Սկիզբը՝ 1, 2
,,Յուրաքանչյուր բարկության նոպա հիմարության նոպա է,,։ Կարդացել եմ տարիներ առաջ մի մանկավարժի մոտ, որի անունը հիմա չեմ հիշում, բայց նրա արտահայտած միտքն այնքան էի հավանել, որ մինչև հիմա, երբ շատ տարիներ են անցել, հիշում եմ։ Այս միտքն ինձ հատկապես հետաքրքրել էր որպես մանկավարժ, որովհետև մանկավարժը գուցե ամենաշատն է տրվում ,,բարկության նոպաներին,,։ Չէ, չեմ մեղադրում։ Երկար տարիների մանկավարժական փորձս ցույց է տալիս, որ ցանկացած մանկավարժ երբեմն հայտնվում է այդ ,,հիմարության նոպայի,, ճիրաններում։ Սովորողները տարբեր են և՛ իրենց խառվածքով, և՛ իրենց դաստիարակությամբ։ Քիչ չեն այնպիսի սովորողները, որոնք անկառավարելի են և իրենց վարքով կարող են ուսուցչին համբերությունից հանել։ Երեխայի վարքի հիմքում ամենատարբեր պատճառներ կարող են լինել՝ ծնողների դաստիարակության բացթողումներից սկսած՝ ավարտված փողոցի ազդեցությունից։ Քիչ չեն ազդում նաև ընտանեկան դրամաները, ծնողների հարաբերությունները։
Հիշում եմ, տարիներ առաջ, երբ մի ծնողի հետ քննարկում էի նրա երեխայի վարքը, փորձում հասկանալ՝ ինչ ճանապարհներ կան նրան կարգի հրավիրելու, մայրը շատ հանգիստ ասաց․ ,,Ծեծեք, նա առանց դրա չի հասկանում։ Ես ծեծում եմ,,։ Եվ ինձ համար արդեն պարզ էր, թե որտեղից է գալիս երեխայի այդ անկառավարելի վարքը։ Ընտանիքը երեխայի դաստիարակության առաջին պատասխանատուն է։ Եթե քո մանկավարժությունը և երեխայի ընտանիքը տարբեր կողմեր են նայում, տարբեր հայացքներ ունեն, դժվարանում է ուսուցման գործը։
Բայց մյուս կողմից՝ գոնե ինձ համար անքննարկելի է, որ յուրաքանչյուր բարկության նոպա ոչ միայն հիմարության, այլև թուլության նոպա է։ Իմ հաստատ համոզմամբ մանկավարժի համար այդ պահերը ինքնատիրապետման համար իսկական փորձություններ են, փորձություններ, որոնց հաղթահարելը ոչ միայն անհրաժեշտ է, այլև ուսուցչի համար, նաև որպես անձ, շատ կարևոր, նրա անձի զարգացման համար վճռորոշ պայման։
Իսկ որոնք են բարկանալու պատճառները։ Դրանք տարբեր մարդկանց համար տարբեր են։
Մի բան կարող եմ վստահորեն ասել։ Երբ ուսուցիչը դասարան է մտնում ներքին խաղաղությամբ, առանց լարումների, առանց կանխակալ տրամադրվածության, մի կողմ թողած իր անձնական, ընտանեկան խնդիրները, ուսումնական պարապմունքն ավելի խաղաղ է անցնում։ Շատ կարևոր է, որ ուսուցչին փոքր, թեթև բաները չնյարդայնացնեն․ օրինակ՝ սովորողների շատախոսությունը, շարժունակությունը, այլ բանով զբաղվելը, միմյանց գրություններ ու sms-ներ ուղարկելը, դասից ուշանալը․․․ Իհարկե շարունակում են ուսումնական խնդիրներ մնալ և կարող են բարկության պատճառ դառնալ նաև իրարից արտագրելը, իսկ համակարգչային, բլոգային ուսուցման դեպքում՝ իրար և տարբեր բլոգներից, համացանցի տարբեր բաժիններից, chatGPT-ից արտատպումները, ուսումնական գործով չհետաքրքվելը, ուսումնական դասին այլ բանով զբաղվելը և այլն։
Դրանք բաներ են, որ դպրոցական տարիքի սովորողին բնորոշ են։ Մենք հիշո՞ւմ ենք մեզ այդ տարիքում։ Այն մեծերը, ովքեր մանկության հիշողությունների հետ կապը չեն կտրել, ավելի խաղաղ կմոտենան նմանօրինակ հարցերին։ Իրարից արտագրելը, դասերից փախչելն ու ուշանալը, ուսուցչին խաբել փորձելը, ինչ-որ կերպ չարածը արդարացնելը․․․ Այս շարքը կարելի է երկար շարունակել։ Ես գոնե ինձ հիշում եմ այդ տարիքում այսպիսի մեղքերի կրող՝ չնայած լավ սովորող եմ համարվել, դե, գոնե դպրոցը գերազանց գնահատականներով եմ ավարտել։ Դուք չեք հիշո՞ւմ։  Կարգապահ աշակե՞րտ եք եղել։ Բայց հաստատ ձեր սիրելի ընկերների մեջ կարգազանցներ եղել են։ Ակտիվ, աշխույժ, խնդիր առաջացնող սովորողները կարող են շատ լավ ընկերներ լինել, մարդկային բարձր արժանիքներով օժտված` սիրված համադասարանցիների կողմից։ Գոնե իմ լավագույն ընկերների մեջ շատ էին նաև հենց այդ անկարգները։ Ի՞նչն էր ինձ դուր գալիս՝ գուցե նրանց համարձակությունը, ինքնավստահությունը, ներքին ուժը, մտքի ճկունությունը, հումորը․․․ Չգիտեմ, հիմա դժվարանում եմ ասել։ Երևի թե այն ժամանակ էլ չգիտեի։ Բայց հենց այդ անկարգ-անկառավարելիների մեջ էին մեզ՝ աղջիկներիս, պաշտպանողները, մեր կողքին կանգնողները։ Նրանց հետ մենք մեզ լավ էինք զգում, նրանց կողքին՝ ավելի վստահ ու պաշտպանված, և իհարկե, հենց նրանց էլ սիրահարվում էինք։ Ես այսպիսին եմ հիշում իմ դպրոցական տարիները։ Ասեմ նաև, որ իմ այդ անկառավարելի ընկերներից շատերը, ում հետ հետագայում առիթ ունեցա նորից հանդիպելու, դարձան կայացած, հաջողակ, գործունյա,մարդիկ, ընտանիքի լավ հայրեր, օրինավոր քաղաքացիներ։ Ուղղակի նրանք այն ժամանակ չէին տեղավորվում ուսուցիչների սահմանած ,,լավ սովորող, լավ աշակերտ,, ձևաչափի մեջ և թիրախավորվում էին ուսուցիչների կողմից։
Իմ ասածը բոլորովին այն չէ, որ համակերպվենք ընդհանուր կարգուկանոնին չենթարկվող սովորողների թելադրած պայմաններին։ Ի վերջո, դրա իրավունքը մենք չունենք էլ։ Կա նաև մյուս սովորողների իրավունքների պաշտպանության խնդիր։ Չի կարելի թույլ տալ, որ ուսման նկատմամբ հետաքրքրություն չունեցող սովորող-չսովորողները խանգարեն ուսումնական գործը՝ թույլ չտալով մյուս սովորել ցանկացողներին իրականացնելու իրենց սովորելու իրավունքը․ քո ազատության սահմանը մինչև դիմացինի քիթն է։ Ասածս այն է, որ ուսումնական այդ ընդհանուր մթնոլորտը պահպանելու ընթացքում, երբ չես կարողանում հետաքրքրել չհետաքրքրվող սովորողին և ստիպված ես լինում և՛ դիտողություն անել, և՛ կարգի հրավիրել ուսումնական պարապմունքը խանգարել ցանկացողին, չչարանաս, անզուսպ բարկության ճիրաններում չհայտնվես, հանկարծ չանցնես թույլատրելիության սահմանը, մարդկային արժանապատվությանը չդիպչես․․․ Ուղղակի ներքին բարյացակամությունը կորցնել չի կարելի։ Դա կխանգարի ոչ միայն քեզ, այլև հետագայում սովորողների հետ հարաբերությունները կարգավորելուն։ Ցանկացած իրավիճակում ինքնատիրապետումը կորցնել չի կարելի։ Դժվա՞ ր է։ Իհարկե հեշտ չէ։ Մանկավարժությունը իմ իմացած ամենադժվար մասնագիտություններից մեկն է։ Ծնողները ամենատարբեր խնդիրներ են ունենում մեկ-երկու երեխայի դաստիարակության, նրանց հետ հարաբերվելու հարցերում։ Իսկ մանկավարժը ամեն օր հարաբերվում է տասնյակ սովորողների հետ՝ ամենատարբեր ընտանիքներից եկած, ամենատարբեր արժեքային համակարգերով, ամենատարբեր խառնվածքներով․․․ Եվ մանկավարժի առջև դրված է բարդագույն խնդիրներից մեկը․ ոչ միայն հարաբերությունները կարգավորել սովորողի հետ, այլև նրան ուսումնական գործով հետաքրքրել, ինքնակրթության մղել, ուսումնական գործը անհրաժեշտություն դարձնել, գործ, որով սովորողը հաճույքով զբաղվի․․․
Իսկ թվային տեխնիկայի, համակարգչային-համացանցային մեր դարում համակարգչային խաղերը լուրջ մարտահրավեր են ուսումնական գործընթացի համար։ Խաղեր, որտեղ երեխան փոքր տարիքից սկսած ինքնարտահայտվելու, ինքնադրսևորվելու հնարավորություն ունի։ Այդ ինտերակտիվ համակարգչային խաղերում նա հերոս է, խնդիրներ առաջադրող և լուծող է, գաղտնիքներ բացահայտող, դժվարություններ հաղթահարող, ի վերջո հաղթող է և ամենակարող։ Այս խաղերում նա իրական խաղընկերներ ունի, նաև տարբեր երկրներից, տարբեր տարիքի, օտարալեզու։ Պատահական չէ, որ այս ակտիվ խաղաձևերի միջոցով մեր սովորողը արագ տիրապետում է տարբեր լեզուների, հիմնականում՝ ռուսերենին և անգլերենին։ Սա նրա վիրտուալ աշխարհն է՝ գունեղ, գերակտիվ, լի տարբեր զգացողություններով՝ սպասումներով, հաղթանակի բերկրանքով, ձեռքբերումների ուրախությամբ, տարբեր խաղային իրերի առքուվաճառքով, անսպասելի իրավիճակներով և այլ ու այլ բաներով։ Ահա այսպիսի հզոր մրցակից ունի այսօր ուսումնական գործը։ Սա խնդիր է, որը դրված է բոլոր մանկավարժների առաջ։ Դարը 21-երորդն է։ Եվ ժամանակի հետ կռիվ տալը նույնն է, ինչ կռիվը հողմաղացների դեմ։  Անօգուտ է և անիմաստ։ Բայց դու մանկավարժ ես և պարտավոր ես ժամանակի կողմից քո առջև դրված խնդիրը լուծել։ Ինչպե՞ս։ Այ, այդ ինչպեսն է, որը շրջանցել չենք կարող, որը կրթության գուցեև հիմնովին վերանայում է պարտադրում։
Շարունակելի․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով