2024 թվականի սեպտեմբերին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանի լաբորատորիայի կողմից մշակվեց «Երաժշտական պատ» նախագիծը։ Այն իրականացավ ու շոշափելի դարձավ կրթահամալիրի նախակրթարաններում՝ երաժշտական ամենատարբեր գործունեություններով։
Նախակրթարանի յուրաքանչյուր խումբ ստեղծեց և ներկայացրեց երաժշտական պատի սեփական մոդելը։
Դեռ հոկտեմբեր ամսվա սկզբից պարտեզներում սկսեցինք նախապատրաստական աշխատանքներ, որն իր մեջ ներառում էր նաև ընտանեկան պարտեզը՝ խրախուսելով ծնողների ու սաների համագործակցությունը։ Ծնողական համայնքի հետ համատեղ իրականացված այս նախագիծն ուղղված էր սաների երաժշտական ընկալման ու զգայական զարգացմանը՝ երաժշտական գործիքների հետ խաղալու միջոցով, ինչպես նաև ստեղծագործական միջավայրի ձևավորմանը։
Հարավային դպրոց-պարտեզի երաժշտական պատի ստեղծմանը մասնակից են դարձել ինչպես սաներն իրենց ընտանիքի անդամների անմիջական մասնակցությամբ, այնպես էլ դպրոցի աշխատակիցները։
Առաջին քայլը եղավ հանդիպումը ծնողի հետ, ով սիրով և պատրաստակամորեն սաների հետ իրականացրեց «Հարթակում ծնողն է» նախագիծը՝ ցույց տալով՝ ինչպես կարելի է ձեռքի տակ եղած ամենասովորական առարկաներից ստանալ շրխկան։
Սա որպես օրինակ եղավ ընտանեկան պարտեզների համար։ Սաներն իրենց ընտանիքի անդամների հետ միասին պատրաստեցին երաժշտական պատի մյուս բաղադրիչները՝ ինքնաշեն շրխկաններ, նվագարաններ, հարվածային գործիքներ․․․ Բոլորը մեծ ոգևորությամբ բերեցին պարտեզ, սկսեցին պատմել՝ ում հետ են պատրաստել, ինչպես ու ինչից․․․
Անհերքելի է նախագծի դերն ու նշանակությունը ծնող-սան կապի ամրապնդման և նախակրթարանում համագործակցության խթանման հարցում։ Նախագիծը հնարավորություն էր տալիս ներգրավել ծնողներին, խրախուսել նրանց մասնակցել ծրագրի իրականացմանն ու կիսվել գաղափարներով։ Նախագիծը մեծ դեր ու նշանակություն ունեցավ նաև սաների, մանկավարժների և ծնողների կապի ամրապնդման հարցում՝ համատեղ ստեղծագործական գործընթացի միջոցով։ Սաները պատրաստեցին ու դեռ տանից՝ փորձարկեցին իրենց շրխկանները։
Հաջորդ քայլը Հարավային դպրոց-պարտեզի ծրագրի ղեկավար Շամիրամ Պողոսյանի, վարպետ Արտակի ու տեխնոլոգ Աննա Թորոսյանի հետ քննարկումն էր պատի՝ տեղի ընտրության, ձևի, չափի, ձևավորման շուրջ։
Վարպետ Արտակի օգնությամբ փայտե տախտակներով ստացանք պատը, տեխնոլոգ Աննա Թորոսյանը նկարեց և երաժշտական տրամադրություն հաղորդեց պատին, իսկ սաներն իրենց ձեռքով պատրաստած նվագարաններով ու շրխկաններով ամբողջական տեսքի բերեցին այն։
Դե, արդեն բոլոր պայմանները կային խմբասենյակն իսկական նվագախմբի վերածելու ու երաժշտական ամենատարբեր ռիթմեր ստանալու համար։ Սաներին հնարավորություն տրվեց ուսումնասիրելու երաժշտական տարբեր նյութեր ու ձայներ՝ օգտագործելով զանազան երաժշտական գործիքներ՝ նրանց մոտ զարգացնելով երաժշտական հետաքրքրություն։
Երաժշտական պատի պատրաստումից հետո կազմակերպեցինք երաժշտական խաղիկներ․ սաները կարողացան խաղալ, ուսումնասիրել ու պարզ ռիթմեր ստեղծել։
2-4 տարեկանների հետ երաժշտական ինքնաշեն նվագարաններով մի լավ շրխկացրինք ու ծափերով ստացանք ռիթմիկա` սաների մոտ զարգացնելով լսածը կրկնօրինակելու, արագ կողմնորոշվելու կարողությունը, ամրապնդելով ռիթմի զգացողությունը, և որ ամենակարևորն է՝ այդ ամենը իրականացրինք խաղալով, հավեսով ու հրճվանք ապրելով։
Երաժշտական ռիթմիկան համադրեցինք ստվերախաղի հետ ու ստացանք իսկական հավես խաղ։
Երաժշտական պատը պարբերաբար օգտագործելով ամենօրյա գործունեությունների ընթացքում՝ ակամայից ունեցանք «շրխկան համույթ», որտեղ սաները ցուցադրում են իրենց նոր ձեռքբերումները։
Այս նախագծի իրականացման միջոցով սաները հնարավորություն ունեցան զարգացնել իրենց երաժշտական ունակությունները և ստեղծագործական մտածողությունը։ Սաների մոտ շատ արագ ձևավորվեց ռիթմի զգացողությունը. պահը բաց չենք թողնում ռիթմ ստանալու՝ մեր ձեռքերի, ոտքերի ու նույնիսկ հարթակի օգնությամբ։
Երաժշտական պատի շրջանակում տարին ամփոփեցինք՝ ամանորյա երաժշտության ռիթմիկա ստանալով ամենասովորական թղթի օգնությամբ։
Երաժշտական պատը շատ սիրվեց ինչպես մեր՝ դաստիարակներիս, այնպես էլ 2-4 տարեկանների կողմից։ Խմբասենյակի այս հատվածում սաները երգում են, տարբեր գործունեությամբ զբաղվում կամ ուղղակի խաղում։
Երաժշտական պատը շուրջտարյա նախագիծ է, այն ունի շարունակականություն, երբևէ չի սպառվում, այլոց ներգրավելու, ստեղծագործելու ու երևակայելու մեծ հնարավորություններ է տալիս ու սաների յուրաքանչյուր օրվա մի մասն է կազմում։