Նախաբան
Ինձ միշտ հետաքրքել են ոչ ֆորմալ կրթության կազմակերպումը, մշակումը, նորամուծություններն ու բարդությունները: Մինչև իմ ու կրթահամալիրի հանդիպումը, երկար ժամանակ զբաղված էի երիտասարդների համար ոչ ֆորմալ կրթության դասեր կազմակերպելով ու հաճախ ականատեսն եմ եղել, թե միջավայրն ինչպես է փոխում՝ վատացնում կամ ավելի արդյունավետ դարձնում կրթության ընթացքը կամ դասապրոցեսը: Ինչ խոսք, երիտասարդների շրջանում դա բոլորովին այլ տեսք ունի, դպրոցահասակների մոտ՝ այլ: Ու չնայած այս տարանջատմանը` որոշ բաներ, ի վերջո, շատ ընդհանրական են և փոխլրացնող:
Այսպես. ես՝ որպես ծնող, գրեթե ամեն օր հանդիպում էի Հարավային դպրոց- պարտեզի խնամված, կանաչապատ, կոկիկ բակում գտնվող մի հնամաշ ավտոբուսի, որը հավակնում էր դառնալ աղբ՝ մետաղե ջարդոն, որի հետագա կյանքն անցնելու էր բնությունը փչացնելով: Այդ ժամանակ մտքիս հեռավոր ծայրով անգամ չէր անցնում, որ մի օր կդառնամ կրթահամալիրի դասավանդող, որովհետև ունեի այլ աշխատանք ու սիրով էի անում: Ամեն բան փոխվեց, երբ որպես ծնող նախագիծ իրականացրեցի աղջկաս դասվարի՝ ընկեր Արաքսի հետ. դասարանում ստվերների ներկայացում բեմադրեցի: Ամբողջ ընթացքն այնքան հարթ, ստեղծարար ու սիրելի էր, որ սկսեցի մտածել աշխատանքս փոխելու և դպրոցում դասավանդելու մասին: Կամավոր աշխատանքի փուլում էի ու ինձ անընդհատ հետապնդող ավտոբուսի մոտով անցնելիս մի օր հանկարծ մտածեցի, թե ինչ լավ կլիներ, որ ավտոբուսը դառնար փոքրիկ թատրոն, որտեղ հնարավոր կլիներ բեմադրել ներկայացումներ։ Սկզբում, իհարկե, չէի մտածել, որ այն կարող է մեզ համար դառնալ նաև դասասենյակ:
Եվ այսպես…
Սկիզբը
Սկզբի համար մի քանի օր ուղղակի ապրեցի այդ մտքի հետ՝ փորձելով հասկանալ՝ իսկապես կա՞ դրա կարիքը, ո՞ւմ է դա պետք, ի՞նչ խնդիր է լուծելու։ Օրեցօր ավելի էի ոգևորվում Թատրոն-ավտոբուսի գաղափարով, օր օրի ավելի շոշափելի ու պատկերավոր էր դառնում Թատրոն-ավտոբուսի կիրառելիությունը: Դիմեցի Հարավային դպրոց-պարտեզի ծրագրի ղեկավար ընկեր Շամիրամին, հետո՝ նամակով տիար Բլեյանին, տիկին Սուսանին և, ստանալով նրանց հավանությունը, սկսեցի ծրագիր գրել, որ ներկայացնեմ ՕՍՄ հիմնադրամին՝ ֆինանսավորման համար: Հիմնադրամն, ինչ խոսք, հավանություն տվեց նախագծին, բայց առանց կրթահամալիրի աջակցության այն չէր իրականանա։
Շատ կարևոր էր ավտոբուսի արտաքին տեսքը․ իմ պատկերացումներում այն պետք է լիներ մինիմալիստական ոճով ձևավորված, ուրախ և խոսուն, ասելիք պետք է ունենար: Այս մասին խոսեցի Կարինե Մացակյանի և ընկերներիցս մեկի՝ Ասյա Աբրահամյանի հետ։ Նրանք կարողացան ստանալ այն, ինչ ես պատկերացնում էի: Բարդ էր նաև վիրտուալ նկարը տեղափոխել իրականություն․ այդ հարցում շատ հմուտ և պատրաստակամ էր Հարավի տեխնոլոգ Աննա Թորոսյանը: Կարծում եմ՝ արտաքին տեսքը, որը շատ կարևոր է թե՛ երեխաների, թե՛ հյուրերի համար, ստացվեց․ այսպես եմ ասում նաև հաշվի առնելով արձագանքները:
Մոտ մեկ ամիս տևեցին վերանորոգման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացնում էին կրթահամալիրի վարպետները, սիրով էին անում: Աշխատանքներում անմիջական ներգրավված էինք նաև մենք՝ ես, ընկեր Աննան, սովորողները:
Այս ամենը համակարգելն, ինչ խոսք, բավականին բարդ էր, ժամանակատար, բայց փոքր-ինչ արտասովոր աշխատանքը սիրով անելը լավ շարժառիթ է չհուսահատվելու, նվիրումի, աշխատասիրության և պատասխանատվության դրսևորման համար, որն ունեինք բոլորս՝ վարպետներից մինչև ծրագրի ղեկավար: Ամեն աշխատանք իր հետ նորովի փորձ է բերում, հմտություն:
Կիրառելիությունը
Կարևոր էր նաև այն, որ ավտոբուսը առավելագույնը կիրառելի լիներ: Հրավիրեցի կրթահամալիրի աշխատակից Արման Ենգիբարյանին, ծնող Նվեր Ղարաբեկյանին, ով նաև բեմի մեխանիզատոր է, և քննարկեցինք հնարավոր բոլոր տարբերակները:
Այսպիսով որոշվեց, որ ավտոբուսը ներքին հատվածում պետք է լինի նեղ մասնագիտական՝ ստվերների թատրոնի համար, բայց հնարավոր նաև այլ՝ փոքրիկ ներկայացումներ խաղալու համար:
Արտաքին հատվածից տեղ առանձնացվեց և վերանորոգվեց նաև խամաճիկային ժանրի համար․ հանդիսատեսը պետք է նստի բակում:
Ավտոբուսում պահպանվեց նաև սեղանը, որը պետք է օգտագործեինք պիեսներ գրելու, դեկորացիա պատրաստելու, նկարչական ձևավորում անելու համար:
Ավտոբուսում տեղավորվում է 20-30 հոգի հանդիսատես:
Նորամուտ
Թատրոն-ավտոբուսը պատրաստ էր: Պատրաստվում էինք նորամուտի: Նորամուտի համար հրավիրեցինք տարբեր թատրոնների, խմբերի: Հետաքրքիր էր նաև փորձել կիրառելիությունը․ մի բան է պատկերացնելը, մի այլ բան՝ օգտագործելը:
Մեզ հյուր եկած խմբերը խաղացին հարթակային թատրոն, դրամատիկ փոքրիկ ներկայացում, ստվերների ներկայացում: Նախագիծը համեմված էր նաև երգ ու պարով:
Զարգացում
Թատրոնի ընտրությամբ ուսումնական պարապմունքները դասասենյակից տեղափոխվեցին Թատրոն-ավտոբուս: Արդեն իսկ ոգևորված սովորողներն աննկարագրելի ակտիվությամբ սկսեցին գալ: Եղել են սովորողներ, որ ուղղակի հայտարարել են, որ գալիս են թատրոն՝ ավտոբուսում լինելու համար:
Բեմադրություններ սկսվեցին արվել օտար լեզուներով՝ անգլերենով և ռուսերենով, հետո միացան նաև արևմտահայերենով ներկայացման բեմադրական աշխատանքները: Այս ամենի շարժառիթը հիմնականում Թատրոն-ավտոբուսն էր՝ իր արտասովորությամբ և ներքին կոկիկ, փոքրիկ, ջերմ մթնոլորտով: Սովորողների համար այնտեղ գտնվելը հրաշալի էր և ցանկալի:
Այսպիսով՝ թատրոնի ուսումնական պարապմունքները, որոշ դասաժամեր նաև անգլերենից, ռուսերենից և մայրենիից տեղափոխվեցին Թատրոն-ավտոբուս:
Այցելուներ
Սկսվեց ակտիվ թատերաշրջան: Կրթահամալիրի բոլոր կրտսեր դպրոցներից այցելում էին և շարունակում են այցելել ներկայացումներ դիտելու։ 2023-2024 ուսումնական տարում խաղացել ենք մոտավորապես 63 եռալեզու ներակայացում և ունեցել ենք մոտավորապես 300 հանդիսատես:
2024-2025 ուսումնական տարում ևս շարունակվում են ներկայացումները․ նախապես կազմում ենք գրաֆիկ, մարդիկ հնարավորություն են ունենում օր ամրագրելու և այցելելու:
Նախորդ տարի այցելում էին հիմնականում դասվարական դասարանները, հետո փորձը ցույց տվեց, որ նախադպրոցականները ևս համակ ուշադրությամբ և սիրով են դիտում ներկայացումները։ Այս ուսումնական տարում 5 տարեկանների խմբերը ևս ակտիվ մասնակցում են ներկայացումներին:
Թատրոն-ավտոբուսը շատ արդյունավետ աշխատում է նաև ուսումնական ճամբարների ժամանակ:
Շրջագայություններ
Թատրոն-ավտոբուսում ձևավորված ներկայացումները սկսեցին շրջագայել: Ներկայացումներ ենք խաղացել Մեղրաձորում՝ թոնրատանը, Սևան քաղաքում։ Օտար լեզուներով թատերական ներկայացումները բեմադրվել են այլ դպրոցներում՝ կրթական փոխանակումների նախագծերով: Ներկայացում ենք խաղացել նաև ծննդյան ծեսի ժամանակ՝ կրթահամալիրի ուսումնական ագարակում:
Մասնակցել ենք Ստվերների ազգային 3-րդ և 4-րդ փառատոներին և արժանացել մրցանակների․ 2023-2024 ուստարում՝ «Լավագույն մանկական ներկայացում» , 2024-2025 ուստարում՝ «Լավագույն նկարչական և երաժշտական ձևավորում»:
Հետագա զարգացում
Մեկ տարի է անցել նորամուտից, մենք դեռևս ներսում բացի ստվերների ներկայացումից չենք խաղացել այլ ժանր: Ընթացքի մեջ է հարթակային, խամաճիկային ներկայացումը: Անհրաժեշտ է ստվերների բեմը, որը շարժական է, հանել և տեղադրել հարթակային սեղան, որի վրա սովորողները կխաղան հարթակային և խամաճիկային ներկայացումը: Այս ներկայացման տիկնիկները պատրաստվում են այնպես, որ հետո, երբ եղանակը բարենպաստ լինի, կարողանանք նաև դրսի հատվածում հատուկ խամաճիկների համար պատրաստված բեմում ևս խաղալ:
Դժվարություններ
Չնայած նրան, որ վերանորոգման ընթացքում օգտագործվել են ջերմամեկուսացման համար նախատեսված նյութեր, այնուամենայնիվ, տաք օրերին շատ տաք էր, ցուրտ օրերին՝ շատ ցուրտ․ խնդիրը մասամբ լուծվեց օդորակիչ տեղադրելով: Երբեմն խնդիր է առաջանում նաև գրաֆիկի հետ․ այցելուները շատ են, սովորղների գրաֆիկը՝ խիստ ծանրաբեռնված: Հաճախ երկարացված օրվա կազմակերպիչները ևս դիմում են այցելելու համար, բայց մասնակից սովորողների մեծ մասը չի մասնակցում երկարացված օրվան: Դժվար է նաև այդքան սովորողի ոգևորելը, որ նրանք խաղան այդքան մեծ քանկությամբ ներկայացումներ: Կա ներկայացում, որ գրեթե 30 անգամ խաղացել են, երբեմն նկատում եմ, որ ձանձրանում եմ, դադար եմ տալիս, հետո ոգևորում, կարևորում իրենց արածը ու նորից՝ միմիայն իրենց համաձայնությամբ սկսում օրակարգի բերել: Նույն խումբը և՛ ներկայացումներ է խաղում, և՛ նոր ներկայացում բեմադրում: Աշխատանքը բաժանել ենք երկու խմբի մեջ, որ ծանրաբեռնվածությունը շատ չլինի։ Ժամանակը միշտ ու անընդհատ քիչ է:
Ամփոփում
Վստահորեն կարող ենք ասել, որ նախկին հնամաշ մետաղական ավտոբուսը, որ կարող էր ուղղակի ջարդոն դառնալ և վնասել բնությունը, վեր է ածվել նորոգ, կոկիկ, օգտակար, ստեղծարար միջավայրի, որից օգտվում են ոչ միայն Հարավային դպրոց-պարտեզի թատրոնի ընտրությամբ գործունեության սովորողները, այլև կրթահամալիրի հարյուրավոր այլ սովորողներ: Դեռևս չեմ հանդիպել մի խմբի, որը սիրով, զարմանքով և հետաքրքրվածությամբ չի վայելել ստեղծված մթնոլորտը, ներկայացումները և հետ վերադառնալու փափագով չի հեռացել: Սա կփաստեն տասնյակ տեսանյութերը, որ պատրաստվում են դասավանդողների կողմից: Կրթահամալիրում ձևավորված ստեղծարար, ինքնադրսևորվելու ազատ հնարավորություններով մեթոդաբանության փոքրիկ մասնիկ է դարձել նաև Թատրոն-ավտոբուսը: Այն հեղինակային մանկավարժության ինքնարտահայտման հարթակ է, սովորողի համար՝ սիրելի, հաճելի և ցանկալի վայր:
Համեցե՛ք․․․