2025թ. մայիսի 2-ի մանկավարժական ակումբին ներկայացնում են Հերմինե Անտոնյանը, Աշոտ Բլեյանը։

Մեջբերում Հանրակրթության պետական չափորոշչից  ««Տեխնոլոգիա» ուսումնական առարկայի նպատակը ստեղծարար, նորարար, նախաձեռնող, ձեռնարկատիրական մտածողություն, ազգային նկարագիր ունեցող անձի ձևավորումն է, որն արվեստին ու արհեստին հաղորդակցվելու, աշխատանքի ձևերին և նորագույն տեխնոլոգիաներին տիրապետելու, ռեսուրսներն արդյունավետ տնօրինելու միջոցով ստեղծում է մարդկային կարիքներին համապատասխանող ապրանքներ, ծառայություններ և համակարգեր: «Տեխնոլոգիա» առարկան շուկայական տնտեսության պայմաններում նպաստում է սովորողների մասնագիտական կողմնորոշմանը, ձևավորում է բազմակողմանի և ներդաշնակ զարգացած անձ, նախապատրաստում է նրան ինքնուրույն կյանքի»։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեխնոլոգիական հանրակրթությունը ներկայացնում ենք որպես այս պահանջով ուսուցման կազմակերպման ուղեցույց։ 

Բլեյան դպրոցում տեխնոլոգիան գործնական է, իր բաղադրիչներով ներառված է սովորողի ամենօրյա գործունեության մեջ, կապվում է սովորողի կյանքին։ Գործունեության արդյունքը նկատելի է սովորողի միջավայրում, փոխում է միջավայրը, հաջողված արտադրանքը կիրառվում է տվյալ պահին՝ հենց սովորողի, իր շրջապատի կողմից, ուսումնական առօրյայում, դառնում ցուցահանդեսի, տոնավաճառի ցուցանմուշ։ 

Բլեյան դպրոցում տեխնոլոգիական հանրակրթության հաջողության գրավականը հեղինակային ծրագրի ուսումնական պլաններն են՝ «Տեխնոլոգիա» ուսումնական առարկայի բովանդակության և կազմակերպման, սովորողի ինքնասպասարկման, շրջակա միջավայրի խնամքի պահանջներով, և լայն հնարավորություններով ուսումնական միջավայրը, որտեղ իրականացվում են տարաբնույթ նախագծեր՝ փորձելու, փորձարկելու, սխալվելու իրավունքով։ Այստեղ զարգանում են նաև ոգևորված ուսուցչի մասնագիտական հմտություններն ու մանկավարժական փորձը՝ որպես տեխնոլոգիա։

Տեխնոլոգիական հանրակրթությանը սպասարկող  կրթական միջավայրը՝  

Ուսումնական կենտրոնները և արվեստանոց-արհեստանոցները կահավորված են անհրաժեշտ գույքով, տեխնիկական, այդ թվում՝ թվային գործիքներով՝ հաստոցներ, չարխեր, հատիչներ, վառարաններ, եռաչափ և լազերային տպիչներ, թոնիրներ, անհատական աշխատանքին անհրաժեշտ գործիքներ։

1-12-րդ դասարանցու համար ուսումնական պլանի պահանջ է շրջապատի, նյութական միջավայրի բարելավման, ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) աշխատանքը, որի միջոցով ոչ միայն տեխնոլոգիական կարողություններ են զարգանում։  

1-3-րդ դասարանների «Իմացումի հրճվանք» ծրագրում տեխնոլոգիան ինտեգրված առարկա է, ներառված բոլոր  նախագծերում․ սովորողները որպես ուսումնական աշխատանք մասնակցում են ծիսական-խոհանոցային գործունեությանը, թթուդրիկի, ածիկ են ցանում, ստեղծում ամանորի, ծննդյան օրվա, զատկական, այլ տոնական նվերներ, բացիկներ, տնկում բույսեր, հետևում աճին, տեղափոխում իրենց ձեռքով պատրաստած կավե թաղարների մեջ, բրենդավորում, նվիրում կամ վաճառում, ներկայացնում ցուցահանդեսին։   Սովորողների ընտրությամբ գործունեության-դասընթացների մեջ տեխնոլոգիական բաղադրիչը նույնպես ներառված է։ Սովորողն իր ընտրությամբ շաբաթական երկու ժամով մասնակցում է իր ընտրած գործունեությանը՝ «Կերպարվեստ-տեխնոլոգիա» (խեցեգործություն, տիկնիկագործություն) դասընթացին։ 

4-5-րդ դասարաններում «Տեխնոլոգիան» կազմակերպվում է բույսերի և  կենդանիների խնամքի, դիզայնի, խեցեգործական, առողջության պահպանության, խոհանոցային, կարուձևի, ծեսերի, տոների, ցուցադրությունների, տոնավաճառների կազմակերպման մոդուլներով։ Ուսումնական տարվա ընթացքում բոլոր սովորողները հնարավորություն են ունենում նախագծեր իրականացնել նշված մոդուլներով։ Սովորողների ընտրությամբ գործունեության-դասընթացների ցանկում (բուսաբան-կենդանաբանի, պարտիզպան-այգեգործի, դիզայների, քանդակագործի, մետաղի-քարի գեղարվեստական մշակման, ինժեներատեխնիկական ստեղծագործության, ծրագրավորում կինո-ֆոտո) նույնպես ներառված է տեխնոլոգիական բաղադրիչը: Սովորողը սահմանված կարգով շաբաթական 4 ժամ իրականացնում է իր ընտրությամբ գործունեություն՝ 2 կամ 4 ժամանոց ծրագրերով: 

6-8-րդ դասարաններում «Տեխնոլոգիա» առարկան կազմված է «Տնային տնտեսվարություն», «Միջավայրի խնամք և բարեկարգում», «Պարտեզի խնամք», «Առողջագիտություն, առաջին բուժօգնություն», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», «Դիզայն-խեցեգործություն», «Դիզայն-մոդելավորում», «Բույսերի խնամք», «Կենդանիների խնամք» դասընթացներից, ծեսերի, տոների, ցուցադրությունների, տոնավաճառների, սպասարկման ուսումնական մոդուլներով: Ուսումնառության երեք տարիների ընթացքում սովորողները հասցնում են գործնականում յուրացնել ուսումնական պլանով որոշված բոլոր բաղադրիչների մոդուլները։  

9-րդ դասարանում «Տեխնոլոգիա» առարկան կազմված է «Տնային տնտեսվարություն», «Միջավայրի խնամք և բարեկարգում», «Պարտեզի խնամք», «Դիզայն-խեցեգործություն», «Բույսերի խնամք», «Կենդանիների խնամք», «Կարուձև», «Խոհարարություն» դասընթացներից, ծեսերի, տոների, ցուցադրությունների, տոնավաճառների, սպասարկման ուսումնական մոդուլներով։ 9-րդ դասարանում սովորողը սահմանված կարգով շաբաթական 4 ժամ իրականացնում է իր ընտրությամբ գործունեություն՝ 2 կամ 4 ժամանոց ծրագրերով՝ կրկին հնարավորություն ունենալով զարգացնել իր տեխնոլոգիական կարողություններն ու գիտելիքները՝ տեխնոլոգիական հետևյալ ուղղություններով ինժեներական-տեխնիկական,  ծրագրավորողի, կինո-ֆոտոյի,  խաղողի և գինու դպրոցի (գինեգործության), կերպարվեստի, քանդակի, գրաֆիկ դիզայնի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, արհեստավորի (այդ թվում՝ նաև բրուտի, ատաղձագործի,  պարտիզպանի, այգեգործի, խոհարարության, հացաթխում, կարուձևի, գորգագործության-ասեղնագործության)։   

1-9-րդ դասարաններում սովորողը  սահմանված կարգով  շաբաթական  2 կամ 4  ժամ  իրականացնում  է  իր ընտրությամբ գործունեությունը,։ Ընտրության ցանկում առկա են տեխնոլոգիական գործունեույթան մի քանի ուղղություններ՝ ինժեներական  տեխնիկական ,   ծրագրավորողի, թվային անիմացիայի, գրաֆիկ-դիզայնի,  խաղողի   և   գինու   դպրոցի  ( գինեգործության ),  մեդիատեխոլոգիական ,  կերպարվեստի -դիզայնի — մոդելավորման — քանդակի ,  ոսկերչի ,  արհեստավորի  (այդ  թվում՝   նաև   բրուտի , ատաղձագործի,   պարտիզպանի ,  այգեգործի , խոհարարության ,  կարուձևի,  գորգագործության — ասեղնագործության)։    

10-11-րդ դասարաններում սովորողի անհատական պլանում իր ընտրությամբ կարող են լինել տեխնոլոգիական ուսուցման դասընթացներ՝  թվային գրագիտություն և համակարգչային գիտություն՝ ծրագրավորում, համակարգչային գրաֆիկական ծրագրեր, ճարտարագիտական ստեղծագործություն, գործիքաշինություն, մոնտաժ, լուսանկարչություն, օպերատորական գործ,  կերպարվեստ և դիզայն, կրթահամալիրում իրականացվող արհեստներ՝ խեցեգործություն, ոսկերչություն, մետաղագործություն, գինեգործություն, կար և մոդելավորում, գործվածք-գորգ-կարպետագործություն, հասարակական սնունդ,  երկրագործություն, պարտեզապուրակային գործ, այգեգործություն, ատաղձագործություն։ 

12-րդ դասարանում՝ սովորողի անհատական պլանում «Ցտեսություն» նախագիծն է՝ շրջանավարտների հագուստների ստեղծման, «Ծնծություն» տոնի միջավայրի ձևավորման, «Ես եմ…» նախագծի ցուցահանդեսերի, սովորող-սովորեցնող նախագիծ- մոդուլներով։  

Կրթական բոլոր աստիճաններում ուսուցումը կազմակերպվում է ուսումնական օրացույցով, նախագծերով։ Տարատեսակ նախագծերի արդյունքում ստացված աշխատանքները ապրանքային տեսքի են բերվում։ Սովորողները մասնակցում են նաև ուսումնական օրացույցով որոշված ծեսերին-տոներին, սպասարկման աշխատանքներին, հյուրընկալությանը, հյուրասիրությանը՝ ուտեստների պատրաստումից մինչև մատուցում,  ուսումնական ֆիզիկական և մեդիա միջավայրերի խնամքին, բարեկարգմանը, կրթահամալիրին անհրաժեշտ առարկաների, գործիքների ստեղծմանը, նորոգմանը։ Նրանք կենդանի, իրական միջավայրում աշխատանք են կատարում՝ յուրացնում նոր հմտությունները, միևնույն ժամանակ կատարում տվյալ պահին օգտակար աշխատանք։ 

10-12-րդ դասարանցիները հետազոտական աշխատանք ընտրում են նաև այս թեմայյով, տարատարիք սովորողները լրացուցիչ կրթություն են ստանում, սովորողները, ուսուցիչները արվեստանոց-արհեստանոցներում, մասնագետի աջակցությամբ ինքնակրթությամբ են զբաղվում, իրականացնում իրենց անհատական նախագծերը, կազմակերպվում են ամենատարբեր տեխնոլոգիաների փոխանցման աշխատարաններ։

2024-2025 ուսումնական տարվա օրացուցային նախագծեր. 

  • Կրթական պարտեզ բնակելի արվարձանում 
  • Պարտեզի օրացուցային խնամք 
  • Կանաչ օր կրթական պատեզում 
  • Կանաչ պարտեզ դպրոցի շենքում, բնակարանում 
  • Իմ խնամած կենդանին 
  • Խաղերի, խաղալիքների ստեղծում ինժեներական կենտրոնում 
  • Սարքաշինություն  
  • Գործիքների նորոգում  
  • Հին իրերին նոր կյանք 
  • Ծիսական խոհանոց 
  • Սեբաստացի գինի, պանիր, հաց, ջուր, խոհանոց 
  • «Տիգրան Հարապետյան» գրադարանի կայքի ստեղծում, կրթահամալիրի, մասնաճյուղերի կայքերի բարելավում 
  • Ուսումնական բլոգավարություն 
  • Աշնանային ստեղծագործական հավաք 
  • 2024թ. գինի. Գովք խաղողի, գինու և գեղեցիկ դպրության 
  • Ուսուցչի օր 
  • Սեբաստացու օրեր. Կրթահամալիրի տոն 
  • Աիդապետրոսյանական ատամհատիկ 
  • «Լույսեր, գույներ, զնգեր, ղողանջներ». Ամանոր, Սուրբ Ծնունդ  
  • Ուսումնական ձմեռային ճամբար 
  • Բարեկենդան, Ծաղկազարդ, Զատիկ, Համբարձում, Վարդավառ 
  • Մայիսյան ստեղծագործական հավաք 
  • «Ցտեսություն» նախագիծ 
  • Ուսումնական հունիսյան ճամբար 
  • Արվեստի ամենամյա փառատոն, Արտ միջավայր
  • Լողափնյա ճամբար 
  • Մասնակցություն քաղաքային, հանրապետական ցուցահանդես-տոնավաճառ-տոների կազմակերպման նախագծերին 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով