«Ստեղծողի մոբիլ դպրոց՝ ստեղծագործ անհատի կրթական պատվեր, անհատի օժտվածության զարգացման հանրակրթական բաց համակարգ, հեղինակային կրթական ծրագիր՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով» պետական այլընտրանքային՝ հեղինակային կրթական ծրագիր Աշոտ Բլեյանի ղեկավարությամբ:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ստեղծականության ու ազատության շնչով լեցուն աշխարհ է, կրթական միջավայր, որտեղ սովորողներն ունեն իրենց բացահայտելու, ստեղծագործելու և զարգանալու բացառիկ հնարավորություն։ Սեբաստացի քոլեջը, լինելով կրթահամալիրի մասնաճյուղ, նրա կազմում գործող մասնագիտական ուսումնական հաստատություն, իրականացնում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն։
Քոլեջը դիմորդներին տրամադրում է որակյալ կրթական ծրագրեր (այդ թվում՝ լրացուցիչ), առաջարկում նորարարական, այլընտրանքային ուսուցում` իր գործունեության բոլոր բնագավառներում ապահովելով որակի անընդհատ բարելավում՝ ուղղված անհատի կրթական պահանջմունքների բավարարմանը:
Օգտագործելով իր մարդկային և նյութական ներուժն ու կարողությունները, իրականացնելով մասնագիտական կրթական ծրագրերը, գործարկելով կրթական ծրագրերը այլընտրանքային-հեղինակային մոտեցմամբ՝ Սեբաստացի քոլեջը ձգտում է բավարարել աշխատաշուկայի պահանջները՝ պատրաստելով որակյալ մասնագետներ։ Այն առաջավոր տեխնոլոգիաներ տարածող, ուսանողակենտրոն, դասավանդող-ուսանող փոխգործակցություն, կրթության լայն մատչելիություն ապահովող, ֆիզիկական և մեդիա տիրույթում բաց-հասանելի կրթական միջավայր է, որը մասնագիտության նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող, սովորելու ձգտումը կարևորող ուսանողներին ընձեռում է մասնագիտական կրթություն ստանալու լայն հնարավորություններ։
Սեբաստացի քոլեջի սահմանած նպատակներն են՝
- ապահովել նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական շարունակական կրթություն,
- ստեղծել հետազոտական միջավայր,
- կազմակերպել մասնագիտական գործունեություն,
- ընձեռել փորձառության հնարավորություն՝ ժամանակակից կրթական տեխնոլոգիաների և ստեղծարար լուծումների կիրառմամբ,
- կիրարկել ուսանողների կրթական և այլ կարիքների վերհանման գործուն մեխանիզմներ,
- ապահովել ուսանողների՝ ուսումնառությունից աշխատանք սահուն ներհոսք,
- ստեղծել համագործակցություն բուհերի, մասնագիտական կրթական հաստատությունների համապատասխան ենթակառույցների հետ:
Դասավանդման, ուսումնառության մեթոդները ներառում են տեսական և գործնական բաղադրիչների համադրում, ուսուցման ինտերակտիվ մեթոդների կիրառում, փորձառություն: Ճամփորդությամբ ուսուցումը, արտադրությամբ ուսուցումը կրթական ծրագրի կարևոր բաղկացուցիչներ են` որոշված առարկայական ծրագրով, ըստ մասնագիտությունների կամ ըստ ուսումնական նախագծի: Ուսանողներին տեսական գիտելիքներով ապահովելու, գործնական հմտությունները կիրառելու, ուսանողներին նախագծերի իրականացման մեջ ներգրավելու, ստեղծական հմտությունները զարգացնելու, ուսանողների անմիջական մասնակցությունը արտադրական գործընթացներում ապահովելու, պրակտիկ (փորձառական) հմտությունները իրենց մասնագիտական ոլորտներում կիրառելու նպատակով անցկացվում են բանախոսություններ և սեմինարներ՝ նախագծային հետազոտական ուսուցմամբ, պրակտիկ աշխատանքներ՝ արտադրությամբ ուսուցմամբ: Ուսուցման վերոնշյալ մեթոդներն ապահովում են դասավանդման և ուսումնառության արդյունավետ կապը, ուսանողի, դասավանդողի անհատական զարգացումը, միջառարկայական, միջմասնագիտական կապերը, զարգացնում վերլուծական ունակությունները, քննադատական մտածողությունը, ստեղծականությունը, ինքնակրթությունը, դասավանդող-ուսանող փոխգործակցությունը։
Առաջնորդվելով կրթահամալիրի հեղինակային-այլընտրանքային-նախագծային ուսուցմամբ, օրացուցային, հեղինակային նախագծերով՝ ուսանողներն աստիճանաբար ձեռք են բերում զանազան հմտություններ ու կարողություններ, ուսումնառության ընթացքում յուրացնում են անհատական, հետազոտական, հեղինակային նախագծեր կազմելու, ներկայացնելու հմտությունները։ Ուսումնական նախագծերը, սեմինարները, դասավանդողի կողմից հանձնարարվող լրացուցիչ նախագծերի մշակումները, գործնական, լաբորատոր պարապմունքները, մասնագիտական փորձառությունները, «Սովորող-սովորեցնող» նախագծով համագործակցությունները, կլոր սեղան-հանդիպումները, բանավեճ-քննարկումները, ինտերակտիվ դասընթացները, անհատական, խմբային նախագծերը, հետազոտական աշխատանքները, դիպլոմային նախագծերն ուումնառության հիմնական բաղադրիչներն են: Մասնագիտական ոլորտի տարբեր ներկայացուցիչներ, առաջատար մասնագետներ Քոլեջում պարբերաբար վարում են վարպետության դասեր, կազմակերպվում են արտագնա դասեր արտադրամասերում, գործատուների աշխատավայրերում, այլուր: Մասնագիտական կրթական ծրագրերով փորձառությունն իրականացվում է Քոլեջի համագործակից կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ, կրթահամալիրի բոլոր մասնաճյուղերում, լաբորատորիաներում, Արատեսի դպրական կենտրոնում, «Գագարին» պրոյեկտի գյուղերում, Ծաղկունքի բաց դպրոցում:
Նախագծային ուսուցման թեմաները, համապատասխան առարկայական ծրագրերի և մոդուլների, տարատեսակ են և բազմազան՝ հումանիտար, բնագիտական, հասարակագիտական, ձեռնարկատիրական, արվեստին, մշակութային-ծիսական, ծրագրավորմանը վերաբերող և այլն, որոնք ապահովում են շուրջտարյա հետազոտական գործունեությունը։ Դասավանդողները կազմում են տարեկան նախագծային փաթեթներ, ժամանակացույց: Ուսանողները կարող են կազմել նաև իրենց անհատական, հեղինակային նախագծերը, իրականացնել նաև խմբերով: Դասավանդողների, ուսանողների մեթոդական, հետազոտական աշխատանքները հրապարակվում են կրթահամալիրի «Դպիր» էլեկտրոնային ամսագրում: Հետազոտական աշխատանքները կատարվում են բոլոր մասնագիտություններով։ Դրանց արդյունավետությունը պայմանավորված է թեմաների արդիականությամբ, իրականացման մեթոդների ճիշտ ընտրությամբ։ Արդյունավետությունը բխում է հետազոտության հստակ սահմանած նպատակներից, պլանից, մարտավարությունից, ժամանակի և ռեսուրսների արդյունավետ բաշխումից, թիմով աշխատելու հմտությունից, տեխնոլոգիաների, գործիքակազմի ճիշտ ընտրությունից, հետևողական վերահսկողությունից, շահառուների ներգրավվածությունից, հաշվետվողականությունից: Նախագծային աշխատանքի արդյունքը կարող է դառնալ գործնական արտադրանք. մասնավորապես՝ գինու, կարի, զարդակիրառական արվեստի, սարքաշինության լաբորատորիաներում իրականացվող նախագծերով ուսանողները ստեղծում են արտադրանք, որոնք ներկայացվում են տարբեր ցուցահանդես-վաճառքներին, տոնավաճառներին:
Նախագծային հետազոտական ուսուցումը արդյունավետ մեթոդ է, որը նպաստում է ուսանողների բազմակողմանի զարգացմանը, ձևավորում է համակողմանի, ստեղծագործական, քննադատական մտածողություն, պատասխանատվություն, խմբային հաղորդակցություն, ապահովում միջառարկայական կապեր: Նրանում հետազոտական բաղադրիչի առկայությունը պարտադիր պահանջ է, ինչն ապահովում է խորը գիտելիքների ձեռքբերում, ձևավորում է ինքնուրույնություն և խնդիրների լուծման համար հմտություններ՝ հետազոտական, ինքնակրթության, մասնագիտական փորձի փոխանակման, տարածման, ուսումնական նյութերի ստեղծման, արտադրական ուսուցման, կարիերայի նախապատրաստման և այլն, արտաքին և ներքին շահակիցների մշտական համագործակցություն, փոխգործակցություն:
Կրթահամալիրում գործում են ուսանողների հետազոտական աշխատանքների իրականացման խրախուսման մեխանիզմներ, և լավագույն ուսումնասիրությունները, նախագծերը ներկայացվում են անվանական մրցանակի, խրախուսվում դրամական պարգևներով, սեբաստացի սովորողների՝ արտադրական ուսուցմամբ ստեղծած հուշանվերներով, արտագնա ճամփորդություններով, հրապարակվում «Դպիր» էլեկտրոնային ամսագրում։
Ուսանողներն իրենց նախագծային աշխատանքներով մասնակցում են նաև ստեղծագործական հավաքների, փառատոների, ամենամյա ստուգատեսների, հանրային ներկայացումների, արտաքոլեջյան միջոցառումների:
Հետազոտական փորձ ձեռք բերելը մեծացնում է ուսանողների մրցունակությունը աշխատաշուկայում, օգնում ստեղծել կապեր: Արդյունավետության համար կարևոր են գնահատման մեթոդները և գործիքները, որոնք բարելավում են քոլեջի հետազոտական ծրագրերը, որպեսզի ուսանողներն առավելագույնս օգտվեն իրենց փորձից, ներգրավվեն կրթական գործընթացներում՝ ապահովելով թափանցիկություն, անաչառություն, հավասարություն։
Դասավանդողն իր հերթին կատարում է հետազոտական աշխատանք՝ վերլուծելով իր աշխատանքի արդյունքները, որը հրապարակվում է էլեկտրոնային ամսագրում հոդվածի տեսքով։ Ուսումնական գործընթացի և հետազոտությունների կապի արդյունավետությունը արտացոլում են հարցումները, ֆոկուս խմբերը, հետադարձ կապը։
Քոլեջը կարևորում է անհրաժեշտ որակներ ունեցող դասավանդողների և ուսումնաօժանդակ կազմի ձևավորումն ու պահպանումը, որը՝ որպես ռազմավարական նպատակ, ամրագրված է նրա ռազմավարական զարգացման ծրագրում: Դասավանդողի աշխատանքը հիմնված է բարձր մակարդակի մասնագիտական որակների վրա: Մասնագիտական ծրագրերի արդյունավետ իրականացումը՝ զարգացման ծրագրով սահմանված, պահանջում է բարձր որակավորում ունեցող պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմ, միջազգային կրթական ծրագրերին մասնակցություն, ուսանողների մասնագիտական զարգացմանը և կարիերայի առաջխաղացմանը աջակցող գործունեություն, բազմազան և ներառական միջավայրի ապահովում, ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման հմտություններ: Դասավանդողներն ունեն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, որոնք համապատասխանում են կրթական ծրագրերի պահանջներին, ինչպես նաև ներգրավված են շարունակական մասնագիտական զարգացման մեջ: Նրանք իրենց մասնագիտական զարգացման կամ այլ շրջանակներում կարող են ներառվել որևէ լաբորատորիայի, արհեստանոցի գործունեության մեջ, զբաղվել ինքնակրթությամբ: Դասավանդողները պարբերաբար մասնակցում են վերապատրաստման ծրագրերի և մասնագիտական զարգացման դասընթացների թե՛ կրթահամալիրի ուսումնական օրացույցի շրջանակում, թե՛ դրանից դուրս: Վերապատրաստումները կրթահամալիրում շուրջտարյա են, իրականացվում են մանկավարժական ճամբարների ընթացքում, ինչպես նաև ուսումնական գործունեության ընթացքում հրավիրյալ մասնագետների կողմից։ Վերապատրաստումներն իրականացվում են տարբեր ձևաչափերով, մասնավորապես՝ մենթորության, փորձի փոխանակման, կլոր սեղան- քննարկումների, մասնագիտական զարգացման սեմինարների, թրեյնինգների և այլ նախաձեռնությունների միջոցով: Մեծ կարևորություն ունեն մասնագիտական սեմինարները՝ որպես գիտելիքի յուրացման, փոխանցման, տարածման հարթակ։ «Մեդիագրագիտություն» թեմայի շրջանակներում իրականացվում են վերապատրաստման պարբերական դասընթացներ, սեմինարներ տարբեր թեմաներով՝ թիմի ստեղծում, միջանձնային հարաբերություններ, հաղորդակցության հմտություններ, ինքնաներկայացման հմտություններ, ստեղծագործական մտածողության ձևավորում, հետազոտական հմտություններ, ժամանակի, իրադրության կառավարում, մասնագիտական կողմնորոշում, ինչպես նաև բազմաբնույթ այլ միջոցառումներ: Քոլեջի Վերնատանը կազմակերպվում են գրքերի, հոդվածների քննարկումներ, գրական ընթերցումներ, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացնում, ակտիվացնում նախաձեռնողականությունը, վերլուծական մտածողությունը։ Դասավանդողների նախաձեռնությամբ Քոլեջում իրականացվում են վարպետության դասեր, որոնք վարում են հրավիրյալ մասնագետները, գործատուները, փորձագետները, շրջանավարտները։ Որպես բանախոս-հյուրեր՝ հանդես են գալիս տարբեր ուսանողներ, դասավանդողներ, մտավորականներ, հանրային դեմքեր։ Հանդիպումները լուսաբանվում են Քոլեջի կայքում, դասավանդողների և ուսանողների բլոգներում, սոցհարթակներում։ Վարպետության դասերը բաց են դասավանդողների, ուսանողների, կրթահամալիրի աշխատողների, ծնողների, ինչպես նաև այլ շահակիցների, հանրության համար։
Քոլեջում ուսանողների իրավունքների պաշտպանության համար պատասխանատու մարմինը ուսանողական խորհուրդն է, որը ուսանողների ինքնակառավարվող, ընտրովի ներկայացուցչական մարմին է։ Խորհրդի գործունեության նպատակներն են՝
- ուսանողների իրավունքների և շահերի պաշտպանություն,
- մասնակցություն քոլեջի գործունեության բարելավմանը, յուրաքանչյուր միջոցառման կազմակերպմանը, յուրաքանչյուր իրադարձության, տեղեկատվության տարածմանը, ուսուցման կազմակերպման, որակի բարձրացման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելուն,
- մասնակցություն ուսանողների առողջության, հանգստի կազմակերպման գործընթացներին, միջազգային ուսանողական ծրագրերին, սեմինարներին, դասընթացներին, համաժողովներին։
Մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման համար կարևոր է արդյունավետ ուսումնական միջավայրի առկայությունը՝ հարմարավետ, ժամանակակից ուսումնական տարածքներ, լաբորատորիաներ, արհեստանոց-արվեստանոցներ, ուսումնական կենտրոններ, գրադարան, համացանց, տեխնոլոգիական ռեսուրսներ: Ուսումնական միջավայրի բոլոր բաղադրիչների համակցումը ապահովում է ուսանողների, դասավանդողների և համայնքի տարբեր կարիքների բավարարվածությունը:
Ուսանողները, դասավանդողներն իրենց ընտրությամբ ընդգրկվում են տարբեր ակումբներում, ստեղծագործական խմբերում՝ կինո-ֆոտո, ֆիլմադարան, ձեռագործության, գորգագործության, քանդակի, մարզական, TV-ռադիո, պար, երգչախումբ, գրական ակումբ և այլն:
Ըստ կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրի, ուսպլանով ճամփորդությամբ ուսուցումը ուսումնական գործունեության կարևոր բաղադրիչ է` առողջության և անվտանգության պահպանմանն ուղղված, որը պարտադիր է և՛ ուսանողների, և՛ դասավանդողների համար: Ճամփորդական ուսումնական նախագծերը մեկօրյա, բազմօրյա ներգնա և արտագնա ճամփորություններ են, քայլքեր, արշավներ՝ ուղղված դասավանդողների, ուսանողների առողջ ապրելակերպ վարելուն, հայրենաճանաչությանը և այլ նպատակներին։
Քոլեջը մասնակցում է ուսումնական շուրջտարյա ճամբարների Արատեսի դպրական կենտրոնում, Արտանիշի վրանային ճամբարներում, որտեղ ուսանողները, դասավանդողները կազմակերպում են հանգստի, փառատոնային, մշակութային, մարզական, ռազմամարզական տարատեսակ միջոցառումներ, զբաղվում այգեգործությամբ, հողագործությամբ, մեղվաբուծությամբ, արտադրությամբ ուսուցմամբ։
Սեբաստացի քոլեջը որդեգրել է արտադրությամբ ուսուցման սկզբունքը՝ որպես կրթության կարևոր բաղադրիչ: Մասնագիտական փորձառությունը կազմակերպվում է կրթահամալիրի տարբեր օղակներում՝ նախակրթարաններում, կրտսեր, միջին, ավագ դպրոցներում, արտադրական լաբորատորիաներում՝ սահմանված ժամանակացույցին համապատասխան՝ ապահովելով իրական մասնագիտական միջավայր՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցմամբ: Տարբեր մասնագիտությունների ուսանողներ մասնագիտական իրական փորձառություն են ձեռք բեդրում՝ սպասարկելով կրթահամալիրի տարբեր դպրոցների գործունեությունը՝ տարածքի, հագուստների, նյութերի ձևավորումից մինչև կազմակերպում և մասնակցություն։
Քոլեջի թափանցիկ գործունեության ապահովման հիմքը առցանց հարթակներն են, որտեղ դասավանդողների, ուսանողների կողմից կատարվում են տեղեկատվության ամենօրյա թարմացումներ, նշանակալի իրադարձությունների մասին լուսաբանումները հրապարակվում են կրթահամալիրի գլխավոր կայքում։ Քոլեջի գործունեության մասին լուսաբանումները տարածվում են տարբեր մեդիահարթակներում՝ Facebook, Instagram, Telegram, LinkedIn:
Քոլեջն ունի էլեկտրոնային կայք` college.mskh.am, որը պաշտոնական տեղեկատվական աղբյուր է, զանգվածային լրատվական միջոց: Կայքը ներառում է Քոլեջի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, բլոգային ուսուցման համակարգը՝ մանկավարժական աշխատողների, սովորողների, ակումբների, խմբերի բլոգները, Քոլեջի աշխատակիցների, ուսանողների, ծնողների փոստային համակարգը։
Փաստաթղթաշրջանառությունը կայքերով, բլոգներով, թղթային տարբերակով էլեկտրոնային նամակագրությամբ, էլեկտրոնային պահոցը, գրասենյակի կողմից փաստաթղթաշրջանառության և հանձնարարությունների ժամանակին կատարման վերահսկողությունը և արդյունավետ կազմակերպումն ապահովում են թափանցիկություն, տեղեկատվության արագ տարածում, հասանելիություն բոլոր շահագրգիռ կողմերին, տեղեկատվության կենտրոնացված պահպանում, աշխատանքի անխափան և ժամանակին իրականացում, էլեկտրոնային և առցանց համակարգերի լայն կիրառություն և ճկունություն։ Որակի ապահովման կենտրոնը, կիրառելով հետադարձ կապի մեխանիզմներ, ապահովում է հանրային վստահություն, ինչը նպաստում է կրթական հաստատության ընդհանուր որակի բարելավմանը:
Քոլեջի զարգացման հիմքում ընկած է որակյալ կրթությունը, ինչը ձևավորվում է որակի ներքին համակարգով, կայունությամբ, շարունակական զարգացմամբ։ Որակյալ կրթության հիմքում ընկած են աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական որակյալ կրթության ապահովումը, դիմորդների և ուսանողների կրթական և մասնագիտական կարիքների լիարժեք բավարարումը, միջազգային կրթական գործընթացներում ուսանողների և դասավանդողների մասնակցության ապահովումը, դասավանդման և ուսումնառության գնահատման գործընթացների արդյունավետ կառավարումը, որակյալ կադրային ներուժի և նրա մասնագիտական առաջընթացի ապահովումը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրների արդյունավետ համակարգումը և կառավարումը։
Սեբաստացի քոլեջում գործում են մի շարք ներքին մեխանիզմներ, ընթացակարգեր՝ նպատակաուղղված կրթական ծրագրերի, աշխատակազմի, ուսումնառության ռեսուրսների որակի ապահովմանը և շարունակական բարելավմանը՝
- Ակադեմիական ազնվություն,
- Կրթական ծրագրերի կառավարում,
- Մարդկային, նյութատեխնիկական, ֆինանսական ռեսուրսների կառավարում,
- Ուսումնական անվտանգ միջավայր,
- Հետադարձ կապ։
Վերոնշյալ մեխանիզմների արդյունավետ գործադրման համար ստեղծվել է որակի ապահովման կենտրոն, որն զբաղվում է դրանց կանոնակարգմամբ և համակարգմամբ: Ուսումնական տարվա վերջում քոլեջը կատարում է կարիքների վերհանում, գնահատում՝ կապված մասնագիտական սեմինարների բազմազանության, բովանդակության, ձևաչափի հետ, կազմվում է մեթոդական և մասնագիտական վերապատրաստումների ժամանակացույց, և աշխատանքներն իրականացվում են ըստ նախապես հաստատված ժամանակացույցի: Դասավանդողների մասնագիտական որակի շարունակական բարելավման գործընթացները, վերապատրաստումների բազմազան միջոցառումները, մանկավարժական ճամբարները, վարպետության դասերը, դրամական աջակցությունը, կամավոր ատեստավորման համակարգը, կարիքների գնահատման մեթոդները, դասավանդողների կատարելագործման գործընթացները նպաստում են ուսումնական որակի բարձրացմանը և նորարարական մոտեցումների կիրառմանը։
Ուսանողների և դասավանդողների միջև գործում է կենդանի, իրական փոխգործակցություն, մշտական կապ: Արտաքին և ներքին շահակիցների կարիքների վերհանման նպատակով Քոլեջը կիրառում է տարբեր մեխանիզմներ` դասավանդողների, ուսումնաօժանդակ կազմի, մանկավարժական հավաքանիով, մասնախմբերով հանդիպումներ, ամենօրյա պարբերականությամբ հանդիպումներ ղեկավարի, կազմակերպչի հետ, նամակագրություն, հարցումներ և այլն։ Կրթության որակի ապահովման նպատակով պարբերաբար կազմակերպվում են ուսանողների կարիքները վերհանող, գնահատող հարցումներ դասավանդողների բարեվարքության, դասավանդվող առարկաների, մոդուլների, նախագծերի, ծրագրերի, նյութատեխնիկական բազայի, կրթական միջավայրի, միջոցառումների (նախագծեր, սեմինարներ, վարպետության դասեր և այլն) վերաբերյալ, ուսանողները կատարում են առցանց հետազոտություններ մանագիտական փորձառության արդյունավետության, որակի, Քոլեջի մասնագիտական և կազմակերպչական գործընթացներից ակնկալիքների, ստացած կրթության, մասնագիտական և կազմակերպչական աշխատանքների, վարկանիշի վերաբերյալ (հարցումներ): Ուսանողների ցանկացած կարիքի վերհանման նպատակով գործում են փոստային և էլեկտրոնային այլ հարթակներ: Քոլեջը պարբերաբար հարցումներ է անցկացնում շահակիցների շրջանում միջավայրից, ուսումնական գործընթացներից, անհրաժեշտ ռեսուրսներից և ծառայություններից բավարարվածության վերաբերյալ:
Սեբաստացի քոլեջն ուսանողներին ընձեռում է լրացուցիչ պարապմունքների կազմակերպման և խորհրդատվության լայն հնարավորություններ։ Ուսանողներին խորհրդատվական, լրացուցիչ կրթության մասին տեղեկատվություն տրամադրելու նպատակով յուրաքանչյուր ուսումնական տարվան ընդառաջ ղեկավարը և կազմակերպիչը ներկայացնում են գործող կարգերը, ուսանողների իրավունքներն ու պարտականությունները, գործառույթները, Քոլեջի կրթական ծրագրերը, միջազգային ծրագրերը: Մասնագիտական հանդիպումները, դասընթացները ոլորտի առաջատար մասնագետների, գործատուների հետ օգնում են ուսանողներին ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն աշխատաշուկայի փոփոխությունների, նորարարությունների վերաբերյալ, ինչպես նաև տալիս են փորձառության և աշխատանքի հնարավորությունների, կազմակերպվող մասնագիտական միջոցառումների մասին տեղեկատվություն, ուղղորդում մասնակցելու այդ միջոցառումներին, ինչը հնարավորություն է տալիս մշակել կարիերայի պլաններ՝ ելնելով սեփական հետաքրքրություններից, նախասիրություններից ու հմտություններից։ Նրանց բավարարվածությունը, դիտարկումները, առաջարկները հիմք են մասնագիտական ծրագրերի, ուսումնական միջավայրի կատարելագործման համար: Կարիքների ուսումնասիրության համադրումը ձևավորում է նպատակային, արդիական մոտեցումներ, ձևավորում, ներդնում նոր մեխանիզմներ։
Ավելի քան երեսունհինգ տարի տեղծելով և իրականացնելով հեղինակային կրթական ծրագրեր, կիրառելով նորարարական մեթոդներ՝ կրթահամալիրը ստեղծել է Բլեյան բաց ցանց՝ որպես հեղինակային կրթական ծրագրի մոդել, որի նպատակն է տարածել հեղինակային կրթական ծրագրերը՝ համագործակցելով տարբեր ուսումնական հաստատությունների, կազմակերպությունների, դասավանդողների, ուսանողների, սովորողների հետ: Ցանցն ապահովում է որակյալ կրթություն՝ հիմնված անհատական մոտեցման և ստեղծագործական զարգացման վրա, հնարավորություն տալիս դասավանդողներին և սովորողներին ներգրավվելու նորարարական ծրագրերում, մասնակցելու կրթական փոխանակումների, ինչը նպաստում է այլոց փորձի յուրացմանը, տարածմանը, կրթական գործընթացի որակի կատարելագործմանը։
Այս համատեքստում Քոլեջը կարևորում է միջազգային շահակիցների հետ համագործակցությունը, զարգացումը, միջազգային կրթական գործընթացներում ուսանողների և դասավանդողների մասնակցության խթանումը:
Նորաստեղծ կարիերայի կենտրոնն ուսանողներին հնարավորություն է ընձեռում ցանցային աշխատանքով ձևավորել համագործակցային կապեր միջազգային ուսումնական հաստատությունների, կազմակերպությունների հետ:
Քոլեջի նման քաղաքականությունը նպաստելու է փորձի փոխանակման միջազգայնացմանը, զարգացմանը, որն իր հերթին կապահովի կրթության բարձր որակը, կընդլայնի հնարավորությունները և՛ դասավանդողների, և՛ ուսանողների համար։
Կարիերայի զարգացման նպատակով քոլեջն ուսանողներին տրամադրում է խորհրդատվություն, օժանդակություն ուսանողներին աշխատանքի տեղավորվելու կամ փորձառություն անցնելու գործում, տեղաբաշխում աշխատանքներն և փորձառությունը կրթահամալիրի նախակրթարաններում, այլուր, հանդիսանում որպես ուսանողներին կապող հարթակ, ընձեռում մասնագիտական զարգացման նպատակով դասընթացների և սեմինարների կազմակերպման և մասնակցության հնարավորություններ, կազմակերպում անհատական, խմբային հանդիպումներ ոլորտի մասնագետների հետ, որոնց միջոցով ուսանողները ստանում են ուղղորդումներ, հանդիպումներ քաղաքի և մարզերի տարբեր հաստատություններում, ձեռնարկություններում, մասնակցություն տարբեր միջոցառումների, տոնավաճառների, ցուցահանդես-վաճառքների, ինչի շնորհիվ ուսանողները ծանոթանում են գործատուների, մասնագիտական ոլորտի առաջատարների հետ, շուկայի պահանջներին, ստանում խորհրդատվություն, ստեղծում կապեր: Վերջին տարիներին Քոլեջը նախաձեռնել է գործատուների հետ առանձին համագործակցային աշխատանքներ, որոնց արդյունքում ուսանողների զգալի մասն ավարտելուց հետո կատարել է կամավորական աշխատանք, ապա անցել աշխատանքի։
Քոլեջը, կարևորելով միջազգայնացումը, ռազմավարութան զարգացման ծրագրում սահմանել է նպատակներ՝ ձեռք բերել արդյունավետ կապեր միջազգային կառույցների հետ, որոնք կնպաստեն փորձի փոխանակմանը, զարգացմանն ու միջազգայնացմանը: Ռազմավարական ծրագրի գործողությունների պլանով նախատեսվում է իրականացնել ուսանողների և դասավանդողների փորձի փոխանակմանը, կարողությունների զարգացմանն ուղղված այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն նոր կապերի ստեղծմանը, մասնագիտական կրթական նոր մեխանիզմների և ռազմավարությունների ուսումնասիրմանն ու մշակմանը, ներդրմանն ու կիրառմանը՝ բերելով մասնագիտական որակների բարելավում, կատարելագործում, միջազգային ճանաչում:
Քոլեջն իր զարգացման ծրագրում սահմանել է նպատակներ, որոնցից մեկն է՝ ստեղծել արտաքին կապեր և միջազգային համագործակցություն, փոխանակման ծրագրերի, փորձի փոխանակմանը, միջազգայնացմանը նպաստող միջավայր: Միջազգային կրթական հաստատությունների հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու, այլոց առաջավոր փորձի ուսումնասիրման, փորձի փոխանակման, զարգացման և միջազգայնացման, նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով քոլեջը ձևավորել է որոշակի արտաքին կապեր՝ իրականացնելով միջազգային ծրագրեր։ Դասավանդողները ստեղծում են կապեր՝ մասնակցելու միջազգային տարբեր փոխանակման ծրագրերի, կազմակերպում հանդիպումներ օտարերկրյա հրավիրյալ մասնագետների հետ, դասավանդողների փորձի փոխանակումներ միջազգային կազմակերպություններում (հայ-վրացական հանրակրթական կամուրջներ, Sida, Fryshuset, Alma, My Right- Empowers people with disabilities, Fabrica):
Կրթահամալիրի «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի և «Եվրասիա» միջազգային հիմնադրամի համագործակցությամբ Քոլեջը 2021-2022թթ․ իրականացնում է համագործակցային նախագծային աշխատանք աշխատարաններում՝ ըստ մասնագիտական ուղղվածության։ Համագործակցելով WorldSkills համաշխարհային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հետ՝ մասնակցում է «Հայաստանի հմտություններ-2023» մրցույթին։
Հայկական կամավորական կորպուսի հրավերով Քոլեջն արդեն երկու տարի իրականացնում է համագործակցային միջազգային նախագծեր։
Հայկական վիրտուալ համալսարանը և Քոլեջը 2023 թվականից սկսել են համագործակցել. դասավանդողները, ուսանողները մասնակցում են համալսարանի արհեստական բանականության դասընթացներին՝ փորձելով ակտիվացնել կապերը, ստեղծել միջազգային համագործակցության պայմաններ դասավանդողների և ուսանողների համար, մասնակցել տարբեր փառատոների:
Ավելի քան տասը տարի հայ-վրացական հանրակրթությամբ «Հայ-վրացական կամուրջներ» նախագծով իրականացվում են փոխանակման ծրագրեր, որոնց մասնակցում են կրթահամալիրի, Քոլեջի դասավանդողները, ուսանողները: Վրաց դպրոցների սովորողները, դասավանդողները մասնակցում են կրթահամալիրում հեղինակային կրթական ծրագրի՝ ուսումնական օրացույցով որոշված ամենամյա բաց ուսումնական նախագծերին, ստուգատեսներին (Հանրակրթական դիջիթեք, էկոտուր, վրացերենի օրեր, երևանյան պլեներ, երաժշտական, թատերական փառատոներ, հայ-վրացական ուսումնական նախագծերի բաց ստուգատես և այլն), կազմակերպվում են հեղինակային կրթական ծրագրով հետաքրքրված պետական-հանրային գործիչների, խմբերի այցելություններ կրթահամալիր:
Քոլեջը սկսել է համագործակցել Erasmus+ կրթական ծրագրի շվեդ, սերբ գործընկերների հետ: Erasmus+-ի շրջանակներում մեկնարկել է դասավանդողների կրթական փոխանակման ծրագիրը։ Դասավանդողները ծանոթացել են Erasmus+-ին, նրա ընձեռած հնարավորություններին, շփվել Youth Mix NGO-ի ներկայացուցիչների հետ: Աշխատանքային խմբերն այժմ կազմում են փոխանակման ծրագիր դասավանդողների հետ, դասավանդողների համար, կազմակերպվում են հանդիպումներ օնլայն հարթակում, որտեղ քննարկվում են համագործակցության ծրագրերը:
2023 թվականի «Հայաստանի Հմտություններ (WorldSkills Armenia) 2023» մրցույթի եզրափակիչ փուլի կազմակերպիչը Քոլեջն էր. մրցույթը տեղի է ունեցել կրթահամալիրում:
Քոլեջը կազմակերպել է հանդիպում-քննարկումներ FYN ՀԿ-ի հետ, քննարկել հնարավոր համագործակցությունը բնապահպանական նախագծերով։
Հայկական վիրտուալ համալսարանի հետ ձեռք բերված համաձայնությամբ 2023-2024 ուստարում քոլեջի ուսանողները մասնակցում են համալսարանի արհեստական բանականության դասընթացներին, որոնք համակարգում են կրթահամալիրի դասավանդողները, ինչը նպաստում է ուսանողների տեխնոլոգիական հմտությունների զարգացմանը:
«Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի ստեղծած Gagarin project-ի շրջանակում իրականացվում են միջազգային-համագործակցային բազմաբնույթ և բազմաբովանդակ ծրագրեր: Արդեն երկրորդ տարին է, ինչ գերմանացի մանկավարժ Հանս Քրիստոֆ Պոխան, «Դար» հիմնադրամի հրավերով լիելով Հայաստանում, կրթական փոխանակման հանդիպումներ է ունենում կրթահամալիրի սովորողների, Քոլեջի ուսանողների և դասավանդողների հետ: Քրիստոֆը նաև վարել է սեմինարներ Google Workspace for Education, Contemporary Emigration from Armenia թեմաներով, ներկայացրել դասախոսություն The Dual Education System in Germany՝ «Գերմանիայի կրթական դուալ (երկակի) համակարգը թեմայով»՝ բարձր գնահատելով արտադրությամբ ուսուցման մեթոդի առկայությունը և կիրառությունը կրթահամալիրում, Քոլեջում:
«Դեպի Հայք» հիմնադրամ (Birthright Armenia)-ի հետ համագործակցության շրջանակում սփյուռքահայ կամավորները մասնագիտական փորձի փոխանակման, հիմնադրամում կամավորության հնարավորության մասին իրազեկման, կրթահամալիրում կրթական գործունեության ծավալման նպատակով եղել են Քոլեջում՝ ամրապնդելու սփյուռքի հետ կապերը և մշակութային փոխանակումները:
Քոլեջը մարզական և արվեստին վերաբերող համատեղ կրթական հանդիպումներ է իրականացրել Fryshuset կազմակերպության հետ։
Teach For All գլոբալ ցանցի անդամ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ կրթահամալիրն իրականացրել է հանդիպումներ Դդմաշենի ուսուցչաց տանը «Գագարին» նախագծով, որին մասնակցել են Քոլեջի դասավանդողներ, ուսանողներ։
Քոլեջի դասավանդողները EPRC հետազոտական ընկերության, Education for All (EFA Georgia) հյուրընկալող տեղական և միջազգային քաղաքացիական կրթական կազմակերպություններ ընդգրկող կառույցի My Right- Empowers people with disabilities առանձնահատուկ կարիքով անձանց ներառման կրթական ծրագրով մասնակցել են միջազգային ծրագրերի:
Sida կազմակերպության դրամաշնորհի օգնությամբ Քոլեջն իրականացրել է «Դպրոցը՝ որպես համայնքային զարգացման կենտրոն» ծրագիրը։
Քոլեջը մասնակցել է կրթական փոխանակումների մոսկովյան մշակութային բիզնես կենտրոնում, որտեղ ուսանողները և դասավանդողները ներկայացրել են կրթահամալիրի գործունեությունը, հեղինակային կրթական ծրագիրը, ծեսով ուսուցումը:
Համագործակցային այսպիսի բազմաբովանդակ կապերը նպաստում են ուսանողների, դասավանդողների շարժունությանը, նպաստելով նոր հմտությունների զարգացմանը, կրթական մեթոդների բարելավմանը, միջմշակութային փոխանակմանը, միջազգային փորձի յուրացմանը, ինչի շնորհիվ կրթահամալիրը և Քոլեջն աստիճանաբար ներգրավվում են միջազգային համագործակցային գործընթացներում:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջը, այսպիսով, արժևորելով ու պահպանելով մասնագիտական ուսումնական հաստատությունների կարևորությունն ու նշանակությունը, ստեղծում է ներառական, ստեղծագործ, փոխգործակցային միջավայր, որտեղ յուրաքանչյուր ուսանող, անկախ իր սեռից, ազգային պատկանելությունից ու կարողություններից, հնարավորություն ունի ստանալու նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական որակյալ կրթություն։