Շատ ենք խոսել այն մասին, որ հիմա ո՛չ ուսուցիչը, ո՛չ դասագիրքը չեն կարող միակ ինֆորմացիայի, գիտելիքի աղբյուրը լինել։ Ցանկացած հարցի պատասխան, ցանկացած խնդրի լուծում, ցանկացած տեղեկատվության ձեռքբերում կարելի է ստանալ համացանցի միջոցով։ Հատկապես երբ խթանում ես սովորողի ինքնակրթության պահանջը, ուսուցումը տանում ես այդ ուղղությամբ, սովորողը սովորում է իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը արագ ձեռք բերել, և դա անում է առանց կողմնակի օգնության։
Chatgpt-իի օր օրի ավելացող հնարավորությունները, անընդհատ զարգացումը ավելի ու ավելի մեծ հնարավորություն են ստեղծում այն ուսումնական գործընթացում գործածելու, անհրաժեշտ նյութը արագ և որակով ստանալու։ Հանրության ավելի ու ավելի մեծ խմբեր են ներառվում այդ վիրտուալ գործիքը գործածելու մեջ և, հասկանալի է, որ սովորողները նույնպես ակտիվորեն օգտագործում են այդ հարմար, ձեռքի տակ եղած, ցանկացած պահին հասանելի հնարարավորությունը։ Վերջերս մի սովորող ասում էր, որ խնդրի բացատրությունը Chatgpt-ին ավելի մանրամասն, հասկանալի ու պարզ բացատրեց, քան դա դասարանում արել էր իր ուսուցիչը, ում բացատրությունը բավարար չէր եղել խնդիրը հասկանալու համար։ Սա միա՞կ օրինակն է։ Իհարկե ոչ։ Մի ծնող պատմում էր, որ ինքը երեխային տանը օգնելու կարիք արդեն չունի։ Այն, ինչ դասարանում վատ է հասկացել երեխան, տանը նրան Chatgpt-ին է բացատրում՝ համառոտ և մատչելի։ Եվ այսպիսի օրինակներ որքան ուզես։
Հիմա խնդրին նայենք մյուս տեսանկյունից։ Առաջադրանքը տրվում է՝ ենթադրելով սովորողի ինքնուրույն աշխատանք։ Սովորողը բերում է դրա ամբողջական պատասխանը՝ մանրամասն ու լիարժեք։ Մտածել, որ ուսուցիչը ամեն օր 25-30 հոգիանոց դասարանում հատ առ հատ փորձելու է պարզել՝ ով է ինքնուրույն աշխատել, ով՝ ոչ, իրատեսական չէ։ Իսկ այն, որ սովորողների մի մասը ցանկանում է հեշտ ճանապարհով գնալ, առանց ջանք գործադրելու առաջադրանքի կատարում ներկայացնել, նորություն չէ, և դրա համար ոչ համակարգչային ուսուցումն է մեղավոր, ոչ էլ համացանցը։ Թուղթ ու գրչի դեպքում էլ իրարից արտագրելը հին, ավանդական պատմություն է։ Ուղղակի հիմա տեխնիկան հեշտացրել է դրա իրագործումը․ առաջ արտագրում էին, հիմա արտատպում։
Ես սկզբում մտածում էի, որ այդ խնդրի լուծումներից մեկը առաջադրանքների բովանդակության փոփոխությունը կարող է լինել։ Եթե հանձնարարությունները ստեղծական լինեն, պահանջեն երևակայության գործածում, ոչ ստանդարտ ձևակերպումներ, պահանջեն վերլուծական, քննադատական մտածողություն, սովորողը ստիպված կլինի ինքնուրույն աշխատել, համացանցը նրան չի կարող օգնել, քանի որ այն ընդամենը տեղեկատվության շտեմարան է։ Բայց արի ու տես, որ արհեստական բանականությունը՝ Chatgpt-ին, իր թռիչքային զարգացմամբ, տվել է նաև այդ հնարավորությունը․ ցանկացած թեմայով գրում է շարադրություններ, գեղարվեստական գործի վերլուծություններ անում, կերպարների արարքներ է մեկնաբանում, այդ արարքները արդարացնում է, մեղադրում է, նայած ինչպիսի առաջադրանք է ստացել, բանաստեղծություններ է գրում, երաժշտություն հորինում, նկարում, մի խոսքով՝ ստեղծագործում է։ Այսինքն՝ առաջադրանքի բովանդակության փոփոխությունը ոչինչ չի տալիս, չի դառնում խնդրի լուծում։
Ո՞րն է լուծումը։
Չգիտես ինչու, կրթության մեջ գրավոր խոսքը ավելի մեծ դեր ունի, ավելի շատ է օգտագործվում, քան բանավորը։ Այն դեպքում, որ մարդուն բանավոր խոսքի զարգացումը, բանավոր խոսքը հստակ և հասկանալի ներկայացնելու հմտությունը շատ ավելի է անհրաժեշտ, քանի որ նա իր կյանքի ընթացքում ավելի շատ բանավոր խոսքն է օգտագործում, քան գրավորը։ Սովորողները համացանցից արտատպում են, երբ գրավոր պետք է ներկայացնեն իրենց առաջադրանքը։ Բանավոր ներկայացնելու դեպքում ստիպված կլինեն համացանցի տեղեկատվությունը գոնե բանավոր խոսքի վերածել, որը մեխանիկական աշխատանք չի կարող լինել, այն որոշակի հմտություններ է պահանջում։ ,,Եթե ես խնդիրը բանավոր կարող եմ լուծել և ներկայացնել լուծումը, ինչո՞ւ գրեմ,,-նեղսրտում է սովորողը։ Այսինքն՝ բանավոր խոսքի ավելի շատ գործածումը հնարավորություն չի տա արտատպելու։ Եթե նույնիսկ համացանցից է օգտվում սովորողը, նա ստիպված է նյութը յուրացնել՝ այն բանավոր ներկայացնելու համար։
Մյուս կողմից՝ ընդհանրապես բացառե՞լ գրավոր առաջադրանքերի հանձնարարումը։ Ուսուցիչները լավ գիտեն բանավոր քննարկումների թերությունները։ Կան արագ մտածող, համեմատաբար դանդաղ մտածող և շատ դանդաղ մտածող սովորողներ։ Ընդ որում՝ արագ մտածել դեռ չի նշանակում լավ և տրամաբանված մտածել, ինչպես նաև դանդաղ մտածելը դեռ մտքի թուլության նշան չէ։ Երբ դասարանում հարցը տրվում է, ակտիվ, արագ մտածող սովորողները առաջ են ընկնում՝ խանգարելով մյուսներին կենտրոնանալ։ Էլ չեմ ասում՝ նրանց բարձրաձայնած պատասխանները կարող են շեղել, կաշկանդել այն սովորողներին, ովքեր այլ ուղղությամբ էին սկսել մտածել և առավել ինքնատիպ, անսովորոր պատասխաններ կարող էին տալ։ Ոչ բոլոր սովորողներն են, որ ազդեցության տակ չեն ընկնում։ Հատկապես կրտսեր դասարաններում աշխատող ուսուցիչները կարող են փաստել, որ առաջին հնչեցրած պատասխանը հիմնականում կրկնվում է մյուսների կողմից։ Ես ինքս սովորություն ունեմ հարցը գրավոր հանձնարարել և սպասել գրավոր պատասխանների, որոնք հետո ընթերցվում են դասարանում։ Դա առաջ գործում էր արդյունավետ, երբ չկար Chatgpt-ին։ Բայց համակարգչային ուսուցման դեպքում, երբ Chatgpt-ին սովորողի ձեռքի տակ է, մեծ է հավանականությունը, որ քո տված հարցի պատասխանը Chatgpt-ին է տվել, ոչ սովորողը։ Դու չես կարող 25 սովորողի հետևել, որ չօգտվի այդ վիտուալ ,,հուշողից,,, երբ նրա ուսումնական գործիքը համակարգիչն է, ու կա համացանց։ Անլուծելի՞ է խնդիրը։ Չգիտեմ մաթեմատիկայում ինչպես, բայց կյանքում իմ կարծիքով բոլոր խնդիրները, ցանկության դեպքում, ունեն լուծում։
Նախ՝ մեր այսօրվա սովորողին դասավանդող ուսուցիչը չի կարող թվային ծրագրերի իմացությամբ զիջել սովորողին, ետ մնալ նրանից։ Եթե սովորողը վիրտուալ աշխարհում է, իսկ դու նյութականում, չես կարող հետևել նրա աշխատանքին, ուղղորդել նրան։ Այսինքն՝ ես պետք է ինքս շատ լավ տիրապետեմ Chatgpt-ին, նրա հնարավորություններին, բառապաշարին, իմանամ նրա ոճը։ Հետևաբար, երբ սովորողը կարդում է իր պատասխանը, ես կեսից կարող եմ ընդհատել՝ ինքնուրույն չէ։ Եվ ընդհակառակը՝ բարձր գնահատեմ ինքնուրույն պատասխանները, ինչքան էլ, որ նրանք, հասկանալի է, իրենց ամբողջականությամբ և խորությամբ զիջեն արհեստական բանականության տված պատասխանին։ Այսպիսի մոտեցումը ետ է պահում սովորողին այլ միջոցների դիմելուց։ Եթե իր պատասխանը չի խրախուսվելու, այլ ընդհակառակը դիտողության է արժանանալու, ինչու դիմել այդ քային։ Chatgpt-ին կօգտագործվի այն դասարաններում, որտեղ ուսուցիչը չի տիրապետում իրավիճակին, լավ չի ճանաչում իր սովորողին, չգիտի նրա ոճը, հնարավորությունները, չի տիրապետում նաև համացանցային գրագիտությանը, չի ուսումնասիրել արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթ չէ նրա աշխատանքի ոճին։
Նայենք այս խնդրի մյուս լուծումներին։
Մենք մեր գիտելիքներով, ունեցած տեղեկատվությամբ, մեր իմացության պաշարով չենք կարող մրցել արհեստական բանականության հետ։ Այս է վկայում նաև մեր օրերի ամենահայտնի գիտնականներից մեկը՝ Տատյանա Չերնիգովսկայան, ով ուսումնասիրում է նեյրոգիտության, հոգեբանության, լեզվաբանության և արհեստական բանականության հարցեր։ Նա այն կարծիքին է, որ բանական մարդը տանուլ է տալու արհեստական բանականության հետ իր մղած պայքարում, և արհեստական բանականության այս՝ մարդու կողմից անըմբռնելի արագությամբ ընթացող զարգացումը կարող է դառնալ մարդկության համար մեծագույն չարիք։ Ըստ նրա, այսօր արդեն արհեստական բանականության ծրագրերը իրար հետ հարաբերվում են նոր լեզվով, որը հասկանալի չէ գիտնականներին։ Սակայն սա չի նշանակում, որ կրթության գործում մարդ-ուսուցիչը այլևս անելիք չունի։ Ինչպե՞ս ոգևորես սովորողին, որ նրա համար ուսումնական գործունեության ընթացքը այնքան հետաքրքիր լինի, որ նա չցանկանա այլ ճանապարհ ընտրել, ինքնուրույն աշխատի և այդ աշխատանքից հաճույք ստանա։ Ինչպե՞ս վաստակես սովորողի վստահությունը, որ նա քեզ մինչև վերջ վստահի, խաբելու պահանջ չունենա։ Ինչպե՞ս ստեղծես էնպիսի մթնոլորտ, որտեղ վախը բացառվի, սովորողը հանգիստ կարողանա ասել, որ առաջադրանքը կա՛մ չի կարողացել, կա՛մ չի ցանկացել կատարել։ Իրականում սա է մանկավարժական խնդիրը, որն ուսուցիչը պիտի փորձի լուծել։
Ինչո՞ւ է սովորողը ցանկանում դիմել այլ միջոցների՝ իր առաջադրանքը ներկայացնելու համար։ Մի՞թե եթե նա մտածի, որ ուսուցիչը գլխի կընկնի, որ ինքը չի կատարել աշխատանքը, կցանկանա այդ լույսի տակ երևալ ուսուցչին։ Կարծում եմ՝ ոչ։
Սովորողի էդպիսի փորձը կարող է ունենալ մի քանի բացատրություն։ Առաջին․ սովորողը իր փորձից գիտի, որ ուսուցչին չի հետաքրքրում այն ճանապարհը, որով ինքն անցել է առաջադրանքը կատարելիս։ Կարևորն արդյունքն է, որը ներկայացնում է սովորողը։ Ուսուցչի համար կարևորն այն է, որ իր տված հանձնարարությունը կատարվել է, սովորողը անպատրաստ չի ներկայացել դասին։ Քիչ չեն նաև դեպքերը, երբ ուսուցիչն իր տված հանձնարարությունը չի էլ ստուգում։ Հիշենք շարքերի միջով անցնող ուսուցչին, ով նայում է՝ աշխատանքը գրվա՞ծ է, թե՞ ոչ։
Մյուսն այն է, որ ուսուցիչը չի տիրապետում վիրտուալ աշխարհի հնարավորություններին, և չգիտի, թե սովորողը որտեղի՞ց կարող է վերցրած լինել առաջադրանքի կատարումը։ Եվ սովորողը դա գիտի։
Բերեմ մի օրինակ։ Իմ 11 տարեկան սովորողներից մեկը, ում այս տարի նոր սկսել եմ դասավանդել, ներկայացնում էր բավականին հասուն, մանրամասն գրված, թեման ամբողջական ներկայացնող շարադրություններ և ինձ փորձում էր համոզել, որ ինքն իր շարադրությունները գրում է իր հայրիկի օգնությամբ, ով բանասեր է, և նրա անմիջական օգնության արդյունքում է, որ այդքան գրագետ, ծավալուն շարադրություններ է ինքը ներկայացնում։ Ասեմ նաև, որ գիտեի, որ տղայի հայրը իրենց հետ չի ապրում, և կարող էի մտածել, որ վերադարձել է և սիրով աշխատում է որդու հետ՝ փորձելով ետ բերել կորցրած ժամանակը։
Որպես ուսուցիչ՝ կարող էի նաև մտածել՝ իսկ վա՞տ է, որ հայրն այդքան ուշադիր է իր որդու կրթության նկատմամբ, վա՞տ է, որ որդու կողքին նստում է, և միասին աշխատում են։ Բայց քանի որ գիտեի Chatgpt-իի ոճը, հասկանում էի, որ տղայի շարադրությունների աղբյուրը այլ է, որ պետք չէ ռոմանտիկ տեսարաններ հորինել, զբաղվել ինքնախաբեությամբ, տրվել տղայի հորինվածքներին։ Միշտ խուսափում եմ սովորողին ասել, որ ինքը ստում է։ Հատկապես, որ մտածում եմ, որ ստել ասելը այդ տարիքի երեխայի համար այդքան էլ տեղին չէ։ Սովորողները հաճախ իրենց հորինած հեքիաթն ու իրենց երազանքն են որպես իրականություն ներկայացնում։ Նման դեպքերում սովորաբար փորձում եմ հասկացնել, որ այդքան էլ հավաստի չէ նրա ասածը։ Սակայն սովորողներն էլ են տարբեր լինում։ Իմ այս սովորողը, լինելով շատ ընդունակ և միևնույն ժամանակ մանիպուլյացիաների գնացող, մինչև վերջ պնդելու էր իր հորինած հեքիաթը։
Ինչևէ, ստիպված էի դադարեցնել այդ արտատպումները։ Տղայի էլ․ փոստին ուղարկեցի Chatgpt-իի՝ իմ հարցին տված պատասխանը․ ,,Այս մտքերը 100%-ով իմն են,,-անկեղծորեն պատասխանել էր արհեստական բանականությունը։
Հաջորդ օրը տղան ամաչկոտ ժպիտով մոտեցավ ինձ և ասաց, որ էլ էդպիսի բան չի անի, ինքն իրոք օգտվել է Chatgpt-ից։ Հիմա նրա շարադրությունները համեստ են՝ երկարաշունչ մտքերից վերածվել են մի քանի տողանոց անկեղծ, անպաճույճ շարադրանքների, որի համար ես շատ ուրախ եմ։
https://elladachobanyan.wordpress.com/2025/03/25/%d5%b4%d5%b8%d6%82%d5%bf%d6%84-%d5%af%d6%80%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%ac%d5%ab%d6%80-%d5%b4%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%aa%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b3-2/