Սկիզբը

3. Գրական անընդունելի շտամպի մի քանի օրինակ

3.1. Ոչ հայերեն` ռուսատիպ հրամայականը (արգելականը, հորդորականը ևն)

Հայերեն չեն հետևյալ «հրամայականները». գտնե´լ, որոշե´լ, լուծե´լ, պարզե´լ, պարզեցնե´լ, ապացուցե´լ, արտագրե´լ, ընդգծե´լ, նշե´լ ևն:

Հիմք 1. Ոչ մի հայ իր թոռանը չի ասի.

— Ա´յ տղա, ձենդ կտրե´լ ու վեր կենալ գնալ այգի, փնտրել մի լավ ձմերուկ գտնել ու քաղել բերել այստեղ, հետո կտրել, ուտել, հետո էլ ծորակը բացել, մի քիչ թողնել, որ ջուրը սառի ու մի բաժակ լցնել խմել:

Սրա ճիշտ ձևն ակնհայտ է. դերբայ-գոյականները պիտի փոխարինվեն բայերով.

— Ա´յ տղա, ձենդ կտրի ու վեր կաց գնա այգի, ման արի ու մի լավ ձմերուկ քթի ու քաղի բեր այստեղ , հետո կտրի, կեր, հետո էլ ծորակը բաց արա, մի քիչ թող, թո ջուրը սառի ու մի բաժակ լից/լցրու ու խմի:

Աբեղյանն անառարկելի ապացուցել է, որ անորոշ դերբայ-գոյականները, այս կտրել, վեր կենալ, փնտրել, գտնել, քաղել, բերել, ուտել, բացել, թողնել, լցնել, խմել  դերբայ-գոյականները, հայոց լեզվի մեջ ոչ մի բայական ֆունկցիա չունեն, այսինքն, բայ չեն, ու հնարավոր չի, որ սրանք բայի դեր տանեն, ինչը պարզ-պարզ երևում է բերածս օրինակից: Իրոք, եկեք այս դերբայ-գոյականները փոխարինենք ուրիշ գոյականներով ու տեսնենք, թե ինչ կստացվի.

— Ա´յ տղա, քար ու հող ու այգի, ջուր ու մի լավ ձմերուկ ու ծառ ու աչք ու ոտք այստեղ, հետո ձի, պատերազմ, հետո էլ ծորակը անտառ, մի քիչ դաշտ, թո ջուրը սառի ու մի բաժակ հոսանք ու մթնշաղ:

Պարզ է, որ սա անհեթեթ է ու անհնար, ու սա նախադասություն չի, որովհետև մեջը ոչ մի բայ չկա, որովհետև անորոշ դերբայ կոչածը ոչ մի տեսակ բայ չի, ու իր ամեն ինչով գոյական է:

Երբ այս դերբայ գոյականները կուտակում ենք իրար գլխի, իսկույն երևում է, որ սրանց այս տեսակ գործածությունը հայավարի չի, ուրեմն, հայերեն չի: Բայց ախր որ սրանցից միայն մեկ-երկուսն ենք թողնում, օրինակ, ասում ենք` կանգնե´լ ու լռե´լ, ի՞նչ է, այս երկուսը դառնում են հայերե՞ն:

Երբ այս բաներն ասում եմ, ասում են, թե սրանք «չեզոք հրամայական են»: Չէ´ ու չէ´:

Սրանք ուղղակի սխալ են ու հայերեն չեն: Ուզո՞ւմ ես` «չեզոք» ասես, այսինքն, թե ուզում ես, որ ասածդ ոչ մի կոնկրետ մարդու չվերաբերի, կրավորականո´վ ասա.

— Ա´յ տղա, լավ կըլի ձենդ կտրվի ու գնացվի այգի, ման գալացվի ու մի լավ ձմերուկ քթնվի ու քաղվի բերվի այստեղ, հետո կտրվի, ուտվի, հետո էլ ծորակը բաց արվի, մի քիչ թողնվի, որ ջուրը սառի ու մի բաժակ լցվի ու խմվի:

Այս սխալ հրամայականը, այս կանգնե´լ, անե´լ, արտագրե´լ դասը, լուծե´լ վարժությունը, որոշե´լ անհայտը, գտնե´լ իքսը, կատարե´լ գործողությունը, կտրե´լ լարը, խառնե´լ լուծույթը և այլ վիթխարի քանակով սխալ ու չհայերեն ձևը տարածված է մանավանդ դպրոցական դասագրքերում, զինվորական գործում, խոհարարական ու քիմիական ու բժշկական հրահանգներում, ու սրանք հենց մանկուց աղտոտում են մեր հայ մանուկների գրական ոճերն ու դրանք դարձնում են չհայերեն: Հազար ափսոս:

Սրանք, մանավանդ պետական չինովնիկների ու քաղգործիչների ու ժուռնալիստների սիրած բառերն են, որովհետև սրանք ուզում են, որ իրենց խոսքը «հասարակ» ժողովրդի խոսքից անպայման տարբերվի, որ իրենք խելոք ու գրագետ երևան, քանի որ իրենք երբեք էլ ազնիվ չեն ու այսօր այս երկու հատկությունից էլ զուրկ են` համարյա առանց բացառության:

Այս օրինակից ակնհայտ է, որ Լեզվի գլխավոր օրենքը, այսինքն խոսող հանրության լեզվական «միջինը», շատ հեշտ է որոշում, թե լեզվական ո´ր երևույթն է ճիշտ, ո´րը սխալ, ու նաև ակնհայտ է, որ Լեզվի գլխավոր օրենքը կախված չի առանձին անհատի կամ անհատների խավի կամքից կամ ծրագրից, այսինքն, նման է իր բնագիտական անալոգներին, օրինակ, ֆիզիկայի  ու քիմիայի օրենքներին:

Հիմք 2. Եթե ասենք.

– Աշոտ, դու խոսի´ր, Արամ, դու լռի´ր,- հայերե´ն բան ասած կլինենք: Հիմա այս ասածից թողնենք միայն   բայերը.

– Խոսի´ր, լռի´ր:

Իհարկե` նորից հայերեն բան ենք ասում: (Նկատի առեք, որ մնացած ինֆորմացիան ժեստերով կամ միմիկայով ենք հաղորդում, սրանք է´լ են խոսքի ատրիբուտ):  Հիմա էլ առաջին նախադասության բայերը փոխարինենք դրանց դերբայ-գոյականներով.

– Աշոտ, դու խոսե´լ, Արամ, դու լռե´լ:

Սա, իհարկե, հայերեն չի: Ինչո՞ւ հայերեն չի: Հայերեն չի, որովհետև հայերն այսպես չեն խոսում: Հայերենության ուրիշ չափանիշ չկա:

Հիմա այս «նախադասությունից» հանենք անձնանուններն ու դերանունները.

– Խոսե´լ, լռե´լ:

Բա սա դառա՞վ հայերեն: Իհարկե` չէ: Կասկած չկա, որ սա նորի´ց հայերեն չի: Սխալը գալիս է ռուսերենի «հրամայականից» (մի քիչ էլ գրաբարյան օտարաբանություններից), ինչն էլ, հնարավոր է, որ եվրոպական լեզուներից ռուսների արած կալկան է, որ տարածել են մեծ մասամբ զինվորականները, բայց սա արդեն ռուսների գործն է:

Կանոն: Հայերենի հրամանը, հորդորը, պատվիրանը, խրատը ևն պիտի լինի միայն (դիմավոր) բայով:

Օրինակ. կանգնիր, կանգնեք, արա, արեք, արտագրիր, արտագրեք դասը, լուծիր, լուծեք վարժությունը, որոշիր, որոշեք անհայտը, գտիր, գտեք իքսը, կատարիր, կատարեք գործողությունը, կտրիր, կտրեք լարը, խառնիր, խառնեք լուծույթը ևն:

3.2. «Գտնվում է», չնայած չի կորել

Ռուսին կապկելով ասում ենք.
Մարմինը գտնվում է հեղուկի մեջ (թեք հարթության վրա և այլն). փոշեհատիկը գտնվում է կոնդենսատորի շրջադիրների միջև եղած տարածության մեջ. էլեկտրոնը գըտնվում է շարժման մեջ ևն, առանց մտածելու, որ այս մարմինը կամ փոշեհատիկը, կամ էլ` էլեկտրոնը ե՞րբ է կորել, որ հանկարծ «գտնվում է» այս տեսակ տարօրինակ հանգամանքներում: Չի՞ լինի, որ հայի պես ասենք. Մարմինը հեղուկի մեջ է (թեք հարթության վրա է), փոշեհատիկը շրջադիրների արանքն է, էլեկտրոնը շարժվում է ևն:

Հիշենք Լեզվի գլխավոր օրենքը: Կա՞ հայ, ով ասի. Մամ, դանակը ո՞րտեղ է գտնվում: Ու մայրն էլ ասի. Դանակը գտնվում է վերևի դարակի գրաված ծավալի տարածության խորքային մասի մեջ:
Իրավական ոլորտի «գրագետներն» ավելի անհեթեթ ու ծիծաղելի բաներ են ասում: Օրինակ. Հանցագործը գտնվում է փախուստի մեջ, չնայած բոլորս էլ լավ գիտենք, որ ոչ մեկն այդ հանցագործին «փախուստի միջից հլը չի քթե»: Բա՛՞:

Այս «իրավաոստիկանական» ոճն ամենազարհուրելին ու ամենազզվելին է: «Իրավաոստիկանական» ոլորտի գրողներին որ մորթես էլ` մարդավարի չեն գրի: Սրանց կարծիքով չի կարելի, որ ասեն` «գողին բռնին բերին բաժանմունք, գողը կողպեքը գործիքով էր ջարդե, խուլիգանը էրկաթի կտորով խփե ջարդել էր Պողոսի գլուխը» ևն:

Սրանց կարծիքով այսպես ասողները հայերեն է´լ չգիտեն, հայերեն «լեզվամտածողություն» է´լ չունեն, որովհետև որ ունենային, իրանց պես ընտիր ու սիրուն հայերենով կգրեին. «Կասկածյալին (կամ հանցագործին) բերման ենթարկեցին բաժանմունք. հանցագործը կողպեքը կոտրել էր տեխնիկական միջոցների գործադրմամբ. հանցագործը տեխնիկական միջոց-ների կիրառությամբ քաղաքացի Պողոսին դաժան հարվածներ էր հասցրել նրա գլխի շր-ջանում` նրան պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ» ևն:

Թե որ հայերն այսպես չեն ասում, ուրեմն այս ասածները հայերեն չեն, որովհետև հայերենության ուրիշ չափանիշ` բացի հայերի ձևով ասելը, ուղղակի չկա:

Կանոն: Այս գտնվում է-ն (կամ գտնվում են-ը) պիտի փոխարինվի «է» (ու «են») օժանդակ բայով:

Սա չի նշանակում, որ գտնեմ բայը չպիտի գործածենք: Պիտի անպայման գործածենք, ու հնարավոր էլ չի, որ չգործածենք, բայց պիտի գործածենք հայավարի: Օրինակ. փող չգտա, բայց տառապանք` գտա:

3.3. A-ն «գտնվում է» B-ից 10 մետր հեռավորության վրա

Ռուսին կապկելով` մեր գրքերի մեջ գրում ենք. «A-ն գտնվում է B-ից 10 մետր հեռավորության/բարձրության վրա, կոնդենսատորի շրջադիրների միջև եղած տարածությունը լցված է դիէլեկտրիկ նյութով» ևն, փոխանակ հայի պես ասենք. «A-ն B-ից 10 մետր է հեռու/բարձր, կամ A-ի ու B-ի հեռավորությունը 10 մետր է, շրջադիրների արանքը դիէլեկտրիկ կա» ևն:

3.4. Պատրաստված է մայրիկի կողմից

Ռուսին կապկելով ասում ենք. «Միջուկի կողմից էլեկտրոնի վրա ազդող ուժը մոտ 10 Ն է» ևն, փոխանակ ասենք. «Միջուկն էլեկտրոնի վրա ազդում է 10 Ն ուժով», կամ ավելի լավ է. «Միջուկն էլեկտրոնին ձգում է 10 Ն ուժով» ևն: Իրոք` ո՞ր մի հայը կասի. «Այսօրվա ճաշը պատրաստված է մայրիկի կողմից, իսկ երեկվանը` պատրաստված էր տատիկի կողմից»: Ոչ մեկը: Հայը կասի. «Էսօրվա ճաշը մաման է սարքե (էփե), իսկ էրեկվանը` տատին էր սարքե»:

Ուրեմն` այս կողմից-ով ձևերը հայերեն չեն: Այս կողմից-ը հայերն ասում են, օրինակ, երբ երկու թիմի են բաժանվում, որ մի խաղ խաղան. «Աշոտը թո ըլի մե´ր կողմից/յանից, իսկ Գուրգենը` իրանց»:

Բայց ականջ դրեք մեր հեռացույցին կամ կարդացեք մեր մամուլն ու մեր գրողներին, նայեք մեր հայերեն դպրոցական ու բուհական դասագրքերն ու հայերենի ավարտական ու ընդունելության քնությունների շտեմարանները, ու այս կողմից-ով սարքած ու ասածս (ու հլը չասածս) մնացած բոլո´ր-բոլո´ր լեզվական հրեշների մի մղձավանջային անհաշիվ հորդա կգտնեք:
Մեր ցանկացած բարբառը, ու մանավանդ Երևանի խոսվածքը (ինչին տգետներն ասում են` ժարգոն) մեր հայերեն դասագրքերի ու շտեմարանների «լեզվից» հազար միլիարդ անգամ լավն է:

Կանոն: Այս կողմից-ով խոսքերի կրավորական բայերը պիտի փոխարինվեն ներգործական բայերով, ու կողմից-ը ինքնիրեն կվերանա:

Օրինակ, փոխանակ գրեն. «Կոնյակի գործարանի կողմից արտադրված շամպայնը», պիտի անպայման գրեն. «Կոնյակի գործարանի (արտադրած) շամպայնը»:

3.5. Կատարում է, հանդիսանում է, ձեռք է բերում, լիցքավորված է, և այլն

Ռուսին կապկելով ասում ենք. Երկիրն Արեգակի շուրջ մեկ պտույտը կատարում է մեկ տարվա ընթացքումիդեալական գազը հանդիսանում է իրական գազի մոդելըմարմինը ձեռք բերեց 50 մ/վ արագությունվեկտորն ուղղված է դեպի հարթությունընանոտեխնոլոգիաներն իրենցից առաջընթացի մի հզոր միջոց են ներկայացնում ևն, փոխանակ հայերեն խոսենք ու ասենք. Երկիրն Արևի շուրջ պտտվում է մի տարում, իդեալական գազն իրականի մոդելն է, մարմնի արագությունը դարձավ 50 մ/վ (հասավ 50 մ/վ-ին), վեկտորն ուղղված է հարթությանը, նանոտեխնոլոգիաներն առաջընթացի մի հզոր միջոց են ևն:

Մենք արդեն մի 100 տարի է ինչ ասում ենք` լիցքավորված մարմին ևն, առանց գլխի ընկնելու, որ սա լեզվական հրեշ է։ Իրոք, ո՞վ կասի` կոշկավորված կատու, հրացանավորված (կամ հրացանակրված) մարդ։ Ճիշտը` կոշկավորն ու հրացանավորն է։ Նկատո՞ւմ եք, թե սովորության ուժն ինչքան հզոր է։ Իրոք, ինչքա˜ն անսովոր է, երբ ասվում է` էլեկտրոնը լիցքավոր է։
Նույն ձևով` կատարելագործված-ը կատարելագործ-ն է (կամ` լավացրած-ը բարելաված-ը, ավելի լավ-ը ևն), իրականում-ը` ճիշտն ասած-ը ևն, ևն։

Մամուլում ու մեր գրողների գրքերում այս տեսակ լեզվական հրեշ` լիքն է: Օրինակ. «Երևանում տոնական հանդիսավոր հանդիսություններ են կատարվում», փոխանակ ասեն. «Երևանում տոն է»: Բա՛:

3.6. Դեպի-ն

Այժմ` դեպի-ի մասին: Հին հայերենը նախդիրների ճոխ գործածություն ուներ, համարյա այսօրվա ռուսերենի կամ անգլերենի պես, ու դեպի-ն այդ նախդիրներից մեկն էր: Այսօրվա հայերեն բարբառներից ոչ մեկն էլ ոչ մի նախդիր չի գործածում: Ուրեմը, դեպի-ն մեռած է, ու թե Նալբանդյանի ասածի պես «հայոց լեզուն պիտի հետևի Այրարատյան բարբառին», ուրեմն դեպի-ի ու նաև մնացած գրաբարյան նախդիրների այսօրվա լեզվի մեջ լրի´վ է անտեղի: Այսօրվա բարբառախոս հայը երբեք էլ չի գիտակցում, որ օրինակ` զառամ բառը բարդ բառ է, ու որ սրա մեջ երկու նախդիր կա. զ+առ+ամ: (Հին հայերենի ամ բառը նշանակում էր` տարի):

Դեպի-ի գործածությունը, մեծ մասով, ռուսերենի к նախդրի ազդեցությունից է ու անաքրոնիզմ է։ Սա նաև խիստ անցանկալի է, մանավանդ, որ երբ սա չես գործածում, ասելիքն ավելի է պարզվում ու կենդանանում: Իհարկե, ով ուզում է, թող դեպի-ն է´լ գործածի, ապա-ն է´լ (տես` հետո), ուստի-ն է´լ ևն, բայց եթե գրողն ուզում է, որ իր գրածը կենդանի լինի, պիտի արխայիկ բառ ու ոճից խուսափի։

Բերում եմ դեպի-ից խուսփելու մի քանի օրինակի մի աղյուսակ:

ուղղված է դեպի հարթությունը —                      ուղղված է հարթությանը
հարթությունից ուղղված է դեպի մեզ —            հարթությունից ուղղված է մեզ
աստղը շարժվում է դեպի դիտորդը —               աստղը մոտենում է դիտորդին
լույսը շարժվում է դիտորդից դեպի աստղը —  լույսը հեռանում է դիտորդից ու մոտենում է աստղին

3.7. Ապա-ն

Ապա-ն էլ է գրաբարյան անաքրոնիզմ, ու սրա գործածությունն էլ ցանկալի չի: Մեծ մասով, ապա-ն լրիվ ավելորդ է, ու երբ սա չես գրում, խոսքն ավելի է պարզվում ու կենդանանում: Երբեմն ապա-ն փոխարինելի է ուրեմն-ով: Իհարկե, ով ուզում է, որ իր խոսքը հնաոճ լինի, թող ապա-ն է´լ գրի, սա արդեն գրողի գործն է։

3.8. Դեպքում-ը

Այս բառը գրական ոճերը գործածում են ռուսերենի ազդեցությամբ, ու սրա ճիշտ (հայերեն) գործածության մի քանի օրինակը ներկայացնում եմ աղյուսակով, ինչը կազմել եմ ԼԳՕ-վ, այսինքն, կենդանի լեզուն դիտելով: Աղյուսակի ձախ կողմում անընդունելի ռուսիզմներն են, աջ կողմում դրանց հայերեն հնարավոր համարժեքները: Իհարկե, այս աղյուսակն սպառիչ չի, բայց սա կհուշի, թե ամեն մի կոնկրետ իրավիճակում գրական շտամպն ինչպես վերացնես:

որոշ դեպքերում=մի քանի դեպքերում —      մեկմեկ; երբեմն; պատահում է, որ; մերթ ընդ մերթ, ևն
բոլոր դեպքերում —                                             ամեն անգամ; անընդհատ; միշտ
այս դեպքում —                                                      այս անգամ; երբ
այդ դեպքում —                                                      եթե այսպես/այդպես է, ուրեմն…
այն դեպքում=որի դեպքում —                           այն անգամ; երբ
հակառակ դեպքում —                                          թե չէ
նախորդ դեպքում այսպես չէր —                       քիչ առաջ այսպես չէր

Օրինակ. 200 Վ-ի դեպքում հոսանքը 1 Ա է — երբ լարումը 200 Վ է, հոսանքը 1 Ա է։

3.9. –աբար, –ապես, –որեն մասնիկներով «մակբայները»

Մանուկ Աբեղյանն ասում է, թե ռուսին կապկելով ու մեր հայերեն ածականներին ավելացնելով` -աբար, -ապես, -որեն մասնիկները, «ներմուծել ենք» անհաշիվ քանակով ռուսատիպ «մակբայ», ու հիմա օրինակ` փոխանակ լրիվ հայավարի գրենք` արագ վազեց, հիմար-հիմար խոսեց, սա է, ինքնուրույն արեց, համարյա միշտ գրում են` արագորեն վազեց, հիմարաբար խոսեց, գլխավորապես սա է, ինքնուրույնաբար արեց: (Հիշեցնեմ, որ բառը մակբայ է, եթե բայ է լրացնում, բայց եթե ուրիշ բառ (ոչ բայ) է լրացնում` ածական է):
Մանուկ Աբեղյանը, լրիվ ճիշտ, ասում է, որ հայերենի ածականն ու մակբայը ձևով չեն տարբերվում: Հայերենի ածականն ու մակբայը տարբերվում են միայն պաշտոնով:
Ուրեմն, հայերեն կենդանի լեզվի մեջ ածականն ու մակբայը ձևով չեն տարբերվում: «Գրական լեզվի» ածականից ձևով տարբեր «մակբայները» հորինել են ապաշնորհ թարգմաններն ու գրողները` կույր-կույր պատճենելով ռուսերենն ու օտար լեզուները:

Օրինակ` ռուսն ասում է. Быстрый разговор, быстрая ходьба, быстрое течение.

Հայը, լրիվ ճիշտ ասում է. Արագ խոսակցություն, արագ քայլ(ք), արագ հոսանք:

Բայց երբ ռուսն ասում է. Быстро говорит, быстро ходит, быстро течет, ու գործածում է быстро բառը, այս բառն արդեն մակբայ է (наречие է) ու ձևով տարբեր է ռուսական ածականից: Հայ ապաշնորհ թարգմանն էլ կարծում է, թե հայերենի մակբայն էլ պիտի ձևով տարբեր լինի ածականից, ու հորինում է հետևյալ ոչ հայերեն ձևերը. արագորեն է խոսում, արագորեն է քայլում, արագորեն է հոսում, փոխանակ գրի` արագ է խոսում, արագ է քայլում, արագ է հոսում:

Նույն ձևով` անգլիացին ասում է. He behaves loyally, բայց a loyal man: Ուրեմն, ճիշտ հայերենով կունենանք. հավատարիմ է վարվում, ու հավատարիմ մարդ, ոչ թե` հավատարմաբար (կամ` հավատարմորեն) է վարվում, ինչը անգլերեն է կամ ռուսերեն, ու հայերեն չի, որովհետև չկա հայերեն (կենդանի) լեզվի ինքնուրույն կարգի մեջ:

Սա նորից մի ապացույց է, ինչը ցույց է տալիս, որ հայերենի այսօրվա քերականություններն ու «գրական լեզուն» ճիշտ ու սխալը ջոկելու ոչ մի չափանիշ չունեն:
Նկատելի է, որ հայերենի մակբայը մի բանով է միայն մեկ-մեկ տարբերվում ածականից:

Երբ ածականը լրացնում է բային, մեկ-մեկ ածականը կրկնվում է:
Օրինակ.
էշ-էշ մի խոսա, հիմար-հիմար դուս ա տալի, քյոռ-քյոռ գնացի կպա պատին, և այն:

Ոչ մի կանոն չկա որոշելու համար, թե մակբայ-ածականը երբ է կրկնվում:
Խոսողները սա իմանում են մենակ ու մենակ համեմատելով ու նմանակելով, այսինքն` անալոգիայի օրենքով:

Ասվածը լրացնեմ մի (իհարկե, ոչ լրիվ) աղյուսակով:
Ընդհանրապես — առհասարակ, ընդհանուր առումով/առմամբ; մեծ մասով/մասամբ, ևն
Այլապես — թե չէ
Անմիջապես — իսկույն; վռազ, նույն պահին; նույն ակնթարթին; հենց այդ պահին ևն
Ակնթարթաբար — վայրկենական; նույն վայրկանին; նույն պահին; նույն ակնթարթին; հենց այդ պահին ևն
Վայրկենաբար — վայրկենական; նույն վայրկանին; նույն պահին; նույն ակնթարթին; հենց այդ պահին ևն
Համառորեն — համառ; համառ-համառ; համառությամբ ևն
ակնհայտորեն — ակնհայտ; ակնհայտ է; ակնհայտ է, որ…; պարզ է; պարզ է, որ…; ևն
սկզբունքորեն —  սկզբունքով; սկզբունքով իսկ; համաձայն / ըստ տեսության; ըստ էության; խիստ ասած; զուտ տեսությամբ ևն
հավանաբար=հավանորեն — հավանական է; հավանական է, որ…; ևն
կատաղորեն — կատաղի; կատաղած; կատաղությամբ ևն
իսկապես — իրոք; ճիշտն ասած; ճիշտ որ ևն
փաստորեն — զրո (այսինքն, այս բառը հաճախ ավելորդ է);ըստ էության; ճիշտն ասած ևն
համեմատաբար — (սրա ևն)համեմատ; համեմատած
նույնպես — էլ; նույն ձևով ևն
սաստկաբար — սաստիկ ևն
հիմարաբար — հիմարավարի; հիմար-հիմար; հիմարությամբ ևն

4. Թվական-գոյական զույգի գործածությունը

4.1. Երկու օրենք

Այսօրվա հայերենի կենդանի բարբառները, երբ էլ որ գոյականը լրացնեն թվականով, գոյականն անպայման դնում են եզակի թվով, միշտ ու ամենուր:

Ահա մի քանի օրինակ.
1. Երկու տրակտոր ունեմ: Հինգ հողափոր բանվոր կա: Երկնքից երեք խնձոր ընկավ: Տասնհինգ հատ տնական թարմ ձու տո´ւր, մեկ էլ` վեցը մեծ ու լավ հասած ձմերուկ կշռի´: Որ վեց խողովակն ավազանը լցնի չորս ժամում, երկու խողովակն էլ կլցնի տասներկու ժամում: Զսպանակից կախած է երկու նյութական կետ: A և B կետերի արանքը կա անսահման քանակով կետ: Երեկ մեր տունը քսանհինգ ջահել ու սիրուն աղջիկ էր էկել, ևն: Էսօր հարուր մարդ էկավ, որ էս փոսը փորի: Որ հազար հոգի էլ գա, բան չի կարա անի:
Անտառում շատ արջ կա: Սեղանի վրա լիքը խնձոր կա: Քանի՞ մատիտ մնաց: Տանը քանի՞ հոգի կա: Մի քանի մատիտ տուր: Հազար ու մի գործ ունեմ: Քանի¯-քանի¯ մարդ մեռա՛վ: Հազարներով (հազարավոր) մարդ կոտորվեց: Էնքան լոր խփի(նք), որ տեղ ու դադար չկար: Ինչքա¯ն գործ կանեի(նք):

2. (Մենք) Տանը հինգ երեխա ենք: (Ես) Տասներկու լոր խփեցի: (Մենք) Տասներկու լոր խփեցինք: Աշոտը Սուրենին վեց մատիտ տվեց: (Մենք) Տասնմեկ հոգով գնացինք որսի: (Դրանք) Տաս հազարանոց բանակ էին: (Էտի) Տաս հազարանոց բանակ էր: (Ես) Չորս տանձ էի կերէ: (Մենք) Չորս տանձ կերանք: (Ինքը) Էրկու հոգով ա (այսինքն, հղի է): (Դուք) Էրկու հոգով եք (դաս անում, ևն): (Դու) Քիչ կով ունես: (Ինքը) Շատ կով ունի: Վաղը շատ մարդ կգա: Քսան կովից մնաց հինգը (կով): (Ես) Քեզնից մեծ եմ հինգ տարի (տարով): Սա պատահեց վերջին հինգ տարին(ում), ևն:

Առաջին խմբի օրինակներում ընդգծած թվական-գոյական զույգը, տեղ-տեղ` սրանց արանքի որոշիչներն էլ հետը, ենթակա է (կամ «ենթակայի խումբն» է, կամ էլ` «բարդ ենթական» է ևն, ինչպես կուզեք) այսինքն, լրացնում է նախադասության բայի դեմքը: Այս բոլոր օրինակներում էլ բայը միայն ու միայն եզակի է:

Երկրորդ խմբի օրինակներում ընդգծած է ենթական, իսկ թվական-գոյական զույգը ենթակա չի, բացի վերջին հինգ կովը: Անորոշ կամ հարաբերական թվականներն հաստացրել եմ, որովհետև շատ մարդ կա, ով չգիտի, որ սրանք է´լ են թվական: Այսինքն` հետևյալ բառերը` շատ, քիչ, շատ քիչ, շատ շատ, մի քիչ, քանի, լիքը, հազարավոր, բազում, բազմաթիվ, այնքան, այդ քան, այսքան, այդքան, այնքան, ինչքան, որքան, անվերջ, անսահման, ևն, թվական են:

Արդի հայերեն լեզուն (այսինքն, կենդանի բարբառները ու ոչ թե գրական ոճերը), թվականի հետ գոյականը այնքան կտրուկ է եզակի թվով գործածում, որ գոյականի հոգնակիով գործածությունը երբեմն խիստ անսովոր է ու նույնիսկ ծիծաղելի: Օրինակ. երկու քթեր, հինգ ձվեր տվեք, ևն: Իրոք, ո՞վ կմտնի խանութ ու կասի. Երեք լավ հասած ձմերուկներ կշռեք ու հինգը թարմ ձվեր տվեք:

Վարվելով Լեզվի գլխավոր օրենքին համաձայն, այսինքն, բերված օրինակներից եզրակացություններ անելով ու սրանք ընդհանրացնելով, ունենում ենք երկու օրենք կամ կանոն, որոնք գործում են մեզնից անկախ, այսինքն, ուզենք, թե չուզենք` գործում են: Ահա դրանք:

Օրենք 1. Այսօրվա հայերենի թվական-գոյական զույգի գոյականը միշտ ու պարտադիր եզակի է, անկախ այն հանգամանքից, թե զույգի արանքը որոշիչ կամ որոշիչների խումբ կա, թե` չէ:

Օրենք 2. Եթե այսօրվա հայերենի նախադասության թվական-գոյական զույգն այդ նախադասության բառ-ենթական է, (այսինքն, նախադասության բայի դեմքի լրացումն է), բայը պարտադիր դրվում է եզակի թվով: Իսկ եթե թվական-գոյական զույգը ենթակա չի (այսինքն, կամ բառ-ստորոգյալ է, կամ խնդիր է, կամ պարագա), բայը թվով պարտադիր համաձայն է բառ-ենթակային (տերմինները գործածում եմ Մանուկ Աբեղյանի իմաստով):

Ուրեմն, հետևյալ ձևերը, որ չափազանց շատ են մեր գրական ոճերի մեջ, անպայմա´ն են սխալ, ու ոչ միայն սխալ են, այլև հայերեն չեն (սխալ ձևերը հաստացրել ու ուղղել եմ):
(Հայերեն էլ չեն, քանզի հայերի մեծագույն մասը սրանք չի գործածում: Էլի ասեմ, որ հայերենության ուրիշ ոչ մի չափանիշ չի եղել, չկա ու չի էլ լինի):

3. Երկու տրակտորներ ունեմ: Հինգ հողափոր բանվորներ կան: Աշոտը Սուրենին վեց մատիտներ տվեց: Քանի՞ մատիտներ մնացին: Երկնքից երեք խնձորներ ընկան: Վաղը շատ մարդիկ կգան: Տասնհինգ հատ տնական թարմ ձվեր տվեք, մեկ էլ` վեցը մեծ ու լավ հասած ձմերուկներ կշռեք: Որ վեց խողովակներն ավազանը լցնեն չորս ժամերում, երկու խողովակներն էլ կլցնեն տասներկու ժամերում: Զսպանակից կախված են երկու նյութական կետեր: A և B կետերի միջև կան անսահման քանակով կետեր: Երեկ մեր տունը քսանհինգ ջահել ու սիրուն աղջիկներ էին եկել: Անտառում շատ արջեր կան: Սեղանի վրա լիքը խնձորներ կան: Տանը քանի՞ հոգիներ կան: Մի քանի մատիտներ տուր: Հազար ու մի գործեր ունեմ: Քանի՛-քանի մարդիկ մեռա˜ն: Հազարավոր մարդիկ կոտորվեցին: Էնքան լորեր խփեցինք, որ տեղ ու դադար չկար: Ինչքա՛ն գործեր կանեի:

4. (Մենք) Տանը հինգ երեխաներ ենք: (Ես) Տասներկու լորեր խփեցի: (Մենք) Տասներկու լորեր խփեցինք: (Մենք) Տասնմեկ որսորդներով գնացինք որսի: (Ես) Չորս տանձեր կերա: (Մենք) Չորս տանձեր կերանք: (Ինքը) Երկու հոգիներով է: (Դուք) Երկու հոգիներով եք: (Դու) Քիչ կովեր ունես: (Ինքը) Շատ կովեր ունի: Քսան կովերից մնացին հինգը (կովեր): Ես քեզանից մեծ եմ հինգ տարիներ: Սա պատահեց վերջին հինգ տարիների ընթացքում, ևն:

Գրական ոճերի այս սխալ ձևերը, ինչպես ասել եմ, մեծ մասով, ռուսերենից են, իսկ արևմտահայերենում` եվրոպական լեզուներից:

(Անկասկած, այս ձևերից մի քանիսն առաջացել է մեր գրաբարի ձևերը կույր-կույր կապկելով: Բայց սա է´լ ընդունելի չի, որովհետև ճիշտ ընդօրինակությունը սխալ արդյուք չպիտի տար: Երկրորդ, հենց ինքը` գրաբարը` քերականական կլիշե շատ ունի, մանավանդ, սկսած մեր հունաբան հեղինակներից: Սրանց ընդօրինակությունը, անպայման, սխալ ձևեր կծնի):

4.2. Օտար լեզուների ազդեցությունը

Ռուսերենի (նաև օրինակ, անգլերենի) գոյականը թվով մի´շտ է համաձայն թվականին: Օրինակ.
К нам вчера пришли двадцать пять молодых и красивых девушек. Я убил много медведей. Мы убили много медведей.
Twenty five young and beautiful girls came to our home yesterday. I shot many bears. We shot many bears. There are many bears.
«Ուսյալ» հայը, եթե իր ելակետը Արարատյան բարբառի քերականությունը չի, հետևելով գրական ոճերին ու կույր-կույր պատճենելով օտար լեզուների «լեզվամտածողությունը», իր մտքում պատճենն սկսում է հոգնակի բայից ու հոգնակի գոյականից (ռուսերենից թարգմանելիս), իսկ անգլերենից` մեծ մասամբ` հոգնակի գոյականից կամ հոգնակի ենթակայից (այսինքն, Пришли-եկան, убил-խփեցի, убили-խփեցինք, bears-արջեր կամ There are-Կան բառերի պես բառերից) ու, ստիպված, թվական-գոյական զույգի գոյականը հայերենով է´լ է դնում հոգնակիով, ու հորինում է հետևյալ սխալ ու անընդունելի (ոչ հայերեն ձևերը).
Երեկ մեր տունը քսանհինգ ջահել ու սիրուն աղջիկներ էին եկել: Շատ արջեր խփեցի: Շատ արջեր խփեցինք: Շատ արջեր կան, փոխանակ հայավարի գրի.
Երեկ մեր տունը քսանհինգ ջահել ու սիրուն աղջիկ էր եկել: Շատ արջ խփեցի: Շատ արջ խփեցինք: Շատ արջ կա:

Սրանից է, որ մեր գրական ոճերի անհարկի հոգնակիների քանակն ուղղակի վիթխարի է, այնինչ, «չուսյալ» բարբառախոսը երբեք այսպիսի սխալ չի անում:

Այստեղ մի ուրիշ հարց էլ կա: Մեր քերականներից ոմանք պնդում են, թե իբր.
«Հայերենի թվական-գոյական» զույգի գոյականը գերազանցապես դրվում է եզակիով, բայց կարող է և հոգնակի լինել, եթե թվական-գոյական զույգի միջև որոշիչներ կան»:

Այս սխալ եզրակացության ու թվական-գոյական զույգի սխալ գործածության պատճառը, բացի հենց նոր ասվածը, Լեզվի Գլխավոր Օրենքի չիմացությունն է, բայց նաև ա´յն հանգամանքը, որ երբ թվական-գոյական զույգի արանքը որոշիչներ կան, «գրագետը», թարգմանելիս, մինչև իր մտքում թվականից հասնում է գոյականին, թվականի մասին արդեն «մոռացած է լինում», մանավանդ որ այդ զույգը գործածողը, ռուսերենի ու գրական սխալ ոճերի ազդեցու-թյամբ, բայն արդեն հոգնակիով է դրած լինում կամ հոգնակիով է դնում հենց ա´յդ ազդեցության սովորությամբ: Սովորության ուժը շա՛տ զորավոր բան է:

(Իհարկե, միշտ չի, որ թվական-գոյական զույգի գոյականը հոգնակիով են դնում: Երբեմն այս սխալ հոգնակին շատ քիչ են գործածում: Օրինակ, քիչ են ասում` մի քանի հոգիներ, երկու քթեր ևն):

Իսկական մայրենի լեզվի, այսինքն, բարբառի ազդեցությամբ` գրական ոճերի մեջ եզակիով գործածությո´ւն էլ է հանդիպում, ու շատ-շատ անգամ այս երկու ճիշտ ու սխալ գործածությունն իրար հետ է լինում, նույնիսկ հենց մի նախադասության մեջ: Օրինակ. Գրավեցին երեք գյուղ և գերի վերցրեցին տասներկու ազերիներ ևն:

Բարբառախոսներն ու գրականին քիչ շփվողները նման սխալ չեն անում: Այնինչ, գրական ոճերի կողմնակիցները (չհավատալով Լեզվի Գլխավոր Օրենքին կամ սա չիմանալով, ու արհամարհելով բարբառներն ու մանավանդ` Երևանի խոսվածքը, ինչը չափազանց հաճախ անվանում են «փողոցային, ժարգոն, զզվելի, գռեհիկ» ևն), «մոռանում են», որ.
Գրական ոճերի հիմքը պիտի անպայման լինի Արարատյան բարբառն ու սրա ամենազորավոր խոսվածքը` Երևանի խոսվածքը, ու սա մոռանալով` հազար միլիարդ անգամ են թվական-գոյական զույգը սխալ գործածում, ու երբեք չեն նկատում իրենց սխալը:

Հենց սրանք են այն գլխավոր պատճառները, որ մեր լեզվի «անաղարտության» համար պայքարողները (օրինակ, Լեզվի տեսչություն կոչվածը), ովքեր իբր օտարաբանությունների դեմ են պայքարում (բայց միայն ու միայն «օտար» բառերի մակարդակով) մինչև այսօր չեն նկատել թվական-գոյականի գործածության վերի երկու օրենքը:

Մեր դասագրքերն ու ողջ գրականությունն ուղղակի հեղեղված են` երկու բանվորներով, երկու դասարաններով, երկու տրակտորներով, երկու աշակերտներով, երկու խողովակներով ևն: Այսինքն, այս կարգի քերականական սխալների թիվը միլիարդների է հասնում:

Միայն իսկական հայերենները, այսինքն, հայերենի կենդանի բարբառները (օրինակ, զզվելի ժարգոն համարվող Երևանի խոսվածքը, ու ոչ թե գրական լեզու կոչված գրական խրթին ու տգեղ ոճերը), քերականական սխալ երբեք չեն անում, որովհետև անալոգիայի մեխանիզմը միշտ ուղղում է «միջինից» տարբեր ձևերը:

Մեր լեզվի տեսչության աշխատակիցները այս կարգի սխալները երբեք չեն նկատում ու երբ իրենց սրա համար կշտամբում են, երբեմն արդարանում են, ասելով, որ իրենք քերական չեն, ու ասում են, թե իրենք միայն «լեզվաքաղաքականություն են վարում»:

Ի՞նչ կասեինք այն մարդուն, ով առանց բժշկություն իմանալու` հայտարարում է, թե պիտի «բժշկաքաղաքականություն վարի», այսինքն` պիտի հիվանդին վիրահատի:

5. Ռուսատիպ գոյականը. հայերենի բայանուն-գոյականը

Մեր գրական ոճերը գործածում են` վրդովմունք, հուզմունք, արարմունք, ստիպմունք, աղճատմունք, ցուցմունք, զբաղմունք, պարապմունք, շարժմունք, հարցմունք, բարձունք, զգացմունք, մտածմունք, հոլովմունք, խոնարհմունք, չարչարանք, վարժանք, հրճվանք, խրախճանք, հետևանք, մարզանք, բաղձանք, պարտադրանք, հարկադրանք, զարդարանք, հարդարանք, կերպարանք, մեծարանք, զզվանք, խորշանք, գարշանք, վարձք, վարք, բարք, շարք, սարք, չարք, հնարք, ծալք, ալք, զորք, տուրք, դիրք, վերք, բերք, կարիք, չարիք ու այս բառերի պես գոյականներ, որոնք գրաբարյան օրերին հոգնակի էին, բայց արդեն վաղուց դառել են եզակի, ու այսօր, բացի լեզվաբանները, համարյա ոչ մեկը չի է´լ հիշում ու նույնիսկ չի էլ կասկածում, որ սրանք մի ժամանակ հոգնակի էին:

Տրականի հնագույն եզակին, օրինակ շարժումն բառը, բարբառի մեջ գոյականական գործածություն չունի: (Հետաքրքիր ա, որ վերջերս, լրիվ Մաշտոցի օրերի հայերի պես, ասում են` շարժ չկա, երևի, որ այս ձևը չխառնվի նոր սահմանականի «անկատար դերբայի» հետ, այսինքն, շարժում եմ, շարժում էի ձևերի եմ-ի «ընկերոջ» հետ ևն):

Գրական ոճերը, պատճենելով ռուսերենի բայանուն-գոյականները, օրինակ` поощрение, преподование, волнение, сжатие, составление, захват (խրախուսում, դասավանդում, հուզում, սեղմում, կազմում, խլում) բառերն ու սրանց պեսերը, սրանք գործածում են գոյականի տեղը, ինչը հայերեն չի:

Օրինակ, փոխանակ ասենք` խրախուսելը կամ խրախույսը, խոնարհելը կամ խոնարհմունքը, հոլովելը կամ հոլովմունքը, ստիպելը կամ ստիպմունքը, ուսումնասիրությունը, ու հետո էլ, օրինակ. խրախուսելու-խրախույսի-խրախույսով, խոնարհելու-խոնարհմունքի-խոնարհմունքով, հոլովելու-հոլովմունքի-հոլովմունքով, ևն, մենք վերևի փակագծի միջի ձևերն ենք գործածում:

Այս տեսակ բառերը, բոլորն էլ, հոլովվում են ի-ով, և ոչ թե գրաբարյան արդեն մեռած` -յան, -յամբ վերջավորու-թյուններով (որ կենդանի բարբառները չեն գործածում): Մենք անընդհատ գործածում ենք` խրախուսումը-խրախուսման-խրախուսմամբ, խոնարհումը-խոնարհման-խոնարհմամբ, հոլովումը-հոլովման-հոլովմամբ, ստիպումը-ստիպման-ստիպմամբ, ուսումնասիրումը-ուսումնասիրման-ուսուuմնասիրմամբ տգեղ ձևերը, որ (Մ. Աբեղյանի ասելով էլ) ձևել ենք ռուսերենի անալոգիայով:

Բայց մանավանդ վատ է այն բանը, որ սրանք հոլովվում են ասածս հնագույն մեռած սխեմաներից մեկով, տգեղ են ու դժվար են արտասանվում: Օրինակ` սեղմման, սեղմմամբ, կազմման, կազմմամբ, խլման, խլմամբ ևն: Իսկ բացառականի ձևը նորից հինն է` սեղմումից, կազմումից:
Կա՞ այստեղ տրամաբանություն: Ինչ վերաբերում է օրինակ` խրախուսում, կիրառում, ուսումնասիրում ու սրանց պես ուրիշ ձևերին, հաճախ չեն գիտակցում, որ սրանց ընդունելի ձևերն արդեն կան` խրախույս, կիրառություն, ուսումնասիրություն և այլն:
Սրանց պես ռուսատիպ գոյական շա˜տ, չափազա´նց շատ կա մեր գրական ոճերի մեջ։ Սրա տիպական օրինակներից մեկը անդրադարձում-ն է։ Դարձ բառը ինքնին գոյական է (սրանից ունենք` դարձվոր, դարձվորիկ)։ Ուրեմն, անդրադարձ-ն է´լ է գոյական, չնայած նաև ածական է։ Ուրեմն, իզուր ենք ասում` անդրադարձում, անդրադարձման, անդրադարձմամբ։ Սրանց տեղը պիտի ասենք` անդրադարձ, անդրադարձի, անդրադարձով։ Օրինակ, անդրադարձ (=անդրադարձած) ճառագայթ, անդրադարձի անկյուն, անդրադարձից հետո, անդրադարձով առաջացած, ևն։

Մի ուրիշ օրինակ էլ ասեմ։ Մերոնք շատ են դարդ անում, որ իբր ինդուկցիա, ինդուկտել բառերն օտար են։ Սրանք միջազգային տերմին են, ու սրանց մասին արդեն ասել եմ։ Սրանք պիտի հանգիստ գործածվեն։ Բայց եթե մերոնք շատ են ուզում, որ ինդուկտելու փոխարեն մի հայերեն բառ ասեն, թող հիշեն, որ կա հայերեն բավական շատ գործածական հարուցել բառն ու թող հրաժարվեն մակածել արհեստական ու տգեղ բառից։

Գրական ոճերի այս -ում մասնիկով սարքած գոյականների մեծ մասը իզուր է նաև այն պատճառով, որ անորոշ դերբայն ինքը` արդեն գոյական է: Օրինակ, Երևանի բարբառն ասում է.

Էս տան շինելն ի՞նչ ա որ, մի ամսվա գործ ա: Կամ. Տուն շինելու տեղը` այգի´դ մշակի: Կամ. Տունդ շինելուց հետո` տղուդ պսակի: Կամ. Տուն շինելով ա, որ կշենանաս:

Իսկ գրական ոճերը, Լեզվի գլխավոր օրենքին հակառակ, ուրեմն, լեզվի հենց էությանը հակառակ, ասում են.

Այս տան կառուցումն ի՞նչ է որ, մի ամսվա աշխատանք է: Տան կառուցման փոխարեն` այգիդ մշակիր: Տան կառուցումից հետո, որդուդ ամուսնացրու: Տան կառուցմամբ է, որ կշենանաս:

Կամ ահա «լեզվական մի նոր հրեշ».
Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման (փոխանակ հռչակելու) 1700-ամյակը:

Այսինքն` գրական ոճերն ամեն կերպ ձգտում են` տարբերվեն կենդանի լեզվից, ու սրա համար գործածում են այն տեսակ մեռած ձև ու բառ, ինչի մեծ մասն արդեն հայերեն չի:

Բարբառը գրական ոճերից փոխ է առել մի քանի -ում մասնիկով ձև: Օրինակ. հանդիպում, լուծում բառերը: Բայց բարբառը սրանք հոլովում է հետևյալ ձևով. հանդիպելու, լուծելու, հանդիպելուց, լուծելուց, հանդիպելով, լուծելով, այսինքն, համաձայն բարբառի ինքնուրույն կարգի: -ում մասնիկով ձևերը դուր են գալիս մանավանդ` լրագրողներին, չինովնիկներին, ուսուցիչներին ու դասախոսներին: Ահա մի օրինակ.

Իսկ օլիմպիադայի մասնակիցների խրախուսմանն ու հաղթողների պարգևատրմանը, ինչպես համ էլհատուկ մրցանակների սահմանմանն ու շնորհմանը հրավիրում ենք մասնակցել բոլոր ցանկացողներին:

Սրա հայերեն մի ձևը կլիներ.
Իսկ օլիմպիադայի մասնակիցներին խրախուսելու ու հաղթողներին պարգևատրելու, ինչպես նաև` հատուկ մրցանակներ սահմանելու ու շնորհելու արարողությանը հրավիրում ենք մասնակցելու բոլոր ցանկացողներին:

6. Ավե՞լ, թե՞ ավելի

Մի երկու խոսք ավել-ավելի բառերի զույգի մասին: Երբ ավել-ը, ստորոգյալ է (բայի իմաստի լարացումն է), այս ավել բառը դրվում է ուղղականով, օրինակ, սա դրանից ավել է, ինչպես որ` սա դրանից շատ է, խոսքի մեջ:

Ուրեմն, սխալ են անում այն խմբագիրները, ովքեր ուղղում ու գրում են` սա դրանից ավելի(ն) է: Այս ձևը հայերեն չի: Օրինակ, ի՞նչ կասեք, եթե մեկն ասի. Սա դրանից շատի է: Ավելի ձևը ավելի շուտ նախադիր բառ է` «սկզբնավորություն» է, դեմից դրվող «վերջավորություն» է: Անգլերենն օրինակ` ածականների մի մասը համեմատում է վերջավորություններով.

Օld = ծեր (հին), օlder = ավելի ծեր (հին), oldest = ամենածերը (հինը):

Որ ավելի(ն)-ը նախդիր «սկզբնավորություն» է, ապացուցվում է այն փաստով, որ ամենա-ն (այսինքն, ածականի համեմատության գերադրական աստիճանը ցույց տվողը) արդեն համեմատվող ածականին կպած է գրվում` ամենալավ, ամենախելոք, և այլն: Սրա պես էլ գրում ու ասում ենք` ավելի լավ, ավելի խելոք ևն, բայց սրանք առանձին ենք գրում (ավանդույթով):

7. Կապվում կամ խառնվում է հետ-ը

Հայը ձին կապում է ծառին/ցցին/սյանը, ոչ թե ծառի/ցցի/սյան հետ: Ու հայը ալյուրը/սպիրտը/աղաթթուն խառնում է ջրին, ոչ թե ջրի հետ: Բայց, իհարկե, ասում ենք` սա կապ ունի սրա հետ ևն: Ահա մի քանի օրինակ:

կապ կհաստատի մատակարարի հետ —            կկապվի մատակարարին
կապ կհաստատի մեծությունների միջև —         մեծությունները կկապի (իրար)
ի՞նչ է պատահում լարման հետ —                         ի՞նչ է պատահում լարմանը; լարումն ի՞նչ է լինում
բախվում են իոնների հետ —                                 բախվում են իոններին
կապվում/խառնվում են իրար հետ —                  կապվում/խառնվում են իրար
լամպի հետ միացված վոլտաչափը —                   լամպին միացրած վոլտմետրը

8. Պատկանում է-ն

Պատկանում է խոսքը շատ հաճախ փոխարինելի է -ից հոլովաձևային վերջավորությունով:

սա պատկանում է այն երևույթների թվին —           սա այն երևույթներից է
x-ը պատկանում է A բազմությանը-                         x-ը A բազմությունից է

Իհարկե, մաթեմատիկայում այս պատկանում-ից խուսափելը երևի անհնար է, չնայած մաթեմատիկոսները, իրենց բանավոր խոսքի մեջ, համարյա միշտ, իմ առաջարկի պես են ասում, բայց խոսքի այլ ոլորտներում պատկանում-ը ծամծմած շտամպ է ու տգեղ է:

9. Այս-ը, այդ-ը, այն-ը

Այս-ը, այդ-ը ու այն-ը գրաբարյան շրջանում թե´ ածական էին (այսինքն, դրվում էին գոյականների վրա), թե´ դերանուն էին (այսինքն փոխարինում էին գոյականներին): Արարատյան բարբառում սրանց բնական էվոլյուցիան երկու ճյուղ է տվել` էս-ը, էտ(դ)-ը ու էն-ը, որ ածական են (հազվադեպ` նաև դերանուն), ու էսի-ն, էտի-ն ու էնի-ն, որ միայն դերանուն են: Արարատյան բարբառում էս-ը, էտ-ը ու էն-ը հոլովաձևեր ունեին (ըսոր, ըսորից, ըսորով; ըդոր, ըդորից, ըդորով; այնոր. այնորից, այնորով):

Երբ մեր աշխարհաբարի կազմավորվելու շրջանում մեր «Հյուսիսափալի» հետևորդ մտավորականները, լրիվ անհիմն ու իզուր, էս-ը, էտ-ը, էն-ը, ու էսի-ն, էտի-ն, էնի-ն հայտարարեցին գռեհիկ ու անթույլատրելի, տեսան, որ այս-ի, այդ-ի ու այն-ի գրաբարյան հոլովաձևերի կիրառությունն անհնար է (սրանք շատ էին անսովոր ժողովրդի համար, ուրեմն, անհուսալի մեռած էին): Բայց աշխարհաբարն առանց այս հոլովաձևերի անհնար էր, ու սրա համար էլ վերցրին սրանց գրաբարյան զուգահեռներն սա-ն, դա-ն, նա-ն (ու սրանց հոլովաձևերը` սրա, սրանից, սրանով; դրա, դրանից, դրանով; նրա, նրանից, նրանով ձևերը):
Կենդանի հայերենը սրանցից այս-ը, այդ-ը ու այն-ը լրիվ մերժեց, ու մերժեց նաև սա-ն, դա-ն, նա-ն, բայց (ինչը տարօրինակ է, բայց փաստ է) ընդունեց սրանց հոլովաձևերի մի մասը` սրա, սրանից, սրանով; դրա, դրանից, դրանով-ը, հրաժարվելով նա-ից ու նա-ի հոլովաձևերից: Կենդանի լեզուն նա-ի փոխարեն գործածում է` ինքը ու էնի ուղղականները (կամ էլ` անունն է տալիս` Արամը, փայտը ևն), ու իրա, իրանից, իրանով ձևերը: (Աճառյանն օրինակներ է բերում, որ նա-ի փոխարեն ինք-ի գործածությունը կա արդեն գրաբարի վաղ շրջանում):
Գրական ոճերի մեջ այս-ը, այդ-ը ու այն-ը մնացին, բայց մնացին միայն ածական, այսինքն, սրանց դերանվանական գործածությունը մերժվեց, երևի, որ` սրա, սրանից, սրանով; դրա, դրանից, դրանով; նրա, նրանից, նրանով ձևերը շատ են հարմար ու տարածված, ու մանավանդ այսօր նորից կենդանի են:

Երբ խոսում կամ գրում ու ասում ենք.
1. – Էս խնձորը լավն ա:
2. – Ո՞ր խնձորը:
3. – Ա´յ, էսի:
4. – Ո՞րը, ո՞րը:
5. – Ա´յ, էսի´ էլի. էս մեկը, էս կարմիրը: Իսկ էսի, էս կանանչը, հլը խակ կըլի:
6. – Թե որ ըտե´նց ա, այ էսի դիր է´ս ջեբըդ, էտի դիր է´ն մի ջեբըդ, էնի է´լ` վեկալ կեր:

Այս հինգ նախադասության մեջ էս-ը ածական է, որովհետև դրվում է մի ուրիշ բառի (գոյականի կամ ածականի) վրա: Այսինքն, դրվում է` խնձորը, մեկը, կարմիրը, կանանչը, ջեբըդ բառերի վրա: Աճառյանն ածականի ու բայի վրա դրվող (ածականն ու բայը լրացնող, բնութագրող) բառին ասում է մակբայ (տես` Հր. Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի=ԼՔՀԼ գործը), բայց այսօրվա հայերենն ածականն ու մակբայը ձևով ու իմաստով չի տարբերում (տես` Մանուկ Աբեղյան, Մի քանի քերականական խնդիրների մասին), ու մակբայ տերմինը կարևոր է միայն հայերենն ուրիշ լեզուների հետ համեմատելիս կամ լեզվի պատմության հարցերում):
Իսկ սրանց միջի էսի, էտի, էնի բառերը, այստեղ է´լ, ու ամեն տեղ է´լ, մենակ ու մենակ դերանուն են, որովհետև փոխարինում են խնձորը գոյականին, ու փոխարինում են ամե´ն մի գոյականի ու ածականի ու թվականի, այսինքն, փոփոխակա´ն նշանակության բառ են, դեր+անուն են, անունի դեր տանող են: Ու անհնար է, որ սրանք ածական լինեն, այսինքն, անհնար է, որ ասվի` էսի տունը, էտի կատուն, էնի խնձորը:

Երևանի այսօրվա բարբառը ուղղակի հրաշալի բան է արել: Երևանի բարբառը չի լսել մեր «գրագետներին», ու գրաբարի բազմարժեք ածական-դերանունները, այս, այդ, այն-ը ու սրանց ժառանգները, փոխել պարզել է ու սրանք իրարից բաժանել է, ու, ընդամենը մի հատիկ ի ձայն ավելացնելով, այս ձևերի մի խումբը դարձրել է միայն դերանուն, ու մյուսը թողել է ածական:
Մեր «գրագետներն» այս դերանուններին դեմ են, այսինքն, դեմ են հենց լեզվին, հենց լեզվի բնական օրինաչափու-թյուններին, ու ուզում են, որ լեզուն ենթարկվի իրենց: Բայց լեզուն չի ենթարկվում մարդկային ոչ մի ծրագրի, ու մեր «գրագետներն» «էսի» պիտի´ որ իմանային, որտև Աճառյանն իր ԼՔՀԼ-ի մեջ պարզ ու հստակ գրել է, որ լեզուն մարդու կամքին չի ենթարկվում (Հր. Աճառյան, ԼՔԼՀ, Ներածություն, էջ 196-199):

Ուրեմն, մեր այսօրվա գրական ոճերով անթույլատրելի է, որ այս-ը, այդ-ը ու այն-ը գործածվեն առանձին, առանց սրանց նշած գոյականի, այնինչ, վերջին երկու տասնամյակի անգրագիտության շատանալու պատճառով սրանց այս սխալ գործածությունը շատ-շատ է:

Աղյուսակով մի քանի օրինակ բերեմ:

այս շատ վատ է  —                                                                սա շատ վատ է
այդ չի կարելի —                                                                   դա չի կարելի
այն թույլատրելի չէ —                                                          դա թույլատրելի չի (նա-ն անհուսալի է մեռած)
հաճախությունը, որի դեպքում կանգուն ալիք է առաջանում — այն հաճախությունը, երբ կանգուն ալիք է առաջանում
փաստը, որ y-ը x-ից համեմատաբար փոքր է —              այն փաստը, որ y-ը x-ի համեմատ փոքր է
մեծ է հավանականությունը, որ ֆոտոնը կանցնի…—  մեծ է այն հավանականությունը, որ ֆոտոնը անցնի…
այս ստեղծվել է որպես վաճառքի գործընթացին հետևելու միջոց — սա ստեղծվել է վաճառքին հետևելու համար

Եզրակացություն
Ես չեմ տեսել մի հայ, ում պետք եկած լինեն ա´յն բաները, ինչ որ մեր դպրոցական ու բուհական քերականություննե´րն են սովորեցնում (բացի ուղղագրական ու կետադրական մի քանի կանոնից, որոնց գործածությունն է´լ միարժեք չի)։ Հայերենի այսօրվա քերականությունները լրի´վ  են ինքնանպատակ ու նաև վնասակար են, որովհետև, մեծ մասով, միայն քերականական օտարաբանություն են քարոզում ու սովորեցնում։

Սրա պատճառները շատ խորն են, ու ես սրանց մասին ասել եմ իմ «Թարգմանելու արվեստը» ու «Կոմիտասի և Աբեղյանի անձնական ու մեր ընդհանուր ողբերգությունը» գրքերում (գալիք գրքերում էլ պիտի ասեմ)։ Այս պատճառներից գլխավորը, ինչպես արդեն ասել եմ, այն ցավալի հանգամանքն է, որ մեր այսօրվա լեզվի քերականները չունեն իրենց ասածների ճիշտ ու սխալը որոշելու մի օբյեկտիվ գիտական չափանիշ։ Սրա համար էլ այսօր կա հայերենի երկու իրար լրի´վ հակասող տեսություն, Աբեղյանինն ու հետաբեղյանականներինը, ու մեր այսօրվա լեզվաբաններն ասում են, թե այս երկուսն էլ ճիշտ են։

Ընթեցողը երևի համոզվեց, որ իմ ասածները, մեծ մասով, ճիշտ են, բայց եթե մերոնք իմ ասած ձևով գրեն, գրածը չնայած ճիշտ, բայց անսովոր կլինի, որովհետև լեզվի հարցերում ամեն ինչն էլ վարժվելով է։ Մենք միայն ա´յն պատճառով ենք լեզվական ասածս սխալները ճիշտ համարում, որովհետև դրանց վարժվել ենք մանկուց, մանկապարտեզից ու դպրոցից։ Ընթերցողն արդեն համոզվեց, որ լիցքավորված-ի տեղը պիտի ասի լիցքավոր, բայց սա շատ է անսովոր։ Սովորության ուժը հզոր բան է, ու ժողովուրդը ճիշտ է ասում, թե կաթի հետ մտածը հոգու հետ դուրս կգա։

Ուրեմն, մեր դպրոցի ու պարտեզի դասագրքերի լեզուն պիտի հիմնովին փոխվի, որ ասածներս «կաթի հետ մտնի», ու սա արդեն օրվա հրամայականն է, եթե իհարկե չենք ուզում, որ մեր գրական ոճերը լրիվ մեռնեն կամ էլ մնան այսքան անտանելի։

1. 2012թ. հոդվածն ամբողջությամբ հրապարակվել է «Գարուն» ամսագրում։ 

2. Հոդվածի քննարկումը mskh.am-ում, «Դիտողություններ»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով