«Ողջույն, ես եմ»  նախագծի շրջանակում փորձեցինք ավելի լավ ճանաչել սեբաստացի սաներին։ Որպես խմբի դաստիարակ՝ շատ հեշտ է պատմել, նկարագրել, ներկայացնել նրանցից յուրաքանչյուրին։ Օրական ութ ժամ միասին խաղում ենք, մարզվում, երգում, պարում, զրուցում ու ամեն օր էլ ավելի լավ ենք ճանաչում միմյանց։ Փորձում ենք օգնել, որ նրանցից յուրաքանչյուրը կարողանա ճանաչել ինքն իրեն, ներկայացնել իր «ես»-ը, հասկանալ, գիտակցել սեփական մտքերը, ցանկությունները։ «Ես»-ի արտահայտումը օգնում է երեխաներին զարգացնել հաղորդակցական հմտություններ, սովորեցնում է ճիշտ ընկալել սեփական մտքերը, զգացմունքները։ Ինքնարտահայտումը հնարավորություն է տալիս բարձրացնել երեխայի ինքնագնահատականը, զարգացնում է մտածողությունը, երևակայությունը։ Ահա՛ այսպես ծնվեց նախագծին նման ուղղվածություն տալու միտքը։

Այս նախագծի շրջանակում ծնողական համայնքը դառնում է կրթական գործընթացի անմիջական մասնակից։

Ծնողը դառնում է հարցազրուցավար, լրագրող, փորձում է «աստղից» հարցազրույց վերցնել խաղի միջոցով՝ կախարդական բարձրախոսը պահում է, ու սկսվում է ներկայացումը…

Դինա Սարգսյան

Եթե աշխարհում թիթիզների մրցույթ լիներ, Դինան միանշանակ առաջին հորիզոնականում կլիներ։ Այս գեղեցիկ արցախցին խոսում է միայն իրեն բնորոշ Արցախի բարբառով։ Ինչո՞ւ միայն իրեն բնորոշ, քանզի ունենք խմբում արցախցի այլ փոքրիկներ, ովքեր խոսում են, և ես հասկանում եմ։ Իսկ մեր գեղեցկուհին խոսում է արագ ու մի հետաքրքիր լեզվով, որը հասկանալու համար ինձնից մեկ տարի պահանջվեց։ Ռուսերեն-հայերեն-Արցախի բարբառ-անգլերեն կոմբինացիան ստեղծում է Դինայի հետաքրքիր ու քաղցր լեզուն։

Դինան շատ է սիրում, երբ գովում են իրեն, նկատում են հագուստը, նոր սանրվածքը, իսկ երբ չես նկատում, հիշեցնում է։

-Ընկե՛ր Անուշ, գիդում չե՞ս, որ էկել եմ, թե չե՞ս իշել ինձ։ Նայի՝ ինչ սիրուն խվոստիկ եմ արալ, լայք պրինցեսի պես։

-Ընկե՛ր Անուշ, էս զույգիկները ադինակվի են, չեմ  իմանում՝ ում եմ սիրում։

Երբ բոլորը բացականչում են՝ ամենալավ երկուսից չորս տարեկաններին՝ ջա՜ն, Դինան բացականչում է՝ ամենալավ Բաբոյին ասում ենք՝ ջա՜ն։

Իսկ իր մասին տեսանյութը ներկայացնելիս հիշեցնում է.

-Ուշադիր իշի՛, ամենապրիկոլնի պահը, որ ձեռքով եմ անում, է՛տ ա։

Գարիկ Նավոյան

Գարիկ Նավոյանը 3 տարեկան է։ Այսպիսի բարի, նուրբ, ժպտերես ու սիրով լի տղայի կարող եք հանդիպել միայն քոլեջ-պարտեզում։
Բացի բարի ու սիրալիր լինելուց, նա նաև իրական ջենտլմեն է։ Չկա խմբում մի աղջիկ, որ մնա առանց նրա ուշադրության։ Օգնություն է պետք, վազում է, լալիս են, մխիթարում է, գեղեցիկ են, հիշեցնում է։ Բայց ամենասիրելին մայրիկն է։
— Ընկե՛ր Անուշ, երբ մեծանամ, մայրիկիս հետ եմ ուզում ամուսնանալ, նա ամենասիրունն է։

Գարիկն ապագա երաժիշտ է։ Սիրում է երգել, նվագել տարբեր երաժշտական գործիքներ։ Երբ նոր սեբաստացի էր, առավոտը սկսում էր դհոլով, իսկ տուն գնալու միակ պայմանը դաշնամուր նվագելն էր։
Իսկ այս տեսանյութում ինքն է պատմում իր մասին։

Արսեն և Լեո Աղումյան

Ծանոթացե՛ք, Արսենն ու Լեոնն են։

Առաջին հայացքից իրարից ոչնչով չտարբերվող երկու տղա` մեկ դեմքով։ Նայում ես ու չես կարողանում տարբերել։ Նման են, ինչպես ջրի երկու կաթիլ։ Ամեն առավոտ գալիս են պարտեզ իրար նման հագուստով, ամեն հագուստի վրա՝ մի-մի արջուկ։ Պատահական չէ, որ արջուկ ենք անվանում նրանց։ Հագուստի, անակողնու, պայուսակի, գլխարկների, ամեն ինչի վրա արջուկներ են պատկերված։
Լեոն և Արսենն արդեն մեկ տարի է՝ սեբաստացի են։
Այս տեսանյութը դիտելով՝ դուք էլ կսիրենք նրանց այնքան, ինչքան մենք ենք սիրում։

Արարատ Ղազարյան

Արարատ Ղազարյանը 3 տարեկան է։
Իզուր չէ, որ այս տղայի անունն Արարատ է։ Չնայած դեռ երեք տարեկան է, բայց շատ է սիրում իր հայրենիքը, հայրենի գյուղերը, քաղաքները։
-Ընկե՛ր Անուշ, երկու գյուղ եմ շատ սիրում՝ Մրգաշատն ու Արենին։ Մրգաշատում այգի ունեմ, ծառերը ջրում եմ, հողը փորում։ Լողավազանս էլ քանդել ենք, նորն ենք կառուցում։
Ամեն անգամ մեծ հաճույքով է պատմում իր գյուղային արկածների մասին։
Արարատն արդեն մեկ տարի է՝ սեբաստացի է։ Շատ է սիրում լողալ, ինքնագլոր վարել, վազել, մարզվել։ Ամենասիրելի զբաղմունքը ծառերն ու ծաղիկները խնամելն է։
Իսկ այս տեսանյութում ինքն է պատմում իր մասին։

Թամարա Պատվականյան

Ծանոթացե՛ք, Թամարան է։

Այս նուրբ ու փոքրիկ աղջնակն արդեն երկու տարի է՝ սեբաստացի է։ Մտնում է պարտեզ միշտ հպարտ, լայն ժպիտով, բարևում բոլորին ցածր, բայց հստակ ձայնով, սկսում է շուրջը հավաքել ընկերներին։

Այս պստիկ, բայց ճստիկը գիտի ամեն երգ, խաղ, հեքիաթ ու բանաստեղծություն։ Մասնակցում է ամեն զրույցի, քննարկման ու խաղի։ Նա այնքան ակտիվ է, կարծես սնդիկը ջերմաչափի մեջ։ Երբևէ դիտե՞լ եք «Մաշան և արջը» մուլտֆիլմը։ Թամարան մեր Մաշան է՝ անսպառ էներգիայով ու ակտիվությամբ։

Պարտեզում բոլորին շատ է սիրում, բայց Նարեն իր համար անփոխարինելի է։

-Ընկե՛ր Անուշ, գիտե՞ս, որ ես ու Նարեն իրար հետ չենք ապրում, բայց քույրիկներ ենք։

Նարեն ու Թամարան անբաժան են։ Երբ Նարեն պարտեզ չի գալիս, Թամարան սպասում է նրան, պահում նրա տեղը իր կողքին ու այս օրերին կարծես տխրում է, դառնում սուս ու փուս։

Չմոռանանք ասել, որ Թամարան, արքայադուստր լինելով, սիրում է կրել միայն զգեստներ։ Եթե անգամ դրսում ցուրտ է՝ անձրև կամ ձյուն, նա իր գեղեցիկ կիսաշրջազգեստներով է, արդ ու զարդով։

Բացի Նարեից, Թամարայի լավագույն ընկերներն իր ավագ եղբայրներն են։ Այս գեղեցկադեմ երիտասարդները կատարում են իրենց արքայադստեր յուրաքանչյուր ցանկություն։ Դուրս է գալիս պարտեզից, ցուցամատը դնում դնչիկին, մտածում ու ասում․

-Այսօր գնում ենք այս ճանապարհով։

Ինքը գնում է, իսկ եղբայրները ժպիտով հետևում են ու հսկում իրենց արքայադստերը։

Ռուբեն  Հոխանյան

«Բարև, ես եմ» նախագծի շրջանակում ծանոթացանք մեր խմբի սաներին՝ նրանց հետաքրքրություններին, կյանքին, ընտանիքին։  Ինչպես ասում են. «Լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել»։

Ահա այսպես էլ մենք տեսանք նրանց իրենց աչքերով, ապրեցինք ու ճանաչեցինք յուրաքանչյուրին։

Շարունակելով շարքը՝ այսօր էլ եկե՛ք ծանոթանանք Ռուբենի հետ։

Պարտեզ է մտնում ժպիտով, դրական էներգիայով։ Չկա խմբում մի սան, որ չուզենա խաղալ, շփվել, ընկերանալ նրա հետ, որովհետև յուրաքանչյուրին սիրում է յուրովի, սրտանց, անկեղծ։ Եթե անգամ գտնվում է մի դժգոհիկ, տխուր ընկեր, Ռուբենը նրան էլ է գրավում, փոխանցում իր դրական էներգիան։

Ռուբենը սիրում է աջակցել, մխիթարել ու անգամ երբ դրա կարիքն ինքն ունի, չի սպասում ուրիշներին։

-Չեմ նեղվում, որ շալվարս (տաբատը) կեղտոտվել է, մամաս կարողանում է լվանալ։

— Չեմ լացում, խաղալիքը դնեմ դարակին, հետո տուն գնալիս կվերցնեմ։

-Մի քիչ էլ որ սպասեմ, մաման կգա։

Չկա խմբում մեկը, որ չսիրի Ռուբենի գորտապարը։

Բոլորին հավաքում է շուրջը, ու սկսում է այդ զվարճալի խաղը։ Ընդհատել նրան չենք փորձում, որովհետև մինչև պարը չավարտի, մեզ չի լսի։

Մեր Ռուբենը իսկական զրուցակից է։ Սիրում է պատմել իր ընտանեկան հավես պատմությունները, անցյալում ու ներկայում պատահած դեպքերը, ինչու չէ, իր պատկերացրած  ու ոչ իրական դրվագները։ Ամեն անգամ պատմելիս լարվում է, որ հանկարծ չենք սպասի, կընդհատենք, բայց համբերությամբ լսում ենք, որ մեր ուրախիկը միշտ ուրախ մնա։

Դե իսկ ավելին՝ տեսանյութում։

Մխիթար Հակոբյան

Ծանոթացե՛ք, Մխիթարն է։ Արդեն մեկ տարի է, ինչ սեբաստացի է։ Երևի չկա մի սան, ով ավելի կսիրի քոլեջ-պարտեզի բակը, քան Մխիթարը։

Յուրաքանչյուր օր, երբ սաների համար սկսվում է երազների, հեքիաթների ժամը, Մխիթարի համար ուսումնասիրության, հետազոտությունների ժամ է։ Մայրիկի ու փոքր եղբոր ընկերակցությամբ ժամերով խաղում է Քոլեջի ներքին բակում, փորում, հետազոտում, չափչփում։

Նա ունի շատ տարբեր հետաքրքրություններ։ Սիրում է տիեզերքը, հողագործություն, պեղումներ, սուպերհերոսների մասին պատմող ֆիլմեր։ Ինքն էլ իրեն զգում է սուպերհերոս։ Ամեն անգամ պատմում է երկար ու զվարճալի պատմություններ, որոնք դու անպայման պետք է ուշադիր լսես։ Սիրում է օգնել ընկերներին, նրանց սովորեցնել՝ ինչպես որևէ բան ճիշտ անել։

Քնել Մխիթարը չի սիրում, բայց երբ ժամանակն է գալիս խմբասենյակը քնի ծեսին նախապատրաստելու, նա անհամբեր է։ Արագ մաքրում է, դասավորում անկողինները, գիտի, թե, որ անկողինն ումն է։ Ճիշտ հերթականությամբ շարում է դրանք ու վազում մայրիկի մոտ։

Ավելին՝ տեսանյութում․․․

Նարե Նիազյան

Մեր հաջորդ հերոսուհին Նարեն է։

Առավոտյան գալիս է հեզ, խաղաղ, դանդաղ՝ մերթընդմերթ ժպտալով։ Նստում է միջանցքում, հանգիստ հագնում հողաթափերը, համբուրում մայրիկին ու եղբորը, մտնում խմբասենյակ… Եվ արթնանում է մեկ այլ աղջնակ։ Փոթորիկի նման  վազում, զրնգուն ծիծաղը մի վայրկյանում տարածվում է խմբասենյակում։ Հավաքում է իր բանակը, ու սկսում խաղերի շքերթը։ Անդադար պատմություններ, դերային խաղեր․․․ Հետևից տանում է խմբի սաներին․ բոլորն են ուզում լինել նրա ընկերը։ Ճաշի ժամանակ սկսվում են բանակցությունները, թե ով պետք է նստի Նարեի կողքը․ արդյունքում միշտ հաղթում է Թամարան (լավագույն ընկերուհին)։ Նարեն չի սիրում վիճել, երբեք չի նեղացնում ոչ մեկին ու ինքն էլ երբեք չի նեղանում, չի տրտնջում ու չի լացում։ Արդեն երեք տարի է՝ սեբաստացի է։ Գիտի կոմիտասյան բոլոր երգերը, թումանյանական հեքիաթները, աղայանական շուտասելուկները և պատրաստ է օգնել յուրաքանչյուրին, ով նոր է ուզում սովորել։ Նա շատ բարի է։

-Սոմա՛, եթե ուզում ես, արի իմ անկողնում քնիր, բայց մի՛ լացի։

-Արսե՛ն, Լեո՛, մի՛ կռվեք, երկուսիդ էլ սիրում եմ։

Եվ ահա տուն գնալու ժամանակն է։ Նորից դառնում է հեզիկ, նրբիկ, վազում է, գրկում մայրիկին, ու կարծես այդ ամենը իր հետ չէր էլ եղել։

Դե՛ եկեք դիտենք ու էլ ավելի լավ ճանաչենք  մեր սիրուն ու հեզ աղջկան։

Մարիամ Գրիգորյան

Անվանը բնորոշ համեստությամբ, հեզությամբ, նրբությամբ օժտված այս աղջիկը պարտեզ սկսեց հաճախել մեկ տարի առաջ։ Քույրիկի ձեռքը բռնած՝ մտնում էր խմբասենյակ ու ամբողջ օրվա ընթացքում նրանից մեկ քայլ անգամ չէր հեռանում։ Երբ ցանկանում էինք՝ մեկ այլ տեղ նստի կամ մի ուրիշ բանով զբաղվի, ֆիլմի հերոսուհու նման բացականչում էր.

— Քույրի՜կ, օգնի՜ր, փրկի՜ր։

Իսկ հանգստի ժամին քույրիկի անկողնուն էր մոտեցնում իր անկողինը, բռնում էր ձեռքը և միայն այդ պայմանով քնում։

Ահա քույրիկը դարձավ հինգ տարեկան, գնաց նոր խումբ։

Մտածում էինք, որ Մարիամը առանց քույրիկի կդժվարանա, չի ցանկանա հաճախել պարտեզ։ Առաջին օրն էր պարտեզում՝ առանց քրոջ։

Ժպիտը դեմքին, մեծ ու գեղեցիկ աչուկներով մտավ խմբասենյան, նստեց ընկերների մոտ ու սկսեց անհոգ խաղալ։
Խմբասենյակում տիկին Մարինեն էր՝ իր երգով ու պարով։

Մարիամը երգում է բոլոր երգերը, խաղում խաղիկները։ Հանգստի ժամին ինքնուրույն հանում է շորն ու կոշիկը, կոկիկ ծալում ու հանգիստ պառկում անկողնու մեջ։

Մեր փոքրիկ քույրիկը մեծացել է ու դարձել ինքնուրույն, խիզախ, իրական սեբաստացի։

Սոմա Բլեյան

Ծանոթացանք մեծ ու փոքր սեբաստացիների հետ, նրանց հետաքրքրություններին, կրթահամալիրում և դրանից դուրս նրանց կյանքին։ Մեր խմբի կրտսերը սիրունիկ Սոման է։

Սոման իր պարտեզային կյանքն սկսեց դեռ երկու տարեկան չդարձած։ Կրթահամալիրի բոլոր խմբերի սիրելի ու սպասված հյուրն էր նա։ Ամեն անգամ, երբ հյուր էր գալիս մեզ, սաները կարծես երկար ժամանակ չտեսած բարեկամի հանդիպեին։ Կարոտած, ուրախ ու զրնգուն բացականչություններով դիմավորում էին նրան։

Եվ ահա մեր սիրելին մեծացավ ու դարձավ մեր պարտեզային ընտանիքի անդամ։

Սոման շիկահեր, վարդագույն թշիկներով, խելացի, մեծ աչուկներով մի աղջնակ է։ Երբ ժպտում է, անկախ քեզնից սկսում ես հետը ժպտալ, ուրախանալ։ Դեռ լավ չի խոսում, բայց շատ ինքնուրույն է։ Չի սիրում, երբ իրեն փորձում ես օգնել։ Ուզում է ամեն բան սեփական ուժերով անել։ Հարթակին բարձրանալ-իջնելը ամեն անգամ հաղթական տրամադրություն է բերում, իսկ ինքնուրյուն ուտելը նրա սիրած զբաղմունքն է։ Խմբասենյակում Սոմայի սիրած անկյունը գրադարանն է։ Գունազարդ գրքերը թերթում է, ուշադիր նայում, իսկ խաղալիքներից շատ է սիրում փայտե, գունավոր աշտարակն ու բազմագույն գնդակները։

Այս ընթացքում հասցրել է ընկերանալ բոլորի հետ, բայց Դինան և Նարեն իր համար անփոխարինելի են։ Օգնություն մեծերից չի սիրում, բայց Դինայի օգնությունից երբեք չի հրաժարվում։ Կրկնօրինակում է ընկերուհու ծիծաղը, շարժումները, փորձում է ամեն ինչում հետևել նրան։ Բայց երբ գալիս է հանգստի ժամը, ու բոլորը իրենց անկողիններում են լինում, Սոման հայտնվում է Նարեի կողքին։ Համբուրում է, գրկում ու քնում նրա կողքին։

Երբ մեր կամակոր աղջնակը հիշում է մայրիկին,  մի քիչ տխրում է ու սկսում լացել․ միասին երգում ենք։ Երգը Սոմայի տարերքն է։ Անգամ երբ խոսել չգիտեր, երգում էր։ Նա զգում է երաժշտությունը, ինչպես մենք՝ օդը։ Խնդրում է բացել խմբասենյակի դաշնամուրը, սեղմում է ստեղներին ու երգում այս կամ այն երգի մեղեդին։ Վերցնում է դհոլը ու փորձում հարվածել ու գտնել երգեր, որոնք հարմար են իր հարվածներին։ Ծափ է զարկում ու պարում։

Սոման սիրում է բնությունը, ծառն ու ծաղիկը, քոլեջի լաբորատորիայի կենդանիներին։ Ամառային պարտեզի ժամանակ սիրած զբաղմունքը ցնցուղով, ջրային խողովակներով ծառերն ու ծաղիկները ջրելն էր։

Չնայած փոքր տարիքին՝ չի սիրում, երբ շուրջը կեղտոտվում է, կամ ապուրի անգամ մեկ կաթիլ է թափվում հագուստին։ Երբեմն ուտում է ձեռքերով (իր սիրելի մակարոնով փլավը), բայց ընթացքում մերթընդմերթ վազում է, լվացվում ու կրկին սկսում ուտել։

Վերջին մեկ տարին Սոման անցկացրել է Դդմաշենի ուսուցչի տանը։ Գյուղի անցուդարձին, առօրյային, նոր ու հետաքրքիր մարդկանց փորձել է ներկայացնել իր տեսանյութում։

Այս շարքը համալրվում է ամբողջ տարվա ընթացքում՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր նոր ու հին սեբաստացու ինքնարտահայտվել, զարգացնել կոմունիկացիոն հմտություններ, ճանաչել ինքն իրեն ու շրջապատող աշխարհը։

Միմյանց տեսանյութերը դիտելով՝ սաները սովորում են ոչ միայն ինքնաարտահայտվել, այլ նաև ավելի լավ ճանաչել իրենց ընկերներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով