2025թ. մայիսի 2-ի մանկավարժական ակումբին ներկայացնում են Հերմինե Անտոնյանը, Աշոտ Բլեյանը։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մշակվող, իրականացվող հեղինակային կրթական ծրագրի առանձնահատկություններից է ուսուցման կազմակերպումը թվային միջոցներով, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներով։ Դասավանդողը և սովորողը՝ սկսած 1-ին դասարանից, դպրոց են գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական նոթբուքով կամ պլանշետով, տանն ունեն համացանց: Թվային ձայնագրիչը, ֆոտոխցիկը, դրանք մեկտեղող հեռախոսը, ամենօրյա աշխատանքային գործիքներ են։
Հեղինակային ծրագրով կրթահամալիրում ստեղծվել է անհրաժեշտ միջավայրեր։
- Նյութական միջավայր՝ սերվերային տնտեսությամբ, մասնաշենքները միացնող օպտիկական մալուխային ցանցով, Wi-Fi ծածկույթով, ընդհանուրի օգտագործման թվային ուսումնական գործիքներով (հեռուստացույցներ, համակարգիչներ, տեսախցիկներ, պրոյեկտորներ, բարձախոսներ, ուժեղարարներ, տպիչներ, 3d տպիչներ, լազերային տպիչ, նոթբուք-նեթբուք-պլանշետների գրադարանային ֆոնդ)։
- Մեդիամիջավայր՝ կրթահամալիրի բազմալեզու mskh.am կայք-ենթակայքեր, մեդիագրադարանը, ուսուցիչների, սովորողների, խմբերի ուսումնական բլոգների ցանց, մանկավարժական, պատանեկան, մանկական ամսագրեր, Սեբաստացի TV-ռադիո։
Այս միջավայրերի ամենօրյա սպասարկումը, խնամքը, զարգացումը նաև ուսումնական աշխատանք է։ - Կազմակերպական միջավայր՝
- ՏՏ լաբորատորիա, որը համակարգում է այս ուղղությամբ նորությունների յուրացումը մասնագիտական զարգացման սեմինարների, աշխատարանների միջոցով, ծրագրային մշակումները, ծրագրային սպասարկումը, սովորող սովորեցնող նախագծերը։
- ՍՄՄ խումբ, որ համակարգում է մեդիանյութերի ստեղծումը, տարածումը։
- Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսներ՝ «Հանրակրթական Դիջիտեք», «Բնագիտատեխնիկական ստեղծագործության ստուգատես, ԲՏՃՄ ոլորտի հանրային ներկայացումը, պարբերական կլոր սեղանները, որ ի մի են բերում տարվա ընթացքում այս ուղղությամբ արված աշխատանքը, նշում զարգացումները։
- Ոլորտում հայտնի մասնագետների վարպետության պարապմունքներ, կրթահամալիրի՝ մասնագետ շրջանավարտների, սովորողների ծնողների կողմից վարվող աշխատարաններ։
- Մանկավարժական զարգացման շուրջտարյա ծրագրերում, մանկավարժական ճամբարներում թվային միջոցներով, ՏՀՏ-ներով ուսուցման սեմինարներ։
- ՏՀՏ ոլորտում 10-12-րդ դասարանցիների հետազոտական աշխատանք, տարատարիք սովորողների ուսուցիչների լրացուցիչ կրթություն, ինքնակրթություն։
Հեղինակային ծրագրի ուսումնական պլաններով՝
- Հանրակրթական բոլոր աստիճաններում
- Ուսուցումը կազմակերպվում է ընդհանուրի օգտագործման և անհատական թվային միջոցների կիրառմամբ, սահմանված կարգով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս անհատական թվային ուսումնական միջոցով, տանն ունեն համացանց: Կրթահամալիրը դպրոցում սահմանված կարգով ապահովում է անլար, ապահով համացանցից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն:
- Դասավանդողի բլոգին, դպրոցի կայքին հետևելը, դրանց աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային անձնական հասցեն վարելը սովորողի ուսումնական աշխատանքն են: Խրախուսվում է սովորողի անձնական ուսումնական բլոգի ստեղծումը և վարումը 1-ին, 2-րդ դասարաններում։ Ուսուցման երրորդ տարում ուսումնական բլոգ վարելը սովորողի ուսումնական աշխատանքն է:
- Մեդիագրադարանը, դպրոցական գրադարանը, դասավանդողների, սովորողների, կրթահամալիրի ուսումնական կենտրոնների բլոգները, ամսագրերը սովորողին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով:
- Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագիրն իրականացվում է առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևերով, դրանց համակցումով։
- Սովորողի ուսումնական գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, առարկայական ֆլեշմոբներին, նախագծերին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում:
- Ըստ հանրակրթական ծրագրերի
- 1-3-րդ դասարան: Ուսումնական գործունեության ընթացքում սովորողները վարժվում են թվային տեխնիկան՝ համակարգիչ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, անվտանգ, խնամքով օգտագործելուն: Յուրացնում են նկարչական ծրագիր, սովորում են իրենց կարիքների համար օգտագործել տեքստային որևէ խմբագիր: Կարողանում են համացանցում գտնել իրենց հետաքրքրող ֆիլմեր, խաղեր: Տեխնիկան օգտագործում են կարդալ և գրել սովորելու համար:
Դասավանդողի բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային անձնական հասցեն վարելը սովորողի ուսումնական աշխատանքն է: Խրախուսվում է սովորողի անձնական ուսումնական բլոգի ստեղծումը և վարումը։
- 4-5-րդ դասարան: Սովորողն ուսումնական գործունեության մեջ օգտագործում է համակարգչային տեքստային խմբագիր, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, համացանցում որոնողական ծրագիր, մոնտաժային որևէ ծրագիր, էլեկտրոնային բառարաններ, էլեկտրոնային քարտեզ, սովորում է ներկայացում կազմակարպելու ծրագիր (օրինակ՝ Microsoft Power Point): Դասավանդողի բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային հասցե ունենալ-վարելը, համացանցային տարածքներից՝ one drive, google drive, dropbox… օգտվելը, ուսումնական բլոգ վարելը սովորողի ուսումնական աշխատանքն է:
- 6-8, 9-րդ դասարան: Ուսումնական գործունեության ընթացքում սովորողն աշխատում է տեքստային խմբագրով, կարողանում է ներկայացում կազմակարպել, ֆիլմ, ռադիոնյութ ստեղծել, կիրառում է որոնողական ծրագրեր, մոնտաժային ծրագիր, էլեկտրոնային բառարաններ, էլեկտրոնային քարտեզներ, դասընթացների ծրագրերով որոշված կիրառական այլ ծրագրեր, օգտվում է համացանցային տարածքներից՝ one drive, google drive, dropbox: Վարում է սեփական ուսումնական բլոգը, որում սահմանված կարգով արտացոլվում է ուսումնական գործունեությունը: Կարողանում է սեփական նյութերը համացանցում տարածել: Ծանոթանում է տեղեկատվության օգտագործման բարոյական նորմերին:
- 10-11, 12-րդ դասարան: Ուսումնական գործունեության ընթացքում սովորողն ստանում է գիտելիքներ տեղեկույթի, դրա ստացման, մշակման, պահպանման, փոխանցման մասին. ստեղծում է էլեկտրոնային ուսումնական, նյութ, ֆիլմ, ռադիոնյութ. սովորում է գնահատել համացանցում ներկայացված տեղեկատվության վստահելիությունը, վարում է իր ուսումնական բլոգը, կիրառում է համացանցում աշխատելու բարոյական նորմերը: Զարգանում են համակարգչային ծրագրերով, համացանցային տարածքներում աշխատելու կարողությունները:
2025-2026 ուսումնական տարվա ուսումնական պլանների լրամշակումն այս ուղղությամբ վերաբերում է ուսուցման մեջ Արհեստական բանականության մասնակցությանը, անհատական գործիքներին, ուսուցման կազմակերպմանը, ներկայացվող պահանջների լրացմանը։