Ես 2024-2025 ուստարում սկսեցի աշխատել 6-րդ դասարանցիների հետ։ Այս անգամ իմ վեցերորդցիները Արևելյան դպրոց-պարտեզից էին, Նառա Նիկողոսյանի սաները։ Կրթահամալիրում իրականացվող բլոգային ուսուցումը ինձ հնարավորություն էր տվել ամռան ընթացքում ուսումնասիրել իմ ապագա սաների բլոգները, և մինչև նրանց Միջին դպրոց գալը, ես արդեն մասամբ ճանաչում էի իմ սաներին, մոտավորապես պատկերացում էի կազմել նրանց նախասիրությունների, հետաքրքրությունների, կարողությունների մասին։ Նրանց ստեղծած տեսանյութերի միջոցով դեմքով էլ արդեն մեծ մասին գիտեի։
Վերջին անգամ մոտ յոթ տարի առաջ էի աշխատել 11-12 տարեկանների հետ։ Սիրում եմ մի քանի տարի անընդհատ աշխատել նույն սովորողների հետ։ Ինձ հետաքրքրում է նրանց ֆիզիկական, մտավոր, հոգևոր աճին հետևելը։ Իմ նախորդ վեցերորդցիների հետ ես աշխատել եմ 7 ուսումնական տարի՝ մինչև նրանք այս տարի 12-րդ դասարանը ավարտեցին։
Բլոգային ուսուցումը ունի մի կարևոր առավելություն։ Այս էլեկտրոնային ամսագրում, որը իմ նախորդ վեցերորդցիները կոչել էին ,,Չաչանակ,,, հավաքվում էին իմ սովորողների մտքերը, խոհերը, դատողությունները տարբեր հարցերի շուրջ, տարբեր ստեղծագործությունների վերլուծությունները, հայ մտավորականների հետ հանդիպումների տպավորությունները։ Եվ երբ ամեն տարի կարդում էի նախորդ տարիների գրառումները, հստակ տեսնում էի այն աճը, որն ունեցել են նրանք։ Այդ դիտարկումները նաև մանկավարժության տեսանկյունից բավականին հետաքրքիր էին։
Այդ նույն բլոգում, որը հիմա կոչվում է ,,Ես եմ,,, հավաքվում են իմ 2024-2025 ուտարվա վեցերորդցիների մտքերը։ Եվ դա ինձ ուսումնասիրության, համեմատություններ անցկացնելու, հետևություններ անելու մեծ հնարավորություն է տալիս։ Դա նույնպես կարևոր, հետաքրքիր և արդյունավետ մանկավարժական աշխատանք է։
Ասեմ, որ այս տարիքի հետ նորից աշխատելը նոր փորձություն էր ինձ համար։ Մանկավարժությամբ վաղուց եմ զբաղվում, բայց հուզվում էի նորից այս անկանխատեսելի սերնդի հետ ճանապարհ անցնելու մտքից։ Ովքե՞ր են այս նոր վեցերորդցիները, ի՞նչ ընդհանրություն և տարբերություն ունեն նախորդների հետ համեմատած։ Նրանք ունե՞ն առանձնահատկություն, թե՞ նախորդների հետ աշխտանքի փորձը լիովին բավարարելու է։
Ես ժամանակի արագ ընթացքը շատ լավ եմ զգում։ Տեսնում եմ, որ օր օրի նոր զարգացումներ ու փոփոխություններ են տեղի ունենում ինչպես տեխնոլոգիայի զարգացման, այնպես էլ մարդկային փոխհարաբերությունների, արժեհամակարգի, աշխարհըմբռնման մեջ։ Կարծում եմ՝ նոր մարդու ձևավորման ընթացքին ենք ականատես լինում։ Անձնական տարածքում՝ իմ ընտանիքում, շփվում եմ մի քանի տարվա տարբերությամբ ծնված հինգ սեբաստացիների հետ։ Հասկանալի է, որ նրանք տարբեր անհատներ են։ Բայց տեսնում եմ նաև՝ ակնհայտորեն տարեցտարի մեծանում է նրանց որակական տարբերությունը։ Չեմ կարող ասել փոփոխությունը ինչ ուղղությամբ է կատարվում՝ լավ թե վատ։ Ուղղակի վեց տարի, ինը տարի տարբերությամբ ծնված երեխան արդեն նույնը չէ, նա ինչ-որ էական հատկանիշով տարբերվում է իր ավագ քույր-եղբայրներից։
Հիմա՝ յոթ տարի անց, այս նոր վեցերորդցիները․․․ Քիչ թե շատ մխիթարող հանգամանք էր այն, որ այդ տարիքի մի սովորողի հետ տանն էի շփվում, կապված էինք հարազատական կապերով։ Բայց այդ մի սեբաստացուն շատ մոտիկից իմանալը ավելի շատ անհանգստացնում, քան հանգստացնում էր ինձ։ Հասկանում էի, որ բոլորովին նոր մարդկանց հետ եմ գործ ունենալու՝ նոր որակներով, նոր հետաքրքրություններով, առավել ևս՝ նոր արժեքային համակարգով։
Նոր դասարաններ մտնելը ունի մի ընդհանություն, մի խնդիր, որը գրեթե ընդհանուր է բոլոր տարիքային խմբերի համար։ Մտնում ես մի տարածք, որտեղ քեզ չեն ճանաչում, որտեղ դու օտար ես, որտեղ քեզ ուղղակի չեն վստահում։ Էստեղ ո՛չ քո տարիքների վաստակն է դեր խաղում, ո՛չ քո ունեցած հեղինակությունը, ո՛չ քո անցած բեղուն մանկավարժական ճանապարհը․ ո՛չ մի բան։ Քեզ ուշադիր, հետազոտող աչքերով քննում, ուսումնասիրում են քեզնից բավականին փոքր մարդիկ։ Բայց մի՞թե այս մարդկանց փոքր կասես։ Ես միշտ այն կարծիքին եմ եղել ու մնում, որ մարդը փոքր չի լինում, և նրա հետ պետք է վարվել ինչպես հավասարը հավասարի՝ առանց թերագնահատելու կամ գերագնահատելու նրան։ Կարևորը, որ այդ հարաբերությունները արհեստական չլինեն, լինեն բնական և անկեղծ։
Նոր սկսվող հարաբերություններում գրեթե միշտ պակասում է վստահությունը։ Այս դեպքում էլ՝ ո՛չ սովորողներն են քեզ վստահում, ո՛չ էլ դու՝ նրանց։ Մենք չգիտենք՝ ի՞նչ սպասենք իրարից․ ինչի՞ է ընդունակ ուսուցիչը, ինչի՞ են ընդունակ սովորողները։ Եվ դու հայտնվում ես լարախաղացի դերում։ Յուրաքանչյուր սայթաքում կարող է ցավալի անկման պատճառ դառնալ։ 11-12 տարեկան չարաճճիների զննող հայացքները կանգ են առել քեզ վրա՝ սպասումով, ստուգողական-հարցական երանգներով, փորձելով գլխի ընկնել՝ ի՞նչ չափով է իրենց ամենաթողության ազատություն տրվելու և տրվելո՞ւ է արդյոք։ Իսկ հեռախոսով կարողանալո՞ւ են խաղալ, իսկ դու գլխի կընկնե՞ս, որ իրենք առաջադրանքը անելու փոխարեն համակարգչով այլ բան են անում, ,,չաթ,, -ով իրար հետ զրուցում են, համացանցով այլ կայք են մտել կամ տեսանյութ են նայում։ Երբ մոտենաս, ու ինքը արագ փոխի էկրանը, դու կհասկանա՞ս՝ ինչ կատարվեց։ Եթե առաջադրանքի կատարումը այլ սովորողի բլոգից արտատպի, կիմանա՞ս այդ մասին։ Իսկ դու գիտե՞ս chatGPT-ի մասին։ Եթե իր փոխարեն chatGPT-ին կատարի առաջադրանքերը, գլխի կընկնե՞ս և այլ էսպիսի շատ բաներ․․․
Մարտահրավերները շատ են, և մանկավարժությունը դրանով է ինձ համար հետաքրքիր, որ շատ խնդիրներ է առաջ քաշում, խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջում, առանց այդ լուծումների առաջ շարժվել չես կարող, դոփելու ես նույն տեղում, անարդյունավետ աշխատանք ես կատարելու։ Իսկ ուսուցիչները գիտեն, եթե աշխատանքիդ արդյունավետությունը չես տեսնում, մի շարք այլ բաներից զատ՝ դա խիստ ազդում է քո ինքնազգացողության վրա։
Ընդհանուր ուսումնական համայնքից միանգամից առանձնանում են այն սովորողները, որոնք մի քանի տարիների ընթացքում հասցրել են ձեռք են բերել ,,դաս խանգարողների,, անուն, համբավ, որը նրանք պատվով են տանում, դա նրանց դուր է գալիս և չեն ցանկանում կորցնել։ Դրանք սովորաբար լինում եմ այն սովորողները, որոնք գուցեև ուշադրության պակաս ունեն, ցանկանում են որևէ կերպ ուշադրության կենտրոնում լինել, և քանի որ այլ բաներով չեն կարողանում առանձնանալ, ընտրում են կենտրոնում հայտնվելու այդ ձևը։ Նրանց մեջ նաև լիդերներ են լինում, որոնք դասարանը հեշտությամբ տանում են իրենց ետևից։
Մյուս խնդիրը, որ ունենում է ուսուցիչը նոր դասարաններում դասավանդելիս, ծնողների հետ ունեցած հարաբերություններն են։ Բոլորս էլ գիտենք, որ հատկապես Կրտսեր դպրոցում ծնողները առավել ուշադիր են իրենց երեխաների ուսումնական առաջադիմության նկատմամբ, ավելի հետևողական։ Ինձ հատկապես զարմացրեց հետևյալ փաստը։ 6-րդ դասարանցիները հրաշալի տիրապետում են առցանց հաղորդակցմանը, էլեկտրոնային նամակներին արագ պատասխանելու հմտություններին և ունեն նամակներով կապ հաստատելու, այդ կապը պահպանելու սովորույթ։ Սա շատ հեշտացնում է ուսուցչի գործը, նաև ապահովում է ուսուցման անընդհատությունը։ Սովորողի բլոգը կարդալիս դու կարողանում ես անմիջապես անհատապես գրել սովորողին, անել քո դիտողություններն ու դիտարկումները, ինչ-որ հարց տալ և պատասխան ակնկալել։ Եվ արձագանքը չի ուշանում։ Սովորողները հիմնականում շատ արագ արձագանքում են։ Բայց, ի զարմանս ինձ, երբեմն քո տված հարցին սովորողի էլ․ փոստով պատասխանում է ծնողը, փորձում քո հարցին պատասխան տալ, արձագանքել քո դիտարկումներին։ Ինչո՞ւ։ Մի՞թե էլ․փոստը անհատական տարածք չէ։ Ինչո՞ւ է ծնողը մտնում այդ տարածք, չի՞ վստահում իր երեխային։ Գուցե սա է պատճառը, որ կան սովորողներ, որոնք անմիջապես քո դիտարկումներով, իրենց ուղղված հարցադրումներով նամակը ջնջում են։ Եվ երբ հաջորդ օրը դասարանում փորձում ես պարզել՝ ինչո՞ւ պատասխան չես ստացել և խնդրում ես բացել քո ուղարկած նամակը, պարզվում է, որ սովորողը այն ջնջել, գցել է աղբամանը։ Հասկանալի է, որ սովորողը վախից կամ ծնողին չհիասթափեցնելու ցանկությունից է էսպիսի արարքների դիմում։ Բայց այն, ինչ դրդում է սովորողին խաբելու, արդեն վատ է, մանկավարժորեն անթույլատրելի է։ Ինչքա՞ն է զայրանում ծնողը կամ ինչպե՞ս է հիասթափություն ցուցադրում, որ նրա երեխան նախընտրում է խաբելը և՛ ծնողին, և՛ ուսուցչին։ Ո՞րն է էստեղ օգուտը, ինչքանո՞վ է էդպիսի մոտեցումը նպաստում սովորողի ճիշտ դաստիարակությանը։
Սրանք հարցեր են, որոնց պատասխանը պարտավոր ես ինքդ տալ, խնդիրներ են, որ քեզնից բացի ոչ ոք չի կարող լուծել։