«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր` բլեյան դպրոց, հեղինակային մանկավարժություն․․․

Կրթահամալիրում ստեղծված, անընդհատ զարգացող-մշակվող մանկավարժությունը բաց է՝ ազդեցության տարբեր խողովակներով, տարբեր խմբերի ներառմամբ, ուղղակի կամ անուղղակի զարգացումներով։

«Այլընտրանքի ազդեցությունը կրթության վրա» մոտեցումը կարևոր է, առանցքային՝ հանրակրթական պետական ծրագրերի զարգացումը, ազդեցությունները տարբեր խողովակներով առաջ տանելու, սնելու, զարգացնելու համար։ Այլընտրանքը՝ որպես նոր մշակումների, մոտեցումների, կազմակերպման ձուլարան է պետք դիտարկել, որտեղ  ստեղծվում, մշակվում է ապագայի դպրոցը։ Այլընտրանքային մանկավարժության մշակմամբ-կազմակերպմամբ-տարածմամբ միայն կարող են առաջ գալ ուսուցիչների, կրթության գործի կազմակերպիչների «նոր տեսակներ», որոնք էլ կդառնան հանրային գործիչներ, կրթական զարգացումները նախանշող մասնագետներ։ Նրանք կլինեն մարդիկ, որոնք ստեղծել ու ստեղծում են մանկավարժություն, օտարված չեն դպրոցից և դպրոցի խնդիրներից։ 

Հայաստանում հանրակրթական այլընտրանքային ծրագրերի ուսումնասիրությունը կրթահամալիրի 2025թ. աշխատանքների օրացույցում է։ Սկսել ենք վալդորֆյան դպրոցից, «Արեգնազան» կրթահամալիրից։  Ուսումնասիրությունը կատարել են Մարիամ Առուշանյանը, Արմինե Խաչատրյանը և սովորողներ, նախագծի խորհրդատուն Յուրա Գանջալյանն է։

Այլընտրանքի տարածման՝ բլեյան դպրոցի բաց խողովակների մասին արդեն խոսել ենք․ դրանք բազմատարր են, բազմաբնույթ։ Մանրամասնենք։  

Սովորողների համայնքի ազդեցություն՝ որպես բլեյան դպրոցի ազատ ընտրությունից օգտվող մարդկանց բաց համայնք․․․

Կրթահամալիրը սովորողին ընտրելու և անհատական դասացուցակ ունենալու հնարավորություն է տալիս։ Արդեն կրտսեր դպրոցից՝ տարբեր ու հետզհետե ընդարձակվող հնարավորություն սովորողին՝ ընտրելու կրթական ծրագիրը՝ անցնելով Մուտքի ճամբարով, ներկայացման հնարավորությամբ, կրթահամալիրի տարբեր ուսումնական կենտրոնների, լաբորատորիաների ուսումնասիրմամբ, ընտրելով-կազմելով իր անհատական պլանը՝ ընտրությամբ բաղադրիչով, ակումբով, ինքնակրթության հնարավորությամբ։ Վերը նշվածները հեղինակային կրթական ծրագրի կարևոր ու անընդհատ զարգացող, վերամշակվող բաղադրիչներ են, որոնք ուղղված են անհատի համար հարմար ու բաց կրթական միջավայրի ձևավորմանը։ Սովորողների՝ որպես բաց համայնքի գործունեությունը խրախուսվում է։ Կարևորվում են սովորող անհատները՝ որպես հեղինակային կրթական ծրագրի շահառուների և տարածողների, բլեյան դպրոցի հեղինակային ծրագրի մշակած, իրականացրած մրցանակներով, խրախուսման այլ համակարգերով։ Սովորողների համայնքը տարածող է դառնում ուսումնական նախագծերի, հետազոտական աշխատանքների հանրային պաշտպանությունների, ուսումնական ճամփորդությունների, կրթական փոխանակումների նախագծերի միջոցով։ Այս բաղադրիչները ևս հեղինակային կրթական ծրագրի բաղկացուցիչներ են և նպատակ ունեն բացահայտել-զարգացնելու սովորողի տաղանդը, նախասիրությունները։ Կարևոր են սովորողների անհատական, խմբային նախաձեռնությունները՝ ներկայացումների, նախագծերի, սովորող-սովորեցնող նախագծերի և այլնի տեսքով։ Այլ դպրոց տեղափոխվող սեբաստացի սովորողն իր հետ տանում է այս փորձի այն մասը, որն իրենն է դարձել։  

Շրջանավարտների ընկերակցություն. հանդիպումներ, համագործակցություն

Շրջանավարտների հետ կապը սեբաստացիների համար կարևոր է՝ որպես կրթության շարունակականության ապահովման գործուն շղթա։ Շրջանավարտները համալրում են կրթահամալիրի ուսուցչական կազմը, պարբերաբար շփվում ուսուցիչների հետ, լինում կրթահամալիրային ծեսերին։ Հանդիպումները, որոնք շարունակական են, ուղղակի միջոցառում չեն, յուրաքանչյուրը կոնկրետ ծրագիր է, որը նախատեսվում է շահառուների կոնկրետ խմբի համար՝ որպես սովորողների նախասիրության զարգացման, մասնագիտական կողմնորոշման նախագիծ։ Շրջանավարտների հետ համագործակցության  շարունակական զարգացումը ներառում է բլեյան ցանցի տարածման կարևոր կետեր։ Շրջանավարտը՝ որպես ոլորտում կայացած մասնագետ, դառնում է կրթական գործի կազմակերպիչ, աջակից-խորհրդատու՝ ունենալով և՛ ոգևորելու, և՛ հեղինակային կրթական ծրագիրն ու դրա ազդեցությունն իր գործունեության, առաջընթացի վրա գնահատելու կարևոր գործառույթ, որը կարող է մատնանշել և ազդեցությունը, նաև՝ տեսնել ու արձանագրել շարունակականությունը, զարգացումը։ 

Ծնողական համայնքի ազդեցություն

Այս խողովակը ևս գործուն է ու բլեյան դպրոցի կարևոր ցուցիչներից է։ Ծնողական համայնքն է կրթական ծրագիր ընտրողը․ ծնողն է ընտրում այլընտրանքային կրթական ծրագիրը։ Ծնողը՝ որպես ուսումնառության պայմանագրի կողմ՝ բարեխիղճ ու կոնկրետ, ծնողական համայնքը՝ սովորողի ուսումնական պլանի կազմման խորհրդատու, աջակից ու պատվիրատու։ Բլեյան դպրոցում ծնողական համայնքի ներառումն ու համագործակցային այս մեխանիզմները հստակ են աշխատում՝ փոխկապակցվելով միմյանց հետ։ Ծնողական համայնքն է դառնում տրանսպորտային ցանցի, հայրենագիտական ճամփորդությունների, տարբեր այլ նախագծերի կազմակերպիչը, խորհրդատուն՝ տարբեր բաղադրիչներով ներառվելով կրթության կազմակերպման գործում։ 

Բլեյան ցանցի ազդեցությունները՝ որպես այլընտրանքի կազմակերպում, ակնառու են ու զարգացող։ Դրանք տարածող անհատները կոնկրետ են ու բազում․ բլեյանի մանկավարժությունը Հայաստանում վաղուց ի վեր ցանցային մանկավարժություն է, հանրակրթությունը փոխող իրականություն։ Այստեղ կարևոր ենք համարում hանրակրթական, նախադպրոցական այլընտրանքային՝ հեղինակային, միջազգային, փորձարարական ծրագրերի մասին լրացման անհրաժեշտությունը իրավական ակտերում ՝ հնարավորություն տալով պետական և այլընտրանքային ծրագրերին գործել իրավահավասար հարթակներում։ 

Հեղինակային կրթական ցանցի մեդիախողովակներին, տարածման այլ բաղադրիչներին կանդրադառնանք այլ նյութում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով