Մանկավարժական ակումբի նոյեմբերի 29-ի հավաքին ներկայացնում են
Աշոտ Բլեյանը, Սուսան Մարկոսյանը, Մարգարիտ Սարգսյանը, Լուսինե Փաշայանը։
Լավ է, որ այլընտրանքային՝ հեղինակային, փորձարարական, միջազգային, կրթական ծրագրերի ազդեցությունների մասին խոսում ենք։ Սրանով, հուսանք, հաղթահարվում է այն մոտեցումը, որով կրթական համակարգում փոփոխություններ անելիս միջազգային փորձը՝ ուրիշ հասարակության, ուրիշ իրականության փորձը, կարևորելով, զանց է առնվում տեղական, մեր դեպքում՝ (բանգլադեշյան) փորձը, կրթահամալիրում 35 տարում ստեղծվածը, որ իրական Հայաստանում է, իրական մարդկանցով, սովորական ուսուցիչներով, չջոկված-իրական սովորողներով, որոնք որտեղից էլ գան կրթահամալիր, ավտոբուսից իջնելով՝ հայտնվում են բնակելի արվարձանում։ Փոխանցման ենթակա մեր փորձը մենք նախարարություն ներկայացրել ենք դեռ 2017թ., յուրացման համար հարմար կտորներով, ներկայացնում ենք անընդհատ՝ ստեղծագործական հավաքներով, շրջայցերով, վերապատրաստումներով, հաշվետվություններով, տեղեկացումներով։ Նախարարությունն անհրաժեշտ չափով պիտի աջակցի, որ կրթական համակարգը հեղինակային ծրագիրը յուրացնի, որպեսզի դպրոցը, ուսուցիչը կարողանան այն սեփական դարձնել կամ մերժել։ 2024-2025թթ ուստարում պատրաստ ենք պատշաճ արձագանքելու բլեյան դպրոցին ծանոթանալու ամեն մի հայտի, այդ ուղղությամբ ամեն դպրոցի, խմբի նախաձեռնության, համագործակցությամբ բեկում ապահովելու։
Այլընտրանքային ծրագիրը չի կարող բաց չլինել․ կրթահամալիրը միշտ բաց է գործել, երբևէ չենք վիճարկել կրթահամալիրի փորձից օգտվելու իրավունքը, չենք հետևել, որ ծրագրից վերցված նյութերը հղումներ ունենան։ Վերացրել ենք բոլոր հնարավոր խոչընդոտները ֆիզիկական և մեդիամիջավայրում։
Այլընտրանքային կրթական ծրագրերի ազդեցությունների գնահատումը ծավալուն աշխատանք է, համապատասխան գործիքներով, որոնց մի մասը դեռ պիտի ստեղծվի, և կրթական համակարգի բոլոր սուբյեկտները, շահառուները գնահատման մեջ ներգրավված լինելու հնարավորություն պիտի ունենան։ Այս հարցը բարձրացրել ենք դեռ 2020-ին՝ հանրակրթության չափորոշչի նախագծի քննարկման ժամանակ․ ենթադրում ենք, որ դա նկատի է առնվել։ Մենք սկսել ենք հեղինակային կրթական ծրագրի ազդեցությունների հանրային գնահատման աշխատանքը՝ երեկ կրթահամալիրի շրջանավարտների համայնքում, նախորդ օրը՝ աշխատողների ժողովի ժամանակ անդրադառնալով հեղինակային կրթական ծրագրի ազդեցությունների հարցին։ Հոբելյանական տարում այդ աշխատանքի մեր բաժինը մենք կանենք. «Դպիրում» կարող եք հետևել արդյունքներին, և նախարարությունը, ակումբի հարգելի անդամները կարող են փորձագետ լինել, գնահատել։
Պատահական չէ, որ այս թեմայով մեր ներկայացումը սկսել ենք խնդիրներով, որոնք խոչընդոտում կամ սահմանափակում են ազդեցությունները։
Հեղինակային կրթական ծրագիրը՝ բլեյան դպրոցը, դինամիկ զարգացման շրջանում է, որ անխուսափելի է դարձնում բլեյան ցանցի ստեղծումը՝ մի կողմից՝ որպես կրթական համակարգի վրա ազդեցության արդյունք, մյուս կողմից՝ ազդեցություն ունենալու իրական գործիք։ Ծրագիրը իր շարունակականությունը պիտի կարողանա ապահովել. խնդիրները սրա համար իրական խոչընդոտ են, ահա ինչու՝ խնդիրների լուծումը մեզ համար առաջնային է։ Այսօր ներկայացնում ենք նաև այն խողովակները, որոնցով ծրագրի ամբողջությամբ բաց գործունեությունը, ուսումնական ֆիզիկական և մեդիա բաց միջավայրը ազդելու հնարավորություն ունեն և ազատ ազդում են։ Այդ ազդեցությունը ամենալավը կարող է գնահատվել՝ անցնելով «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» կամ մեր հեղինակային edupark հայաստանյան նախագծով, որ հետևողական իրականացնում ենք։ Գնահատելու համար համեմատեք միևնույն ժամանակահատվածում կառուցված Բ-1, Բ-2 թաղամասերի կրթական հաստատությունները՝ իրենց տարածքներով, բնակավայրի վրա իրենց ազդեցությամբ։ Այս աշխատանքում այսօր ներգրավվում են ճարտարապետներ, նախագծողներ, լրագրողներ, հանրային գործիչներ։