Այո՛, կրթահամալիրը 35 տարեկան է։ Եվ ես շնորհակալ եմ այդ առթիվ մեզ՝ հնաբնակներիս, արված անակնկալի, սիրո ու ջերմության համար։ Սիրելի՛ կրթահամալիր, ստեղծական նոր վերելքներ քո, մեր մանկավարժությանը։ Քեզ՝ բազում 35 տարիների անընդհատություն՝ անկանգ ու զարգացող․․․

Ես այս կրթական միջավայրում եմ արդեն 38 տարի։ Կատա՞կ եք անում․․․ Մի ամբողջ կյանք։ Ես վստահ եմ, որ իրապես երջանիկ է նա, ով իր սիրած գործով է զբաղվում։ Եվ խոստովանենք, որ այդ երջանիկների թիվը այդքան էլ շատ չէ։ Ինչքա՜ն մեծ է այն մարդկանց տոկոսը, ովքեր կամ չգիտեն՝ ի՞նչ են ուզում, ո՞րն է իրենց կյանքի գործը, կամ ունենալով իրենց երազած գործունեությունը՝ ստիպված են այլ ոլորտում աշխատել, և դա անում են հարկադրված, հանգամանքների բերումով, ուղղակի էդպես է ստացվել ու վերջ։ Կյանքի չար կատակ, ի՞նչ կարող ես անել։
Արի ու տես, որ բախտն իմ նկատմամբ շա՜տ բարեհաճ գտնվեց, և ես ես դարձա այդ երջանիկներից մեկը։ Եվ դարձա անկախ իմ կամքից, ավելին՝ իմ կամքին հակառակ։

Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում սովորելու տարիներին, հայրս, երբ ուզում էր ինձ բարկացնելլ, ասում էր ․ ,,Համալսարան, համալսարան․․․Մանկավարժ ես դառնալու, էլի․․․,,։ Խոստովանեմ, որ դա ինձ նեղացնում էր։ ,,Ի՞նչ մանկավարժ․․Համալսարան եմ ավարտում, որ մանկավա՞րժ դառնամ․․․ ,,,-դժգոհ փնթփնթում էի ես։ Մանկավարժությամբ երբեք ոգևորված չեմ եղել, ավելին՝ իմ երազանքերի մեջ այդ մասնագիտության թույլ նշույլն անգամ չկար։

Եթե ասեմ, որ գիտեի, թե ինչով եմ զբաղվելու համալսարանն ավարտելուց հետո, այդքան էլ ճիշտ չէր լինի։ Գուցե լեզվի կամ գրականագիտության ինստիտուտներում, դե, բանասիրությամբ, էլի, հայոց լեզվով կամ գրականությամբ․․․ Բայց մանկավարժությամբ զբաղվելը մտումս անգամ չէր քննարկվում։
Բայց ինչպես ասում են՝ երազանքը մի բան է, իրականությունը՝ մի այլ բան։
20-րդ դարի 80-ականների վերջն էր, և աշխատանք գտնելը պարզվեց լուրջ խնդիր է։ Ազդեցիկ ծանոթ-բարեկամ չունեի, որ ինձ օգներ որևէ տեղ տեղավորվել։ Երկար փնտրտուքներից հետո այնքան անհույս էր դարձել աշխատանք ունենալու հեռանկարը, որ արդեն համաձայն էի ցանկացած աշխատանքի, նույնիսկ դպրոցում աշխատելուն, միայն թե տանը չնստեի։ Բայց արի ու տես՝ ուսուցչության անցնելն էլ էր լուրջ գումարների հետ կապված։ Ժողկրթբաժիններում հերթագրում էին, և այդ հերթդ կարող էր տարիներով չհասնել, քանի որ այստեղ էլ գործում էր խնամի-ծանոթ-բարեկամ, նաև կաշառքային տարբերակը։ Մի խոսքով՝ փակուղի։
Ու հանկարծ լսում ենք, որ Հարավ-արևմտյան կորած-մոլորած մի թաղամասում դպրոց կա, որի տնօրենը հավաքում է երիտասարդ մասնագետների, և որտեղ հնարավոր է աշխատանքի անցնել առանց կաշառքի։ Ուսուցչությո՞ւն։ Երազանքս չէ, բայց ի՞նչ արած․․․Իմ համալսարանական բանասերի բարձունքներից սուսուփուս ցած իջա ու ուղևորվեցի դեպի անհայտություն, ինձ ոչինչ չասող այդ թաղամասը։
Բանգլադեշ եմ ասել, հա՜ ․․․ Բա դպրո՞ցը․․․ Հարավ-արևմտյան թաղամասը, որ ժողովուրդը հասկանալի պատճառով Բանգլադեշ էր կոչում, ինձ թվաց աշխարհի ծայրը, ուր գնում, գնում, գնում ու չես հասնում։ Ինձ թվաց՝ այնտեղ գնացող միակ ավտոբուսը՝ 40 համարը, մի ամբողջ հավերժություն է, որ գնում է ու երբեք տեղ չի հասնելու։
Վերջապես հասանք․․․ Գրեթե ամայի տարածություն, փոշու, քարի անծայրություն, նույնքան անմխիթար, ավերակ մի շենք՝ դպրոց կոչվող, շինարարական աղբի մեջ կորած, որի մուտքը երկար ժամանակ չէի կարողանում գտնել։
Տնօրեն Աշոտ Բլեյանի հետ զրույցն էլ հուսադրող չէր։ Ոչ այս կողմ, ոչ այն կողմ, ինձ առաջարկվեց դասվարի աշխատանք։ Ի՞նչ․․․Ես, համալսարանի բարձր առաջադիմությամբ ավարտածս, հայոց, լեզու, գրականության մասնագետս, ով գիտական գործունեության հովեր ունի, դասվա՞ր․․․
Բայց ինչպես ժողովուրդը կասեր՝ ,,անճարը կերել է բանջարը,,, իսկ մայրիկս կավելացներ՝ ,,ավելի անճարը խմել է բանջարի ջուրը,,։ Ես հայտնվել էիր հենց այդ բանջարի ջուր խմողի կարգավիճակում։
Այսպես ես հայտնվեցի համար 183 դպրոցում։
Անկեղծության համար ասեմ, որ սկզբում մտածում էի․ ,,Դե, մի քանի տարի կաշխատեմ, ինձ համար հարմար աշխատանք կգտնեմ ու կտեղափոխվեմ։ Հո դպրոցո՞ւմ չեմ մնալու․․․,,։
Իսկ կրթահալիր ընդունվեցի որպես գրադարանավարի օգնական (սա էլ իմ՝ համալսարականիս, գիտական աշխատանքը)։ Դա1986թ-ի մայիսն էր։
Նույն թվականի սեպտեմբերից արդեն քառասուն հոգիանոց երկրորդ դասարանի դասվար էի։ Դասարան, որի առաջին դասարանի դասվարը թողել էր դպրոցը, որովհետև առաջին դասարանում այդպես էլ այդ անկարգները տառերը չէին սովորել։ Եվ իմ առաջ պայման դրվեց՝ կառաջադիմի դասարանը, ես կշարունակեմ աշխատել, չէ, ստիպված կլինեմ այլ աշխատանք փնտրել։
Ես դասվար ընդամենը երկու տարի եմ եղել։ Այնուհետև հայոց լեզու, գրականություն եմ դասավանդել Միջին, Ավագ դպրոցներում, կրթահամալիրի քոլեջում, բավականին երկար տարիներ ծրագրի ղեկավար եմ եղել կրթահամալիրի տարբեր դպրոցներում։ Բայց եթե ինձ հարցնեք՝ մանկավարժական լավագույն աշխատանքը ո՞րն է, ես կպատասխանեմ՝ դասվարությունը։ Ոչինչ ինձ համար այնքան սիրելի չէ, որքան այդ տարիքի երևակայությունը, ստեղծականությունը, սրտանց ուրախանալու կարողությունը, փոքր թվացող բաներով ոգևորվելը, հավատարմություն-կապվածությունը, անկեղծություն-անմիջականությունը, մինչև վերջ վստահելու կարողությունը․․․Մի ուրիշ աշխարհ է երեխաների մոլորակը։ Ես ինձ այնտեղ ամենապաշտպանված եմ զգացել։
Եվ այդ օրվանից անցել է արդեն 38 տարի։
Այն միտքը, որ ես ժամանակավոր եմ զբաղվելու մանկավարժությամբ, շատ արագ մոռացվեց։ Ես հայտնվեցի ստեղծագործական մի միջավայրում, որտեղ երիտասարդ , մանկավարժությամբ տարված, ոգևորված նվիրյալների մի ոչ փոքրաքանակ խումբ էր գործում և ստեղծում իր մանկավարժությունը։ Դրվում էին նոր, հեղինակային մանկավարժության հիմքերը։
Եվ ես դարձա այդ այդ աշխատախմբի անդամներից մեկը, ում հետաքրքրեց, ոգեշնչեց նոր մանկավարժությունը։
Եվ այդպես մանկավարժությունը դարձավ իմ կյանքի գործը։
Ի՞նչը այսքան երկար տարիներ ինձ պահեց կրթահամալիրում։
Ստեղծելու, ազատ գործելու անսահմանափակ հնարավորությունը, նախաձեռնելու, իրականացնելու, մի խոսքով՝ ստեղծական կյանքով ապրելու հնարավորությունը։ Հենց ապրելու․․․ Գործը որպես կյանք, որպես կյանքիդ կարևորագույն մաս, ինքնարտահայտվելու, ինքնակատարելագործվելու հնարավորություն, որտեղ դու և՛ տեր ես, և՛ ծառա, և՛ արարող ես, և՛ կատարող, և այդ ամենը անում ես սիրով, առանց պարտադրանքի, կարևոր գործ անողի գիտակցությամբ։
Ես ուրախ եմ, որ իմ համեստ մասնակցությունն ունեմ նոր մանկավարժության ստեղծմանն ու զարգացմանը, որ մասնակիցն եմ այնպիսի կրթահամալիրի կայացմանը,  որտեղ հարյուրավոր երիտասարդ մասնագետներ հնարավորություն կունենան զբաղվելու իրական, ստեղծական մանկավարժությամբ, կզբաղվեն իրենց սիրելի, կյանքի գործով, և կլինեն նույնքան, կամ ավելի քան երջանիկ, քան ես։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով