Թանգարանային մշակույթը և ժամանակի մարտահրավերները

Թանգարանների դերը անչափ կարևոր է մեր կյանքում։ Մշակութային այս հաստատությունները բոլոր ժամանակներում մեծ գործառույթ են իրականացրել ու այսօր էլ շարունակում են ողջ ծավալով։ Նրանք մարդկության ստեղծած արժեքները, ավանդույթները վերացումից  փրկելու,  ապագա սերունդներին փոխանցելու և դրանք զարգացնելու իրական հարթակներ են։ Մերօրյա թանգարանները նաև իրենց երկարամյա գործունեությամբ շարունակում են ձևավորել հանդուրժողականության, խաղաղության, մշակութային բազմազանության հանդեպ հարգանքի մթնոլորտ, բարելավում են մարդկանց կյանքը ու հասարակություններ կրթում։
Այսօր աշխարհի առաջավոր երկրներում թանգարանային գործի ասպարեզում մշակվում  են նոր, այլընտրանքային մեխանիզմներ, որոնք հաստատում են,  որ ժամանակն է մշակութային այս օջախներում  կիրառել  բազմաբովանդակ  գործունեություն, որն առավել կխթանի այցելուների հետաքրքրությունն ու կբարելավի թանգարանային ծառայությունների որակը։
Ճիշտ ժամանակն է, որ այլընտրանքային այդ մեխանիզմների մեջ առաջնահերթությունը տրվի նաև կրթական, ուսումնական գործառույթներին, ու թանգարանները մշակութային արժեքների պահոցներից բացի դառնան նաև  կրթական նախագծերի իրականացման կենտրոններ։  Այս դեպքում սովորողի համար  թանգարան այցը կունենա  ոչ միայն ճանաչողական, գեղագիտական ու դաստիարակչական նշանակություն, որ կրթում, զարգացնում է  նրա ճաշակը, երևակայությունը, բացահայտում նրա բազմաբնույթ ունակությունները, այլև  սովորողը հնարավորություն կունենա մշակութային այս հաստատություններում իրականացնել  ուսումնական-հետազոտական նախագծեր, մասնակից դառնալ թանգարանի ներսում իրականացվող տարաբնույթ աշխատանքների, զգալ իրեն իբրև թանգարանի աշխատողի օգնական կամ թանգարանում ստեղծված որևէ ստեղծագործության  համապատասխան միջավայրի  անմիջական գործող անձ կամ հերոս։
Իմ բազմաթիվ ճամփորդությունների ընթացքում առիթ եմ ունեցել՝ լինելու աշխարհի շատ թանգարաններում, որոնցից շատերում վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաները այնքան լայն կիրառություն են ձեռք բերել, որ նույնիսկ  մի քանի լեզուների տիրապետող զբոսավարի անհրաժեշտությունն է վերացել։ Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ բազմալեզու ականջակալների միջոցով  թանգարանի բազմազգ  այցելուները հնարավորություն են ունենում  միաժամանակ թե՛ շրջելու թանգարանի սրահներում և թե՛ ունկնդրելու իրենց նախընտրած լեզվով մատուցվող տեղեկատվությունը։  Նույն տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ է նաև, որ այսօր աշխարհում վերափոխվում են  «դասական» համարվող բազմաթիվ թանգարաններ, որոնցում  այցելուն ոչ թե նախկին պասիվ ունկնդիրն է կամ դիտորդը, այլ ինքն էլ չի նկատում, թե ինչպես է դառնում  նորագույն միջոցներով վերաստեղծված պատմական այս կամ այն միջավայրի կամ իրականության  գործող անձ։ Այսպես՝ առիթ եմ ունեցել տեսնելու, թե Դանիայի Օդենսե քաղաքում Հանս Քրիստիան Անդերսենի տուն-թանգարանը վերանորոգումից հետո ինչպես է վերածվել մեծ հեքիաթասացի ստեղծագործությունների միջավայրը ներկայացնող իսկապես հեքիաթային մի իրականության,  որտեղ ոչ միայն փոքրահասակ այցելուները, այլև մեծահասակներն անգամ հրճվանքով, անսպասելիորեն հայտնվում  էին  այս կամ այն հեքիաթի հայտնի դրվագում ու իրենց արարքների շնորհիվ զարմանալի, ռոդարիական լուծումներ տալիս հեքիաթային այդ միջավայրին։
Ուրախությամբ պիտի խոստովանեմ, որ վերջին տարիներին աշխարհի թանգարանային մշակույթում տեղ գտած այս հետաքրքիր մտահղացումները, նորարարական  լուծումները կամաց-կամաց ներթափանցում են նաև հայկական թանգարանային միջավայր և ուզում եմ հավատալ, որ  Երևանի, ինչպես նաև Հայաստանի տարբեր թանգարան-լաբորատորիաների, թանգարան-արգելոցների հետ մեր կրթական հաստատությունների հետագա  համատեղ աշխատանքները կրթական նոր հաջողություններ են գրանցելու։

Երևանի թանգարաններն ու Ձմեռ պապը

2024 թվականին՝ կրթահամալիրային նախագծեր իրականացնելիս, ուսումնական մի շարք ճամփորդություններ եմ իրականացրել մեր անվանի գործիչների տուն-թանգարաններ, որոնց համար այս տարի՝ 2025 թվականին, արժանացել եմ  «Ձմեռ պապ 2024-2025» մրցանակ-ին։ Իբրև մայրենիի ուսուցիչ շատ կարևորելով նման ճամփորդությունները՝ մշտապես  իմ գործունեության  տեսադաշտում եմ պահում այսպիսի ճամփորդությունների  հենց «ուսումնական» բաղադրիչը։ Բազմիցս եմ համոզվել, որ գրողին, արվեստագետին նվիրված նախագիծ իրականացնելիս սովորողի յուրացրած գիտելիքն իրենն է դառնում ու ամուր դրոշմվում  նրա հիշողության գաղտնարանում, երբ առավել հարազատ միջավայրում՝  գրողի,  արվեստագետի հայրենի բնաշխարհում կամ տուն-թանգարանում, սովորողը ներկայանում է ոչ թե պարզապես պասիվ ունկնդիր  կամ այցելու, այլ բերանացի կարդում է նրա ստեղծագորություններից, հաղորդակից լինում նրա կյանքի մանրամասներին, ապրած միջավայրին, տեսնում, շոշափում է նրա անձնական իրերը, ունկնդրում նրա ձայնը և այլն։
Նախորդ տարվա՝ 2024 թվականի մեր առաջին տուն-թանգարան այցելությունը անմիջականորեն կապված էր Ձմեռային ազգագրական փառատոնի հետ։ Խոսքս Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան մեր այցելության մասին է։ Ուրիշ որտե՞ղ կարելի է այդքան բազմազան-բազմատեսակ ազգագրական նյութեր, պարագաներ տեսնել,  տնտղել, շոշափել, դրանցով զմայլվել, եթե ոչ այստեղ։ Իբրև ճամփորդության համակարգող` նախատեսել էի, որ սովորողները,  ազգագրական փառատոնի ընթացքում կատարած աշխատանքներից զատ, նաև տեսնեն, ճանաչեն այն իրերը, երկրագործական, տնայանագործական գործիքները, որոնք հիշատակվում են մեր կարդացած հեքիաթներում ու զրույցներում՝ ճախարակ, սանդերք, խնոցի, կուժ, կճուճ, խուրջին, տրեխ, գորգ, կարպետ և այլն։ Պիտի ասեմ, որ տպավորված էինք թե՛ մեր տեսածով, թե՛ լսածով ու թե՛ զգացածով: Սովորողների համար ամեն ինչ հետաքրքիր էր, նրանց մի մասը շատ իրեր առաջին անգամ էր  տեսնում։ 
Երբ զբոսավարի հետ շրջում էինք թանգարանի սրահներում, հանդիպեցինք կրթահամալիրի Արևմտյան և Հյուսիսային դպրոցների 4-րդ դասարանցիներին իրենց դասավանդողների՝ Արմինե Աբրահամյանի և Հայկուհի Հովհաննիսյանի ուղեկցությամբ։  Մեր սովորողների համար թանգարանի աշխատակիցը մի հետաքրքիր խաղ էր անցկացնում՝ ստուգելով չորրորդցիների ազգագրական գիտելիքները։  Ոգևորված նրանց միացան նաև քոլեջի մեր սովորողները։ Ավագների և կրտսերների համագործակցային խաղ-մրցույթ-դասը ստացվեց ու, իհարկե, պսակվեց չորրորդցիների հաղթանակով։

Կրթահամալիրի օրացույցով սահմանված «Կարդում ենք Չարենց» նախագծի շրջանակում ամեն տարի Քոլեջի 1-ին կուրսեցիների հետ այցելում ենք մեր մեծ բանաստեղծի՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարան։ Հանգամանքների բերումով իբրև մայրենիի ուսուցիչ՝ այդ անգամ հնարավորություն ունեցա՝ ինքս զբոսավար լինելու և  դաս վարելու թանգարանում։ Հարց ու պատասխանի, յուրացրածը ստուգելու, նոր գիտելիք ավելացնելու, միասին Չարենց կարդալու տպավորիչ դաս ստացվեց։ 
Արդեն երկու տարի է, ինչ Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, Քոլեջի մի մեծ խումբ սովորողների հետ մեր երեկոն ու գիշերն անցկացնում ենք Երևանի թանգարաններում (տես՝ նաև 2023թ ճամփորդությունը)։ Կարծում եմ՝ հրաշալի հնարավորություն է միանգամից մի քանի՝ չորս-հինգ թանգարան անվճար այցելելը և թանգարանային յուրահատուկ միջավայրում ընկերների հետ ժամանց կազմակերպելը, մանավանդ որ  մի երեկոյի ընթացքում թե՛ սովորողները, թե՛ ես հնարավարություն ենք ունենում  բարձրաճաշակ երաժշտության ունկնդրելու Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում,  հայ և համաշխարհային գեղանկարիչների գլուխգործոցներ դիտելու, ճանաչելու Ազգային պատկերասրահում, Երվանդ Քոչարի  կամ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարաններում,  Թումանյանի, Իսահակյանի  տուն-թանգարաններում գեղարվեստական խոսքի շնորհիվ հոգևորի հետ հաղորդակցվելու ու այդ օրը քեզ քաղաքային աշխույժ գիշերվա  ակտիվ մասնիկը զգալու։  Կարծում եմ՝ «ավանդույթը» չենք խախտի նաև 2025 թվականին։
Թանգարանային գիշերը շատ տպավորված էինք Մատենադարան կատարած մեր այցելությունից։ Սիրով պիտի ընդգծեմ, որ Մատենադարանը առանձնահատուկ էր պատրաստվել թանգարանային գիշերվան․հենց բակում  կազմակերպված էր նկարչական սիմպոզիում, որին մասնակցում էին տարբեր տարիքի բազմաթիվ երեխաներ։ Անակնկալներ կային նաև ներսում, որտեղ մեկը մյուսից հետաքրքիր միանգամից մի քանի ցուցադրություններ էին ներկայացված․ ցուցադրվում էին նաև պատմական Հայաստանի  տարբեր տարածաշրջանների տարազներ, ազգային զարդեր, գլխանոցներ, որոնք տրամադրվում էին նաև օրվա այցելուներին՝ լուսանկարվելու համար։ Տեսնել էր պետք ճամփորդությանը մասնակից մեր աղջիկների ոգևորությունը՝ ազգային տարազով ու զարդարանքներով լուսանկարներ ունենալու համար։     
Այս ուստարվա հոկտեմբերին, «Կարդում ենք Վահագն  Դավթյան» և «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծերը մեկտեղելով, Մարինե Մկրտչյանի հետ միասին իրականացրինք Կոմիտասի թանգարան-ինստիտուտ և Պանթեոն այցելությունը։ Նախատեսել էինք ասմունք և կոմիտասյան երգերի կատարումներ սովորողների հետ Պանթեոնում ու նաև թանգարանի ներսում։ 
Համոզված եմ` թանգարաններ այցելելու մշակույթն այն ուղիղ ճանապարհն է, որ պետք է անցնի դպրոցահասակ  յուրաքանչյուր սովորող։ Չէ՞ որ այդ այցելություններն են անմիջականորեն նպաստելու  դեռահաս սովորողի ճաշակի ձևավորմանը, ինտելեկտուալ պահանջմունքների  բավարարմանն ու ազգային արժեքների արժևորմանը։
Ճամփորդությունների նախագծերին  և հաշվետվություններին  կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով