«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում բազում գիտական և մանկավարժական մեթոդների պատմությունների կհանդիպես, որոնք էլ գուցե ցանկանաս կիրառել, բայց մեկ բան պետք է կարևորել, որ դաստիարակի, մանկավարժի ուսումնասիրության հիմքում ազատ երեխայի դիտարկումն է։ Կրթահամալիրը կյանքի ընտանեկան դպրոց-պարտեզ է, որտեղ 2 տարեկանից սկսած և՛ դաստիարակվում են, և՛ ստեղծագործում, և՛ կրթվում։
«Երեխաս շատ վատ պահվածք ունի, ես տանը պատժում եմ, դուք էլ մանկապարտեզում պատժեք»:
Լինելով 2-5 տարեկանների խմբի դաստիարակ՝ երբեք չեմ արտաբերել այդ բառը: Իմ աշխատանքային տարիների ընթացքում երեխային պատժելու միտք անգամ չի եղել։ Ես ոչ մի իրավունք չունեմ պարփակել սանի ազատությունը և չհարգել սանին։ Խորթ բառ է պատիժը։ Իրավիճակներ են ստեղծվում, որ սանի վատ արարքից ուզում ես ձայնդ բարձրացնել, խիստ հայացքով նայել, բայց հավատացնում եմ՝ ցանկացած դաստիարակ պետք է մտածի, որ շուրջը շատ երեխաներ կան, որ գուցե անկարգ սանը չի ազդվի, բայց խելոք սանն ավելի կնեղսրտի և հաջորդ օրը չի ուզի պարտեզ գալ: Պարտեզն այն մաքուր միջավայրն է, որտեղ դաստիարակը սանի խաղընկերն է, կա փոխադարձ վստահություն և սեր թե՛ սանի, թե՛ ծնողի նկատմամբ: Երբեք խիստ մի՛ դատեք 2-4 տարեկաններին, մենք էլ ենք հաճախ ասում . «Ոչինչ, երեխա է»: Պարտեզ և ընտանիք համագործակցությունը սաների դաստիարակության կազմակերպմանն ուղղված գործընթաց է: Արդյո՞ք 2-4 տարեկանները հասկանում են, երբ իրենց պատժում են:
Ծնողական պատում․
-2,5 տարեկան աղջկաս թաթիկին մի փոքր խփեցի, որ իրեն խելոք պահի, ծիծաղեց, կչկչաց, ես էլ սկսեցի իր հետ ծիծաղել և խաղալ: Փոքր են, չեն հասկանում:
Ծնողական ակումբի հետ փորձեցի քննարկել պատժի թեման: Ծնողներից մեկն ասաց.
-Ընտանեկան դաստիարակության խնդիր է, ես խիստ ծնող եմ: Եթե երեխաս ինձ խփում է, ես էլ նրան եմ խփում, թող իմանա, որ ինձ ցավեցնում է:
Բարդ է, իսկ եթե այդ երեխան հաճախու՞մ է պարտեզ, արդյո՞ք իր ընկերներին չի նեղացնի: Ի՞նչ անի դաստիարակը, մի՞թե նախադպրոցական կրթությունը ընտանեկան դաստիարկության շարունակությունը չէ:
Համոզված կարող եմ փաստել, որ ծնող-սան-դաստիարակ առողջ համագործակցության կամուրջը միշտ պետք է ամուր լինի:
Ինձ հարցնում են. «Եթե սանը շատ վատ է պահում իրեն կամ փորձում է իրեն վնաս տալ՝ ի՞նչ եք անում: Չե՞ք բարկանում, չե՞ք պատժում»:
Իմ աշխատանքային գործունեության դիտարկման արդյունքում ես պատիժ բառը բաժանեցի այսպես՝ «Համոզող պատիժ» և «Չհամոզող պատիժ»:
Համոզող պատիժ. ես սաների հետ ամեն հարց փորձում եմ համաձայնեցնելով, համոզելով , զրուցելով լուծել: Նաև նկատել եմ, որ շատ ծնողներ հանգիստ, մեղմ են վերաբերվում իրենց երեխաներին:
Համոզող պատիժ. «Արև՛ս, ես քեզ շատ եմ սիրում, գնա՞նք միասին թխվածքաբլիթ պատրաստենք: Քեզ համար ինչ ուզես, կառնեմ (առաջարկելով սանի ուզած ուտելիքը կամ խաղալիքը): Հեռախոսս կտամ, որ մուլտֆիլմ դիտես կամ ինչքան ուզես, խաղաս։ Կգնանք այգի կամ որտեղ ուզես։ Քեզ խփում են, մի՛ թող, որ քեզ խփեն, ասա մի՛ խփիր»։
Չհամոզող պատիժ. «Չի՛ կարելի, ես քեզ համար ո՛չ մի բան չեմ առնի, տատիկի տուն չեմ տանի, քո խաղալիքը կտամ ընկերոջդ, որ դու քոնը չես տալիս, հեքիաթ չեմ կարդա, եթե քեզ խփում են, դո՛ւ էլ խփիր»:
Հավատացե՛ք, համոզող պատիժն ավելի օրինակելի է և արդյունավետ: Հիմա կասեք համոզող և չհամոզող պատիժը ո՞րն է: Պատիժը մնում է պատիժ: Հիշեցնեմ, որ խոսքը նախադպրոցականի մասին է: Առհասարակ պատիժ բառը 2-4 տարեկանների համար անհասկանալի է։
Ծնողների պատումը «Պատիժ» թեմայի վերաբերյալ․
Աստղիկ Բեգլարյան, Ավագյան Սոսեի մայրիկ
Պատիժն ամենակարճ ճանապարհն է…
Սոսեի համար «ամենապատիժը» քնից առաջ հեքիաթ կամ գիրք չկարդալն է։ Բայց շատ հազվադեպ ենք կիրառում այն։ Կարծում եմ` պատիժն ամենակարճ ճանապարհներից է երեխայի հետ հարաբերությունները փչացնելու։ Պատիժն ուժի ցուցադրություն է, որի պատասխանը ուշ, թե շուտ ստանալու ենք։ Իհարկե, երեխաների վարքը հաճախ կարող է մեզ բարկացնել կամ հաճելի չլինել, կարող է ամոթ առաջացնել, բայց աշխատում ենք առաջին հերթին խոսել, խոսել, խոսել։ Սոսեն շատ է սիրում սովորել, այդ պատճառով հաճախ, երբ ցանկանում եմ կոնկրետ վարք դրսևորի, ասում եմ, որ ես իրեն սովորեցնում եմ, թե ինչպես պետք է իրեն պահի խելացի բալիկը։ Բացարձակ դեմ եմ ֆիզիկական պատիժներին։ Դա թուլության նշան է և շատ վտանգավոր հետևանքներ է կրում իր մեջ։ Երեխաները լույս են, որ պետք է փայփայել։
Մարինե Մարտիրոսյան, Խաչատրյան Ռուզաննայի մայրիկ
Պատժե՞լ, թե՞ օրինակ լինել
Երեխաներն արագ են ընկալում բառը, շարժումը և ընդօրինակում են ընկերների վարքը, դաստիարակների խոսակցական բառապաշարը, վարքը։ Հաճելի է, երբ օրինակ հավաքում ես երեխայի վարսերը, և նա ասում է, որ ընկեր Մերին մի քիչ ավելի բարձր ու սիրուն է կապում, ա՛յ իր նման կկապես ու վերջում գլուխս կսիրես։ Պարզ բաներ են թվում, բաց սա է ինձ համար մանկավարժությունը։ Երբ օրինակ ինչ-որ բան է ուզում ասել, շտապելով ասում եմ՝ ասա Ռուզ, ասում է ՝ մի ասա Ռուզ, ընկեր Աննայի նման ասա լսում եմ, Ռուզան ջան։
Երեխան սպունգի պես կլանում է ամեն բառ, վարքային դրսևորում, և այս դեպքում կարևոր է դաստիարակության երկկողմանի, փոխկապակցված լինելը։
Մանկավարժության մեջ խուսափում եմ ու գրեթե աշխատում եմ չգործածել «պատժել» բառը, բացատրում եմ, որ այս կամ այն սիրելի խաղալիքից, զբաղմունքից որոշ ժամանակ չի օգտվելու։ Դրանով ցանկանում եմ իր ուշադրությունը կենտրոնացնել իր վարքի վրա, որ օրինակ քույրիկին հարվածեց, ու իր խաղալիքները տխրեցին։ Ի՞նչ անենք, սիրում եմ քույրիկին, իր անունից ասում եմ կներես, իրեն արդարացնում եմ, որ չէր ուզում այդպես անել, պատահաբար ստացվեց, ու նոր համարձակվում է գալ քույրիկին գրկել։ Համառությունը դժվար է փոխվում փաղաքշանքի քույրիկի նկատմամբ, բայց հաջողվում է ։ Հակառակվելու ժամանակ շատ է օգնում գովքը։ Վերջերս խաղալիքներին շատ անփույթ էր վերաբերվում, նվեր ստանալուց հետո չէր խնամում, շուտ ձանձրանում էր տվյալ խաղալիքից, բայց և չէր զիջում քույրիկին, պահում էր կամ ցավեցնում, հրում քույրիկին։ Քույրիկը փոքրիկ է և շատ էի տխրում, որ հանկարծ չվնասի։ Քույրիկին գրկում էի, սիրում, իրեն բացատրում, որ չանի էլ նման բան։
Մի անգամ ասացի,որ կպատժվի, ի պատասխան ասաց.
-Մամա՛, ի՞նչ ա պատիժը։
Ու ներքին ուրախություն ու տխրություն ապրեցի, որ առաջին հերթին իսկապես իրեն անծանոթ էր բառն իր բառ-արտասանությամբ և վարքային դրսևորմամբ, հետո տխրեցի, որ չստացվեց զսպել ինձ ու բառն ուղղեցի։
Աշխատում եմ, որ իրեն ուղղված բառերում շատ զգույշ լինել, շատ զգացմունքային է, հատկապես քույրիկի հետ շփման մեջ ավելի շատ է ուշադրության կարիք զգում։
Ես իմ մանակավարժությամբ եմ իր համար օրինակ դառնում՝ զրույց-քննարկումներով, խաղով- համբերատար լինելով։ Երեխան ամեն օր տարբեր հույզեր է ապրում, շփվում է տարատարիք մարդկանց հետ, տպավորվում է խոսքից, վարքից, երևույթից։ Ընդօրինակում և կերպավորում է այս կամ այն մարդուն, ապրում է զարմանք ու հիացում, տխրում ու ուրախանում է, և այդ ճանապարհին միակ բանը, որ թե՛ ծնողը, թե՛ ուսուցիչը կարող են անել՝ մասնակիցը լինեն երեխաների տարիքային առանձնահատկություններին համապատասխան բնական վիճակին և դաստիարակության համար արհեստական չի կարելիների, կպատժեմների կամ թաթիկից քաշելու, հրելու փոխարեն լինեն ավելի համբերատար։
Նաիրա Գաբրիելյան, Սեմիրջյան Լոլայի մայրիկ
Մայրիկի օրագիր՝ Պատիժ
Իմ մանկության ժամանակ պատիժ կամ պատժել նշանակում էր արժանանալ հայրիկի կամ մայրիկի խիստ հայացքին, զրկվել բակում խաղալուց, լսել շատ երկար դաստիարակչական և խրատական խոսքեր։
Ինչ վերաբերում է ինձ՝ որպես տարատարիք և տարասեռ երեխաների մայր, ապա ես փորձում եմ պատժել իմ երեխաներին յուրովի։ «Պատիժ» բառը չեմ սիրում, որովհետև երբեմն այն բացասական կոնտեքստ է կրում, բայց երեխայի անպարկեշտ կամ չարաճճի վարքի դեպքում կիրառում եմ հարմարեցված մեթոդներ՝ հասկանալով, թե յուրաքանչյուր երեխայի մոտ ինչն է առավել արդյունավետ։
Տղայիս պարագայում, երբ տեսնում եմ, որ նա խաղերի կամ վիզուալ շեղումների մեջ է հայտնվում, սահմանափակում եմ նրա ժամանակը։ Տասնհինգ րոպե տրամադրում դասերին, իսկ դրանից հետո 15 րոպե՝ համակարգչային կամ ցանցային խաղերին։ Նպատակն է, որպեսզի նա կարողանա ճիշտ տնօրինել ժամանակը՝ գիտակցելով կարևորության և հանգստի սահմանները։
Իսկ եթե նրա հագուստը անկարգ է լցված, նա էլ չի ցանկանում հավաքել կամ թողնում է թափթփված, ես պարզապես վերցնում եմ այն և դնում միջանցքի մոտ։ Սա նրա համար նշան է, որ հարգանքը միմյանց նկատմամբ տանը կանոն է, և տունը մաքուր պահելը հավասար պարտականություն է։
Աղջկաս դեպքում, քանի որ նա դեռ չորս տարեկան է, ամեն ինչ ավելի բարդ է։ Չնայած, ցանկությունս մեծ է պայմանավորվել, նա դեռ հաճախ անհանգիստ է ու ոչ միշտ է հասկանում՝ ինչի համար է նկատողությունը կամ պատիժը, արգելքն ու սահմանափակումները։ Այնուամենայնիվ, ես փորձում եմ իմանալ, որ իր օրերը չպետք է բաղկացած լինեն միայն ցանկություններով։ Երբեմն «պատիժը» սահմանափակումն է փոքրիկ բաների մեջ՝ մուլտֆիլմի դիտում, կոնֆետներ, կամ նրա հետ համատեղ բանջարեղեն կտրատելը, թխվածք թխելը։ Նման միջոցառումները նրան հնարավորություն են տալիս վերարժևորել ընթացքը:
Ասել, որ չեմ ջղայնանում և հարկ եղած դեպքում չեմ պատժում, նշանակում է ոչինչ չասել։
Ըստ հոգեբանության պետք է ճիշտ պատժել երեխային, որպեսզի չվնասվի նրա հոգեկան աշխարհը և չխաթարվի տարիքային բնականոն զարգացումը: Ծնողները նկատում են, որ իրենց երեխաները կամակոր են և մտածում են, որ միտումնավոր խաղեր են խաղում, այդ պատճառով պիտի պատժեն:
Ճիշտ պատժել, սխալ պատժել, մի հատ էլ առանձնացնել անընդունելի և ճիշտ պատժի տեսակները:
Համաձայն չեմ, երբ ծնողը կամ դաստիարակը երեխային ասում են.
-Դու այսօր պատժված ես:
2-4 տարեկանները միշտ պետք է իրենց պաշտպանված զգան ծնողի և դաստիարակի կողմից:
Դաստիարակության ընթացքում պետք է հաշվի առնել երեխայի հոգեբանական առանձնահատկությունները: Երեխան ունի իր ես-ը, հենց վաղ տարիքից դաստիարակության գործընթացում մեծ է ինքնակառավարման նշանակությունը, և հենց վաղ տարիքից նրանց մասնակից ենք դարձնում հասարակական գործունեությանը, սոցիալական շփմանը:
Շատ սիրենք երեխաներին, նրանք դաստիարակվում են մեծահասակներին ընդօրինակելով: Մինչև երեխային պատժելը, պատժենք մեզ :