Ռուդոլֆ Շտայների դպրոցը։ Վալդորֆյան դպրոց։ Ուսումնասիրություն
Վալդորֆյան կրթությունը համաշխարհային անկախ դպրոցական շարժում է, որը մշակվել է Եվրոպայում շուրջ 100 տարի առաջ, ավստրիացի փիլիսոփա, սոցիալական բարեփոխող և տեսաբան Ռուդոլֆ Շտայների կողմից։ Այսօր Վալդորֆյան կրթությունը ներկայացված է ամբողջ աշխարհում՝ շուրջ 1000 դպրոցներով և մոտ 2000 վաղ մանկության կրթական ծրագրերով, ավելի քան 60 երկրներում։ Վալդորֆյան կրթության մեջ ուսումնական գործընթացը հիմնականում եռակողմ է՝ ներգրավելով գլուխը, սիրտը և ձեռքերը, կամ մտածողությունը, զգացմունքները և գործողությունը։ Սա այն հիմքն է, որից ելնելով Վալդորֆյան ուսուցիչները աշխատում են սնուցել և ներգրավել յուրաքանչյուր երեխայի՝ ուսումնական ծրագրի և մեթոդաբանության միջոցով, որը միավորում է ակադեմիական գիտելիքները, արվեստը և գործնական հմտությունները։
Վալդորֆյան կրթությունը ոգեշնչում է երեխայի հոգին՝ միաժամանակ հասնելով ակադեմիական գերազանցություն կրթական արվեստի միջոցով։ Վալդորֆյան մանկավարժության միջոցով աշակերտները ձեռք են բերում աշխարհի տարբեր մշակույթների հանդեպ ըմբռնում և հարգանք: Հիմնվելով բազմաթիվ ավանդույթների վրա, այստեղ կարևորվում է ընդհանուր մարդկայնությունը: Վալդորֆյան դպրոցները տրամադրում են սովորողի զարգացմանը համապատասխան փորձառական և ակադեմիական մոտեցում կրթությանը, որը ներառում է արվեստը բոլոր ակադեմիական առարկաներում՝ նախադպրոցականից մինչև տասներկուերորդ դասարանի երեխաների համար։ Այս մոտեցումը հարստացնում է ուսումնառությունը։ Վալդորֆյան կրթությունը ստեղծում է խորապես իմաստալից ուսումնական գործընթաց, որտեղ սովորողներին խրախուսվում է լինել ակտիվ մտածողներ:
Վաղ մանկական հասակ
Երեխաների զարգացումն այս շրջանում հիմնականում լինում է վերջույթների գործողությունների միջոցով: Փոքր երեխաները՝ ծնունդից մինչև յոթ տարեկան, լավագույնս սովորում են նմանակման միջոցով՝ շնորհիվ իրենց զգայարանների։ Ձգտելով լինել նմանակման արժանի կերպարներ, Վալդորֆյան վաղ մանկության մանկավարժները խնամում են յուրաքանչյուր երեխայի ծաղկումը՝ ապահովելով մեղմ, սակայն զգայական առումով հարուստ միջավայր և խաղի վրա հիմնված գործողություններ, որոնք խրախուսում են փոքրիկ երեխային ուսումնասիրել բնական աշխարհը, հետազոտել սոցիալական հարաբերությունները և ընդլայնել երևակայական կարողությունները։ Այս գործողությունները կարևոր հիմքեր են դնում մտավոր, հուզական և ֆիզիկական զարգացման համար։
Երեխաները վայելում են անշտապ մանկություն։ Այցելեք Վալդորֆյան դպրոց և դիտեք, թե ինչպես են աշակերտները խաղում։ Դուք կտեսնեք երեխաներ, ովքեր ուրախանում են՝ թույլ տալով իրենց ապրել պահի մեջ, ովքեր ազատ են բնությունն ուսումնասիրելու և գնալու այնտեղ, ուր նրանց տանում է իրենց լայն բացված զարմանքի ու երևակայության զգացումը։ Մեր խառնաշփոթ աշխարհում, որտեղ երեխաներին «շտապիր, թե չէ հետ կմնաս» ստիպելը դարձել է նորմա: Վալդորֆյան կրթությունը պաշտպանում է այն տեսակետը, որ մանկությունը պետք է վայելել։ Սեփական բնական ռիթմով զարգանալու ազատության շնորհիվ, Վալդորֆյան կրթություն ստացող երեխաները վայելում են լիարժեք ու հարուստ մանկություն՝ ձեռք բերելով այն փորձառությունները, որոնք անհրաժեշտ են առողջ, ինքնաիրացված անհատներ դառնալու համար։
Վալդորֆյան դպրոցի դասարանում դուք չեք գտնի փոքր երեխաներ՝ համակարգչի շուրջ նստած: Այստեղ նախընտրում են անտառային զբոսանքը կամ ֆերմա այցելությունը՝ ստանդարտացված թեստի համար նյութ անգիր անելուց: Վալդորֆյան կրթության մեջ ուսուցումը փորձառական գործունեություն է։ Այն գիտելիքները, ինքնաճանաչումն ու խնդիրների լուծման հմտությունները, որոնք երեխաները զարգացնում են գործնական ուսումնասիրությունների ընթացքում, շատ ավելի մեծ արժեք ունեն նրանց համար՝ որպես սովորողների և որպես մարդկային էակների, քան այն ամենը, ինչ նրանք կարող էին սովորել էկրանի առջև նստելով։
Միջին մանկություն
Զարգացնել սիրտը երևակայության միջոցով 7-ից 14 տարեկան երեխաները լավագույնս սովորում են այն դասերի միջոցով, որոնք դիպչում են նրանց զգացմունքներին և կենդանացնում են նրանց ստեղծագործական ուժերը: Վալդորֆյան տարրական դպրոցի ուսումնական ծրագիրը լի է հեքիաթներով ու առակներով, դիցաբանական ավանդազրույցներով և պատմական գործիչների ոգեշնչող կենսագրություններով: Վալդորֆյան տարրական (կամ «դասարանային») ուսուցիչները իրենց ամենօրյա աշխատանքում ներառում են պատմում, դրամա, ռիթմիկ շարժում, տեսողական արվեստ և երաժշտություն՝ հյուսելով փորձառությունների մի գորգ, որը կենդանացնում է յուրաքանչյուր առարկա երեխայի մտածողության, զգացմունքների և կամքի մեջ: գիտակցությունը:
Դեռահասություն-պատանեկություն –14-ից 21 տարեկանը նշանավորվում է անկախ մտածողության զարգացմամբ և, դրա հետ մեկտեղ, աշխարհը վերացականորեն դիտարկելու և զանազանելու, դատողություններ անելու ու քննադատական մտածողություն կիրառելու կարողությամբ: Վալդորֆյան ավագ դպրոցների աշակերտներին տրվում է իրենց կրթության նկատմամբ աճող ինքնավարություն՝ իրենց ոլորտներում մասնագետ հանդիսացող ուսուցիչների մենթորության ներքո:
Աշակերտները սովորում են, թե ինչպես ակտիվ դեր խաղալ իրենց սեփական կրթության մեջ։ Առաջին դասարանում այբուբենի բացահայտումից մինչև ութերորդ դասարանում անատոմիայի, հանրահաշվի և ԱՄՆ պատմության բացահայտումը, և մինչև ավագ դպրոցի ուսումնառությունը, Վալդորֆի աշակերտները մասնակցում են ուսումնական գործընթացին՝ ստեղծելով իրենց սեփական դասագրքերը՝ գեղեցիկ ձևավորված թղթապանակներ, որոնք պարունակում են պատմություններ, շարադրություններ, բանաստեղծություններ, քարտեզներ, նկարազարդումներ, լաբորատոր նկարագրություններ և մաթեմատիկական հավասարումներ։ Իրենց սեփական դասագրքերի ստեղծման գործընթացը թույլ է տալիս երեխաներին յուրացնել ուսուցիչների կողմից ներկայացվող դասերը և դարձնել ուսումը իրենց սեփականը։
Վալդորֆյան դպրոցները կրթում են բազմակողմանի զարգացած անհատների։ Վալդորֆյան մանկավարժները ձգտում են բացահայտել յուրաքանչյուր աշակերտի մեջ եղածը, սակայն զգույշ են, որպեսզի չափազանց շեշտադրում չանեն մեկ հատկանիշի կամ հմտության վրա՝ մյուսի հաշվին: Բոլոր աշակերտները սովորում են մաթեմատիկա և բնագիտություն, սովորում են օտար լեզուներ. նրանք բոլորը նվագում են երաժշտական գործիք և երգում են երգչախմբում. բոլորը սովորում են ձեռքի աշխատանք և մասնակցում են շարժողական դասերի ու հանդես են գալիս դասարանական ներկայացումներում: Վալդորֆյան կրթության նպատակն է երեխաներին ենթարկել փորձառությունների լայն շրջանակի և նրանց մեջ զարգացնել բազմաթիվ հետաքրքրություններ և կարողություններ: Սա, իր հերթին, հանգեցնում է հավասարակշռված երիտասարդների ձևավորմանը, ովքեր վստահ են իրենց՝ մեկ ոլորտում ձեռք բերված հմտությունները մեկ այլ ոլորտում կիրառելու ունակության մեջ և գիտեն, որ կարող են տիրապետել ամեն ինչի: Վալդորֆյան կրթություն ստացած անհատներն ունեն ցկյանս սովորելու կիրք: Վալդորֆյան դպրոցում կրթությունը չի չափվում մրցակցությամբ և թեստերի միավորներով, այլ դիտվում է որպես ցկյանս ճանապարհորդություն: Եվ կրթական մոտեցումը, որը պատշաճ կերպով արձագանքում է երեխայի՝ աշխարհի հանդեպ բնական հետաքրքրությանը, չի կարող չհանգեցնել ավելին իմանալու ներքին ցանկության:
Վալդորֆյան կրթական համակարգի փիլիսոփայությունը
Վալդորֆյան մեթոդն առանձնացնում է երեխայի զարգացման երեք հիմնական փուլ, որոնցից յուրաքանչյուրը տևում է մոտ յոթ տարի։ Առաջին փուլը կենտրոնանում է ձեռքի աշխատանքների և ստեղծագործական խաղերի վրա, երկրորդը՝ գեղարվեստական արտահայտման, սոցիալական զարգացման և ստեղծագործ ու վերլուծական մտածողության վրա, իսկ երրորդ փուլը խթանում է քննադատական ըմբռնումն ու բարոյականությունը։
Վալդորֆյան ուսուցման և հաղորդակցության հիմունքներ
Ձևավորող գնահատում –(Formative assessment)Օգնում է ուսուցիչներին հետևել աշակերտների առաջընթացին և համապատասխանաբար հարմարեցնել ուսուցման մեթոդները։ Այն նաև հնարավորություն է տալիս աշակերտներին ինքնուրույն գնահատել իրենց զարգացումը:
Բազմակի ինտելեկտներ (Multiple intelligences) – Երեխաները գնահատվում են անհատապես, այլ ոչ թե համընդհանուր չափանիշների հիման վրա, ինչը թույլ է տալիս հաշվի առնել տարբեր ինտելեկտուալ կարողություններ։
Անընդհատ ուսուցում (Looping) – Միևնույն ուսուցչի հետ աշխատելը մի քանի տարի շարունակ՝ երկարաժամկետ հարաբերությունների ստեղծման համար։
Ողջույնի արարողություն (Greeting) – Յուրաքանչյուր աշակերտի ձեռքսեղմում և աչքերի կոնտակտ դասասենյակ մտնելիս։ Այս մոտեցումը թույլ է տալիս ուսուցչին ստուգել յուրաքանչյուր աշակերտի վիճակը օրվա սկզբում։
Կապի հաստատում (Relate) – Ավագ դասարանցիների հետ ընկերական համայնքի ստեղծում։ Օրինակ՝ John Morse Waldorf մեթոդներով դպրոցում տարբեր տարիքի աշակերտները ամիսը մեկ հանդիպում են՝ ամուր կապեր ստեղծելու համար։
Նկարելը (Drawing) – Աշակերտներին թույլատրվում է նկարազարդել իրենց սեփական դասագրքերը։ Մաթեմատիկայի և ընթերցանության դասերը նկարելու միջոցով արվեստը դարձնում են ուսումնական գործընթացի մասնիկ։
Բույսեր աճեցնելը (Planting) – Աշակերտներին դուրս բերել բնության մեջ՝ կազմակերպելով բնության գրկում զբոսանքներ և այգեգործական աշխատանքներ։ Այս քայլերը նպաստում են բնության հետ կապի ամրապնդմանը։
Խաղալը (Play) – Դասերի ընթացքում երաժշտական գործիքների ուսուցում։ Օրինակ, ամեն աշակերտ կարող է ֆլեյտա ստանալ և նվագել ուսուցչի առաջնորդությամբ՝ դասապրոցեսն ավելի հետաքրքիր դարձնելու համար։
Շարժվել (Move) – Թույլատրել աշակերտներին ակտիվ լինել դասերի ընթացքում։ Օրինակ, ուսուցումն ավելի դինամիկ դարձնելու համար՝ ոտքերով հարվածելով և թվեր հաշվելով սովորել բազմապատկման աղյուսակը:
Վալդորֆյան կրթական ծրագրի մտքեր
Անտրոպոսոֆիա – ներքին զարգացման ինտեգրում ինտուիցիայի, ներշնչանքի, մեդիտացիայի և ներշնչանքի միջոցով: Անտրոպոսոֆիայի հիման վրա Շտայները ստեղծել է Վալդորֆյան դպրոցները, որոնք շեշտադրում են ստեղծարարությունը, անհատական զարգացումը և բնական նյութերով ուսուցումը:
Բարոյական պատասխանատվություն – ակտիվ ուսուցում՝ «Մարդ պետք է վերաբերվի ուրիշներին այնպես, ինչպես կցանկանար, որ իրեն վերաբերվեն» սկզբունքով։
Սոցիալական հմտություններ և անհատականության զարգացում։
Եվրիթմիա – արտահայտիչ շարժման արվեստ՝ ներառելով պոեզիա, երաժշտություն, թատերական ներկայացումներ։ Ուսուցման տրամադրություններ՝ համակցված ելևէջի, տոնի, ռիթմի և քերականության հետ։
Փորձառական ուսուցում – երաժշտությունը, պարը, թատրոնը, գրավոր խոսքը, գրականությունը, լեգենդներն ու առասպելները ոչ թե պարզապես ուսումնասիրվում և ստուգվում են, այլ ապրում և զգացվում։
Վալդորֆյան ուսուցման ռազմավարություններ
1-6/7 տարիքը.
Լավագույնս սովորել մի միջավայրում, որտեղ կարելի է սովորել անգիտակցաբար՝ սովորել, չիմանալով որ իրենք դա սովորում են։
7-14 տարիքը
Դասավանդումը շեշտադրում է երեխաների զգացմունքային աշխարհը և երևակայությունը։ Գլխավոր ծրագիրը ներկայացվում է երևակայաբար՝ պատմությունների և ստեղծագործական ներկայացումների միջոցով։ Մի ուսուցիչ է դասավանդում բոլոր առարկաները:
14+ տարիքը
Ուսումնական ծրագիրը կառուցված է մտավոր ընկալման, անկախ դատողության և բարոյական գաղափարների վրա, ինչպիսիք են սոցիալական պատասխանատվությունը, զարգացնող կարողություններն աջակցելու համար՝ դիմելով բարդ մտածողության և հասկացողության զարգացմանը։ Միջնակարգ կրթությունը ապահովվում է մասնագետ ուսուցիչների կողմից՝ յուրաքանչյուր առարկայի համար։ Կրթությունը ավելի շատ ուշադրություն է դարձնում ակադեմիական առարկաներին, բայց սովորողները սովորաբար շարունակում են արվեստի, երաժշտության և արհեստների դասերը։
Նախորդ դասի կրկնում
Յուրաքանչյուր նոր դասից հետո լինում է բացօթյա ընդմիջում, վերադարձի ժամանակ նախորդ դասը կրկնվում է, և երեխան նշումներ է կատարում:
Վալդորֆյան դասասենյակների դիզայնը
Արվեստի կայան՝ նախատեսված արվեստի, երաժշտության և պարերի համար՝
բնական տարաներ և շինանյութեր՝ խուսափելով պլաստիկից և այլ սինթետիկ նյութերից,
բնական խաղալիքներ՝ առանց ներկերի, որպեսզի երեխաները կարողանան ավելի շատ օգտագործել իրենց երևակայությունը
բնական լույս,
կտավի վրա և հատակին օգտագործվում են տաք գույներ,
մեծ ազատ տարածք՝ շինարարություն և բազմազան ուսումնական/խաղային գործունեություն իրականացնելու համար
Դասասենյակը ունի բարձրորակ և նպատակային ձևավորված կահույք, սարքեր և սարքավորումներ. հատուկ նախագծված Էրգոնոմիկ սեղաններ և աթոռներ, որոնք ապահովում են ճիշտ կեցվածք, նվազեցնում են մկանային լարվածությունը և բարձրացնում են աշխատանքի արդյունավետությունը:
Վալդորֆի դասարանները սովորաբար ինտեգրում են գույնի դիտավորյալ և գիտակցված օգտագործումը։ Չնայած ոչ բոլոր Վալդորֆյան դպրոցներն են նույնը իրենց գույների ընտրությամբ, սակայն հաճախ կա ընդհանուր միտում, որը հիմնված է երեխաների զարգացման փուլերին համապատասխանելու վրա:
Վալդորֆյան դպրոցը Հայաստանում՝ Արեգնազան կրթահամալիրը
Արեգնազան կրթահամալիրը վալդորֆյան մանկավարժական մոդելի միակ դպրոցն է Հայաստանում։ Դպրոցն իր շուրջ 750 աշակերտներին ապահովում է տարրական, միջին և ավագ դպրոցի հագեցած ծրագրով։ Պետական պարտադիր ծրագրին զուգահեռ աշակերտները աշխատում են այնպիսի ուղղություններով, որոնք նպաստում են մարդու ներդաշնակ և համակողմանի զարգացմանը:
Փետրվարի 3-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեր փոքր խումբը՝ երեք դասավանդող և չորս սովորող, այցելեց Արեգնազան կրթահամալիր, որտեղ զրուցեցինք դասարանի ուսուցիչ պարոն Սիփանի հետ: Զրույցի ընթացքում պարզեցինք, որ Երևանում գործող Վալդորֆյան դպրոցը պահպանում է Ռուդոլֆ Շտայների վալդորֆյան մանկավարժության փիլիսոփայության հիմնական դրույթները՝ ուսուցման երեք փուլերին բնորոշ առանձնահատկությունները, ձևավորող գնահատումը, եվրիթմիան, փորձառականությունը, ստեղծարարության և անհատականության զարգացումը, անտրոպոսոֆիան՝ ներքին զարգացման ինտեգրումը ինտուիցիայի, ներշնչանքի, մեդիտացիայի և ներշնչանքի միջոցով:
Աղբյուրներ
Rudolf Steiner School: What is Waldorf Education
Sunbridge Institute: What is Waldorf Education
Association of Waldorf Schools of North America: What is Waldorf Education? Education with Purpose