Երաժշտությունը մեր կյանքի շատ կաևոր մասն է կազմում, բարձրացնում է տրամադրությունը, հանգստացնում և հարստացնում ներաշխարհը։
«Ով զբաղվում է երաժշտությամբ, նա ավելի բարի է, նրա մեջ դեպի գեղեցիկը վերաբերմունքը այլ է»,- ասում է կոմպոզիտոր Արամ Սաթյանը։
Երբ լսում ես լավ երաժշտություն, վատ արարքներ չես գործում, լավ մեղեդին թույլ չի տալիս վատի մասին մտածել, հոգին հարստանում է։  Երաժշտությունը կարող է ազդել նույնիսկ ամենացածր ինտելեկտ ունեցող մարդու վրա։ Մարդու դաստիարակության մեջ շատ կարևոր է երաժշտական ճաշակի զարգացումը։ Բոլոր այն մարդիկ, ովքեր կրթվել են դասական երաժշտությամբ և հասկանում են այն կամ փորձում հասկանալ, ունեն ուղեղի բարձր զարգացվածություն:
Դասական երաժշտությունը օգտակար է հղի մայրիկների համար, օրինակ՝ Մոցարտի երաժշտությունը շատ լավ է ազդում հղիների հոգեկան վիճակի կարգավորման վրա, նյութափոխանակությունը սկսում է արագանալ, բարելավում է ընդհանուր ֆունկցիոնալ գործողությունները։
Ըստ «Մոցարտի էֆեկտ»-ի տեսության Մոցարտի երաժշտությունը լսելը անձի մոտ կարող է ժամանակավորապես բարելավել IQ թեստի արդյունքը։ Գիտնականները պնդում են, որ վաղ տարիքում Մոցարտ լսելը բարենպաստ ազդեցություն է թողնում մարդու տարածական մտածողության և մտավոր զարգացման վրա։
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում երաժշտության ուսուցումն իրականացվում է հեղինակային կրթական ծրագրով։ Երաժշտության ուսուցման հիմքում ընկած է Կոմիտասի կողմից գրառած և մշակած ազգային պարերը, դասական երաժշտությունը։ Երաժշտության ուսուցումը կազմակերպվում է խմբային երգեցողության, երաժշտության ունկնդրման, համերգների, ծեսերի, ստուգատեսների մասնակցությամբ, ինչպես նաև երաժշտատեսական գիտելիքների, երաժշտառիթմիկ ընդունակությունների զարգացման միջոցով։
Դպրոցականների հետ երաժշտական աշխատանքի ամենահետաքրքիր ձևերից մեկը երաժշտական գործիքներ նվագելն է։ Երաժշտական գործիքների տիրապետումը թույլ է տալիս սովորողներին մասնակցել գրեթե ցանկացած երաժշտական գործունեությանը։

Գործիք նվագելու առավելությունները

Ուսուցիչներ Կարլ Օրֆը և Զ.Կոդայը պնդում էին, որ երաժշտական գործիքներ նվագելը, ինչպես նաև մանկական նվագախմբում նվագելը զգալիորեն հարստացնում է երեխայի ներաշխարհը։ Յուրաքանչյուր երաժշտական գործիք ունի ինքնատիպ հնչերանգ և հնչման ուժգնություն, որոշակի դիապազոն, նվագի տեխնիկական առանձնահատկություններ, սեփական արտահայտչական հնարավորություններ։ Բոլոր երաժշտական գործիքների ձայնարտադրման սկզբունքը նույնն է։ Ֆիզիկապես մարդու ձայնային ապարատը նույնպես յուրատեսակ երաժշտական գործիք է։
Երաժշտական գործիքների հետ ծանոթությունը պետք է տեղի ունենա վաղ տարիքից։ Մինչ գործիքին տիրապետելը՝ պետք է երեխայի մոտ զարգացնել հետաքրքրություն դեպի երաժշտությունը, խոսել գործիքի մասին, ծանոթացնել ծագումնաբանությանը։ Երաժշտական գործիք նվագել սովորելն ակտիվացնում է սովորողի ուշադրությունը, ձևավորում է երաժշտականություն, երաժշտամտածողություն և ստեղծագործական ինքնուրույնություն։ Զարգացնում է նաև անսամբլային մտածողությունը։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երաժշտական գործիքներ կիրառում են դեռևս նախակրթարանից։ Նախակրթարանում երեխաները ծանոթանում են շրխկան գործիքներին՝ դափ, ծնծղա, քսիլաֆոն, զանգեր և այլն։ Նախակրթարանում իրենց ձեռքով պատրաստում են ինքնաշեն երաժշտական գործիքներ։ Այս ամենից զատ երաժշտական գործիք են դառնում միջավայրում առկա իրերը` գդալները, սեղանը և նմանատիպ իրեր, որոնց վրա հնարավոր է արտաբերել երաժշտական ձայներ։
Մինչ հասնել նրան, որ երեխան կարողանա նվագել իր ընտրած երաժշտական գործիքը, պետք է զարգացնել երաժշտության ռիթմը ընկալելու կարողությունը ծափերի, դոփյունների միջոցով։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երաժշտության ընտրությամբ գործունեություն ընտրած սովորողները սովորում են նվագել շվի։ Շվին հայկական ազգային նվագարան է, անվանումը ծագում է «շվվոց» բառի արմատից։ Շվին հնագույն հայկական նվագարաններից մեկն է և հայտնի է անհիշելի ժամանակներից։
Այն թեև ազգային նվագարանների թվին է պատկանում, սակայն բազմաժանր նվագարան է։ Շվիով նվագում են թե՛ ազգային, թե՛ դասական ստեղծագործություններ։
Երաժշտության ընտրությամբ պարապմունքները սկսվում են նոտագրագիտությունից։ Չափազանց կարևոր է լինել գրագետ, ճանաչել նոտաները, հաշիվը, տևողությունը։ Մի պահ եկեք պատկերացնենք, թե ինչպես կարող ենք կարդալ, եթե չճանաչենք տառերը: Սկզբնական փուլում աշխատանքը կթվա բավական ծանր, նույնիսկ անվերջանալի, իսկ սովորողները հաճախ կասեն՝ ընկեր Լիլիթ, նվագել ենք ուզում, բավական է։
Փողային գործիք նվագելու մեջ հաջորդ քայլը պետք է լինի ճիշտ շնչառությունը։ Ութ պարապմունք հետո մենք կճանաչենք նոտաները, տևողությունները, հաշվելը և պատրաստ կլինենք փոքրիկ մեղեդիներ նվագելուն։
Ուշադրություն պետք է դարձնել մատների դիրքին․ սխալ դրվածքը ողջ կյանքում կմնա անփոփոխ։ Մատների ճիշտ դիրքից է կախված, թե ինչպես կհնչի ստեղծագործությունը։
Սկզբնական փուլում պետք է առանց գործիքի անել շնչառական վարժություններ, մի քանի պարապմունք հետո նվագել մեկական նոտա։
Շատ կարևոր է, որ դասավանդողը հաճախ նվագի երեխայի համար․ հասուն գրագետ նվագը կզարգացնի և լավագույն օրինակը կլինի սկսնակի համար։
Սովորաբար երաժշտական պարապմունքները պետք է անցկացվեն անհատական, սակայն այս դեպքում խմբային է, որը բավական դժվարացնում է ընթացքը, սակայն ճիշտ համակարգելու դեպքում հնարավոր է արագ հասնել արդյունքի։ Օրինակ՝մինչ մեկը նվագում է, մյուսները նոտաներն են կարդում և հաշվում։ Այսպես բոլորը հասցնում են և՛ նվագել, և՛ տեսական գիտելիքներ ունենալ։
2023-2024թթ ուսումնական տարվա ընթացքում շվիահարների խմբի հետ ունեցել ենք հետաքրքիր համագործակցային համերգներ, որոնք էլ ավելի են զարգացրել մեր հետագա ուսուցման ընթացքը։
Առաջին համացործակցային համերգը տեղի ունեցավ «Զենիթ բենդի» հետ համատեղ։ Կատարեցինք Պ.Ի.Չայկովսկու «ֆրանսիական մեղեդի »ստեղծագործությունը։ Հաջորդիվ դարձյալ «Զենիթ բենդի» հետ համատեղ համերգն էր, կատարեցինք Վ.Նովոտնի թեմատիկ վարիացիաներ։ Հետաքրքիր հանդիպում համերգներից մեկը տեղի ունեցավ Վահան Արծրունու հետ , ծանոթությունը նման երաժիշտ կատարողների հետ շատ ոգևորեց սովորողներին։
Ամփոփելով նշեմ, որ այս ամենը նպաստում է, որ երաժշտական գործքիների նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի մեծանա:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժական ծրագիրը իր նախագծային ուսուցման շնորհիվ երաժշտական հանրակրթության մեջ հնարավորություն է տալիս ապահովել սովորողի ոչ միայն երաժշտական, այլ նաև սոցիալ- հուզական ոլորտի զարգացումը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով