Ուսումնական երկրորդ շրջանը կամ հունվարյան ստուգատեսային ճամբարը տարբերվում է ուսումնական մյուս շրջաններից իր ստուգատես-փառատոնային կազմակերպմամբ։ Ճամբարային բազմազան նախագծերի շրջանակներում սովորողները հնարավորություն են ունենում ներկայացնելու սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում իրենց ձեռք բերած հմտություններն ու կարողությունները, սովորում են ավագ ընկերներից, փոխանցում իրենց իմացածը կրտսերներին, իրականացնում համագործակցային նախագծեր, միջդպրոցական հանդիպումներ, ունենում մարզական, շախմատային մրցաշարեր, ճամփորդում, պատրաստում ու ծեփում, մասնակցում տարբեր ստուգատեսների։ Ուսումնական գործի մասնակից է դառնում նաև ծնողը:
Պետք է նշեմ, որ այս շրջանն իր բովանդակությամբ ամենաուսումնականն է։ Այն հնարավորություն է տալիս ճամբարականներին ազատ, անկաշկանդ, առանց որևէ պարտադրանքի մասնակից դառնալու ստուգատեսներին։ Տարբեր ստուգատեսների ընթացքում նրանք միմյանց օգնում են, ստեղծում խաղեր, բացատրում խաղի կանոնները։ Ամեն օր սովորեցնելով և սովորելով՝ սովորողը դառնում է ավելի ինքնուրույն, յուրաքանչյուրն իրեն կարևոր է զգում։ Ճամբարը դառնում է ուսումնական և գործունեության տարբեր ձևերի իրականացման միջավայր։ Շատ կարևոր է ճամբարականների ոգևորվածությունը, իսկ դա ցուցանիշներից կարևորն է, որն էլ փոխանցվում է ճամբարի ղեկավարին, որն էլ ստիպում է աշխատել նպատակաուղղված, կոնկրետ անելիքով։ Որպես հունվարյան ճամբարի դրական ցուցանիշ՝ համարում են նաև ճամբարականների հաճախումները:
Այժմ անդրադառնամ հունվարյան ճամբարին ըստ շաբաթների։ Հունվարյան ճամբարի առաջին շաբաթը շատ հագեցած էր։ Ամփոփեցինք «Ուսումնական ձմեռ» նախագիծը, քննարկեցինք այն նախագծերը, որոնք պետք է իրականացնեինք ճամբարի ընթացքում։ Սովորողներն իրենց բլոգներում ներկայացրին ջոկատի աշխատանքային կանոնները և լոգոյի իրենց տարբերակը։ Ճամբարում առանձնակի տեղ էին զբաղեցնում հանդիպումները, հատկապես «Հարթակում ծնողն է» ուսումնական նախագծային հանդիպումների շարքը։
«Ազգագրական փառատոն»-ի շրջանակում Դավիթ Սարգսյանի մայրիկի օգնությամբ ծիսական գաթա թխեցինք, հետո սովորողները համացանցից տեղեկություններ դուրս բերեցին գաթայի մասին և կարդացին։ Ազգագրական փառատոն-ստուգատեսի ընթացքում սովորում ենք նաև նոր պարեր, պարերգեր, այն տանում ընտանեկան դպրոց կամ ընտանեկան դպրոցից բերում դպրոց։
Քանի որ ստուգատեսները տարբեր էին, փորձում էինք բոլոր ստուգատեսներին համապատասխան գործունեության ձևերը իրականացնել։ Հաջորդ օրն անդրադարձանք Հանրակրթական դիջիթեք 2025 ստուգատեսին․ ներկայացրի ուղղությունները, ճամբարականներն էլ paint նկարչական ծրագրով ստեղծեցին իրենց դիջիթեքյան լոգոները, ինչպես նաև ընտանեկան դպրոցներում պատրաստեցին տեսանյութեր, թե համակարգչային ինչ ծրագրերի են տիրապետում և ինչպես են օգտագործում համակարգիչը որպես ուսումնական գործիք։
Ստուգատեսներից սպասված և սիրելի է մարզական ստուգատեսը, որի ընթացքում սովորողները ցույց են տալիս իրենց մարզական հմտությունները։
Պետք է նշեմ, որ ճամբարն իր բովանդակությամբ նաև ճամփորդական է․ ճամբարականների հետ հասցրինք մասնակցել տարբեր ճամփորդություների, որոնք իրենց ուղղվածությամբ տարբերվում էին մեկը մյուսից։ Այցելել ենք Պատանի հանդիսատեսի թատրոն, դիտել «Հենզելի և Գրետելի Ամանորյա արկածները», այցելել ենք Հայաստանի ազգային պատկերասրահ, եղել ենք Գաբրիել Սունդուկյանի անվան պետական թատրոնում, դիտել «Մոխրոտ» ներկայացումը, այցելել ենք Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, դիտել ենք «Հարրի–Փոթեր» ներկայացումը։ Ինչպես նաև ճամփորդել ենք դեպի Ապարան, որտեղ էլ կազմակերպել ենք ձմեռային մարզական խաղեր։
-Այս ճամփորդությանը շատ էի սպասում, որովհետև այս ձմեռ դեռ ձյուն չէր եկել Երևանում, իսկ ես կարոտել էի ձնախաղերը,-գրում է ճամբարական Աննա Արքելաթյանը։
Յուրաքանչյուր ճամփորդությունից հետո ճամբարականներն անհատական բլոգներում պատմում են իրենց տպավորությունների մասին, հաջորդ օրը յուրաքանչյուրը կարդում է իր ճամփորդապատումը, և քննարկում ենք։ Ճամփորդապատումները շատ կարևոր են թե՛ կազմակերպչի համար, թե՛ ճամբարականների, ինչու չէ նաև ծնողի համար։ Ճամբարի ընթացքում, բացի ստուգատեսային նախագծերից, իրականացրինք նաև «Դդմածես» նախագիծը․ ճամբարականները Paint ծրագրով նկարել են զարդանախշերով դդումներ, համացանցից դուրս բերել դդմի և նրա կորիզների մասին հետաքրքիր տեղեկություններ, հորինել հանելուկներ և ակրոստիքոսներ։
Ծանոթացել ենք ազգային զարդանախշերին, կարդացել տեղեկություններ տարազների մասին, ինչպես նաև նկարել ենք Paint ծրագրով։
-Դդմի ծեսի համար պատրաստել եմ դդմային անիմացիա։ Գտել եմ տեղեկություններ Դդմի կորիզի օգտակար հատկությունների մասին, պատրաստել ենք թղթից դդումներ, հորինել ենք հանելուկներ, նկարել նախշազարդ դդումներ, ազգային ուտելիքներից տեղեկություններ եմ գտել տոլմայի մասին,- պատմում է ճամբարական Ալեն Սարգսյանը։
Իսկ արվեստագետ Թեհմինե Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում չորացած ցորենի հասկերով պատրաստել ենք Կենաց ծառ։ Ունեցել ենք ընթերցանության ժամ․ Դոնալդ Բիսեթի «Շրջված երազ» հեքիաթների ժողովածուից կարդացել ենք հեքիաթներ։ Ճամբարականները մեծ ոգևորությամբ մասնակցում էին նաև համագործակցային նախագծերին, միջդպրոցական հանդիպումներին, սովորող-սովորեցնող նախագծերին։ Մեր «Հորինուկ» ջոկատով առաջին դասարանցիներին սովորեցրել ենք աշխատել Paint և Word ծրագրերով։ Իսկ մենք սովորել ենք աշխատել gifius.ru կայքով, որի միջոցով ստեղծել ենք տարբեր շարժական անիմացիաներ։
Ունեցել ենք մարզական ստուգատեսներ, մասնակցել ենք տարբեր ֆլեշմոբերի՝ հայերեն, անգլերեն, մաթեմատիկա և ռուսերեն առարկաներից։
Խաղացել ենք տարբեր խաղեր՝ ընկուզախաղ, հոլախաղ, խաղացել ենք լեգոներով և այլն։ Հատկապես հետաքրքիր էր բանավոր մաթեմատիկայի ստուգատեսի կազմակերպումը։ Ճամբարային չորս շաբաթների ընթացքում կրտսեր դպրոցականները տարբեր մաթեմատիկական խաղեր են միասին խաղացել, պատրաստել տարբեր ինքնաշեն խաղեր: Համագործակցային հանդիպումներ են տեղի ունեցել տարբեր ջոկատների միջև: Ճամբարը ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս բացահայտել կրթահամալիրը, այցելել կրթահամալիրի լաբորատորիաներ և համագործակցային նախագծերը դարձնել շարունակական և շուրջտարյա։ Ճամբարականները այցելելով ՏՏ լաբորատորիա՝ հնարավորություն ունեցան սովորել Quizizz ծրագիրը, որով էլ խաղացին մաթեմատիկական խաղեր։ Ճամբարականները տպավորված էին, երբ այցելեցինք սարքաշինության լաբորատորիա։
-Այնտեղ շատ հետաքրքիր ու զվարճալի էր։ Ինձ ամենաշատը դուր եկավ այն, որը մի ծրագրով երգ էին ակտիվացնում, և կրակը ձայնային նոտաների պես շարժվում էր,-գրում է ճամբարական Ալեքս Կիրակոսյանը, — նաև ինձ շատ դուր եկավ ինքնաշեն ժամացույցի պատրաստումը։
Մի խոսքով՝ իսկական իմացումի հրճվանքի շրջան ապրեցինք։ Ես էլ իմ տեսախցիկով փորձում էի մասնակցել այդ հրճվանքին, նաև ֆիքսում էի այդ ամենը, վերլուծում և փոխանցում ընտանեկան դպրոցներին։ Ամեն օր դասարանական բլոգում հրապարակում էի 2-3 նյութ, հունվար ամսին ունեցանք 60 հրապարակում, որը ևս ապացույցն է ստացված ուսումնական ճամբարի։ Պատումիս կցված են են նաև սովորողների ամփոփումները․