«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական գործունեության կազմակերպման կարևոր մաս է կազմում համագործակցային նախագծերի իրականացումը, որն անհրաժեշտ է ինչպես սովորողին, այնպես էլ ուսուցչին։ Կարծում ենք, որ համագործակցության մեջ պետք է լինեն փոխադարձ պատրաստակամությունը, ըմբռնումը, միմյանց լրացնելու ունակությունը, քանի որ երկկողմանի շահագրգռվածությունից է ծնվում ցանկալի արդյունքը։ Ուսուցիչների ոգևորվածությունը և հետաքրքրվածությունը տվյալ նախագծով փոխանցվում է նաև սովորողներին, և համագործակցային նախագծերը դառնում են սիրելի և սպասված։

Ցանկացած նախագիծ իրականացնելուց առաջ սովորաբար քննարկում ենք դասվարական կազմով, լսում կարծիքներ, կիսվում սեփական փորձով՝ առանձնացնելով տվյալ նախագծի առավելությունները և թերությունները։ Հերթական անգամ, երբ քննարկում էինք առաջիկա անելիքները, ակամայից ծնվեց առաջին համագործակցային նախագիծը Արևելյան դպրոցի 3․2 և 3․4 դասարանների միջև։ Ինչպես գիտեք, կրթահամալիրի օրացույցում մեծ տեղ են գտել ծիսական, եկեղեցական տոները, որոնք իրականացնում ենք ՝ համագործակցելով այլ դպրոցների հետ։ Այսպես, «Համբարձում» ծիսական-երաժշտական ճամփորդական ստուգատեսի շրջանակում այցելեցինք Գեղարքունիքի մարզ, Ծաղկունք համայնք։ Ծաղկունքում մեր խմբին դիմավորեցին Ծաղկունքի դպրոցի սովորողները, իրականացրինք միասնական շրջայց դպրոցի տարածքում։ Ծաղկունքի Սուրբ Սարգիս եկեղեցում, որտեղ մեզ դիմավորեց տիար Բլեյանը, իրականացրինք ուսումնական ժամերգություն, որի ընթացքում միասին հոգևոր երգեր ու շարականներ երգեցինք: Այնուհետև, Ծաղկունքի բաց դպրոցի հարակից տարածքում տիկին Մարինեի հետ իրականացրինք Համբարձման ծես։ Ծեսի իրականացման ընթացքում սովորողներն աղբյուրից յոթ բուռ ջուր հավաքեցին, յոթ տեսակ ծաղիկ քաղեցին և յոթ քարերի հետ լցրեցին կժի մեջ: Համբարձման ծիսական երգեր երգելով ծաղկեպսակներ հյուսեցինք, վիճակ հանեցինք ու բարեմաղթանքներ կարդացինք:

Նախագիծը ստացված էր, արդյունավետ և մտածեցինք, որ համագործակացային նախագծերը դառնան շարունակական։ Քանի որ առաջիկայում Զատկի ծեսն էր, որոշեցինք Կրկնազատիկը տոնել Գետարգելի եկեղեցու բակում։ Այնտեղ մեզ միացան Առինջի Կ․Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցի սովորողները։ Գետարգելի Ձագավանք վանական համալիրում ընկեր Մարինեի հետ իրականացրինք ուսումնական ժամերգություն, որի ընթացքում միասին երգեցինք հոգևոր երգեր ու շարականներ՝ «Մանուկների հայր մեր», «Առավոտ լուսո»,«Սուրբ Աստված»: Եկեղեցու բակում զատկական երգեր-պարերգերով,ասիկ-բարեմաղթանքներով նշեցինք Կրկնազատկի տոնը:

Հաջորդիվ «Բարձունքի հաղթահարում» նախագիծն էր, որի շրջանակում արշավեցինք  դեպի  Թեղենյաց վանք, Բուժականից քայլքով հասանք դեպի Թեղենյաց վանք, որտեղ իրականացրինք ուսումնական ժամերգություն։ Վանքի հարակից տարածքում ընթերցեցինք ու երգեցինք կոմիտասյան երգեր: Մինչ նախագծի իրականացումը՝ քննարկել էինք վայրը, բարձունքը, որը պետք է հաղթահարեինք։ Պետք է նշեմ, որ մինչ բարձունք հաղթահարելն ուսուցիչը պետք է ծանոթ լինի տեղանքին։ Այստեղ օգնության է գալիս համագործակցությունը, մի ուսուցչի փորձը օգնում է մյուսին։ Ճամփորդական համագործակցային նախագծերի շարքն ունեցավ շարունակություն, և ծնվեցին ևս մի քանի ճամփորդական նախագծեր։

Քանի որ երկու դասարանների համագործակցությունն արդյունավետ ստացվեց, համագործակցությունը տեղափոխվեց նաև գործունեության այլ ոլորտներ՝ մարզական, բլոգուսուցում, համերգային ծրագիր, գրքի ստեղծում և այլն։ Իսկ հիմա խոսենք այս շարքի ամենաստացված նախագծերից մեկի մասին։ Առաջարկ եղավ Երևանի տոնին նվիրված համերգ ունենալ ։ Նախ և առաջ սովորողները յուրացրին երևանյան երգերը, նախագիծը տեղափոխվեց ընտանեկան դպրոց, ծնողների հետ սովորողները շրջեցին երևանյան փողոցներով և իրենց տեսախցիկներով ֆիքսեցին արժեքավոր շինությունները, փողոցները, արձանները։ Արդյունքում լուսանկարները ներկայացրին ցուցահանդեսին։ Քանի որ սովորողներն ունեին Երևանի մասին մեծ տեղեկատվական պաշար, նախագիծն ավելի ամբողջական դարձնելու համար այցելեցինք Երևան քաղաքի պատմության թանգարան։ Սովորողները համացանցից նաև դուրս բերեցին կարևոր և հետաքրքիր փաստեր Երևանի մասին։ Քանի որ այս տարի հոբելյանական էր կրթահամալիրի համար, տոնում էինք 35-ամյակը, որոշեցինք համերգը նվիրել կրթահամալիրին։ Այստեղ նշենք, որ սովորողները փաստեր էին դուրս բերել Երևանի մասնիկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ստեղծման պատմության մասին։ Արդյունքում ունեցանք «Երևան 2806 — Մխիթար Սեբաստացի կրթահամալիր 35»․համերգ «Բենդի» հետ։

Կրտսերների և ավագների համագործակցության արդյունքում ունեցանք նախագծի հաշվետու համերգ, որն էլ ամփոփեց սկսված նախագիծը։

Հաջորդ համագործակցային ուղղությունը տեխնոլոգիական էր։ Նախորդ նախագծի շրջանակում սովորողները փաստեր էին դուրս բերել Վարդավառի այգու մասին (Թոխմախի այգի), որոշեցինք այգում իրականացնել աշնանային նկարչական պլեներ։ Այնուհետև համագործակցության տեխնոլոգիական բաղադրիչը տեղափոխվեց խոհանոց, որի շրջանակում Ամանորին ընդառաջ սովորողները թխեցին ասիլ-վասիլներ։

Ավարտվեց առաջին ուսումնական շրջանը, արդյունքում ունեցանք ստացված համագործակցային նախագծերի փաթեթ։ Կարելի է նշել, որ երկուստեք դուրս եկանք շահած։

Տեսանյութերը՝ Դիանա Գևորգյանի, Անուշ Բարխուդարյանի, Սաթենիկ Սիմոնյանի, Աննա Ստեփանյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով