2024 թվականը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի համար հոբելյանական տարի է. լրացավ Հայաստանում միակ պետական այլընտրանքային՝ հեղինակային կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության ստեղծման երեսունհինգ տարին։ Երեսունհինգ տարի շարունակ կրթահամալիրում ստեղծվել, իրականացվել, տարածվել և տարածվում է հեղինակային մանկավարժություն, որի հեղինակը յուրաքանչյուր սեբաստացի հեղինակ-ուսուցիչն է՝ իր ստեղծագործ աշխատանքով։ Այդ ստեղծագործ աշխատանքի արդյունքում է, որ հեղինակային ուսուցիչն անընդհատ զարգանում, առաջ է գնում, գրանցում է ձեռքբերումներ, որոնց համար նա արժանանում է խրախուսանքի։ 2024-ի նոյեմբերի 29-ը, որպես «Սեբաստացու օրերի» ամփոփում, նշանավորվեց ամենամյա անվանական մրցանակներ շնորհելով. կրթահամալիրի մի խումբ դասավանդող-սովորողներ իրենց ձեռքբերումների համար արժանացան տարբեր մրցանակների․․․ Ես այդ երջանիկներից մեկն էի՝ արժանացա «Մխիթար Սեբաստացի» անվանական մրցանակի, որի համար կրկին շնորհակալությունս ու երախտագիտությունս եմ հայտնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին և գործընկերներիս, ովքեր իմ աշխատանքը հերթական անգամ գնահատեցին։ Կարևոր եմ համարում նշել, որ կրթահամալիրային ութամյա գործունեության ընթացքում սա իմ երրորդ անվանական մրցանակն էր․․․ Առաջին անգամ անվանական մրցանակի արժանացա 2020-ին՝ «Տիգրան Հայրապետյան» անվանակարգում, երկրորդ անգամ՝ 2022-ին՝ «Վանո Սիրադեղյան» անվանակարգում։
Անվանական մրցանակներ 2020, մարտ
«Տիգրան Հայրապետյան»
Տրվում է Վարդան Կարապետյանին՝ հասարակագիտական, քաղաքացիական կրթության նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար։
Անվանական մրցանակներ 2022, նոյեմբեր
«Վանո Սիրադեղյան»
Տրվում է Վարդան Կարապետյանին՝ «Մեր ժամանակակիցները» նախագծով հասարակական-քաղաքական-մշակութային գործիչների հետ գործող կապերի, կրթական գործընթացում ներառման, համագործակցային դաշտի ստեղծման, նախագծային գործունեության նոր ուղղություն ներդնելու համար։
Անվանական մրցանակներ 2024, նոյեմբեր
«Մխիթար Սեբաստացի»
Տրվում է Վարդան Կարապետյանին՝ հայագիտական ուսումնական նախագծերի իրականացման, տարածման համար։
Կրթահամալիրում տրվող անվանական մրցանակների շնորհման կարգի համաձայն՝ դասավանդողը մրցանակ ստանալու համար դիմում է ինքնառաջադրման հայտով, այնուհետև կազմում աշխատանքային փաթեթ, որը ներկայացնում է կրթահամալիրի մասնաժողովին։ Մրցանակակրին որոշում է կրթահամալիրի մասնաժողովը, որի յուրաքանչյուր անդամ ծանոթ է դասավանդողի ներկայացրած հայտին, ուսումնասիրել է դասավանդողի ներկայացրած աշխատանքային փաթեթը, հանդես է եկել գրավոր կարծիք-դիտարկումներով։
Իմ աշխատանքային փաթեթում ես ներկայացրել եմ՝
- իմ նախաձեռնած և համակարգած հայագիտական բնույթի մի շարք միջազգային, հանրապետական գիտաժողովների մասնակցությունն ու դրանց ընթացքի և արդյունքների վերլուծությունը,
- իմ նախաձեռնած և համակարգած՝ Մխիթար Սեբաստացու գործունեությունը ներկայացնող կլոր սեղան-քննարկումները, ուսումնական բաց պարապմունքները, որոնց արդյունքում ստեղծվել են ուսումնական փաթեթներ,
- իմ կողմից իրականացված համագործակցությունը հայագիտական ոլորտի գիտնականների հետ, որը դրսևորվել է հանդիպումների և քննարկումների ձևաչափով։
Որպես անվանական մրցանակակիր՝ այս հոդվածում ուզում եմ ներկայացնել իմ նախաձեռնած և համակարգած հայագիտական բնույթի մի շարք միջազգային, հանրապետական գիտաժողովների մասնակցությունն ու դրանց ընթացքի և արդյունքների վերլուծությունը։
Որպես պատմության և հասարակագիտության դասավանդող, հասարակագիտական մասնախմբի ղեկավար՝ շատ կարևորում եմ հայագիտական բնույթի գիտաժողովներին մասնակցելը և իմ սովորողներին ու գործընկերներիս մասնակից դարձնելը։ Նման գիտաժողովները և՛ բազմաթիվ ու բազմաբնույթ թեմաների շուրջ խորը, համակողմանի գիտելիքի, տեղեկատվության ձեռքբերման, ինքնակրթության, և՛ ոլորտի հայտնի մասնագետների հետ կապեր ստեղծելու, ընդլայնելու հարթակ են ինչպես ինձ և գործընկերներիս համար, այնպես էլ սովորողների համար։
Բավականին օգտակար գիտաժողով էր 2024-ի հոկտեմբերի 9-11-ը Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում անցկացված «Հայագիտության արդի խնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը, որտեղ զեկուցումով հանդես եկան շուրջ 100 մասնակից ՀՀ առաջատար գիտահետազոտական հաստատություններից և արտերկրից (Վրաստան, ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Իտալիա, Լեհաստան, Գերմանիա, Իրան, Մեծ Բրիտանիա և այլն)։
Գիտաժողովի աշխատանքները ծավալվեցին հետևյալ ուղղություններով՝
- Հայոց պատմություն,
- Հայաստանի հարակից երկրների պատմություն, կովկասագիտություն,
- Ազգաբանություն/մշակութային մարդաբանություն,
- Հնագիտություն,
- Մշակութաբանություն,
- Արվեստի պատմություն և տեսություն։
Հետազոտական վարժարանի սովորող, գիտաժողովի մասնակից Դավիթ Մուրադյանը գրում է․
«Ի վերջո, ի՞նչ տվեց ինձ այս եռօրյա գիտաժողովը։ Անշուշտ, գիտելիքների մի հսկայական պաշար. ես իսկապես սկսեցի առարկաներին ավելի ճիշտ նայել և ավելի ճշգրիտ բացատրություններ ու վերլուծություններ անել։ Ես կարողացա ինձ մոտ խթանել լսելու, հարց տալու, հարաբերվելու, խնդրի շուրջ դիրքորոշում, տեսակետ հայտնելու և պաշտպանելու հմտությունը։ Այս ամենի արդյունքում կարողացա նորանոր կապեր ձեռք բերել, ծանոթանալ տարբեր գիտական աստիճաններ ունեցող պրոֆեսորների, ակադեմիկոսների հետ, ծանոթանալ նրանց կյանքին ու գործունեությանը։ Վստահաբար կարող եմ ասել, որ այդտեղից էլ շատ բան ունենք սովորելու։ Իմիջիայլոց, մի ուրույն հետաքրքրություն էր գիտնականների բանավեճերին հետևելը. բոլորիս էլ քաջ հայտնի են սովորական վեճերը տարբեր թեմաներով, լինեն դրանք քաղաքական, թե պատմական, բայց գիտնականների բանավեճերն ու խոսակցություններն ավելի գրավիչ էին, ու մենք ավելի մեծ ուշադրությամբ էինք լսում։ Ես իսկապես հպարտանում եմ, որ մեր պետությունում կան հանճարներ, այսպես ասած՝ ուղեղներ, որոնք միշտ նոր բան են ուսումնասիրում, ամեն օր կարդում են ու վերլուծում, հետո հանրությանը ներկայացնում։ Այսպիսի մարդկանց շնորհիվ է նաև, որ մեր պետությունը ծաղկում է ու զարգանում։ Եվ, վերջապես, մեզ՝ սովորողներիս, հնարավորություն ընձեռնվեց ծանոթանալու համալսարանական կյանքին, որտեղ մուտք ենք գործելու տարիներ հետո»։ Մանրամասն լուսաբանումը՝ սովորողի բլոգում։
Շատ կարևոր գիտաժողով էր 2024-ի հոկտեմբերի 17-18-ը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցած «Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և նրա դերը Կովկասի կրթական կյանքում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը, որը կազմակերպվել էր ՀՊՄՀ-ի և Թբիլիսիի Կովկասյան համալսարանի համատեղ նախաձեռնությամբ։ Գիտաժողովը նվիրված էր Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի ստեղծման 200-ամյակին՝ դպրոցի կրթական ժառանգությանը և նրա բացառիկ դերին Կովկասի պատմության, կրթության և մշակույթի զարգացման գործում։ Ներսիսյան դպրոցը հայտնի է իր բացառիկ ներդրումով ոչ միայն կրթական ոլորտում, այլև ազգային ինքնության պահպանման և զարգացման գործում: Գիտաժողովի երկու օրերի ընթացքում հայաստանյան և արտերկրյա գիտնականների կողմից պատշաճ մակարդակով ներկայացվեց Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի դերն ու նշանակությունը Կովկասի կրթական կյանքում, դպրոցի ստեղծման և գործունեության պատմությունը, դպրոցի հիմնադիրների, ուսանողների գործունեությունը, տպարանի գործունեության կարևորագույն ձեռքբերումները, նշանավոր հայագետ շրջանավարտներին և այլ կարևոր իրողություններ։
Հետազոտական վարժարանի սովորող, գիտաժողովի մասնակից Ավետ Ավետյանը գրում է․
«Մասնակցելով գիտաժողովին՝ ես հնարավորություն ունեցա լսելու մի շարք հետաքրքիր, օգտակար զեկուցումներ, որոնք նվիրված էին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի հիմնադրման պատմությանը, դպրոցի տպարանի գործունեությանը, ինչպես նաև դպրոցի սաների ձեռքբերումներին։ Քննարկվեց, թե ինչպես է Ներսիսյան դպրոցը նպաստել ազգային և մշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաև վրացահայ համայնքի ինքնության ձևավորմանը և պահպանմանը։ Մանրամասն լուսաբանումը՝ սովորողի բլոգում։
Հաջորդ կարևոր գիտաժողովը, որն արժանի եմ համարում ներկայացնել այս հոդվածում, տեղի է ունեցել 2023-ի հոկտեմբերի 20-21-ը ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Պատմության ինստիտուտում։ Գիտաժողովը կրում էր «Հին Հայաստանի պատմություն և մշակույթ» խորագիրը, որի կազմակերպիչը ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժինն էր /Բաժնի վարիչ՝ պ․գ․թ․ Գոհար Վարդումյան/։ Գիտաժողովին մասնակցում էին հայաստանյան և արտերկրյա հայտնի գիտնականներ, նաև երիտասարդ հետազոտողներ, ովքեր այդպիսով մտնում են գիտական աշխարհ։
Հետազոտական վարժարանի սովորող /շրջանավարտ/, գիտաժողովի մասնակից Անահիտ Հովսեփյանը գրում է․
«Ամփոփելով իմ խոսքը՝ ուզում եմ նշել, որ այս գիտաժողովը, ինչպես նախորդ բոլոր գիտաժողովները, շատ ուսուցողական, արդյունավետ, հետաքրքիր, նոր բացահայտումներով ու ձեռքբերումներով հագեցած գիտաժողով էր։ Սիրով կմասնակցեմ նաև հետագա գիտաժողովներին»։ Մանրամասն լուսաբանումը՝ սովորողի բլոգում։
Ինձ համար շատ հետաքրքիր, օգտակար գիտաժողով էր 2022-ի մայիսի 3-7-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպված «Հեռափոխելով քաղաքը․մարդաբանական դիտանկյուն» խորագրով միջազգային հնգօրյա գիտաժողովը, որի կազմակերպիչը ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտն էր։ Գիտաժողովին մասնակցում էին հայաստանյան և արտերկրյա հայտնի գիտնականներ, նաև երիտասարդ հետազոտողներ, ովքեր այդպիսով մտնում են գիտական աշխարհ։ Հաղորդակցման լեզուները հայերեն և անգլերեն լեզուներն էին՝ սինխրոն թարգմանչի հնարավորությամբ, ԳԱԱ-ի կոնֆերանսի հարմար, լուսավոր դահլիճում, հյուրասիրությամբ, ամեն ինչ կազմակերպված, հարմարավետ միջավայրում։ Ինձ համար ոչ միայն հետաքրքիր, այլ նաև հոգեհարազատ էին գիտաժողովի թեմաները, որոնց մեծ մասին իմ գյուղական կյանքի ընթացքում առնչվել եմ, իսկ գիտաժողովի շնորհիվ շատ հիշողություններ վերապրեցի։ Օրինակ՝ «Լավ հարևանության պատմություններ․հետխորհրդային միգրանտները գերմանական քաղաքում» թեման, որի շրջանակում բանախոսը խոսեց միգրանտներից, համակեցության կանոններից, հարևանական հարաբերություններից՝ ներկայացնելով Շինկելի օրինակը՝ որպես միգրանտների թաղամաս, որտեղ գոյություն ունեն լավ հարևանական հարաբերություններ։ Նա մասնավորապես ընդգծեց բազմազան հարևանության պատկերը։ Կամ «Կարգուկանոնով փռված լվացք․քաղաքային բակը որպես «պանօպտիկոն»» թեման, որի հեղինակի խոսքով՝ «լվացքի միջոցով կարելի էր իմանալ մարդկանց ընտանեկան կյանքի, ընտանեկան հարաբերությունների, կենցաղի, նույնիսկ խնդիրների մասին»։ Հետաքրքիր թեմա էր «Թաղումը Երևանում․գյուղակա՞ն, թե՞ քաղաքային ծես» զեկույցը, որի բանախոսը փորձեց դիտարկել քաղաքի և գյուղական թաղումների համեմատությունը, ինչպես են մարդիկ մտածում քաղաքի և գյուղի բնակիչների մասին։ Շատ հետաքրքիր նյութեր ցուցադրեց հատկապես համեմատությունների մասով։ Թեմաները լսելուն զուգահեռ ես վերապրում էի իմ գյուղի համ ու հոտով հարևանական հարաբերությունները, գյուղական պարզ կենցաղն արտացոլող լվացքը, մեր գյուղի թաղումները, որոնցում սովորույթ, ավանդույթ, անգամ արժեք կար․․․իսկ այսօր շատ բան է փոխվել։
Հետազոտական վարժարանի սովորող /շրջանավարտ/, գիտաժողովի մասնակից Ամալյա Զաքարյանը գրում է․
«Տարբեր գիտաժողովների և միջոցառումների եմ ներկա գտնվել և մասնակցել, բայց այս գիտաժողովը ամենահետաքրքիրն էր։ Նախ նշեմ, որ առաջին անգամ էի գտնվում Գիտությունների ազգային ակադեմիայում և ինձ համար շատ հետաքրքիր ու կարևոր էր այդտեղ գտնվելը։ Իսկ հիմա խոսեմ գիտաժողովի և ներկայացված զեկույցների մասին։ Ես լսել եմ երեք զեկույց, յուրաքանչյուր թեմա շատ հետաքրքիր էր, իսկ զեկուցողները հասկանալի կերպով էին ներկայացնում իրենց խոսքն ու ելույթը»։ Մանրամասն լուսաբանումը՝ սովորողի բլոգում։
Բավականին հետաքրքիր էր «Երիտասարդ պատմաբանների միջազգային հնգօրյա գիտաժողով»-ը, որն իրականացվել է 2021-ի նոյեմբերի 29-դեկտեմբերի 3-ը ԵՊՀ-ում, ԳԱԱ-ում և ՀՊՄՀ-ում՝ կազմակերպված ԵՊՀ-ի, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի համագործակցության շրջանակում: ԵՊՀ պատմության, աստվածաբանության, արևելագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ՈՒԳԸ-ների նախաձեռնությամբ կյանքի կոչված և արդեն ավանդական դարձած գիտաժողովը համախմբել էր ոչ միայն հայաստանյան բուհերի ու կրթական կենտրոնների, այլև օտարերկրյա մի քանի համալսարանների երիտասարդ պատմաբաններին։ Զեկուցվող թեմաների շրջանակն ընդգրկում էր «Հայոց պատմություն և աղբյուրագիտություն», «Հնագիտություն և ազգագրություն», «Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն», «Արևելագիտություն», «Արվեստի պատմություն», «Համաշխարհային պատմություն» և պատմագիտական այլ ուղղություններ։
Հետազոտական վարժարանի սովորող /շրջանավարտ/, գիտաժողովի մասնակից Արթենի Ջանիկյանը գրում է․
«Ինքս շատ էի ցանկանում լինել ԵՊՀ-ում, եւ ահա գիտաժողովը հանդիսացավ ինձ համար մե՜ծ հնարավորություն՝ տեսնելու ԵՊՀ-ն եւ մեկ շաբաթ այնտեղ մասնակցելու նիստերի։ Իրականում զեկույցների ձեւաչափին ծանոթանալը նույնպես հետաքրքիր էր, ինչպես նաեւ մատուցման ձեւերին։ Կարծում եմ՝ անգամ այդ հմտություններն եմ ձեռք բերել, եւ հետագայում, ելույթներ ունենալիս, կօգտվեմ այդպիսի մատուցման արդյունավետ ձեւաչափից։ Ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին՝ այսպիսի լավ հնարավորության համար։ Իսկապես շնորհակալ ենք տարատեսակ ինֆորմացիայով լի շաբաթվա համար»։ Մանրամասն ամփոփումը՝ սովորողի բլոգում։
Սովորողների մասնակցությունը ինչպես միջազգային, այնպես էլ հանրապետական գիտաժողովներին մշտապես ցույց են տվել, որ նրանք կարևոր և օգտակար են համարում նման գիտաժողովներին մասնակցելը, որն էլ ավելի է ընդլայնում սովորողների մտահորիզոնը, զարգացնում նրանց համագործակցային կարողությունները։ Գիտաժողովներին մասնակցության արդյունք է նաև տարբեր մասնագետների ընդգրկումը հետազոտական աշխատանքների իրականացման համակարգում՝ և՛ որպես խորհրդատու, և՛ որպես գրախոս, իսկ մոտ ապագայում նաև՝ հետազոտական աշխատանքի ղեկավար։ Տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում կազմակերպված և իրականացված գիտաժողովները սովորողների արժեհամակարգում կարևորեցին գիտության դերը պետության, ազգի և անհատի կյանքում:
Պատմության ընտրությամբ խմբերի և հետազոտական վարժարանի շահագրգիռ սովորողների մասնակցությունը նման գիտաժողովներին և տարբեր հարթակներում ու ձևաչափերով քննարկումներին կլինի շարունակական, զարգացող։
Խոսքս ուզում եմ ավարտել շնորհակալությամբ, իսկ շնորհակալ եմ կրթահամալիրին՝ ստեղծագործ անհատներին անխոչընդոտ հարթակ տրամադրելու համար։
Սիրով՝ Վարդան Կարապետյան
Պատմության և հասարակագիտության դասավանդող, հասարակագիտական մասնախմբի ղեկավար