Սկիզբը տես այստեղ։

Աշխատանք խառնվածքների հետ

Տարրական և միջին դպրոցում առանձնահատուկ դեր ունի խառնվածքների հետ աշխատանքը։ Խառնվածքների մասին դասական՝ դեռ Հին Հունաստանի մտածողներից սկիզբ առնող ուսմունքը ներառում է մարդու հիմնական չորս խառնվածք՝ մելանխոլիկ, ֆլեգմատիկ, սանգվինիկ և խոլերիկ։ Հին աշխարհում դրանք կապում էին չորս տարերքների հետ։ Վալդորֆյան մանկավարժությունը
բացատրում է դրանք՝ դուրս բերելով մարդու էության դիտարկումից։

Այսպես, մելանխոլիկ խառնվածքը կապված է մարդու՝ սեփական մարմնի ծանրության, իներտ բնույթի գերիշխող վերապրման հետ, որն առաջացնում է մշտական տառապանքի և ինքնախղճահարության հիմնական տրամադրություն, «հոգեկան երանգ»։ Մելանխոլիկ երեխաները, մյուսների համեմատ, անվստահ են, իներտ, հաճախ տխրում են «ամեն փուչ բանից», ինքնամփոփ են և լուրջ։ Նրանց հատուկ է հոգեկան խորություն և պերֆեկցիոնիզմ, մի փոքր «հանգած»՝ գլուխը կախ կեցվածք և ոտքերը «մի կերպ» առաջ տանող քայլվածք։ Մելանխոլիկը ուզում է նվիրվել ընկերոջը, սակայն հակված է «սեփականաշնորհել» նրան և չափազանց
պահանջկոտ է։ Նույնիսկ շատ մանր առիթով նեղացածությունը կարող է տևել տարիներ։

Ծայրահեղ մելանխոլիկների մանկավարժական վտանգը դեպրեսիվ վիճակում «քարանալն» է, պարալիզացվելը, ինչի արտաքին նշաններից է երեխայի դեմքի գույնի «հողային» երանգը, մշտական հոգնածությունն ու պասիվությունը, անվստահությունը, ուսման հանդեպ հետաքրքրության կորուստը։

Ֆլեգմատիկների մոտ գերիշխող դեր ունի ոչ այնքան ֆիզիկական կառուցվածքը որպես այդպիսին, որքան օրգանիզմի ֆիզիոլոգիական պրոցեսները, քնելու և արթնանալու, սնվելու, արտադրության և այլ ռիթմերը։ Նրանք նույնպես ինքնամփոփ են, սակայն, ի տարբերություն մելանխոլիկների մշտական հոգեկան դիսկոմֆորտի, ապրում են մշտական հարմարավետության մեջ (կոմֆորտում), որը նման է յուրահատուկ «արթմնի քնի»։ Այս երեխաները հանգիստ են, ժպտերես, դրական, սիրում են ուտել և քնել, գտնվել բնության մեջ։ Նրանք մի փոքր դանդաղ և
անփույթ են ամեն գործողության մեջ, քայլվածքը նույնպես թողնում է «անփույթ»
տպավորություն։

Ծայրահեղ ֆլեգմայի վտանգը «ներքին քնի» մեջ ընկղմվելն է, զարգացումից հետ մնալը։ Այդ ժամանակ ի հայտ են գալիս նաև արտաքին նշաններ, օրինակ՝ ֆիզիկական տձև աճը, ներդաշնակ կառուցվածքի կորուստը։

Սանգվինիկների մոտ գերիշխող դերը զգայարաններինն է, որոնց արագ փոփոխվող ընկալումներին անընդհատ արձագանքում են նույնչափ փոփոխական հոգեկան տրամադրությունները։ Սանգվինիկ երեխաները թեթև են, լուսավոր, արտաքինից էլ հաճախակի՝ շեկ և կապուտաչյա, թռվռացող «օդային» քայլվածքով, ծիծաղկոտ և արագաշարժ։ Նրանք հեշտությամբ են ընկալում նորը, սակայն նույն հեշտությամբ էլ մոռանում են։ Նույնը վերաբերում է հարաբերություններին․ եթե տխրում են (կամ հազվադեպ՝ նեղանում), տխրությունն անցնում է շատ արագ, և ամեն ինչ մոռացվում է։ Նրանք հաճախ լինում են արագ մտածող և խնդիրները
հեշտությամբ լուծող երեխաներ, սակայն երկարատև հետևողական աշխատանքը նրանց դժվար է տրվում։

Ծայրահեղ սանգվինիկ երեխաները ունենում են ուշադրության և կենտրոնացման լուրջ խնդիրներ, ընդհուպ մինչև ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ։

Խոլերիկների մոտ առավել ուժեղ է արտահայտված սեփական «ես»-ի զգացումը։ Ամուր, հաստատուն քայլվածքով՝ ամեն քայլով կարծես «հատակի մեջ խրվող», սովորաբար կարճահասակ, մուգ մազերով և աչքերով, վառ արտահայտված ուժեղ բնավորությամբ այդ երեխաներն ամեն տեղ առաջինն են, ղեկավարում են, որոշում բոլորի փոխարեն։ Նրանք ինքնավստահ են՝ օժտված բնական հեղինակությամբ․ բոլորն ուզում են լինել նրանց «թիմից»։ Հաճախակի դասարանը բաժանվում է մի քանի խոլերիկ առաջնորդների կողմից ղեկավարվող
խմբերի։ Խոլերիկները հավատարիմ են, պահանջկոտ, համառ, չզիջող։ Նրանք սովոր են, որ ամեն ինչ կատարվի իրենց ուզածով, և չեն սիրում դանդաղ զարգացող պրոցեսներ։

Ծայրահեղ խոլերիկը կարող է լինել ագրեսիվ մյուս երեխաների հանդեպ և
երբեմն ունենալ հիստերիկ դրսևորումներ։


Ահա այս չորս խառնվածքների և նրանց միջև բազմաթիվ անցումների (քանի որ միշտ չէ, որ երեխաներն ունենում են «մաքուր» խառնվածքներ, շատ ավելի հաճախ գերիշխում է երկու «հարևան» խառնվածք, երբեմն նույնիսկ չորսից ընդամենը մեկն է թույլ արտահայտված) հետ ամեն օր գործ ունի ուսուցիչը։ Ինչպես երևում է համառոտ նկարագրությունից, յուրաքանչյուր խառնվածք ունի իր գեղեցկությունն ու հմայքը, սակայն առանց «մշակման» և դաստիարակման, միակողմանի զարգացման պարագայում այն դառնում է իսկական պատիժ թե՛ շրջապատի, թե՛ հենց այդ խառնվածքն ունեցող երեխայի համար։ Այդ իսկ պատճառով վալդորֆյան մանկավարժության մեջ մշակվել են խառնվածքների հղկմանն ու ներդաշնակմանն
ուղղված բազմաթիվ միջոցներ։ Թվարկենք նրանցից մի քանիսը։

● Ուսուցիչը չի տեսակավորում երեխաներին որպես «հարմար» և «անհարմար», «լավ» և «վատ», «հանգիստ» և «չար», չի պայքարում «խառնվածքի դեմ», չի փորձում փոխել այն։ Հակառակ դեպքում ի ծնե ակտիվ խառնվածքներ ունեցող երեխաների զգալի մասը կհայտնվեր «անհարմար» խմբում։ Հակառակը, ուսուցիչը սիրով ընդունում է այդ «անհարմար» խառնվածքները որպես դասարանին անհրաժեշտ գույն, որին նա տալիս է ստեղծագործական ինքնաարտահայտման հնարավորություն։ Դա իսկապես նման է ներկապնակի հետ աշխատելուն․
միայն «հանգիստ», ինքնամփոփ կապույտի և կանաչի միջոցով չես կարող ստեղծել լիարժեք նկար, պետք են նաև ակտիվ, ճառագող դեղինն ու կարմիրը։
● Դասարանում աշակերտները նստում են ըստ խառնվածքների։ Այսինքն՝ հանգիստ, «լավ, լսող, սուսիկ-փուսիկ» մելանխոլիկ աշակերտին չեն նստեցնում «անտանելի, չար, չլսող» սանգվինիկի կամ խոլերիկի կողքը, ինչպես դա երբեմն արվում է։ Դրա բացասական ազդեցությունը պարզ
երևում է ժամանակի մեջ․ «լավ, լսող, սուսիկ-փուսիկը» դառնում է է՛լ ավելի ինքնամփոփ, է՛լ ավելի խորն է մտնում իր «խխունջի» մեջ, իսկ «անտանելի, չար, չլսողը» դառնում է է՛լ ավելի ակտիվ։ Դրա փոխարեն իրար կողք երկու մելանխոլիկները սկսում են դուրս գալ սեփական անձի սահմաններից, ավելի թեթև տանել ինքնակարեկցման բեռը, քանի որ տեսնում են մեկին, ով
նույնպես «տառապում» է և արժանի է կարեկցանքի։ Իսկ երկու սանգվինիկները աստիճանաբար հոգնում են միմյանցից և հանդարտվում։
● Հիմնական դասի և օտար լեզուների դասերի սկզբում կատարվող «ռիթմիկ մասը» ուսուցիչը կառուցում է՝ ելնելով աշակերտների խառնվածքներից։ Դա հատկապես վերաբերում է
բանաստեղծություններին և լեզվական վարժություններին։ Նույն տեքստը (տարիքին համապատասխան բանաստեղծություն, որևէ արձակ հատված և այլն) արտասանվում է տարբեր իմաստային շեշտերով, հնչերանգներով և ուժգնությամբ՝ ապահովելով չորս խառնվածքների առկայությունը։
Պատմողական նյութը (ըստ տարիքի դա կարող է լինել հեքիաթ, առակ, լեգենդ, պատմական իրադարձություն, կենսագրություն) մշակվում է այնպես, որ վառ նկարագրության մեջ ի հայտ գան չորս խառնվածքները։ Օրինակ՝ որևէ ճակատամարտում զորավարի քաջ կերպարը և մարտի տեսարանները հատկապես ոգևորիչ են խոլերիկների համար, սանգվինիկներին գրավում են զրահների փայլը, դրոշների գույները, զենքի աղմուկն ու ձիերի վազքը, ֆլեգմատիկներին՝ երկու կողմերի նախապատրաստումը (զենքերը մաքրելը, ձիերին կերակրելն ու լվանալը), իսկ մելանխոլիկներին՝ մարտի ծանր բնույթը, վիրավորների տառապանքը։ Մյուս տարբերակը տեքստի հնչերանգային մշակումն է ըստ նախադասությունների տեսակների՝ ինքնավստահ և հրահանգող
հրամայական, ուրախ և հուզական բացականչական, հանգիստ և դանդաղ պատմողական և անվստահ կամ խորքային հարցական տրամադրությամբ։

Այստեղ հնարավոր չէ թվարկել խառնվածքների հետ աշխատելու բոլոր հնարավոր եղանակները (մասնավորապես՝ քերականությունից, մաթեմատիկայից, բնագիտական առարկաներից)։ Նշենք, սակայն, որ ուսուցիչը նույնպես ունի իր սեփական խառնվածքը, որը պետք է մշտապես զսպի, հակառակ դեպքում այն կդառնա երեխաների պատիժը։ Սա ուսուցչի ինքնուրույն աշխատանքի խիստ կարևոր տարրերից է։

ՈՐՈՇ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տառերի ուսուցում, բանավոր և գրավոր խոսք, ընթերցանություն

Առավել հայտնի, «աչքի ընկնող» յուրահատուկ կողմերից է տառերի ուսուցման, ընթերցանության և առհասարակ խոսքի հետ աշխատանքը։ Տառերի ուսուցումը կատարվում է դանդաղ և տևում է մեկ ամբողջ տարի։ Դրան նախորդում է «ձևերի նկարչություն» առարկայի մուտքը․ երեխաները սովորում են մեծ թղթերի վրա և ալբոմներում պատկերել ուղիղ և կոր գծերով ստացված տարատեսակ ձևեր։ Այդպես նրանք վարժվում են գծային՝ զուտ գրաֆիկական մտածողությանը։

Այնուհետև հերթը հասնում է տառերին։ Յուրաքանչյուր տառի համար ընտրվում է որոշակի պատկեր, որը կապված է այդ տառի հետ միաժամանակ թե՛ հնչյունային, թե՛ իմաստային, թե՛ կերպարային առումով։ Ուսուցիչը սովորաբար պատմում է հեքիաթ, որում կարելի է գտնել այդ պատկերը, որից հետո նկարում է այն ու դուրս բերում տառի տեսքը։ Սկզբում մեկ տառի հետ աշխատանքը տևում է երկու-երեք օր, ավելի ուշ մեկ պատմության միջոցով կարող է տրվել մի քանի տառ։
Գրատախտակին հաճախակի գրվում են նաև ամբողջական բառեր, որոնց տառերի մի մասը երեխաներին դեռ ծանոթ չէ։ Այդպես հիմք է դրվում ամբողջական բառի միջոցով ընթերցելու տեխնիկային, որը հակառակ է ընդունված «վանկերով» ընթերցանությանը։

Հաջորդ քայլը արդեն սեփական ձեռքով տպատառերով գրված և նախապես ծանոթ նախադասությունների ու փոքրիկ տեքստերի ընթերցանությունն է, որից հետո՝ քիչ ծանոթ կամ անծանոթ տեքստերի ընթերցանությունը։ Այս ամբողջ ընթացքում տառերը դեռ «նկարվում են»՝ գունավոր մատիտներով, մեծ չափերի, տպատառ տարբերակով։
III դասարանում երեխաները սկսում են կարդալ տպագիր տեքստեր և գրել բարակ մատիտներով, իսկ չորրորդում՝ գրել թանաքի գրչով (փետուրով)։ Ընդ որում այդ աշխատանքը սկսվում է սագի կամ արծվի իրական փետուրներով կամ եղեգնի փայտիկներով գրելուց։
Նույն IV դասարանում սկսվում է նաև քերականության (խոսքի մասերի) ուսուցումը, և, որքան էլ տարօրինակ է, տարեվերջին երեխաները հանգիստ հաղթահարում են գիտելիքի ստուգման պահանջները։

Մաթեմատիկայի դասավանդման որոշ առանձնահատկություններ

Մաթեմատիկայի դասավանդումը տարրական դասարաններում հիմնված է խառնվածքների վրա։ Չորս գործողությունները տրվում են միաժամանակ, որպես չորս խառնվածքներին համապատասխանող «աշխարհների» օրենքներ։ Դա թույլ է տալիս հեշտությամբ ընկալել «ուժեղ» և «թույլ» գործողությունների տարբերությունը և փակագծերի դերը։
Մաթեմատիկական խնդիրները տրվում են երեք՝ հստակ արտահայտված
փուլերով, որոնք ունենում են տարիքին համապատասխան բովանդակություն,
սակայն պահպանում են սկզբունքային առանձնահատկությունները․

● խնդրի կենսական համատեքստի, իրավիճակի հնարավորինս վառ նկարագրություն (սինկրետիկ փուլ), որը ավարտվում է հարցով,
● հարցից բխող վերլուծություն, կարևոր և անկարևոր պայմանների զատում, կենսական պատկերի փոխարեն խնդրի նկարագրություն թվերի միջոցով (անալիտիկ փուլ),
● լուծում և, որպես հետևանք, կյանքի ամբողջական պատկերի վերականգնում գիտակցված մակարդակով՝ պատասխանի ձևով (սինթետիկ փուլ)։

Ուշագրավ է երկրաչափության դասավանդումը, որը ըստ էության շարունակում է առաջին հինգ տարիների «երկրաչափական ձևերի նկարչություն» առարկան՝ կառուցվելով այդ տարիների ընթացքում ձեռք բերած ունակությունների հիմքին։
«Երկրաչափական ձևերի նկարչության» նյութն է․

● I-II դասարաններում՝ ուղիղ և կոր գծերի միջոցով ստեղծված բազմազան ձևերի պատկերումը,
● III դասարանում՝ հայելային կոր և ուղիղ ձևերի պատկերումը,
● IV դասարանում՝ կենտրոնային համաչափ և անհամաչափ ձևերի պատկերումը,
● V դասարանում՝ բարդ հյուսվածքներով օրնամենտալ ձևերի պատկերումը։

VI դասարանում դրա հիման վրա սկսվում է երկրաչափություն «առանց քանոնի և կարգինի», այնուհետև՝ VII դասարանից, դասական երկրաչափություն, որը համալրվում է երկրաչափական ցանկացած պատկեր, հատկություն, թեորեմ «շարժման մեջ» դիտարկելու փորձով։

Օտար լեզուների դասավանդումը

Օտար լեզուների դասավանդումը տեղի է ունենում մարդու կողմից մայրենի լեզվի յուրացման մոդելի հիման վրա: Առաջին տարիների խնդիրն է երեխաների մոտ օտար լեզվի, մշակույթի և կենցաղի հանդեպ հետաքրքրություն ու սեր առաջացնելը: Երկար գտնվելով ժողովրդական խոսքի տարերքում՝ երեխան սկսում է զգալ լեզուն:
Այնուհետև արդեն լեզվի և մշակույթի ինտենսիվ կամային (դերային) և հուզական (պատկերավոր-գեղարվեստական) վերապրման ճանապարհով անցում է կատարվում դեպի լեզվի քերականական համակարգի մտային յուրացումը։

Մինչև 9 տարեկանը նախընտրելի է խուսափել քերականության դասավանդումից: Բառեր, բանաստեղծություններ և կարճ տեքստեր արտասանելու, ժողովրդական երգեր երգելու, հեքիաթներ ու լեգենդներ լսելու, կարճ երկխոսությունների մեջ մտնելու ճանապարհով երեխան քայլ առ քայլ մոտենում է տվյալ լեզվի ու մշակույթի վերապրմանը։

Երկրորդ փուլում երեխայի խոսքային հնարավորությունները ամրապնդվում ու հարստանում են, առոգանությունը ճշգրտվում է, կոնկրետ օրինակների միջոցով յուրացվում են քերականական օրենքները:

Երրորդ փուլում ուսուցիչն ուշադրությունը կենտրոնացնում է տեքստի ոճական առանձնահատկությունների և երեխայի ստեղծագործական աշխատանքի վրա: Այդ փուլի համար բնորոշ է լեզվամտածողության ձևավորումը:

Այդ մոտեցումը կարելի է նկարագրել հետևյալ սխեմայի միջոցով.

Բնագիտական առարկաներ


Բնագիտական առարկաների դասավանդումը կատարվում է երևութաբանական (ֆենոմենոլոգիական) մոտեցմամբ։ Դա նշանակում է, որ տեսությունը (օրենքները, դասակարգումները և այլն) պարտադիր դուրս է բերվում փորձից՝ բնական երևույթի դիտարկումից։ Դա աշակերտներին հնարավորություն է տալիս ոչ թե հավատալու այս կամ այն տեսությանը, այլ ինքնուրույն բացահայտելու դրա հիմքում եղած բնագիտական հասկացությունը՝
«նախաերևույթը», կամ «նախաֆենոմենը» (օրինաչափությունը, օրենքը, տիպը, կարգը և այլն): Ստորև ներկայացված է այդպիսի դասավանդման մոտավոր կառուցվածքը։

Առաջին օր («սինկրետիկ փուլ»)

1․ Տեսությունից, նախնական գիտելիքից որքան հնարավոր է զուրկ «մաքուր ընկալում» (փորձի կամ բնական երևույթի անմիջական դիտում կամ նկարագրություն):
2․ Դրան հաջորդում է տեսածի, ընկալվածի ճշգրիտ վերարտադրումը (նկարագրության և/կամ պատկերի միջոցով), որն արվում է դասի ընթացքում կամ տանը։ Կարևոր պայման է այդ փուլում որևէ բացատրությունից խուսափելը։

Երկրորդ օր («անալիտիկ փուլ»)

3․ Հաջորդ օրը աշակերտներն ընթերցում և համեմատում են նկարագրություններն
ու պատկերները, ուսուցչի ղեկավարությամբ գրատախտակին ստեղծվում է մեկ ընդհանուր տեքստ և պատկեր, որն աշակերտները որքան հնարավոր է ճշգրիտ վերարտադրում են փուլային տետրում։
4․ Դրան հաջորդում է զրույցը, որի ընթացքում աշակերտներն ուսուցչի մասնակցությամբ ինքնուրույն գտնում են երևույթին համապատասխանող օրինաչափությունը (այսպես կոչված «նախաֆենոմենը»)։

Երրորդ օր («սինթետիկ փուլ»)

5․ Նախորդ փուլում գտնված օրինաչափության հիման վրա ձևակերպվում է բնագիտական հասկացությունը (օրենքը, օրինաչափությունը, դասակարգումը, բանաձևը, տիպը, համակարգը և այլն՝ ըստ կոնկրետ առարկայի և երևույթի)։

Աշխարհագրություն

Առարկայացանկում աշխարհագրությունը զբաղեցնում է առանձնահատուկ տեղ։ Այն հավասարաչափ տեղավորվում է թե՛ բնագիտական, թե՛ հումանիտար առարկաների շարքում և բազմաթիվ աղերսներ ունի գրեթե բոլոր ճանաչողական առարկաների և ոլորտների հետ՝ պատմության, հասարակագիտության, տնտեսագիտության, աստղագիտության, կենդանաբանության, բուսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, միներալոգիայի, երկրաչափության և այլն։ Այդ իսկ պատճառով աշխարհագրությունն ինքնին միջառարկայական կապերի դաշտ է։

Աշխարհագրության դասավանդումը (որպես աշխարհի տարածական ճանաչողություն) սկսվում է սեփական տնից դեպի դպրոց ճանապարհի ուսումնասիրությունից, Երևանի կենտրոնի հատակագիծ քարտեզ ստեղծելուց և, աստիճանաբար ընդլայնվելով դասարանից դասարան, ներառում է ամբողջ երկրագունդը։

Աստղագիտություն

Տարածական պատկերացումների ընդլայնմանը զուգահեռ ուսումնասիրվում է աստղային երկինքը։ Դա արվում է՝ հետևելով գիտելիքի ձևավորման պատմական ընթացքին։

V դասարանում աշխարհագրության համատեքստում տրվում են երկնքով կողմնորոշվելու հիմնական ձևերը (Արևի և Բևեռային աստղի միջոցով)։

VI դասարանում ուսումնասիրվում է հյուսիսային կիսագնդի աստղային երկինքը․ սկզբում՝ մերձբևեռային, այնուհետև՝ աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային երկնքի առավել վառ համաստեղություններն ու աստղերը։ Համաստեղությունների ուսումնասիրությունը ուղեկցվում է հին աշխարհի՝ Հայաստանի, Իրանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Միջագետքի և հատկապես՝ Հունաստանի առասպելներով ու լեգենդներով, որոնք օգնում են առավել վառ ու
պատկերավոր ընկալել երկնակամարը։

VII դասարանում համաստեղությունների և Արևի ու Երկիր մոլորակի միջև կապը հասկանալու համար ուսումնասիրվում է Կենդանակերպի շրջանը և Արևի դիրքի փոփոխությունը տարվա չորս եղանակներին։

VIII դասարանի նյութը Արևի, Լուսնի, մոլորակների փոխադարձ շարժումն է՝ Արեգակնային համակարգի հելիո- և գեոցենտրիկ (արևա- և երկրակենտրոն) մոդելների տեսանկյունից։
IX դասարանում կատարվում է Հին Եգիպտոսի և Միջագետքի, Պյութագորասի, Պլատոնի, Արիստոտելի, Պտղոմեոսի, Կոպերնիկոսի, Տիխո դե Բրահեի և Կեպլերի մոդելների համեմատական ուսումնասիրությունը և Կեպլերի երեք օրենքների հետ ընդհանուր ծանոթացումը։ Բոլոր տարիներին զուգահեռ կատարվում են աստղային երկնքի դիտումներ։

Կենսաբանություն

Կենսաբանության մեջ առաջին քայլերը կատարվում են շատ ավելի վաղ, քան բուն առարկայի մուտքը։ Արդեն I-III դասարաններում երեխաները շաբաթական ռիթմով այցելում են անտառ, իսկ դասարանում նրանցից յուրաքանչյուրը սովորաբար ունենում և խնամում է իր սեփական բույսը։

IV դասարանում կարևորագույն դեր ունի գյուղատնտեսական աշխատանքը։ Սկզբում աշակերտները ծանոթանում են հողի «միակողմանի» տեսակներին (աղակալված հող, կավահող, ավազ և կիր պարունակող հող), որոնք իրենց «բնավորության», «խառնվածքի» պատճառով պիտանի չեն որակյալ հողագործության համար, որից հետո իմանում են բերրի սև հողի մասին։
Այնուհետև ծանոթանում են հացահատիկի չորս տեսակին՝ գարու, ցորենի, վարսակի և տարեկանի։ Դրան հաջորդում է ավանդական գյուղատնտեսության գործիքների ուսումնասիրությունը։ Ցույց է տրվում, որ բոլոր «ավանդական» գործիքները շարունակում և կատարելագործում են մարդու մարմնի որևէ մասի գործառույթները։ Այս ամենին զուգահեռ աշակերտները սովորում են ժողովրդական երգեր և բանաստեղծություններ (հորովելներ, սերմնացանի երգեր և այլն):
Վերջապես հոկտեմբեր ամսվա որևէ օր դասարանը մեկնում է գյուղ՝ դաշտային աշխատանքների։

Երեխաները խմբերով լծվում են գութանին, վարում հողը, որից հետո կապում գոգնոցներն ու ցորեն ցանում՝ ուղեկցելով աշխատանքը ժողովրդական երգերով։ Աշնանը և գարնանը դասարանը պարբերաբար այցելում է դաշտ և հետևում ցորենի աճին, իսկ ամռանը՝ քաղում բերքը, աղում ցորենը և հաց թխում։

V դասարանում կենսաբանությունը դառնում է առարկա՝ «Մարդը և կենդանիները»։ Մարդու մարմինը դիտարկվում է արտաքին մորֆոլոգիայի տեսանկյունից՝ համեմատելով կառուցվածքը (գլուխը՝ զգայարանների կենտրոն, կրծքավանդակը՝ շնչառության և արյան շրջանառության ռիթմիկ պրոցեսների համակարգող, և վերջույթները՝ դեպի աշխարհը տարածվող և աշխարհում գործող) կենդանական աշխարհի տարբեր ներկայացուցիչների հետ։ Հատկապես ուշագրավ է վերջույթների համեմատությունը, որովհետև դրանից դուրս է բերվում ուղղահայաց դիրքի և ազատ ձեռքերի դերը մարդ լինելու համար։

VI դասարան․ թռչուններ, գիշատիչներ և սմբակավորներ (սակայն ոչ այնքան մորֆոլոգիայի, որքան ապրելակերպի և դրանից բխող օրգանական ֆունկցիաների տեսանկյունից), և բույսեր՝ ջրիմուռներից, սնկերից ու քարաքոսներից մինչև փշատերև բույսեր (մերկասերմեր)։

VII դասարան․ կենդանաբանությունից՝ սողուններ, երկկենցաղներ, ձկներ, բուսաբանությունից՝ ծածկասերմեր։

VIII դասարան․ կենդանաբանությունը ավարտվում է հատվածոտանիներով և որդերով, որից հետո սկսվում է մարդաբանությունը, որի հատկապես հետաքրքիր մասը «Սնունդ և առողջություն» առարկան է․ ճիշտ սնվելու նշանակությունը (ճարպեր, սպիտակուցներ և ածխաջրեր), շնչառության և արյան շրջանառության համակարգերն ու ծխախոտի և ալկոհոլի ազդեցությունը դրանց վրա, թմրադեղերի օգտագործման և այլ վնասակար սովորությունների հետևանքները։
9-րդ դասարանում ուսումնասիրվում են մարդու զգայարաններն ու կմախքը։
Ամենահետաքրքիր աշխատանքներից մեկը յուաքանչյուր աշակերտի՝ սեփական կմախքի պատկերումն է (մեծ թղթերի վրա, հստակ չափերով՝ «մեկը մեկի»)։

Ավագ դպրոցում գենետիկայի, բջջաբանության և էմբրիոլոգիայի թեմաների շարքում, մասնավորապես, բացառիկ է էմբրիոլոգիայի դասընթացը, որի շրջանակում քանդակվում են էմբրիոնի ձևավորման հիմնական փուլերը։

Միներալոգիա, ֆիզիկա, սև-սպիտակ նկարչություն և հեռանկար

Տասներկու տարեկան աշակերտի մոտ տեղի է ունենում ճգնաժամային փոփոխություն․ մտածողությունն այլևս փոխկապակցված չէ հուզականության հետ այնքան ամուր, որքան ավելի վաղ շրջանում։ Ի պատասխան այդ մարտահրավերին՝ դպրոցում միաժամանակ հայտնվում է չորս միմյանց լրացնող առարկա։

Քարերի աշխարհում

VII դասարանի առանձնահատուկ առարկաներից է միներալոգիան։
Աշակերտներին անչափ հետաքրքիր է տեսնել՝ ինչպես են հրաբխային ապարից առանձնանում ագաթը, խալցեդոնը, և վերջապես բյուրեղանում է կվարցը՝ ստանալով բազմաթիվ գունային երանգներ (լեռնային բյուրեղապակի, ամետիստ, ցիտրին, վարդագույն և ծխագույն կվարց, մորիոն․․․), ինչպես հարյուր հազարավոր տարիների հնության անտառները այսօր դարձել են սև քարածուխ, որի մեջ խտացված է այն ժամանակների արևի ջերմությունը, ինչպես այդ ածուխը բարձր ջերմության և ճնշման տակ դառնում է գրաֆիտ, որից ընդերքի աներևակայելի
խորքերում ահռելի ճնշման տակ հայտնվում է ադամանդը․․․

Անչափ հետաքրքիր է իմանալ տուֆի, բազալտի, գրանիտի ծագման մասին, համեմատել հրաբխային փրփուրը՝ պեմզան, և հրաբխային ապակին՝ օբսիդիանը․․․
Զարմանալ և հիանալ նռնաքարի, ֆլուորիտի և պիրիտի բյուրեղային մաքրությամբ․․․

Ֆիզիկա

Ֆիզիկան գիտություն է անկենդան բնության օրենքների մասին, ինչը համահունչ է տասներկու տարեկանների խորքային պահանջին՝ դիտարկել աշխարհը մաքուր մտածողության տրամաբանական հայացքով։ Ինչպես նշվեց, ամեն ինչ սկսվում է փորձից՝ երևույթների անմիջական դիտումից, երկրորդ քայլը նկարագրությունն է, որի հիման վրա արվում է բացատրությունն ու եզրակացությունը։ Յոթերորդ դասարանի ֆիզիկայի թեմաներն են՝ ձայնային երևույթներ (փորձեր լարային գործիքներով, «Խլադնիի ֆիգուրներ», տատանում և ալիք), օպտիկա (լույս, խավար, գույն, հիմնական և լրացուցիչ գույներ, լույսի տարածումը խավարի մեջ),
ջերմություն (ագրեգատային վիճակ, ջերմության փոխանցում), ստատիկ էլեկտրականություն (սաթե փայտիկի փորձը, լարում, լիցք) և մագնիսականություն (ուժային գծեր, մագնիսական դաշտ)։

Սև-սպիտակ նկարչություն և հեռանկար

Այս առարկաները բնագիտական չեն, բայց կարևոր դեր են խաղում բնագիտական
մտածողության խորացման համար՝ համալրելով այն նյութական աշխարհի վիզուալ ուսումնասիրությամբ։ Սև-սպիտակ նկարչության նյութը՝ գրաֆիտն ու ածուխը, կապված է միներալոգիայի հետ, իսկ երկրաչափապան մարմինների պատկերումը լույսի և ստվերի միջոցով համահունչ է օպտիկայի թեմաներին։
VII-VIII դասարաններում տարածության պատկերումը երկրաչափական հեռանկարի
օրենքների հիման վրա օպտիկական պատրանք ստեղծելու հոյակապ փորձ է։
Միևնույն ժամանակ, դրանով հող է նախապատրաստվում Վերածննդի շրջանի
մտածողության շրջադարձը ընկալելու համար։ Այս օրինակներից երևում է՝ ինչպես են միահյուսվում բնագիտական, ճշգրիտ, հումանիտար և գեղագիտական առարկաները՝ ապահովելով երեխայի տարիքային զարգացման առողջ ընթացքը։

Քիմիա

Քիմիան միջին դպրոցի ամենահետաքրքիր և միաժամանակ հաճախակի անտեսված առարկաներից է։ Քիմիական երևույթների ուսումնասիրությունը սկսվում է VIII դասարանում՝ բոլորիս ծանոթ այրումից, որը դիտարկվում է որպես նյութի յուրահատուկ «ապանյութականացման» ընթացք։ Այնուհետև աստիճանաբար կառուցվում է թթուների, աղերի և հիմքերի մասին գիտելիքը։
Առանձնահատուկ հետաքրքիր է մետաղների ուսումնասիրությունը, որի համար սովորաբար հատկացվում է ամբողջական մի փուլ։ Մեկ տարվա ընթացքում աշակերտները դիտում, նկարագրում և բացատրում են շուրջ 30-50 փորձ։

Հումանիտար առարկաներ, արվեստներ, արհեստներ և սպորտ

Պատմություն

Պատմության դասավանդումը կատարվում է երկու հիմնական մեթոդական սկզբունքների հիման վրա՝ տիպային օրինակների ուսումնասիրման և սիմպտոմատոլոգիայի։

1․ Տիպային օրինակների վրա հիմնված ուսուցումը ենթադրում է, որ որոշակի պատմական իրադարձություններ դիտարկվում են որպես առավել հատկանշական և բնորոշ, դրանց խորացված ուսումնասիրմանը հատկացվում է ավելի մեծ ուշադրություն, քան նմանատիպ, սակայն ավելի սահմանափակ նշանակության իրադարձություններին, որոնք դիտարկվում են պատմական և մշակութային համատեքստում՝ հիմնական («տիպային») իրադարձության
համեմատությամբ։ Օրինակ՝ Հին Եգիպտոսի՝ որպես ամբողջական պատմամշակութային դարաշրջանի ուսումնասիրության համար կարևոր չէ անցնել թագավորությունների և տիրակալների ամբողջ շարքը, բավարար է տալ որոշակի մշակութային համատեքստ և մի քանի առավել բնորոշ կերպար և իրադարձություն։

2․ Պատմության սիմպտոմատոլոգիական ուսուցումը ուղղված է առանձին պատմական իրադարձությունների դիտարկմանը որպես մեծ պատմամշակութային տենդենցների նշաններ՝ լայն պատմամշակութային համատեքստում։ Օրինակ՝ արևմտյան եկեղեցու և ասպետականության՝ Հարյուրամյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած ճգնաժամը ու դրան հաջորդած XIV-XVI դարերի Վերածնունդը, գիտական և աշխարհագրական մեծ հայտնագործությունները դիտարկվում են որպես միջնադարյան գիտակցության մայրամուտի և նոր՝ ժամանակակից մարդուն հատուկ, սեփական անձի կարևորման վրա հիմնված գիտակցության (ինքնագիտակցման) արթնացման մասնավոր նշաններ։

Դա նշանակում է նաև, որ ցանկացած պատմական դարաշրջանի ընդհանուր մշակութային բնութագիրը շատ ավելի էական է, քան բազմաթիվ առանձին իրադարձությունների մանրամասն ուսումնասիրությունը։ Օրինակ՝ շատ ավելի կարևոր է և արդյունավետ ընկղմվել միջնադարյան կյանքի, կենցաղի, մշակույթի մեջ, վառ պատկերացնել ամրոցի, վանքի, քաղաքի և գյուղի մթնոլորտը, արտանկարել մանրանկարներ, սկզբնաղբյուրներից որևէ տեքստ գրել
միջնադարյան տառատեսակներով, կազմակերպել ասպետական մրցում, պատրաստել միջնադարյան հագուստ և խաղալ միջնադարյան թեմաներով ներկայացում, քան խորտակվել բազմաթիվ «առանձին փաստերի» օվկիանոսում, որից միևնույն է մոռացվելու է տեղեկությունների 99%։

«Պլաստիկ» և «երաժշտական» արվեստներ

Երաժշտությունը, գեղանկարչությունը, քանդակը, պոեզիան, էվռիթմիան, պարը և թատրոնը ուղեկցում են աշակերտին առաջինից տասներկուերորդ դասարան։ Ավագ դպրոցում դրանց միանում է արվեստի պատմությունը։ Արվեստի բացառիկ դերը մարդու կայացման համար դեռևս 1795 թ․ հիմնավորել է գերմանացի մեծ մտածող՝ բանաստեղծ, պատմաբան, փիլիսոփա, գեղագետ և թատերագիր Ֆրիդրիխ Շիլլերը իր՝ «Նամակներ մարդու գեղագիտական դաստիարակության մասին» երկում, որը հանդիսանում է մարդկության մանկավարժական և փիլիսոփայական մտքի
կարևորագույն նվաճումներից մեկը։ Ըստ նրա՝ արվեստն իր ստեղծարար բնույթով նման է խաղի և զգայականի և բանականի միջև կամուրջ է, որը գեղագիտական դաստիարակության միջոցով տալիս է մարդուն զգայական բնությունից դեպի բանական էությունը բարձրանալու և ազատություն ձեռք բերելու հնարավորություն։

Գոյություն ունեն արվեստի տեսակների տարբեր դասակարգումներ։
Մասնավորապես դասական գեղագիտության մեջ արվեստները, ըստ բնույթի և ազդեցության, բաժանվում են հիմնական երկու խմբի՝ «պլաստիկ» և «երաժշտական» (այդ մասին առավել մանրամասն գրում է Օսվալդ Շպենգլերը՝ «Եվրոպայի մայրամուտը» գրքում)։

«Պլաստիկ» արվեստները գործ ունեն արտաքին (տեսանելի) ձևերի հետ, նրանց արտահայտչամիջոցներից են տարածությունը, ծավալը, գույնը, վիզուալ ռիթմը և այլն։ Այդ արվեստները օգտվում են արտաքին աշխարհի ձևերից և կարող են վերարտադրել դրանք որպես պատկերներ։ Դպրոցում դասավանդվող պլաստիկ արվեստներն են գեղանկարչությունը և քանդակը։ Նաև X դասարանում ուսումնասիրվում է կերպարվեստի, իսկ XII դասարանում՝ ճարտարապետության պատմությունը։
«Պլաստիկ» արվեստների ազդեցությունը կարելի է բնութագրել որպես հիմնականում արտաքինից դեպի ներքինն ուղղված, արտաքին աշխարհի գեղագիտական ընկալման և պատկերավոր արտացոլման ստեղծագործական ունակությունը դաստիարակող։

«Երաժշտական» արվեստները չեն ստեղծում տարածական ձևեր և չեն կարող վերարտադրել արտաքին աշխարհի պատկերները։ Նրանք ստեղծում են բացարձակ նոր աշխարհ, որը չունի իր նախատիպը բնության մեջ։ «Երաժշտական» անվանումը կապված է նրա հետ, որ բոլոր այդ արվեստներն ունեն հնչյունային, մեղեդիական հիմք։ Դպրոցում այդ շարքից դասավանդվում են երաժշտությունը, պոեզիան, էվռիթմիան, պարը և դրամատիկական արվեստը։ XI և XII
դասարաններում որպես տեսական նյութ ուսումնասիրվում է տաղաչափությունն ու պոետիկան, դրամայի և երաժշտության տեսությունը (մեծ ստեղծագործությունների օրինակների հիման վրա)։
«Երաժշտական» արվեստների ազդեցությունը կարելի է բնութագրելորպես հիմնականում ներքինից դեպի արտաքինն ուղղված, մարդուներաշխարհի գեղագիտական արտահայտման և պատկերավոր դրսևորման ստեղծագործական ունակությունը դաստիարակող։

Երկու դեպքում էլ ամրանում են կայացող մարդու ստեղծագործական ուժերը, դաստիարակվում է ճաշակը, ինքնուրույնությունը, հետևողականությունը, աշխատասիրությունը, սեփական ինքնության զգացումը, հիմք է դրվում հետագայում ազատության գաղափարի ընկալման համար։

Ստորև ներկայացվում են արվեստների դասավանդման որոշ առանձնահատկություններ։

Գեղանկարչություն և քանդակ

Գույների միջոցով հղկվում, մշակվում են հուզական աշխարհի, խառնվածքների
ծայրահեղությունները, աշակերտը սովորում է տեսնել աշխարհի գեղեցկությունը (օրինակ՝ տարրական դասարաններում ջրաներկի՝ «թաց թղթով» տեխնիկայի և բնական մեղրամոմից պատրաստված մոմամատիտների կիրառմամբ)։
Միջին դպրոցում երկրաչափական հեռանկարի և սև-սպիտակ նկարչության դասերին աշակերտը կատարում է ոչ միայն զուտ նկարչական, այլև լուրջ մտային աշխատանք՝ սովորելով լույսի, ստվերի և տարածական կառուցումների միջոցով ստեղծել տարածական պատկեր։

Միջին դպրոցում ջրաներկով («չոր թղթով» եղանակով) աշխատանքը ուղեկցում է
բուսաբանության, կենդանաբանության և աստղագիտության դասերը։

Վերածննդի շրջանի պատմությանը զուգահեռ աշակերտները արտանկարում են մեծ վարպետների՝ Ռաֆայելի, Լեոնարդո դա Վինչիի, Ալբրեխտ Դյուրերի և այլոց գրաֆիկական աշխատանքները։

Մարդաբանության դասընթացին զուգահեռ աշակերտները պատկերում են մարդու կմախքը՝ սեփական մարմնի չափերով։ Այս աշխատանքն ունի միաժամանակ բնագիտական, գեղագիտական և ինքնաճանաչողական բնույթ։

Ավագ դպրոցում աշակերտները ծանոթանում են տարբեր ոճերի և լուծում անհատական ստեղծագործական խնդիրներ։

Քանդակը՝ մեղրամոմից, կավից, ավագ դպրոցում՝ փայտից և քարից, տալիս է ամրություն, վստահություն սեփական ուժերի հանդեպ, նյութի կարծրության հաղթահարման զգացում։ Միջին և ավագ դպրոցում աշակերտները քանդակում են սեփական ձեռքերն ու գլուխները, ինչն ուղղված է նաև ինքնաճանաչողությանը։
Գիտական ճանաչողությունը ներքին վերապրում դարձնելուն է ծառայում միջին դպրոցում մարդաբանությանը զուգահեռ զգայարանների՝ աչքի և ականջի, իսկ ավագ դպրոցում՝ էմբրիոլոգիայի դասերին մարդու էմբրիոնի քանդակումը։

Երաժշտություն

Բացի բուն երաժշտական ունակությունները (լսողությունը, ռիթմը, երգեցողության և երաժշտական գործիքներ նվագելու հմտությունները և այլն) զարգացնելուց, երաժշտությունը կարևորագույն նշանակություն ունի մարդու ամբողջական կայացման և զարգացման համար։ Դա վերաբերում է և՛ ընդհանուր կրթվածությանը, և՛ ազգային ու համամարդկային արժեքներին հաղորդակցվելուն, և՛ (մենակատար լինելու դեպքում) սեփական անհատականության ամրապնդմանը, և՛ (երգչախմբին, անսամբլին, կամ նվագախմբին մասնակցելու պարագայում)
կարևոր սոցիալական հմտություններին։
Վալդորֆյան մանկավարժության ավանդույթների համաձայն՝ աշակերտներն արդեն տարրական դպրոցում սովորում են ոչ միայն երգել, այլև նվագել երաժշտական գործիք՝ բլոկֆլեյտա։ Գործիքի ընտրությունը պայմանավորված է.
ա) պարզությամբ և համեմատաբար հեշտ տիրապետելու հնարավորությամբ,
բ) որակյալ գործիքների հասանելիությամբ,
գ) լսողության վրա անմիջական ազդեցությամբ,
դ) այդ գործիքով թե՛ ժողովրդական, թե՛ միջնադարյան, թե՛ բարոկկո, թե՛ դասական երաժշտություն կատարելու հավասար հնարավորությամբ։

Արդեն V դասարանում աշակերտները սկսում են տիրապետել բազմաձայն երգեցողությանը, VII-VIII դասարաններում կատարում են անսամբլային գործեր և ժողովրդական երաժշտության մշակումներ, իսկ ավագ դպրոցում՝ բարդ դասական և ժամանակակից երաժշտություն։

Պոեզիա

Բանաստեղծական արվեստի դերը վալդորֆյան դպրոցում շատ ավելի մեծ է, իսկ շրջանակները՝ լայն, քան ընդունված «անգիրներն» ու ասմունքի երեկոները։ Բացի վերը նշված՝ խառնվածքների և տրամադրությունների հետ աշխատանքից, V դասարանից սկսվում է «խոսքի ձևավորում» կոչվող վարժանքը, որը ճյուղավորվում է դեկլամացիայի, ռեցիտացիայի և բեմական խոսքի։

Դեկլամացիան հենվում է ձայնավորների վրա և շեշտադրում բանաստեղծության չափը, որի միջոցով արտահայտվում է հուզականությունը։ Այն կարելի է բնութագրել որպես առավել «հոգեկան», զգացմունքային աշխատանք։ Այդ աշխատանքի հիմքում դասական (Հին Հունաստանից սկիզբ առնող) տաղաչափությունն է։ Դեկլամացիայի համար հոյակապ նյութ են, մասնավորապես, Հին Հունաստանի և Հռոմի պոեզիայի բազմազան օրինակներն ու Հովհաննես
Թումանյանի քառյակները։

Ռեցիտացիան շեշտադրում է բանաստեղծության և առհասարակ խոսքի «ուժային» կողմը, ամրությունը, և հենվում է բաղաձայնների վրա։ Ռեցիտացիայի համար հատկապես հարուստ նյութ են V դասարանում խորապես ուսումնասիրվող (սովորաբար նաև բեմադրվող) Սասնա Ծռերը և Հյուսիսային Եվրոպայի էպիկական պոեզիան, որոնք հարուստ են բաղաձայնույթներով, իսկ միջին և ավագ դպրոցում՝ միջնադարյան պոեզիան, Նարեկացին, Կոմիտասը, Համո Սահյանն ու Չարենցը։
Բեմական խոսքի վրա աշխատանքը ներառում է թե՛ ռեցիտացիայի, թե՛ դեկլամացիայի տարրեր, սակայն ունի իր առանձնահատկությունները, որոնցից մեկը խոսքի ուղեկցումն է հոգեբանական ժեստով։

Էվռիթմիա

Վալդորֆյան դպրոցի առանձնահատուկ առարկաներից մեկը էվռիթմիան է՝ XX դարի սկզբում ծնված շարժման արվեստ, որի հիմնական նպատակը մարմնական շարժման և ժեստի միջոցով երաժշտությունը (երաժշտական տոնը, ինտերվալը, տոնայնությունը և ռիթմը) ու խոսքը (յուրաքանչյուր հնչյունը, չափը, շեշտերը, տրամադրությունները) տեսանելի դարձնելն է։ Այն, համապատասխանաբար, բաժանվում է երկու հիմնական ճյուղերի՝ երաժշտական և խոսքի էվռիթմիայի։
Երաժշտական էվռիթմիայի միջոցով աշակերտները կարողանում են շատ ավելի ինտենսիվ վերապրել երաժշտությունը, քան պարզապես ունկնդրելու ժամանակ, այլ կերպ ասած՝ ամբողջ մարմնով «դառնալ երաժշտական գործիք»։ Խոսքի էվռիթմիայի ժամանակ նույնը կատարվում է պոեզիայի հետ։
Դպրոցում երաժշտական էվռիթմիայի դասերին և բեմական ելույթների ժամանակ կատարվում են Կոմիտասի, Բեթհովենի, Մոցարտի, Բախի ստեղծագործությունները, իսկ խոսքի էվռիթմիայից՝ Կոմիտասի, Նարեկացու, Թումանյանի, Աղայանի, Չարենցի բանաստեղծությունները։ Ավագ դպրոցի աշակերտների էվռիթմիական ելույթները կատարվում են մեծ բեմերի վրա՝ հատուկ
հագուստով, լուսավորությամբ և նվագակցությամբ։ Դպրոցի սաները բազմիցս ներկայացրել են իրենց արվեստը նաև Հայաստանից դուրս, մասնավորապես՝ միջազգային փառատոններին։

Պար

Պարը ազատագրում է մարդու մարմինը, ստեղծում է կապ հոգու և մարմնի միջև։
Ժողովրդական պարը արթնացնում է մարդու խորքային կապը սեփական ակունքների և մշակույթի խորքային շերտերի հետ, ձևավորում համատեղ գործողության և միասնականության ուժեղ զգացում։ Այն նաև օգնում է զգալ անցյալը «ներկայում» և կառուցել պատմական դարաշրջանների պատկերները։ Այդ պատճառով պարն ուսուցանվում է մյուս առարկաների (հատկապես՝ պատմության) նյութի համատեքստում։ Մինչև V դասարան ուսուցանվում են ազգագրական պարեր, VI դասարանում հայ ժողովրդի պարերից բացի տրվում են Հին
Հունաստանի և Հին Արևելքի պարեր (Հնդկաստան, Պարսկաստան և այլն), VII դասարանում՝ միջնադարյան, VIII դասարանում՝ Վերածննդի, IX դասարանում և ավագ դպրոցում՝ XIX-XX դարերի պարեր։

Թատրոն

Թատրոնը սինթետիկ արվեստ է՝ բազմաթիվ արվեստների տարրեր պարունակող։
Ներկայացում պատրաստելիս անհրաժեշտ է աշխատել խոսքի, ժեստի և շարժման վրա, երգել, նվագել, պարել, նկարել և պատրաստել դեկորացիաներ, մոդելավորել և կարել զգեստներ և այլն։ Դա մեծ հնարավորություններ է ընձեռում տարբեր հետաքրքրություններ և առավել արտահայտված հմտություններ ունեցող աշակերտների բազմակողմանի ներգրավման համար։
Թատրոնը նաև խմբային արվեստ է, այն ենթադրում է համատեղ աշխատանք, որի կարգախոսներն են՝ «մեկը հանուն բոլորի, բոլորը հանուն մեկի» և «թագավորին ստեղծում է շքախումբը»։
Դա նշանակում է, որ ներկայացումը չի կարող կայանալ միայն գլխավոր դերակատարների շնորհիվ, որ ամբողջության մեջ չկա երկրորդական մասնակից։ Դա մեծ խմբի երկարատև միասնական աշխատանքի արդյունք է։ Ներկայացումների նախապատրաստական
աշխատանքներին մասնակցում են նաև ծնողները, ինչը մեծ նշանակություն ունի ծնողական համայնքի ձևավորման համար։
Ներկայացման դերերի բաշխումը ուսուցչին տալիս է անհատական բնավորությունների և միջանձնային հարաբերությունների վրա աշխատելու մեծ հնարավորություններ։ Ճիշտ դերաբաշխումը (որը հաշվի է առնում աշակերտների խառնվածքները, ուժեղ և թույլ կողմերը, դիրքը դասարանում և այլ նրբություններ) կարող է մեծ դրական նշանակություն ունենալ երեխայի զարգացման համար։
Խոսքն ամենևին «տաղանդավոր» և «անտաղանդ» աշակերտների մեջ գլխավոր ու երկրորդական դերերը բաշխելու մասին չէ։ Հակառակը, ուսուցիչը պետք է բացառի միևնույն՝ բեմում մշտապես վառ և վստահ հանդես եկող երեխաների անընդհատ գլխավոր դերեր կատարելը՝ դասարանային «աստղ» դառնալը։ Դերերը բաշխվում են ոչ թե «ով լավ կխաղա», այլ «ում է այս դերն անհրաժեշտ» սկզբունքով։
Ուսման ամբողջ ընթացքում բեմադրվում են մեծ ներկայացումներ։
Բովանդակային առումով նյութը համապատասխանեցվում է տարիքային պահանջներին․ I-IV դասարաններում՝ հեքիաթներ, առակներ ու լեգենդներ, V դասարանում՝ էպոս, VI դասարանում՝ հին հունական ողբերգություն, VII դասարանում՝ միջին դարերի պատմություն, VIII-IX՝ Վերածննդի հեղինակներ (Վ․Շեքսպիր, Ժ․Մոլյեր), ավագ դպրոցում՝ հիմնականում XIX-XX դարերի (Լևոն Շանթ,
Ժան Անույ, Ֆրիդրիխ Դյուրենմաթ, Բերտոլդ Բրեխտ)։ Ավագ դպրոցի աշակերտներն իրենց ցանկությամբ կարող են մասնակցել նաև ամենամյա ձմեռային ներկայացումներին, որոնք բեմադրվում են ուսուցիչների, ծնողների և շրջանավարտների կողմից։

Արվեստի պատմություն և գեղագիտություն

Արվեստի պատմությունը և գեղագիտությունը դասավանդվում է ավագ դպրոցում։
Այդ առարկայի միջոցով հնարավոր է անցում կատարել միջին դպրոցին հատուկ՝ առավել հուզական և անմիջական բնույթ ունեցող ստեղծագործական աշխատանքից դեպի գեղեցիկի ստեղծման գործընթացի ընկալումն ու գիտակցումը՝ մարդկության մեծագույն հանճարների ստեղծագործությունների հետ ծանոթանալու օգնությամբ։
X դասարանում աշակերտները ուսումնասիրում են կերպարվեստի (քանդակի և գեղանկարչության) պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև պատմության նոր շրջան։ Մեծ ուշադրություն է դարձվում մարդու պատկերման (հետևաբար՝ ինքնաընկալման) զարգացմանը։ Մարդու ընկալումն ընդհանուր, «տիպային» պատկերից (Հին Եգիպտոսում և Միջագետքում) աստիճանաբար անցնում է իդեալականացված «հերոսականի» (Հին Հունաստանում և Հռոմում) և պսակվում անհատականով (Վերածնունդ և Բարոկկո)։ Ուշադրություն է դարձվում վեհի, գեղեցիկի և զավեշտականի դերին և տարբերությանը։

XI դասարանում դասավանդվում է երաժշտության պատմություն, և տրվում է որոշակի պատկերացում երաժշտական ձևի մասին։
Նաև հայ և համաշխարհային պոեզիայի բարձր օրինակների հիման վրա աշակերտները ծանոթանում են տաղաչափության հիմունքներին և առավել հայտնի դասական չափերին։
XII դասարանում դասավանդվում է ճարտարապետության պատմությունը՝ հնագույն ժամանակաշրջանից մինչև XX դար, որի միջոցով ևս մեկ տեսանկյունից դիտարկվում է մարդու զարգացման պատմական ընթացքը։
Որպես գեղագիտության բարձրագույն նվաճումներից մեկը՝ ուսումնասիրվում են Ֆրիդրիխ Շիլլերի «Նամակներ՝ գեղագիտական դաստիարակության մասին»։
X-XII դասարաններում, որպես գեղագիտության և արվեստի պատմության մաս, խորապես ուսումնասիրվում են հայ և համաշխարհային գրականության մեծագույն ստեղծագործություններից մի քանիսը, որոնք ուսուցիչը ընտրում է հետևյալ շարքից․

Սասնա Ծռեր (պարտադիր),
Գրիգոր Նարեկացի՝ «Մատյան ողբերգության» (պարտադիր),
Նիբելունգների երգը,
Ռոլանդի երգը,
Ֆիրդուսի՝ «Շահնամե»,
Կրետյեն դը Տրուա՝ «Պերսևալ»,
Վոլֆրամ ֆոն Էշենբախ՝ «Պարցիֆալ»,
Դանթե՝ «Աստվածային կատակերգություն»,
Շեքսպիր՝ «Համլետ»,
Գյոթե՝ «Ֆաուստ»

Արհեստներ

Արհեստները Վալդորֆյան դպրոցում կարևորվում են ոչ միայն զուտ գործնական (որևէ հմտություն ձեռք բերելու) տեսանկյունից, այլև, առաջին հերթին, որպես կամքի «կրթման», կամային ուժերին տիրապետելու, միտքը նյութի մեջ մարմնավորելու, հետևողական և համբերատար աշխատել սովորելու, ճաշակը կատարելագործելու, կենցաղային մշակույթին հաղորդակցվելու, ստեղծագործական և գործնական խնդիրները միավորելու և լուծելու, և, գուցե
կարևորագույնը՝ «իմաստուն» ձեռքերի միջոցով մտածողությունը զարգացնելու միջոց։
Այս նպատակներին տարբեր տարիքային փուլերում և տարբեր կողմերից միտված են․ գործելը (սրնգի պատյանի, գլխարկի, գուլպաների պատրաստում), խաչկարը (պայուսակի պատրաստում), կարուձևը (սեփական հագուստի ձևում և վերջնական պատրաստում), կենդանիների մոդելների պատրաստումը,

լմումը (սեփական կոշիկների պատրատում), փայտամշակումը (կենցաղային իրերի և կահույքի պատրաստում), կազմարարական գործը (կազմի սեփական դիզայնով
գրքերի պատրաստում), զամբյուղագործությունը (ուռենու ճյուղերից զամբյուղի պատրաստում), մետաղագործությունը (պղնձե սպասքի պատրաստում)։
Գործունեության այս բոլոր տեսակները սովորողներից պահանջում են և միաժամանակ դաստիարակում կենտրոնացում, երկարատև և աշխատատար ընթացքին համապատասխան վերաբերմունք՝ համբերություն, մտքի և ձեռքի ճշգրտություն, վստահություն սեփական ուժերի հանդեպ և այլն։

Ֆիզիկական դաստիարակություն

«Բոտմերի մարմնամարզություն» և կրկես

Սովորական ֆիզկուլտուրայից բացի, աշակերտները ծանոթանում են «Բոտմերի մարմնամարզությանը», որի վարժություններն ու խաղերը հիմնականում ուղղված են մարմնի՝ տարածության երեք չափողականութնուններում ընկալմանը և այդ չափողականություններին
համապատասխան՝ վերև-ներքև, աջ-ձախ և առաջ-հետ ուղղություններով շարժումների գիտակցմանն ու մշակմանը։ Մեծ դեր ունեն նաև հատուկ մշակված սոցիալական խաղերը, որտեղ սովորաբար չի լինում հաղթող, կամ պարտվողը պարզապես միանում է հաղթողների խմբին (օրինակ՝ մեկ խումբը «կուլ է տալիս» մյուս խմբին և աստիճանաբար մեծանում, իսկ նրանք, ում «կուլ են տվել» դառնում են «կուլ տվող»)։ Մեծ ուշադրություն է դարձվում հավասարակշռության,
ուշադրության, կենտրոնացման, արագ կողմնորոշման, ճկունության զարգացմանը։
Հինգերորդ դասարանից աշակերտները զուգահեռաբար զբաղվում են կրկեսով։
Կրկեսը հայտնի է հնագույն ժամանակներից։ Ձեռնածուների, լարախաղացների, ակրոբատների, ծաղրածուների հմտությունները սահմանային դիրքում են՝ արվեստի և մարմնամարզության միջև։ Դրանք միաժամանակ գեղեցիկ են և դժվար, պահանջում են բացառիկ կենտրոնացում և շարժման ճշգրտություն։
Մասնավորապես, ըստ Օքսֆորդի, Յենայի և Ռեգենսբուրգի համալսարաններում կատարված հետազոտությունների, ձեռնածուական արվեստը, ակտիվացնելով միաժամանակ ուղեղի երկու կիսագնդերը, նպաստում է ուղեղի բջիջների աճին (մինչև 3%), հիշողության, կենտրոնացմանը և տեսողական ընկալման ամրապնդմանը, ինչի հետևանքով բարձրանում է մաթեմատիկայի և օտար լեզուների ուսուցման արդյունավետությունը (մասնավորապես՝ Juggling enhances
connections in the brain | University of Oxford)։

Ֆիզիկական դաստիարակության անբաժան մասն են արշավները, որոնց ժամանակ աշակերտները սովորում են ինքնուրույն և միմյանց օգնությամբ հաղթահարել ճանապարհի դժվարությունները, գնահատել ընկերությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով