Արդեն քսան տարի է, ինչ աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որից տասը տարին՝ կրթահամալիրի Միջին դպրոցում։ Ով չգիտի, ասեմ, որ կրթահամալիրի Միջին դպրոցում ամենափոքրերը վեցերորդ դասարանցիներն են, ովքեր տեղափոխվում են մեր կրտսեր դպրոցներից։ Ավանդույթի համաձայն՝ վերցնում ենք վեցերորդցիներին և նրանց հետ աշխատում մինչ ութերորդ դասարան։ Երեք տարին մեկ նոր սովորողներին ընդունելիս զարմանում եմ, թե ինչ տարբեր են նախորդներից՝ ավելի մոբիլ են, հմուտ, համարձակ և ինքնավստահ։ Ամեն անգամ հիանում եմ նրանցով,  համեմատում մի քանի առաջ նույն նստարաններին նստած սովորողների հետ։ Երբեմն ինձ բռնեցնում եմ այն մտքի վրա, որ այս «նոր» սովորողների մեջ «հներին» եմ փնտրում, համեմատում եմ երեխաներին, նրանց բնավորությունն ու «կերպարները»։

Ինչքան էլ կարևոր է դասավանդող-սովորող կապը, այնուամենայնիվ, սովորողների հետ շփումը միշտ դուրս է գալիս ուսումնական մակարդակից։ Ես շատ սիրում և կարևորում եմ մարդկային հարաբերությունները։ Նոր սովորողն ինձ համար առաջին հերթին նոր մարդ է, մարդկային նոր շփում։ Ուսումնական գործընթացից զատ կամ երբեմն էլ այդ գործընթացին զուգահեռ մի նոր աշխարհ, ընկերություն  է ստեղծվում՝ իր շատ սիրուն, հետաքրքիր կողմերով։ Չես կարող աշխատել սովորողի հետ առանց ճանաչելու նրան, առանց նրա հետ ապրումակցելու, հաջողությունները կիսելու և անհաջողությունները հաղթահարելու ուղիներ փնտրելու։ Մանկավարժությունը այդպիսին է, կենտրոնում մարդն է՝ առաջին հերթին իր զգացածով, բնավորությամբ, արարքներով։ Այս ամենը փոխադարձ է։ Սովորողի համար էլ շատ կարևոր է ուսուցիչ-մարդը․ նրան հետաքրքրում է քո արտաքինը, հագածը, շարժուձևը, բնավորությունը։ Այս ամենի հիմքում շատ սովորական, ոչ պաշտոնական մարդկային շփումն է։ Մինչ սովորողի մոտ ինքդ չբացվես, «քեզ ցույց չտաս», նա չի բացվի քո առջև։ Առաջին հերթին պետք է անկեղծ լինես նրա նկատմամբ, որ ինքն էլ անկեղծ լինի, վստահի քեզ, թույլ տա իրեն մոտենալ։ Մարդկային հարաբերություններից անցումը ուսումնականին մեկ քայլ է։ Մինչ չես ճանաչում սովորողին, ինքն էլ՝ քեզ, ոչինչ չի ստացվում։ Որպեսզի կարողանաս ուսումնական գործընթացում «լավ» արդյունք գրանցել, պետք է կարողանաս դասարանի բոլոր սովորողներին աշխատեցնել, ինչպես նաև, պետք է փորձես յուրաքանչյուր սովորողին աշխատեցնել իր ուժերի առավելագույն չափով։ Սովորողներին, այն էլ այդ տարիքի, այդքան էլ հեշտ չէ աշխատեցնելը։ Պետք է կարողանաս յուրաքանչյուրի հետ լեզու գտնել։ Դրա համար հարկավոր է լավ ճանաչել նրանց։ Երբ արդեն քիչ թե շատ «ճանաչում ես» սովորողներիդ, փորձում ես նրանց աշխատեցնելու մեթոդներ մշակել։ Միևնույն մեթոդով չես կարող բոլորին աշխատեցնել։ Յուրաքանչյուրին անհատական մոտեցում է հարկավոր։ Եթե մեկին պարզապես հանձնարարում ես, և նա կատարում է, մյուսը դա անում է միայն այն դեպքում, երբ մոտենում, շոյում ես գլուխը, երրորդի հետ պետք է պաշտոնական լինես, քանի որ քո մի ժպիտից երես է առնում, չորրորդի հետ պետք է պայմանավորվես, պայման կնքես, մյուսին՝ համոզես․ և այսպես հազար ու մի հնար ես գործի դնում։ Դասարանում սովորողները շատ են, դասավանդողը՝ մեկը, ուստի փորձում ես գտնել այն ամենաարդյունավետն մեթոդը, որը դասարանի մեծ մասին է աշխատեցնում։ Տարիների աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ ամենաարդյունավետ մեթոդը, թերևս, ոգևորելն է։ Պետք է փորձես այնպես անել, որ սովորողը ոգևորվի, ցանկանա աշխատել։ Պարտադրելով, պահանջելով շատ բանի չես հասնի, իսկ ոգևորելով շատերին կարող ես աշխատեցնել։ Այս անգամ էլ, կարծես թե, այս կախարդական մեթոդը գործեց։

Սակայն կախարդական մեթոդի կախարդանքն ակտիվացնելու համար պետք են մի քանի գործոններ․

  • սովորողը պետք է ընդունի, վստահի դասավանդողին
  • պետք է հավատա իր ուժերին
  • պետք է վստահ լինի, որ «նոր» դասավանդողը իր կողքին է, ցանկացած պահի կօգնի, կաջակցի
  • չվախենա սխալվելուց, փորձելուց, ձախողելուց

«Նոր» դասավանդողը պետք է․

  • Ձեռք բերի սովորողների վստահությունը
  • սիրի նրանց (երեխաները շատ արագ են զգում սերը)
  • ցանկացած պահի նրանց կողքին լինի
  • ուղղորդի, ոգևորի
  • սխալվելու դեպքում՝ նոր ուղիներ ցույց տա

Հանրակրթությունը՝ հանրակրթություն, սակայն ինձ համար մեր այլընտրանքային ծրագրի ամենագրավիչ բաղադրիչը սովորողի հետաքրքրությունների բացահայտումն ու դրանց զարգացման համար հող ստեղծելն է։ Կարևոր եմ համարում, որ դասավանդողը կարողանա յուրաքանչյուր սովորողի հետ այնպես աշխատել, որ բացահայտի նրա հետաքրքրությունները, դասն ու իր հեղինակությունն այնպես համադրի, որ սովորողը իր հետաքրքրությունները բերի դասարան, դարձնի իր դասի մի մասը։ Մայրենիի դասաժամը տալիս է այդ հնարավորությունը։ Եթե մայրենիի հիմքում գրավոր և բանավոր խոսքի զարգացումն է, ապա ի՞նչ տարբերություն, թե սովորողը ինչ կկարդա, ինչ կգրի, ինչի մասին կխոսի, ինչ կվերլուծի, ինչ կթարգմանի։ Եթե քո առաջարկած նյութերը հետաքրքիր չեն իրեն, թող իրեն հետաքրքրող նյութ ուսումնասիրի։ Պետք է դուրս գալ կաղապարներից և սովորողի օգտին գործել։ Այդպիսի մի նախագիծ առաջարկեցի բոլոր սովորողներին, և արդեն ունենք առաջին արդյունքները։ Նախագիծը տարբերվում է նրանով, որ յուրաքնչյուրին հնարավորություն է տալիս ինքնադրսևորվելու։ Ցանկացած հետաքրքրություն կարող են  դարձնել հետազոտման, աշխատանքի նյութ։

Հետաքրքրությունների բացահայտման և խթանման ճանապարհին շատ հետաքրքիր բացահայտումների ես հանդիպում։ Ճանաչում ես սովորողներին, ինչը օգնում է նրանց հետ հեշտ հարաբերվելուն, երբեմն կիսում ես նրանց հետաքրքրությունները, դառնում նրանց ընկերը, նրանցից մեկը։ Իրականում առանց սովորողների հետ նույն հարթության մեջ գտնվելու շատ դժվար է հաջողության հասնել։ Վաղուց եմ հասկացել, որ նրանց վստահությունը ձեռք բերելու համար պետք է իսկապես ընկերանաս իրենց հետ։ Որպես մայրենիի մասնագետ՝ ինձ հետաքրքրում է նրանց բառապաշարը․ օր օրի մայրենի լեզու են ներխուժում այնպիսի բառեր, տերմիններ, արտահայտություններ, որոնք մեզ համար անծանոթ են։ Շատ հաճախ դասերի ժամանակ սովորողները գործածում են դրանք, և որպեսզի հասկանաս, թե ինչ են խոսում, պետք է ծանոթ լինես բառին։ Չեմ ամաչում, հարցնում եմ, նրանք էլ սիրով ու մանրամասն բացատրում են։ Ակտիվանում են, երբ դասի ժամանակ իրենց հետաքրքրող, իրենց կողմից գործածվող որևէ բառի ես անդրադառնում, ոգևորվում են, սկսում օրինակներ բերել։ Երբեմն մնում են դասից հետո, փորձում զարմացնել իրենց իմացածով, «նոր» բառեր են սովորեցնում, բացատրում, թե որը ինչ իրավիճակում պետք է գործածես։ Սովորողները և ես շատ ենք սիրում, երբ դասից հետո կամ առաջ խմբվում են, պատմում իրենց հաջողության, ձեռքբերման մասին, խորհուրդ են հարցնում, կիսվում են մտահոգություններով, պատմում սիրահարվածության մասին։ Վեցերորդ դասարանցիները շա՜տ անկեղծ են ու բաց․․․ Չեն ամաչում, մանրամասն պատմում են, թե ում են սիրահարված, ոնց են սիրահարվել, խորհուրդ են հարցնում, մանրամասներ պատմում։ Ինձ ևս ոգևորում են նման շփումները․ դրանք անկեղծ են, զգացմունքային, ապրված։
Նորություն ասած չեմ լինի, եթե ասեմ, որ մանկավարժությունը հեշտ մասնագիտություն չէ, և առանց նմանատիպ շփումների և բացահայտումների դժվար կլիներ աշխատել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով