Մանկավարժական ակումբի 2025թ. մարտի 21-ի հավաքին ներկայացնում է Աշոտ Բլեյանը՝ շարունակելով «Այլընտրանքային՝ հեղինակային, փորձարարական, միջազգային ծրագրերի ազդեցությունը կրթական համակարգի վրա» քննարկումների շարքը։
Բլեյան դպրոցն առաջարկում է։
- Պետական հանրակրթական ծրագրում մանկավարժական նորարարության տարածում
Հանրակրթության պետական չափորոշչի արժեքային միջավայրի ստեղծման ներուժը կարող է ազդել, եթե հանրապետության դպրոցները, ուսուցիչները իրենց նորարարական նախաձեռնություններին աջակցություն, ուսուցչի և սովորողի կարողունակությունների զարգացման կազմակերպման համար մանկավարժական, մեթոդական, մասնագիտական շարունակական օգնություն ստանան։ Բլեյան դպրոցում ստեղծված կրթական գործիքների ներդրմամբ ըստ ուսումնական բնագավառների, հանրակրթության աստիճանների հեղինակային փորձի փոխանցումը՝ մենթորական աշխատանքը, դրան է ուղղված։ Մանկավարժությամբ գործուն հետաքրքրված, կրթահամալիրի աջակցությունը կամավոր-ինքնուրույն ընտրող անհատները, խմբերը, ուսումնական հաստատությունները (այսուհետ՝ գործընկեր), անկախ նրանց իրավակազմակերպական ձևից, կարող են դառնալ իրենց մանկավարժական գործի հեղինակներ՝ ստեղծողներ ու պատասխանատուներ։ ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացված միջնաժամկետ՝ 2025-2027, 2026-2028 թթ ծախսային ծրագրով առանձնացրել ենք ԲՏՃՄ, «Արհեստ և արվեստ» բնագավառների, Ավագ դպրոցում սովորողի ուսուցման՝ անհատական ուսումնական պլանով, հետազոտական աշխատանքով, կրեդիտային գնահատման, 12-րդ դասարանում ուսուցման մեջ «Ցտեսություն» շուրջտարյա նախագծի, կամավորական աշխատանքի, «Սովորող սովորեցնող» նախագծի կազմակերպման հեղինակային փորձի փոխանցումը։ Այս առաջարկով բլեյան դպրոցի մենթորական աշխատանքից կարող են օգտվել ուսումնական բոլոր բնագավառների ուսուցիչները, հանրապետության նախակրթարանով դպրոցները՝ որպես դպրոց-պարտեզներ։ Հիմնական դպրոցներին կարող են հետաքրքիր լինել 4-9-րդ դասարաններում տեխնոլոգիական հանրակրթության, «Տեխնոլոգիա» առարկայի դասընթացների, 9-րդ դասարանում մասնագիտական կողմնորոշման ծրագրերը, կրթահամալիրի քոլեջի ներդրումը հանրակրթական ծրագրի կազմակերպման մեջ, քոլեջ-հիմնական կրթություն, քոլեջ-ավագ դպրոց կապերը։
ՀՀ կառավարության ծրագրով կառուցված մոդուլային դպրոցները, մանկապարտեզները՝ իրենց տարածքներով, շենքային-գույքային պայմաններով, նոր հնարավորություններով, կարող են դառնալ նորարարության տարածման, թիմային աշխատանքի, ստեղծագործական հավաքների կազմակերպման կենտրոններ։ Մոդուլային դպրոցների կենցաղային պայմանները, ընտանիքների ներգրավմամբ, հնարավորություն են տալիս շուրջտարյա ոչ ֆորմալ կրթության, նաև գյուղական ճամբարների կազմակերպման, որոնց փորձն ունենք Գեղարքունիքի մարզում՝ Ծաղկունքում, Զովաբերում, Լանջաղբյուրում, Վայոց ձորում՝ Արտավանում, Հերհերում, Մարտիրոսում, Վայքում, Լոռու մարզում… 2025-ին որպես նորարարության կենտրոն կարող է դիտարկվել մեր գործընկերը դարձող Գոմքի դպրոցը։
Կրթահամալիրոմ մենթորական բաց, շուրջտարյա գործող լաբորատորիայի ձևավորմամբ բլեյան դպրոցը պատրաստ է մենթորական աշխատանքի փուլերին՝ սկսած գործընկերների ծանոթությունից, անհրաժեշտ օգնության ձևակերպումից, աշխատանքային ծրագրի և աշխատակարգի կազմումից մինչև որոշված աշխատանքների իրականացումն ու աշխատանքային յուրաքանչյուր փուլից հետո բաց հաշվետվությունը։
2. Բլեյան բաց ցանցի հայաստանյան հանգույցների ձևավորում
Բլեյան դպրոց ծրագրով աշխատող ուսումնական հաստատությունների ցանցի ընդարձակումով կապահովի «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով որոշված կրթական ծրագրերի մատչելիությունը, սովորողի, ընտանիքի՝ հանրակրթական ծրագիրն ընտրելու իրավունքը, կհաղթահարվի 35 տարի գործող ծրագրի մեկուսացումը Երևանի հարավարևմտյան զանգվածում, ծրագիրը կմոտենա ընտրողների, շահառուների բնակավայրին։
Հայաստանի քաղաքային կամ գյուղական որևէ բնակավայրում նոր հանգույց կարող է ստեղծվել տեղում առաջացած քաղաքացիական նախաձեռնությամբ, որը նոր արժեքային մոտեցում կարող է բերել հանգույցին, ինչպես Ստեփանավում՝ տուն-պարտեզը։
Կարևորելով Երևանի կշիռը, «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծով ստեղծվող արժեքային միջավայրը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կրթահամալիր այցով ցանցի երևանյան ամեն մի հանգույցի ստեղծումը կարող է դառնալ քաղաքային, վարչական շրջանի նախագիծ։
Գյումրիում Գեղարվեստի ակադեմիայի մասնաճյուղի հետ տարիների մեր գործընկերությունը առաջիկայում կարող է ծնունդ տալ Գյումրու նոր ավագ դպրոց հանգույցի՝ միավորելով բլեյան դպրոցի կրթական գործիքները, գեղարվեստի ակադեմիայի ստեղծած արժեքային միջավայրը՝ Գյումրու արվեստագետներով և նրանց արվեստանոցներով։
Բլեյան ցանցին կարող է հատկացվել ՀՀ կառավարության ծրագրով մինչև 2026 թվականը կառուցվող դպրոց, մանկապարտեզ, իրականացնելով դպրոց-պարտեզի նոր՝ մարզային մոդելի ստեղծման հնարավորությունը։
Կրթահամալիրում յուրաքանչյուրիս կարևոր գործն է ցանցի նոր հանգույցի ստեղծման անհատական թե խմբային, քաղաքացիական թե պաշտոնական նախաձեռնությանը ծանոթանալը, քննարկելը, նախապատրաստական աշխատանքը՝ բլեյան դպրոցի ներկայացումը շահառուներին, նրանց հարմար պայմաններով։ Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը կկազմակերպի նոր հանգույցի աշխատողների ընտրության բաց համակարգով ղեկավար, մանկավարժական աշխատողների համար վերապատրաստման դասընթացներ և աշխատարաններ, «Մուտք բլեյան ցանց» ճամբար, մանկավարժության լաբորատորիան կաջակցի ցանցի նոր հանգույցի զարգացման ծրագրի մշակմանը։
Կրթահամալիրի աջակցությունն ընտրելու, բլեյան բաց ցանցին միանալու համար անհատը, խումբը, դպրոցի ղեկավարը նախ՝ կծանոթանա կրթահամալիրին՝ նրա կրթական բաց միջավայրին, իրականացվող ծրագրին, ուսումնական օրացույցին, կազմակերպմանը։ Կրթահամալիրի կացարանները և խոհանոցները հնարավորություն են տալիս Հայաստանի մարզերում բնակվողներին անցնելու այս մոդուլն իրենց հարմար ժամանակ՝ գարնանային, ամառային, աշնանային արձակուրդի օրերին։ Կսկսի գործել մենթորական լաբորատորիան՝ կրթահամալիրի մասնագետը կայցելի գործընկերոջը՝ նրա աշխատանքային պայմաններին ծանոթանալու, կարիքը ճշտելու համար, կկազմակերպվեն առցանց հանդիպումներ և հավաքներ, էլեկտրոնային նամակագրություն, հընթացս կապահովվի, որ գործընկերը վարժ տիրապետի այս գործի համար անհրաժեշտ գործիքներին։ Կկազմակերպվեն մանկավարժական աշխատողների, այդ թվում՝ ղեկավար կազմի, մասնագիտական վերապատրաստումներ՝ ըստ հայտի ստեղծված մոդուլով, առկա հանդիպումներով, հեռավար քննարկումներով։ Առկա վերապատրաստումները կիրականացվեն կրթահամալիրի մասնաճյուղ դպրոցներում, քոլեջում, ուսումնական կենտրոններում, արհեստանոցներում, արվեստանոցներում, լաբորատորիաներում։ Վերապատրաստումը հետագայում կշարունակվի մասնակցի ինքնակրթությանն ուղղված առցանց, հեռավար քննարկումներով։ Կրթահամալիրի մանկավարժների, սովորողների խումբը գործընկերոջ դպրոցում կկազմակերպի ուսումնական օրը՝ որպես բլեյան դպրոց, կկազմակերպվեն հեղինակային ծրագրով համատեղ պարապմունքներ, միասնական համերգներ, ցուցահանդեսներ, ծեսեր։ Հանրակրթության պետական չափորոշիչով 7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր սովորող տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած բնագավառից։ Սովորողի նման աշխատանքը կազմակերպելու համար ուսուցիչն ինքը պետք է կարողանա իրականացնել նախագիծ կամ հետազոտական աշխատանք։ Կրթահամալիրի մենթորը կաջակցի գործընկեր ուսուցչի հետազոտական աշխատանքին, սովորողի հետազոտական աշխատանքի, անհատական նախագծի կազմակերպմանը։ Արդյունքում գործընկերը պետք է կարողանա ձևակերպել ուսումնական նախագծի, հետազոտական աշխատանքի թեմա, աշխատանքային ծրագիր, ընթացիկ գնահատումներ, նախագծի սպասվող վերջնարդյունք։
Կրթահամալիրի «Դպիր» մանկավարժական հանդեսը նորարարական մանկավարժական աշխատանքի՝ այլոց մանկավարժությանը ծանոթանալու, սեփական աշխատանքը ներկայացնելու հարթակ է։ Կրթահամալիրը 1993թ․հիմնել է «Դպիրը», որը 2007թ․ սեպտեմբերից հրապարակվում է էլեկտրոնային տարբերակով։ Հրապարակված են այլընտրանքային մանկավարժությամբ շահագրգիռ, ասելիք ունեցող մարդկանց հոդվածներ, գրքեր (թարգմանություն)։ Հանդեսը պատրաստ է հանրապետությունում մանկավարժության մեջ նորարարական քայլեր անող գործընկերների աշխատանքները հանրայնացնելու, ուսուցիչը կզգա հոդվածագիր լինելու համը։
Կրթահամալիրում արդեն տասը տարի կազմակերպվում են առարկայական ամենամսյա ֆլեշմոբներ, նաև արձակուրդների շրջանում՝ մայրենի և հայոց լեզու, գրականություն, բնագիտություն և բնական գիտություններ, անգլերեն, ռուսերեն, մաթեմատիկա։ Յուրաքանչյուր ֆլեշմոբում սովորողներին՝ ըստ մակարդակների տրվում են առաջադրանքներ։ Առաջադրանք կազմելը ուսուցչի համար հետազոտական աշխատանք է։ Սովորողների ուղարկած պատասխանները ստուգում է ուսուցիչը՝ ավելի լավ ճանաչելով իր սովորողին։ Ֆլեշմոբից մեկ շաբաթ հետո ուսուցիչն առաջադրանքները քննարկում է դասերի ընթացքում՝ որպես մեթոդական աշխատանք։ Առանձին առաջադրանքներ և դրանց քննարկումները հրապարակվում են «Դպիր» հանդեսում։ Ֆլեշմոբները բաց են։ Գործընկեր մանկավարժական աշխատողներն իրենց սովորողների հետ կարող են մասնակցել կրթահամալիրային աշխատանքին, հետո միասին կստեղծեն նոր առաջադրանքներ, կկազմակերպվեն ֆլեշմոբային համատեղ ճամբարներ։
Մենթորական աջակցության ուղղություն է ուսումնական ճամփորդությունների, ճամբարների, ստուգատես-փառատոների, ծեսերի համատեղ կազմակերպումը։
Գործընկերներին կարող ենք առաջարկել կրթահամալիրում ամենամյա ճամփորդություններից մեկօրյա ճամփորդությունը Սպիտակավոր, Արագածի հարավային գագաթ, որով անցնում են ավագ դպրոց ուսումնական տարվա ընթացքում ընդունված, նոր ուսումնական տարվա սովորողները, կրթահամալիր ընդունված մանկավարժական աշխատողները, եռօրյա վրանային ճամփորդությունը Խուստուփ՝ մայիսի 28-ին և սեպտեմբերի 21-ին։ Կրթահամալիրի դպրոցների, քոլեջի սովորողները կարձագանքեն գործընկերների նախաձեռնած հայրենագիտական ճամփորդություններին, բարձունքի հաղթահարման նախագծերին։
Սովորողների հնգօրյա ճամբարի տարածքը կլինի մարզում գործընկեր դպրոցը։ Ճամբարին կրթահամալիրի դպրոցների սովորողների հետ կմասնակցեն գործընկերների խմբերը՝ իրենց ուսուցչի հետ, որոնց համար ճամբարի կազմակերպումը փորձառություն կլինի։ Ճամբարին կարող են մասնակցել նաև մարզի այլ սովորողներ։
Սովորողների ուսումնական արձակուրդների շրջանում կազմակերպվում են մանկավարժական ճամբարներ, ստեղծագործական հավաքներ, այդ թվում՝ կրթահամալիրի «Արատեսի դպրոց բնության գրկում» կենտրոնում, ամռանը՝ նաև Արտանիշի վրանային ճամբարում, Սևանի ափին։ Մանկավարժական աշխատողները ոչ ֆորմալ միջավայրում հանգստանում, քննարկում են իրենց հետաքրքրող մանկավարժական խնդիրները, զբաղվում բնապահպանական աշխատանքով, կազմակերպում ոչ երկար քայլարշավներ՝ յուրացնելով տարատեսակ ճամբարների կազմակերպման մեր փորձը։
Կրթահամալիրի մեդիագրադարանը, կայքը, կրթահամալիրի մասնաճյուղերի, մանկավարժական աշխատողների, սովորողների ուսումնական բլոգները բաց են և մատչելի յուրաքանչյուրի համար։
Գործընկերների համար բաց է կրթահամալիրի ուսումնական օրացույցը՝ իր ուսումնական ծեսերով, ստուգատեսներով, փառատոներով, ցուցահանդեսներով, համերգներով, անվանական մրցանակների շնորհումով։ Բաց են մասնագիտական զարգացման ակումբները՝ մանկավարժական, գրական, քանդակի, մարզական, ամենշաբաթյա ճամփորդությունների, այլ, մանկավարժական և պատանեկան ստեղծագործական խմբերը, աշխատարանները, ճամբարները։ Դրանց կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների սովորողները, խմբերը, ուսուցիչները։ Մասնակցել ցանկացողը պետք է հետևի հայտարարություններին, ուսումնական օրացույցին։ Մարզերից մասնակիցները կւարող են օգտվել կրթահամալիրի կացարաններից, հյուրընկալվել երևանցիների տներում։
Կրթահամալիրի մենթորական աշխատանքը ենթադրում է պարբերական դիտարկումներ։ Աշխատանքի փուլերն ամփոփվում են մասնակիցների բլոգներում, կլոր սեղանի ձևաչափով ներկայացվում են հեղինակային կրթական ծրագրի ամենամյա ստեղծագործական մայիսյան, հոկտեմբերյան հավաքներում, «Դպիր» ամսագրում։
Այսպիսի աշխատանքի կրթահամալիրը պատրաստ է բլեյան դպրոցի՝ ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացված ձեռքբերումներով, այդ թվում՝
- միջոցառումներից ուսումնական օրացույցով ուսուցման անցնելով, ուսուցման դաս-դասարանային համակարգի՝ զանգով ուսուցման այլընտրանքով, տարատեսակ ուսումնական պարապմունքներով, նախագծերով ուսուցման (նաև անհատական), սովորողների հետազոտական աշխատանքի, ուսումնական, մանկավարժական ճամբարների, ստեղծագործական հավաքների, ստուգատես-փառատոների, ցուցահանդես-համերգների, ուսումնական հայրենագիտական ճամփորդությունների, կրթական փոխանակումների, գյուղական, արշավախմբային ճամբարների կազմակերպման փորձով.
- հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրերի համադրման, պարտադիր տնային աշխատանքը որպես սովորողի լրացուցիչ կրթություն կազմակերպելու, ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչը սովորողի ընտրությամբ, նրա անհատական պլանով կազմակերպելու փորձով.
- ուսուցման թվային-բլոգային միջավայրով, մեդիագրադարանով, ուսուցման առկա, առցանց, հեռավար, ընտանեկան ձևերի կազմակերպման, համադրման փորձով.
- մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման՝ շարունակական կրթության շուրջտարյա համակարգով և «Դպիր» մանկավարժական հանդեսով, որ քննարկվել է նաև ԿԳՄՍՆ մանկավարժական ակումբում,
- կրթահամալիրում ուսումնական-նյութական միջավայրով՝ գործող արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաների ընդարձակվող ցանցով, կրթական փոխանակումների կացարաններով, խոհանոցներով, ուսուցման նյութական միջավայրը նորացնելու, կրթական պարտեզ ստեղծելու, զարգացնելու ամենօրյա աշխատանքով։
3. Հեղինակային կրթական ծրագրով որոշված կարգով կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցչի դրույքաչափի բարձրացում
ՀՀ կառավարության «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» 28.04.2022թ. N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետով՝ «Հանրակրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6.3-րդ ենթակետով սահմանված ուսումնական հաստատությունների ուսուցիչների համար սույն կարգով կարող են սահմանվել ատեստավորման այլ ընթացակարգեր»: Կրթահամալիրում 2022թ. մշակվել, ԿԳՄՍՆ ներկայացվել և փորձարկվել է «Հեղինակային կրթական ծրագիր իրականացնող ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը», որը հիմնված չէ միայն առարկայական գիտելիքի ստուգման վրա, հաշվի է առնում ուսուցչի վերջին երեք տարվա մանկավարժական աշխատանքի արդյունքները։ Հեղինակային ծրագրով առաջարկվող կամավոր ատեստավորման ընթացակարգը կարող է գրավիչ լինել հանրապետության ստեղծական ուսուցիչներին, կիրառելի լինել ստեղծվող ցանցի հանգույցի համար։ Հայաստանի պետական և այլընտրանքային ծրագրերի միջև խտրականությունը բացառելու համար ՀՀ բյուջեի «1192. Կամավոր ատեստավորման համակարգի ներդրում» միջոցառմամբ որոշված հատկացումը պիտի ստանան ատեստավորման և՛ ԿԳՄՍՆ սահմանած, և հեղինակային ընթացակարգերով ատեստավորվածները։
Մանկավարժական լաբորատորիայում ստեղծված այս առաջարկը, սեբաստացի մանկավարժական աշխատողների էլեկտրոնային քննարկում-հաստատումով,
ներկայացված է ՀՀ ԿԳՄՍՆ։