Մայրենի լեզվի ուսուցման կարևոր բաղկացուցիչներից է մայրենի լեզվով`  բանավոր և գրավոր խոսքի միջոցով, սեփական մտքերը, հույզերն արտահայտելը։ Ինքնարտահայտումը սովորողին օգնում է գիտակցելու և զարգացնելու իր ստեղծական մտածողությունը. այն կարևոր դեր ունի ինքնագնահատականի ձևավորման գործում, ինչպես նաև նպաստում է համագործակցելու, հաղորդակցվելու կարողության զարգացմանը, միջանձնային հարաբերություններ ստեղծելուն։ Ինքնարտահայտման ուղղված աշխատանքները բազմազան են, և եթե սովորողը հնարավորություն ունի ինքնարտահայտվելու, ապա նա ավելի լավ է սկսում հասկանալ իրեն, իր շրջապատող աշխարհը, դա էլ իր հերթին նպաստում է անհատականության ձևավորմանը։ Ինչպես նշեցի, ինքնարտահայտման կարողությանն ու զարգացմանն ուղղված աշխատանքները բազմազան են, այն էլ  21-րդ դարում, այն էլ մեր կրթահամալիրում, երբ հնարավորություններն այնքան շատ են՝ սովորողն ունի բլոգ, ունի իր էջը, կարող է ունենալ իր անհատական նախագիծը, հանդես գալ իր անհատական ռադիոհաղոդաշարով, ավելին՝ կարող է իր աշխատանքները ներկայացնել, ստանալ կրթահամալիրյան մրցանակներից, ավելի լավ մոտիվացիա դժվար է մտածել։ Բազմապիսի մեթոդներից, ուղղություններից այսօր ուզում եմ անդրադառնալ շարադրանքի մեթոդին, որն ինքնարտահայտման, ինքնադրսևորման ձևավորման ու զարգացմանն ուղղված միջոցներից մեկն է։ Ո՞րն է այստեղ ուսուցչի դերը։ Այստեղ է, որ ուսուցիչը պետք է կարողանա օգնել, ուղղորդել սովորողին, որ վերջինս կարողանա անկեղծորեն, ազատ ու անկաշկանդ արտահայտել իր զգացածը, տեսածն ու լսածը։ Տարբեր մեթոդների օգնությամբ ուսուցիչը նպաստում է, որ սովորողը հավեսով պատմի, շարադրի, այդ ճանապարհին գտնի սեփական ոճը, կարողանա ասելիքը հստակ, ճիշտ ու հետաքրքիր ձևակերպել։
Սովորողների սիրելի թեմաներից են իրենց մասին, իրենց կենդանիների, սիրելի զբաղմունքների մասին պատմելը, և երբ սովորողը զգում է, որ իր մասին ներկայացնելը հետաքրքիր է իր ուսուցչի, ընկերների համար, իր փորձը, իր իմացածը կարևորվում են, ապա սովորողը դառնում է ավելի ինքնավստահ, գիտակցում, որ իր ասելիքը, մտքերը արժեք ունեն։
Ուսուցիչը քայլ առ քայլ, անհատական աշխատանք տանելով  սովորողի հետ նպաստում է յուրաքանչյուրի ստեղծական մտածողության զարգացմանը։
Սովորողներին տարբեր թեմաներով աշխատանք տալու ժամանակ, անպայման տալիս եմ ինքնուրույն թեմա ընտրելու հնարավորություն։ Երբ այդ կետը մոռանում եմ, անպայման լինում են սովորողներ, ովքեր ասում են՝ ընկեր Մարինե, իսկ մենք կարո՞ղ ենք մեր ուզած թեմայով գրել։
Շարադրությունները նպաստում են, որ սովորողները նկարագրություն կամ բնութագրություն անելիս ավելի ուշադիր լինեն, դիտեն, ուսումնասիրեն շրջակա աշխարհը, մարդկանց, երևույթները՝ կախված, թե ինչ թեմայի շուրջ է աշխատանքը։ Այս աշխատանքը նպաստում է նաև գեղարվեստական ստեղծագործությունները կարդալիս ուշադիր լինեն նկարագրական, բնութագրական հատվածներին, բառերին։ Այսպիսով հարստանում է նաև սովորողի բառապաշարը։
Կրթահամալիրում կարևորվում են նաև ճամփորդապատումները։ Յուրաքանչյուր ճամփորդությունից հետո սովորողը գրում է իր տեսածի, լսածի, տպավորությունների մասին։
Շարադրանքներն ընթերցելիս սովորողը սպասում է, թե ինչ կասես, ինչ արձագանք կստանա իր աշխատանքը։ Այստեղ դարձյալ կարևոր է ուսուցչի դերը։ Անպայման շեշտում եմ աշխատանքի դրական կողմերը, անգամ ամենափոքրիկ, ապա նրբորեն դիտարկում թույլ կողմերը, այ եթե այստեղ այսպես ձևակերպեիր, ավելի լավ կլիներ, կամ առաջարկում եմ նույն միտքը փորձել այլ կերպ ձևակերպել։ Սովորողը պետք է զգա, որ իր աշխատանքը գնահատվում է, որ ինքը կարող է ազատ, անկաշկանդ արտահայտվել, որ իրեն չեն քննադատի կամ ծաղրի։
Շարադրանքն օգնում է սովորողին անդրադառնալու իրեն հուզող, անհանգստացնող հարցերին։ Սովորողների աշխատանքներն ինձ օգնում են նրանց ավելի լավ ճանաչելու, հեշտացնում են նրանց հետ աշխատելն ու հասկանալը։ Սովորողների խոսքային հմտությունները զարգացնելու համար տարբեր հնարներ կարող ենք օգտագործել, շատ հավես ու հետաքրքիր են ռոդարիական մեթոդներով աշխատանքները։ Սովորողների սիրած մեթոդներից է երևակայական երկանդամությունը, երկու իրար հետ կապ չունեցող բառերը դուրս են գալիս իրենց սովորական իմաստներից, սկսվում է բառերի ու մտքերի մի հրաշալի խաղ, ընդ որում շատ հետաքրքիր է լինում, երբ երկանդամության հեղինակներն իրենք են․ արդյոք որ բառը որի կողքին կդնեն, ինչ կստանան․․․ Գործընթացը հրաշալի է, այստեղ է, որ ես՝ որպես ուսուցիչ, իսկապես հրճվում եմ նրանց մտքի ընթացքից, ընդհանրապես աշխատանքի պրոցեսից, սովորողը ենթագիտակցորեն իրար հետ կապելով առաջին հայացքից կապ չունեցող բառերը, մտածում է, երևակայում, հորինում և զարմանքով տեսնում եմ, որ այնքան տրամաբանական է այդ պատումը, այնքան իրական, այնքան բնորոշ հենց այդ սովորողին, կարծես ինքնարտահայտման համար հենց դա էր պակասում։ Սիրելի են այս տիպի աշխատանքները․․․Չորրորդցիների տարեվերջյան ստւգատեսի աշխատանքներից մեկն հենց այդպիսին էր։ Սովորողները մտածեցին, երևակայեցին ու հորինեցին ամենաանհավանական պատմություններ։ Իհարկե, ոչ բոլոր սովորողներն են սիրում ստեղծագործել, չնայած այդպիսի սովորողները շատ քիչ են մեր կրթահամալիրում, ընդհակառակը, նկատել եմ, որ ստեղծագործական աշխատանքները, շարադրանքները նրանց սիրելի աշխատանքներից են։  Այստեղ կարևոր է, որ ուսուցիչը անհատական մոտեցում ցուցաբերի։ Կան սովորողներ, որ դժվարանում են․ պետք չէ ստիպել, ավելին պահանջել, կարող է քիչ գրել, այստեղ կարևորը, որ ինքնուրույն աշխատի․․․
Սովորողներին այս հարցում միայն պետք է ոգեշնչել ու ոգևորել։ Անցած ուսումնական տարվա ընթացքում սովորողներին ուղարկեցի Զանգակի առաջարկած ստեղծագործական մրցույթի էջը։ Ցանկության դեպքում կարող էին մասնակցել «Մանկական գրքի փառատոն»-ի ամենասիրված նախագծերից մեկին՝ «Փոքրիկ հեքիաթագիրներ» մրցույթին։ Մասնակցել ցանկացան շատերը՝ թե՛ չորրորդցիներից, թե՛ վեցերորդցիներից։ Արդյունքում ունեցանք երկու հաղթող մասնակից՝ Արփի Արևշատյան, այժմ արդեն հինգերորդ դասարանցի, և Արփի Փարադյան, այժմ՝ 7-րդ դասարանցի։ Այս տարի նրանց ստեղծագործությունները ևս կտպագրվեն հեքիաթների ժողովածուում։
Շարադրանքն օգնում է սովորողին ավելի լավ հասկանալու ինքնիրեն, աստիճանաբար ճիշտ, հասկանալի ու գրագետ ձևակերպելու իր կարծիքը, տեսակետը, վերլուծելու գրական ստեղծագործությունը, պատմելու կարդացած գրքի, դիտած ֆիլմի մասին։
Օգնելով սովորողին՝ ուսուցիչն օգնում է նրա անհատականության ձևավորմանը, նպաստում ինքնագնահատականի բարձրացմանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով