Ցանկապատը՝ ֆիզիկական կամ հոգեբանական, կարող է լինել խոչընդոտ, բայց միևնույն ժամանակ՝ հնարավորություն անձնային զարգացման և ինքնակատարելագործման համար։ Հոգեբանական ցանկապատերի հաղթահարումը պահանջում է գիտակցություն, քաջություն և կամք՝ բացահայտելու կյանքի նոր հորիզոններ։ Դիտարկենք հոգեբանության որոշ ոլորտներում ցանկապատերի նշանակությունը:
Ցանկապատերը երազում
Ցանկապատերը, որոնք հայտնվում են երազներում, հաճախ ունեն խորքային հոգեբանական և խորհրդանշական նշանակություն: Դրանք կարող են ներկայացնել սահմաններ, արգելքներ, պաշտպանություն կամ խոչընդոտներ, որոնք կապված են ինչպես երազատիրոջ ներքին հույզերի, այնպես էլ արտաքին հարաբերությունների և իրավիճակների հետ։ Երազների վերլուծության մեջ ցանկապատերի իմաստը կախված է երազի կոնտեքստից և զգացմունքային բովանդակությունից։ Ցանկապատը երազում կարող է խորհրդանշել բաժանում՝ անձի և արտաքին աշխարհի, անձի և ուրիշների միջև։ Այն կարող է արտահայտել վախ կամ սահմանափակման զգացողություն, որ երազատերը չի կարող անցնել որոշակի խոչընդոտ։
Ցանկապատը՝ Յունգյան վերլուծության մեջ
Կառլ Յունգի տեսության համաձայն՝ ցանկապատը կարող է խորհրդանշել անհատի գիտակցականի և անգիտակցականի սահմանը։ Այն նաև կարող է ներկայացնել հոգեբանական պաշտպանական մեխանիզմներ, որոնք խանգարում են անհատին հասնել իր անգիտակցական շերտերին։ Ցանկապատը հաճախ դիտարկվում է որպես մարդու ինքնության (ego) և իր ստվերի (shadow) միջև ընկած բաժանում, որը պետք է հաղթահարվի ինտեգրման համար։
Ցանկապատերը արտ թերապիայում
Արտ թերապիայում ցանկապատերը հաճախ օգտագործվում են որպես խորհրդանշական պատկեր, որը կարող է բացահայտել մարդու ներքին վիճակը, սահմանները, խոչընդոտները կամ պաշտպանական մեխանիզմները։ Արտ թերապիայում ցանկապատը կարող է հանդես գալ որպես հոգեբանական սահման կամ այն արտաքին և ներքին խոչընդոտները, որոնք մարդ զգում է իր կյանքում (օրինակ՝ սոցիալական սահմանափակումներ, վախեր, անհանգստություններ):
Ցանկապատերը կյանքում, որպես կառուցվածք, ունեն շատ հին պատմություն, որը կապված է մարդու՝ սեփական տարածքը սահմանելու և պաշտպանելու պահանջի հետ։ Դրանք սկզբնապես օգտագործվել են հիմնականում երկու նպատակով՝ անվտանգության ապահովում և սեփականության սահմանների ընդգծում։ Այժմ էլ ցանկապատերը շարունակում են կրել նույն գործառույթը, սակայն անհատը չի կարողանում տեսնել կամ պատկերացում կազմել այդ սահմանից դուրս: Երբ մարդիկ չգիտեն, թե ինչ է գտնվում պարսպի մյուս կողմում, առաջանում է անորոշության զգացում, ինչը կարող է ավելացնել անհանգստությունը։ Սա կարող է լինել անհայտության վախի հիմքում՝ հատկապես այն դեպքերում, երբ արտաքին միջավայրն ընկալվում է որպես վտանգավոր։
Հետևաբար ցանկապատերը կարող են նաև սահմանափակման կամ արգելքի մասին խոսել, որը չի կարող չազդել նոր ձևավորվող անհատականության վրա:
Ինչպես կարող ենք վերևում տեսնել, հոգեբանության մեջ ցանկապատերը սահմանի, ներքին անվտանգության և արգելքների մասին են վկայում, բայց ոչ պաշտպանության:
Ցանկապատերը՝ որպես սահմանափակում կամ արգելք, ունեն հոգեբանական խորքային ազդեցություններ: Դրանք կարող են ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական արգելքներ դառնալ մարդկանց համար: Ցանկապատերի ազդեցությունը հիմնականում կախված է այն բանից, թե ինչպես են մարդիկ ընկալում դրանք և ինչ նշանակություն են տալիս դրանց։
Մեր օրերում, երբ արժևորվում է անձնական տարածքը, յուրաքանչյուր անհատի իրավունքները, հուզական հարմարավետությունը, ցանկապատերը օգնում են դնել անձնական սահմաններ, զատել սեփական տարածքը: Դրանք տալիս են յուրօրինակ ապահովության զգացում՝ պաշտպանելով արտաքին վտանգներից։ Բազմաթիվ մարդիկ զգում են հոգեբանական հանդարտություն, երբ գտնվում են «պաշտպանված» տարածքում։ Հատկապես այն երկրներում, որտեղ կա ապահովության խնդիր (ահաբեկություն, պատերազմ, աղետներ..), այս զգացումն առավել ընդգծված է։ Սակայն մյուս կողմից էլ այսպիսի անվտանգությունը հաճախ կեղծ է, քանի որ այն խանգարում է մարդուն զարգանալ և հարմարվել փոփոխություններին։
Հոգեբանորեն ցանկապատերը կարող են ներկայացնել «արգելքներ» կամ սահմաններ, որոնք խոչընդոտում են մարդուն՝ ազատ զգալու կամ զարգանալու։ Սա կարող է ստեղծել տագնապի, անկարողության կամ ճնշվածության զգացում։
Ցանկապատերը մի տեսակ անջատում են մարդուն իր շրջակա միջավայրից կամ այլ մարդկանցից՝ առաջացնելով մեկուսացման զգացում, որն էլ կարող է հանգեցնել սոցիալական անջատվածության, ինչը բացասաբար է ազդում մարդու հուզական և հոգեբանական վիճակի վրա՝ դժվարացնելով մարդու ներաառումը հասարակության մեջ:
Երեխաների վրա ցանկապատերի առկայությունը կարող է ունենալ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական բացասական ազդեցություններ՝ կախված այն բանից, թե ինչպես են դրանք ընկալվում և ինչ դեր են խաղում երեխայի կյանքում։
Ցանկապատերի հաճախակի առկայությունը երեխայի կյանքում նվազեցնում է սոցիալական փոխազդեցությունը, ինչն էլ կարող է հանգեցնել սոցիալական հմտությունների զարգացման դժվարությունների: Երեխաները աշխարհը ճանաչաում են ուսումնասիրելու, խաղալու միջոցով: Որպես հոգեբանական և ֆիզիկական խոչընդոտ՝ ցանկապատերը սահմանափակում են նրանց ազատ շարժվելու և ինքնուրույն փորձեր անելու հնարավորությունը, նվազեցնում ստեղծակագործական մտածողությունն ու երևակայությունը: Էրիխ Ֆրոմը իր «Ազատությունից փախուստ» (Escape from Freedom) գրքում քննարկում է մարդու հոգեբանական վիճակը, երբ նա ենթարկվում է սահմանափակումների տարբեր միջավայրերում: Ըստ նրա՝ ցանկապատերը, թեև կարող են ապահովության զգացում տալ, միևնույն ժամանակ ստեղծում են կախվածություն, խոչընդոտում ինքնարտահայտմանը: Նա ենթադրում է, որ մարդիկ հաճախ փախչում են ազատությունից, որովհետև նրանք վախենում են պատասխանատվությունից, իսկ ցանկապատերը հենց այդ վախերի խորհրդանիշն են։
Ցանկապատերի առկայությունը երեխաների մոտ կարող է առաջացնել վախ, անվստահություն, անհանգստություն՝ ուղղված արտաքին աշխարհին, նոր մարդկանց: Չէ՞ որ ցանկապատերն արդեն ստեղծում եմ կասկածներ արտաքին աշխարհի վտանգավոր լինելու մասին:
Շատ հայտնի այլ հոգեբաններ ևս ( Լև Վիգոտսկի, Էդվարդ Հոլ, Կառլ Ռոջերս և այլն) իրենց աշխատություններում ցանկապատերը դիտարկում են երեխայի զարգացումը, աճը, ինքնուրույնությունն ու ինքնարտահայտումը դժվարացնող երևույթներ:
Հոգեբանները և սոցիոլոգները հաճախ եզրակացնում են, որ ցանկապատերը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական և սոցիալական սահմանափակում են, որոնք կարող են հետևյալ բացասական ազդեցություններն ունենալ․
• Ստեղծել անզորության և վերահսկողության կորստի զգացում։
• Նվազեցնել սոցիալական փոխազդեցությունները և բացասաբար ազդել հաղորդակցման հմտությունների վրա։
• Խաթարել ստեղծագործականությունն ու ինքնաարտահայտման հնարավորությունը։
• Ամրապնդել վախի և անվստահության զգացումը արտաքին աշխարհի նկատմամբ։
Երեխաների համար ցանկապատը չպետք է դառնա սահմանափակման կամ մեկուսացման խորհրդանիշ։ Այն պետք է ծառայի որպես ժամանակավոր պաշտպանություն, բայց միևնույն ժամանակ պետք է ստեղծվեն հնարավորություններ, որպեսզի երեխան զարգացնի իր ազատությունը, ինքնավստահությունը և հարմարվողական հմտությունները։
Աղբյուրներ՝
The Psychology Behind Fences and Boundaries
Walls, fences, barriers
Էրիխ Ֆրոմ
Երազների մեկնաբանություն
Art Therapy Directive: Exploring Boundaries