«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն ինտեգրված, նախագծային ուսուցում է։ «Իմացումի հրճվանք» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» պետական հեղինակային (այլընտրանքային կրթական) ծրագիրն է: Ծրագրի հիմքում ընկած են Հանրակրթության պետական չափորոշիչները, կրթահամալիրի կանոնադրությունը, զարգացման ծրագիրը, հեղինակային կրթական ծրագրի հիմնադրույթները, որպես կազմակերպիչ՝ ուսումնական օրացույցը: Ի թիվս այլ նպատակների, ծրագրի հիմնական նպատակներից է նաև սովորողի նախասիրությունների բացահայտումն ու դրանց զարգացումը: Սովորողի անհատական ուսումնական պլանի բաղադրիչում ներառված է ընտրությամբ գործունեությունը: Սովորողն իր ընտրությամբ շաբաթական 2 դասաժամ մասնակցում է «Երաժշտական գործունեություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Մաթեմատիկա բանավոր» դասընթացներից մեկին:
Ընտրությամբ գործունեության ուսումնական պարապմունքներն անցկացվում են կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում, դրանք վարում են առարկայական մասնագետներն ու դասվարները: «Մաթեմատիկա բանավոր» դասընթացը վարում է դասվարը: «Մաթեմատիկա բանավոր» դասընթացին մասնակցում են մաթեմատիկա սիրող սովորողները՝ որպես նախասիրության զարգացման միջոց: Դասընթացի նպատակը սովորողի նախասիրության զարգացումն է:
«Մաթեմատիկա բանավոր» դասընթացի ծրագիրը մշակվում և հրապարակվում է: Ուսումնական պարապմունքների կազմակերպումը հիմնականում առկա է: Դասընթացի կազմակերպման կարևոր բաղադրիչը բանավոր հաշվարկն է: Ուսումնական գործընթացի ընթացքում իրականացվում են նաև նախագծային, խմբային, ինքնուրույն աշխատանքներ, խնդիր-առաջադրանքների վերլուծություն, քննարկում, լուծում, լուծման տարբեր եղանակների բացահայտում, օրինաչափությունների դուրս բերում: Տարբեր ուսումնական խաղերը՝ և՛ առցանց, և՛ սեղանի, և՛ բանավոր, ինչպես նաև ինքնաշեն խաղերի պատրաստումը ներառված են դասընթացում: Դասընթացի շրջանակում կազմակերպվում են ստուգատեսներ, համագործակցային հանդիպումներ:
Բանավոր համրանքի մասին: Ուսումնական պարապմունքը սկսում ենք բանավոր համրանքով, այն, կարծես, մտքի նախավարժանք է: Հաշվում են, թե պարապմունքին քանի սովորող է մասնակցում, հաշվում են զույգերով, կենտերով, առաջ ու հետ են հաշվում 1-ական, 2-ական, 3-ական, … քայլերով: Բանավոր համրանքը նպաստում է, որ սովորողները կենտրոնացնեն իրենց ուշադրությունը: Երբեմն օգտագործում եմ նաև գնդակը, որն օգնում է ոչ միայն կենտրոնանալ, այլ նաև ուրախություն է բերում:
Խնդիրների լուծման մասին: Խնդիրները պատկերացնում ենք որպես մաթեմատիկական պատմություններ, որտեղ կան որոշակի իրավիճակներ ու գործողություններ, կան գործող հերոսներ, և կա հարց, որին պետք է պատասխանել: «Մաթեմատիկա բանավոր» դասընթացի շրջանակում լուծում ենք ֆլեշմոբի խնդիրները, ինչպես նաև «Կենգուրու» մրցույթի խնդիրներից: Խնդիրների լուծման ընթացքում կարևորում ենք ոչ այնքան լուծումը, որքան այն, թե ինչպես ենք լուծում այն, ինչ գաղտնիքներ ենք բացահայտում, ինչ օրինաչափություններ ենք դուրս բերում: Նպատակը խնդրի լուծման եղանակների հետ ծանոթանալն ու դրանք կիրառելն է:
Խնդրի լուծման հիմնական քայլաշար՝
- ընթերցել, հասկանալ, բացատրել անհասկանալի բառերը,
- պատկերացնել իրավիճակը, գործող հերոսներին,
- վերլուծել խնդիրը, առանձնացնել հայտնի ու անհայտ տվյալները,
- հարցին պատասխանել, լուծել խնդիրը՝ այն խաղարկելով, բեմականացնելով, նկարելով,
- ստուգել լուծումը,
- դուրս բերել օրինաչափություններ,
- կազմել, հորինել նմանատիպ խնդիրներ:
Խնդիրների լուծման համար կիրառում ենք հետևյալ ձևերը՝
- ընթերցում, քննարկում, վերլուծություն,
- խնդրի խաղարկում, բեմականացում,
- խնդիրը նկարել:
Խնդիրը ընթերցելու, վերլուծելու մասին: Խնդրի ընթերցումը, այն ճիշտ հասկանալը, անհասկանալի բառերն ու ձևակերպումները բացատրելը շատ կարևոր աշխատանք է: Խնդիրն ընթերցում են ինքնուրույն, քննարկում ենք հարցերի օգնությամբ, անդրադառնում ենք անհասկանալի բառերին: Պատկերացնում ենք իրավիճակը, գործող հերոսներին: Առանձնացնում ենք հայտնի տվյալները, փորձում ենք գծել լուծման ճանապարհը:
Խնդրի խաղարկում, բեմականացում: Ամենասիրելի հատվածներից է: Սովորողները դառնում են հերոսները, խնդրում գործածվող առարկաները երբեմն փոխակերպվում են, օգտագործում ենք ձեռքի տակ եղած առարկաները, խաղարկում ենք իրավիճակը: Սա նույնպես օգնում է ու մոտեցնում է խնդրի լուծմանը:
Խնդիրը նկարելու մասին: Խնդիրը նկարելու աշխատանքը որպես խնդրի լուծման ամփոփում ենք ներկայացնում: Այս աշխատանքը նպաստում է ոչ միայն ստեղծագործական մտքի զարգացմանը, այլև օգնում է պատկերացնել խնդիրը, այն ներկայացնել պատկերային լուծումներով ու տարբեր մանրամասնություններով:
Արդյունքում հրապարակվել են խնդիրների լուծման երկու ժողովածուներ: Այս փաթեթում հավաքված են այն խնդիրները, որոնք լուծել ենք սովորողների հետ: Խնդիրների լուծումները ներկայացված են մեթոդական նկարագրություններով, կից լուսանկարներով կամ տեսանյութերով:
Ուսումնական խաղերի մասին: «Մաթեմատիկա բանավոր» դասընթացի շրջանակում սովորողների հետ տարբեր խաղեր ենք խաղում: Դրանք և՛ բանավոր համրանքի խաղեր են, և՛ սեղանի, և՛ ինքնաշեն, և՛ առցանց: Խաղադարանում հավաքված են խաղային գործունեության ընթացքում ստեղծված խաղերը, ինչպես նաև խաղային գործունեության մասին պատումներ, տեսանյութեր, լուսանկարներ:
Արդյունքում՝
- Լեգոների աշխարհում
- Խաղում ենք նաև առցանց խաղեր
- Զույգեր ու կենտեր
- Մաթեմատիկական խաղ՝ «Ստացիր 50 և հաղթիր»
- «Հոպ» բանավոր մաթեմատիկական խաղ
- Հակադրություններ
- Խաղային օրինաչափության հայտնագործում
- Բանավոր համրանքն ու գնդակը
- «Դրոշ» մաթեմատիկական խաղ
Լուցկիներով խաղ-գլուխկոտրուկներ - Պատրաստում ու խաղում ենք. ինքնաշեն խաղեր
- Թվային խաղ
«Կառուցողական, ինքնաշեն խաղեր ու խաղալիքներ» նախագծի շրջանակում սովորողների հետ պատրաստում ենք ինքնաշեն խաղեր ու խաղում: Այս խաղերը սովորողների սիրելի խաղերից են: Մեր ինքնաշեն խաղերով ունեցել ենք համագործակցային հանդիպումներ տարբեր խմբերի հետ:
Ինքնաշեն խաղեր պատրաստելու ընթացքում սովորողները ձեռք են բերում կարևոր հմտություններ, սովորում են աշխատել միասին, օգնել ու աջակցել միմյանց:
Դասընթացի շրջանակում իրականացրել ենք նաև «Ես ու մաթեմատիկան» նախագիծը, որը շուրջտարյա է: Սովորողներն ուսումնասիրություններ են կատարում. չափում են իրենց հասակը, կշռում են իրենց քաշը, ծննդյան օրերի հետ կապված տարբեր հաշվարկներ են կատարում:
Ստուգատեսներ, համագործակցություններ: «Մաթեմատիկա բանավոր» դասընթացի շրջանակում համագործակցել ենք Արևելյան և Հարավային դպրոցների հետ: Ուսումնական երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվել են որպես ստուգատեսային գործունեություն:
«Մաթեմատիկա բանավոր» դասընթացի մասին պատմող տեսաֆիլմը՝