` գա նաև ընդունման փուլը, որը կարող է կապվել մարդու հասունացման, աշխարհայացքի փոփոխության, գրական ճաշակի (անճաշակության) ձևավորման հետ:
Գրականություն ենք պարտադրում դասագրքերով, լսարանային վերամբարձ դասախոսություններով ու պաթետիկ վերլուծություններով: Ու չենք կարողանում պատասխանել մի պարզ հարցի՝ ինչո՞ւ ենք նման գրականություն պարտադրում: Քանա՞կ ենք ապահովում։ Բայց մենք քանակի՞ խնդիր ունենք: Չեմ կարծում, որ հայ գրականությունն այնքան աղքատ է ու անարժեք, որ նման խնդիր ենք փորձում լուծել: Եթե ազգայնացնենք ու փորձենք քանակի վերածել, մեր փոքր երկիրը գուցե շատ ավելի մեծ ու արժեքավոր գրական նմուշներ ունի, քան շատ ու շատ մեծ տերություններ, և քանակի մրցավազքն անհեթեթ եմ համարում: